ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ. ԸՆՏՐԱՆԻ — ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդվածում համակարգված ներկայացված է քաղաքական արդիականացման տեսության արժեքային համակարգի կերպափոխումը, ապա շեշտադրված է քաղաքական շուկայի արդիականացման հրամայականները: Այս գործընթացում պետությունը ներկայացված որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կարգավորման կամ վարչարարության գործիք: Որպես այդպիսին՝ սոցիալ-քաղաքական արդիականացման գործընթացում պետությունն առաջին հերթին շահագրգռված պետք է լինի ժողովրդավարության որակի բարձրացման մեջ:

Բանալի բառեր. քաղաքական արդիականացում, հասարակություն, ընտրանի, քաղաքական շուկա, մարգինալություն, քաղաքակրթություն, անցում-համախմբում, հայկական արդիականացում, ազգային ինքնություն:

Քաղաքական արդիականացման տեսական հիմքերը

Քաղաքական գիտության մեջ քաղաքական արդիականացման գործընթացը ուսումնասիրում են որպես համալիր ամբողջություն, որը կոչված է ապահովելու քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը՝ պայմանավորված ընտրանի-հասարակություն փոխհարաբերությունների նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով: Քաղաքական արդիականացման տեսության հիմնադիրներ Գ. Ալմոնդի, Դ. Պաուլի, Դ. Ապտերի, Լ. Պայի, Դ. Ռաստոուի, Շ. Էյզենշտադի գաղափարներն սկսեցին կիրառվել ΧΧ դարի 50-ական թվականներին, երբ գաղութային լծից ազատագրված և նորանկախացած աֆրիկյան երկրների քաղաքական զարգացումներն ենթարկվեցին բազմամակարդակ վերլուծության: Քաղաքական արդիականացման վերոնշյալ տեսաբանները, ելակետ ընդունելով Կ. Մարքսի, Ա. Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադն անցումն արդիական հասարակությունը համարում է փոփոխության այնպիսի գծային գործընթաց, որն իր հեղափոխականացնող բնույթով հաստատվել են դեռ ΧVII-ΧІΧ դարերում Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև ΧІΧ-ΧΧ դարերում տարածվել հարավամերիկյան, ասիական, աֆրիկյան մայրցամաքներում [1, էջ 13-14]։ Հենց այդ փոփոխություններն էլ դրդում են նորովի ուսումնասիրելու «արդիականացում» եզրույթը՝ արժևորելով արդիականացմամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր [2, էջ 202-203]:

Այսպիսով, կիրառման վաղ շրջանում արդիականացման տեսությունը ոչ այնքան ակնկալվող բազմաչափ փոփոխությունների կանխատեսման ու մեկնաբանության այսպես կոչված «մաքուր» գիտական տեսություն էր, որքան Արևմուտքի գաղափարախոսական նկրտումները բացահայտ ներկայացնող ռազմավարական նախագիծ: Ավելին, հետահայաց վերլուծությունը թույլ է տալիս արդիականացումը դիտարկել որպես «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի կողմից լայնորեն կիրառվող քաղաքական համակարգն ապակայունացնող խաղային գործողությունների կառուցվածքային-գործառնական ամբողջություն: Այս նկատառումներով Շ. Էյզենշտադտն արդիականացող հասարակությունների որակական բնութագրիչների ուսումնասիրության համար բացի ավանդականի և արդիականի դիխոտոմիայից հիմնավորեց մեթոդաբանական հիմք հանդիսացող երկճյուղումների հետևյալ շարքը՝ ազատությունն ընդդեմ ավտորիտարության, կայունությունն ու ժառանգորդությունը` ընդդեմ հեղափոխական փոփոխությունների, ժամանակակից սոցիալական ռացիոնալությունը` ընդդեմ մշակութային կողմնորոշումների կամ արժեքների, որոնք մարմնավորված էին ավանդույթների, կրոնական կամ միստիկական փորձի մեջ [1, էջ 339-340]: Այս ամենից էլ ածանցվում է արդիականացումը որպես սոցիալ-հոգեբանական, քաղաքական և քաղաքակրթական գործընթաց դիտարկելու անհրաժեշտություն, քանի որ զարգացումը կաշկանդող «հնացած» երևույթներին կարելի է հաղթել, եթե համարժեք գործառվեն վերափոխման դերակատարները` երկրի կառավարող վերնախավը, միջին խավի մրցունակ կրթություն ստացած ու նորարարության ջատագով հատվածը, ինչպես նաև երիտասարդությունը և բյուրոկրատիան:

Սակայն, մեր ուսումնասիրման շրջանակներում փաստենք, որ բացարձակ մաքուր, ավանդական և բացարձակ մաքուր այժմեական քաղաքական համակարգ գույություն չունի: Ավելին, յուրաքանչյուր քաղաքական համակարգ ունի իր պատմական հիշողությունը և ըստ էության՝ լինելով այդ հիշողության արդյունք, իշխանության իրականացման մշակույթի առումով խառը կառուցվածք ունի: Ուստի, ճիշտ կլիներ ուսումնասիրել քաղաքական արդիականացման այս կամ այն միտումը՝ պայմանավորված քաղաքական ժամանակի հրամայականներով և պատմական հոլովույթում ձևավորված, բայց իրենց այժմեականությունը պահպանող կառուցվածքները ու նրանց գոյության նպատակահարմարությունը:

Վերոշարադրյալը հնարավորություն է ընձեռնում հիմնավորել այն, որ քաղաքական արդիականացումը, հատկապես ժողովրդավարական անցման գործընթացում ենթադրում է ընտրանու բաց հավաքագրում և ոչ թե խմբային շահերի պաշտպանման նկատառումներով պայմանավորված նեպոտիստական փակ սելեկցիա: Վերջինս խորացնումը նկատի ունենալով՝ քաղաքագետ Ֆ.Ֆուկույամն առաջարկեց «հարկադրված արդիականացում» եզրույթը, որը ենթադրում է զարգացած արևմտյան երկրների համեմատ իրենց հետամնացությունը նվազեցնելու նպատակով ոչ արևմտյան երկրներում հարկադիր ստիպողական փոփոխություն [3, с. 128]: Ըստ Ֆ.Ֆուկույամայի՝ «վազող/հասնող» երկրներում առկա է գաղափարների ու արժեքների ճգնաժամ, որի վրա էլ այդ երկրները կառուցելով իրենց սոցիալ-քաղաքական հարաբերությունները՝ տառապում են քաղաքական զարգացման ճգնաժամերով: Մինչդեռ հենց ազատական ժողովրդավարությունն է անսպառ վստահություն տալիս քաղաքական համակարգին, իսկ ժողովրդավարական ինստիտուտները ցանկացած արդիականացման երաշխիքն են: Դրա դիմաց հետազոտող Շ. Էյզենշտադը (1923–2010) գիտական շրջանառության մեջ դրեց «բազմակի արդիություններ» [1, с. 14]՝ հիմնավորելով ոչ արևմտյան երկրների արդիականացման սեփական մոդել ունենալու իրավունքը: Այսօր այդ ուղղության կողմնակիցները հաստատում են, որ կարևոր է ոչ միայն աշխարհում բազմակի մոդեռների առկայության ընդունումը, այլև ակնհայտ է եվրոպական միասնական մոդեռնի բացակայության և Եվրոպայում արդիականացման տարբեր մոդելների գոյության փաստը [4, с. 60–66]: Ռեֆլեքսային արդիականացման հայեցակարգի համար ելակետային է այն, որ «ինչքան շատ է հասարակությունն արդիականանում, այնքան շատ ակտորներ են հնարավորություն ստանում մտածել իրենց գոյության սոցիալական պայմանների և դրանց փոփոխության մասին: Այսպիսով, ռեֆլեքսային արդիականացման հետևանքներից է «տարբեր ձևերի գիտելիքի գիտականի, փորձարարականի, առօրեականի արդյունավետ կիրառումը» [5, с. 276]:

Ըստ Ու. Բեկի՝ ժամանակակից հասարակությունը ռիսկի հասարակություն է, իսկ համընդհանուր բնույթ կրելով հաճախ անկանխատեսելի են: Այս մոտեցումն ավելի օբյեկտիվ և ճկուն է [6, с. 104]: Իսկ Է. Գիդդենսի ռեֆլեքսային արդիականացման հայեցակարգը հիմնված է արդի բոլոր ինստիտուտների մշտական վերարժևորման, վերանայման և կերպափոխման վրա[ [7, с. 40−102]: Ս. Հանթինգթոնը գտնում է, որ արդիականացման գործընթացը կարիք ունի գիտակցված կառավարման, քանի որ չի կարելի ղեկավարվել ազատ շուկայի օրենքներով որպես տրված մեծություն [8, сc. 24–25, 32]: Ռեֆլեքսային արդիականացումը դիտարկվում է որպես հասարակության մասին տեղեկատվության որակի աճ, որի միջոցով հասարակության զարգացման հիմնական արժեքը դառնում է գիտելիքը՝ հատկապես գիտելիքահենք: Այս համատեքստում գիտական իմացության ներդրումը պրակտիկա արդյունավետ արդիականացման հիմնական պայմանն է: Վերջինն տարիներին արևմտյան տեսաբաններն սկսել են քննադատել պոստմոդեռնիզմը՝ կասկածելով եվրոպական գծային մտածողության և բացառիկության նպատակահարմարության վրա [9, с. 101–122]: Այսօր քաղաքական արդիականացումը հնարավոր չէ ուսումնասիրել առանց կարևորելու այնպիսի գերակա հասկացություն, ինչպիսին է քաղաքական գործընթացի «որակը»: Այդ համատեքստում անցումագիտության հիմնադիրներից Դ. Ռաստոուն վերլուծելով և մոդելավորելով դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն անցումը հաջողված է համարում, երբ այդ գործընթացում առաջանում են նոր սոցիալական խմբեր՝ ձևավորվում են նոր վարքաբանություն [10, с. 5]: Ըստ Դ. Ռաստոուի՝ անցման մոդելը բաղկացած է մի քանի փուլերից. 1) նախնական պայմաններ – ազգային միասնության առկայություն, 2) նախապատրաստական – ժողովրդավարացման դինամիկ գործընթաց՝ ձևավորված նոր քաղաքական ընտրանին հետամուտ է լինում, որ գրավի հեռացող ընտրանու սոցիալական տարածությունը, 3) որոշումների ընդունման — ավարտվում է քաղաքական լիդերների կողմից միասնության մեջ բազմակիության ընդունման և ժողովրդավարացման հիմնական կառուցակարգերի ինստիտուցիոնալացման գործընթացը, 4) հարմարվելու – ժողովրդավարությունը գործողությունների ամբողջությունն է, որտեղ առավելություն են ստանում նրանք, ովքեր հետևողական ցուցադրում են իրենց նվիրվածությունը նոր արժեշահային համակարգին, 5) կայունացման — քաղաքացիական համախմբման դաստիարակություն՝ հարատև սոցիալականացման և համագործակցության մշակույթի ստեղծման միջոցով [10, с. 5-15]: Ակնհայտ է, որ հենց այդ փուլերի հետևողական իրականացման պայմաններում է առաջանում ժողովրդավարական արարողակարգերի գիտակցված ընտրության անհրաժեշտությունը՝ պայքարի, փոխհամաձայնության (կոմպրոմիսի), քաղաքական խոսույթի (դիսկուրսի) և ժողովրդավարական ինստիտուտներին ընտելանալով հաղթահարել ժողովրդավարական անցումը՝ հանուն ազգային համախմբման: Այս բարդ գործընթացում Ս. Հանթինգթոնը տնտեսական զարգացման մակարդակը և քաղաքական ղեկավարումն առանցքային գործոն համարելով՝ գրում է. «քաղաքական արդիականացումը որպես քաղաքական գործընթաց արարողակարգերի ինստիտուցիոնալացում է, քանի որ միայն ուժեղ և կայուն պետական ինստիտուտներն ունեն հնարավորություն հարափոփոխ արտաքին միջավայրի և հասարակության պահանջներին հավասարարժեք ստեղծել քաղաքական համակարգի ադապտացիայի և արձագանքի համար արդյունավետ պայմաններ: Իրական քաղաքական արդիականացումը երբեք չի ուղեկցվում քաղաքական կառույցների մեխանիկական կայունությամբ, քանի որ արդիությունը (այժմեականությունը) կարիք ունի կայունության, բայց արդիականացումը ծնում է անկայունություն» [8, p. 144]:

Վերոշարադրյալից ելնելով՝ քաղաքական արդիականացումը, որպես գործընթաց, նպատակադրված փոխում է անհատի՝ տալով նրան կատարելագործման և ինքնադրսևորման համար ինքնիրեն մարտահրավեր նետելու հնարավորություն: Փաստորեն, քաղաքական արդիականացման գործընթացի դերակատարները, որպես հասարակության սոցիալական արդիականացման քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուներ, պարտավոր են՝ 1) խրախուսել նոր տեխնոլոգիաների ներդրումը, 2) զարգացնել տնտեսության նոր ճյուղեր՝ վերամշակման և ծառայության մատուցման ոլորտում, 3) խրախուսել անհատի սոցիալական ինքնորոշման և շարժունակության աճը, 4) բարձրացնել և կատարելագործել ԶՏՄ-ի նշանակությունը, 5) ներկայացնել գաղափարական և արժեքային գունապնակի այլընտրանքներից օգտվելու հնարավորությունը: Այս շրջանակներում հետխոհրային նորանկախացած երկրների, ինչպես նաև ՀՀ-ի արդիականացումն անհրաժեշտ է ուսումնասիրել, որպես ժամանակի հրամայականով պայմանավորված քաղաքական, տնտեսական և սոցիալական նորացման գործընթաց, և ոչ թե միայն ավանդականից արդիական արժեքների երկվության կոշտ հակադրում: Այս համատեքստում մեզ իրավունք ենք վերապահում հիմնավորելու, որ քաղաքական արդիականացման գործընթացի որակը որոշվում է ընտրանի–հասարակություն, ընտրանիհակաընտրանի կոնտրէլիտա փոխհարաբերությունների երկխոսության որակով: Փաստորեն, ՀՀ-ի քաղաքական ընտրանու առջև պատմական խնդիր է ծառացել՝ հղկել քաղաքական արդիականացման «քառանկյուն անիվի» եզրագծերը և անցնել բնականոն զարգացման:

Ակնհայտորեն այս զարգացման ձևը մոդելը չի լինի ամբողջությամբ ո՛չ արևմտյան՝ ազատական, ո՛չ արևելյան՝ կորպորատիվ-պատերնալիստական: Այն իր արհեստական սինթետիկ բնույթով հնարավորություն կտա բնականոն արդիականացնելու ազգային ինքնությունը՝ հաղթահարելով քաղաքական զարգացման ճգնաժամերը: Արդի քաղաքական զարգացման գործընթացների մարտահրավերներն ստիպում է ՀՀ քաղաքական ընտրանուն ժողովրդավարացնել իշխանության իրականացման մշակույթը՝ իրականացնելով ռազմավարական կառավարում: Ակնհայտ է, որ ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների այս փուլում անհրաժեշտ է ընտրանու արժեքային կողմնորոշիչներում գրանցել այնպիսի որակական փոփոխություններ, որոնք որոշում են ապագայի ռազմավարական կառավարման հեռանկարները ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետւթյան կառավարող ընտրանու արժեքային կողմնորոշիչներ ՀՀ-ում «ընտրանի-հասարակություն» փոխհարաբերությունների ժողովրդավարացումը հիմնված պետք է լինի հանրային շահի գերակայության վրա: Այդ պատճառով պետությունը՝ որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կարգավորման կամ վարչարարության գործիք, արդիականացման ժամանակ առաջին հերթին շահագրգռված պետք է լինի հասարակությունում իշխանական հարաբերությունները վերահսկող, գործող վարչակարգի դիրքերի ամրապնդմամբ: Զարգացող երկրները, որպեսզի հաղթահարեն քաղաքական զարգացման ճգնաժամերն և կարողանան պատասխանել առկա մարտահրավերներին, պետք է համադրեն «governance» և «management» եզրույթների արժեքային համակարգերը: ՀՀ-ում առկա տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնախնդիրների լուծման նշանակությունն անհրաժեշտ է դիտարկել այդ առաջնայնության վրա ազդեցության տեսանկյունից: Միաժամանակ քաղաքականության և իրավունքի հարաբերակցությունը կարևորելիս որոշիչ է այն, որ ՀՀ-ում ընտրանին իշխանության վերաբաշխման տեսանկյունից քաղաքական մեթոդներով պետք է մանիպուլացնի ոչ թե ողջ սոցիալական տարածությունը, այլ լեգալ և լեգիտիմ կառավարի իշխանությանը մասնակից ուժերի հարաբերակցության փոփոխման վրա ազդող վիճահարույց խնդիրներն և բախումները: Սակայն ՀՀ քաղաքական գործընթացում տարբեր գաղափարախոսական դիրքորոշումների գնահատման չափանիշների հիմքով զուգամիտված գոյակցում են իշխանության նկատմամբ որոշակի խմբերի հավակնություններն արդարացնող հասարակական հիմնախնդիրները: Այդ պատճառով քաղաքական տարածությունում առկա է իշխանական փոխգործակցության բազում տրամաբանություններ, որոնք իշխանության համար մղվող պայքարի կենտրոնական դաշտի հետ համատեղ ենթադրում են քաղաքական գործընթացի մարգինալություն: Դա էլ չի նպաստում ՀՀ-ում պոլիարխիկ ընտրանու, հատկապես ռազմավարական ընտրանու զարգացմանը և արդյունավետ գործառմանը: Այդ դիտանկյունից ՀՀ կառավարող ընտրանին պետք է հաղթահարի մասնավոր շահերի իրականացմանը ուղղված մեկուսախմբային գիտակցության կողմնորոշումները: Ինչպես հայտնի է, պատմականորեն հայ իրականության մեջ լուրջ նշանակություն չի տրվել իրավունքի ծածկագրված կոդիֆիկացված նորմերին: Այնպես որ հիմնարար արժեքաիրավական կողմնորոշիչների անլիարժեքությունը ոչ միայն այսօրվա կառավարող ընտրանու իրավիճակային գործառության, այլև խոր ավանդույթների հետևանք է: Վերջիններիս ազդեցությունն ավելի զգալի է դառնում այն առումով, որ իրավունքի գերակայության արժեքի հանրային ընկալման թույլ մակարդակը պայմանավորված է ՀՀ իշխանական հարաբերությունների կառուցվածքում պատասխանատվության երկակի չափանիշների մշտական ամրապնդմամբ:

Փաստորեն, ինչպես վկայում է Պ. Սարոկինը, իշխանական հարաբերություններում պայմանագրային իրավունքի ձևավորման գործընթացով են պայմանավորված քաղաքակրթական առանձնահատկությունները: Ավանդական հասարակություններում պայմանագրային հարաբերությունները մշտապես հակադրվում են «օրգանական» սոցիալական կապերին, որոնց համար ոչ մի իրավական երաշխիք պետք չէ [ 11, с. 427.]:

Նկատի պետք է ունենալ, որ համակրանքի, ընկերության, բայց ոչ բանականության վրա հիմնված իրավական նորմերի նկատմամբ կամայականությունը ՀՀ-ում գրեթե ինստիտուցիոնալացրել է հովանավորչական իշխանությունը: Կարևորելով ՀՀ արդիականացման գործընթացը՝ կարծում ենք, որ մինչ այժմ ընտրանիները իրականացրել են այնպիսի արդիականացում, որը քաղաքական համակարգ է ներմուծել կառավարման ավատատիրական սկզբունքներ՝ հատկապես քաղաքական իշխանության և իշխանական հարաբերությունների իրականացման գործընթացում: Այսպես տեղի է ունեցել իշխանության մենաշնորհում, չհիմնավորված նկրտումներ ունեցող մարդկանց կողմից ժողովրդավարությունը ընկալվել է որպես տեխնոլոգիա և ոչ թե արժեք, օրենսդիր իշխանությունը դարձել է գործող իշխանության կցորդը, ինչն էլ հնարավորություն է տվել առաջ մղել կորպորատիվ շահեր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ գաղափարական գործընթացներում: Արգելակելով շուկայի բնականոն ազատականացման գործընթացները՝ քաղաքական իշխանությունը վերարտադրվել է փոխհամաձայնեցված խմբիշխանության հիմքի վրա: Մինչդեռ քաղաքական շուկայի արդիականացումն անհրաժեշտ էր, քանի միայն այդ պայմաններում հայ հասարակությունում տեղի կունենար ներքին և արտաքին աճ, որը փոխելով սոցիալական հարաբերությունները հնարավորություն կտար արդյունավետ կառավարել մարդկային ռեսուրսը և հայ հասարակությանը դուրս բերել քաղաքական

զարգացման ճգնաժամերից: Ցավոք, Հայաստանն ունի կերպափոխման տխուր փորձ. առաջին հերթին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գծային ազատականացման հետևանքով նրա լեգիտիմության ճգնաժամն էր, նրա հեղինակության բացարձակ փլուզումը, որը հանգեցրեց հայ հասարակության և իշխանության միջև վստահության կորուստի: Քաղաքական հավասարակշռությունը վերականգնելու, հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ բարձրացնելու համար պետությունը պետք է մշակի սոցիալ-քաղաքական համակարգի ժողովրդավարական արդիականացման ընդհանուր ռազմավարություն: Այս գործընթացում որոշիչ է քաղաքական ընտրանու դերը: Սակայն, մեր կարծիքով, 2000 -2008 թվականներին պետության և հասարակության փոխազդեցության ուղղակի խախտման հետևանքով հայ հասարակությունը ոչ միայն օտարվեց, հիվանդացավ ջղախտով, այլև վերածվեց մարգինալ զանգվածի: Հասարակական շարժումները, քաղաքական կուսակցությունները, ԶՏՄ-ները և այլ կառույցներ վերաճվեցին իշխանության վերարտադրման գործիքների, և ոչ թե հանրային շահն արդիականացնող դերակատարների: Այդ առումով նշենք, որ գործադիր և օրենսդիր իշխանությունը իրականացնելով ներքին և արտաքին մարտահրավերների վերլուծություն քաղաքական գործընթացներում կանխում է շիթային արդիականացման դրսևորումները: Նմանօրինակ գործընթացներն ապահովում են արդյունավետ կառավարող դասի հավաքագրում, որն իր առջև դրված նպատակների կատարմանը հետամուտ ապահովում է ոչ միայն մասնագիտական նորացում, այլև համարժեք «վերևից» արձագանքում է ժողովրդավարացման պահանջներին՝ ծավալելով հանրային դիրսկուրս: Եթե քաղաքական հավաքագրումը ենթադրում է քաղաքացիական և քաղաքական ակտիվություն, ապա քաղաքական ընտրանու բաց հավաքագրման գործընթացը պետության օրենսդրական և գործադիր կառույցների, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկ աշխատելու երաշխիք է: Այս գործընթացի ուսումնասիրումը հնարավորություն կտա վերլուծել, թե մարդը ինչպես է հայտնվել քաղաքականության մեջ, ինչպես է հավաքագրվել ընտրանի կամ դարձել լիդեր, հաղորդակցման ինչպիս հմտությունների է տիրապետում և ինչ ներուժ ունի շարունակելու իր քաղաքական կարիերան: Քաղաքական ընտրանու վերլուծությունը գերական նշանակություն ունի ՀՀ քաղաքական գործընթացի արժեքային և գաղափարական հիմքերը որոշելու համար: Այս դիտանկյունից ՀՀ-ում այսուհետ ընտրանու հավաքագրման կառուցակարգերում պետք է կարևորվի գործառութային մոտեցումը: Դրանով է պայմանավորված սոցիալականի և ազգայինի փոխհարաբերությունների համախմբումը, ընտրանիների և լիդերների գերակայող կառավարման ոճի վերլուծությունը և կերպափոխման անհրաժեշտության հիմնավորումը: Քաղաքական ընտրանիների գործունեության վերլուծությունը գերակա նշանակություն ունի հայ իրականության քաղաքական գործընթացների արդիականացման համար:

Այս համատեքստում կարելի է, հայ քաղաքական ընտրանու զարգացումը բաժանել տեր-պետրոսյանական, քոչարյանական, սարգսյանական փուլերի: Այս ընտրանիներից յուրաքանյուրը յուրովի է լուծել ազատական գծային պայմաններում արդիականացման հիմնախնդիրները: Այսպես, տերպետրոսյանական ընտրանու արդիականացման էությունը հանգեցրեց ազատական բարեփոխումների և ազատ շուկայի զարգացման՝ ծնելով օլիգարխիկ համակարգ: Քոչարյանական ընտրանին ամրապնդեց իշխանության ուղղահայացը և ամրապնդելով մինչ այդ գծային ազատականացման հետևանով առաջացած օլիգարխիկ համակարգը՝ ծնեց նոր խմբեր, սարգսյանական ընտրանին բացարձակ գործում էր փոխհամաձայնեցված խմբիշխանության հզորացման տրամաբանության մեջ: Կարծում ենք, որ եթե տերպետրոսյանական փուլում առկա էր որոշակի հորիզոնական պատասխանատվության ոչ ինստիտուցիոնալ կառուցակարգեր, ապա քոչարյանական և սարգսյանական փուլերում այն իսպառ բացակայել է: Թեպետ արդարության համար պետք է նշել, որ տերպետրոսյանական հորիզոնական պատասխանատվությունը պայմանավորված է եղել է ոչ թե քաղաքական ընտրանու կողմից ժողովրդավարացմանն ուղղված նպատակամետ քայլերի ամբողջությամբ, այլ հետպատերազմական իրողությամբ պայմանավորված ինքնավար դերակատարների առկայությամբ: «Թավշյա հեղափոխությունից» հետո քաղաքական տարածոությունում տեղի է ունենում ընտրանու տեղի և դերի վերարժևորում: Որպես ժողովրդավարական հասարակության կառուցման պայման՝ Հայաստանում առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել ոչ լեգիտիմ և ոչ լեգալ առավելությունները: Բացի դրանից բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող առավելություններն անհրաժեշտ է նորմատիվ ակտերի միջոցով հստակ կանոնակարգել՝ ըստ գրաված պաշտոնի և ծառայության արդյունքի: Որպեսզի ընտրանին չվերածվի առավելություններ ունեցող պաշտոնյաների փակ, կարծրացած տիրող կաստայի անհրաժեշտ է ընտրությունների ինստիտուտի, հանրաքվեի, հաշվետվությունների, ԶՏՄ-ների, հասարկական կարծիքի հարցումների և այլ հաղորդակցական խողովակների միջոցով վերահսկել նրանց գործունեությունը: Իրականում ժողովրդավարական է այն քաղաքական համակարգը, որի իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ հանրային շահերից բխող քաղաքականությունն որոշիչ է, երբ ընտրանու ազդեցությունը սահմանափակ է և կարգավորված օրենքով, իսկ ընտրանին հաշվետու է ժողովրդին: Արդի ժողովրդավարացման գործընթացը ներառում է մի շարք գործոններ՝ ժողովրդավարացման երաշխիք, ժողովրդի մշտական վերահսկողությունը ընտրանու գործունեության վրա, ընդդիմության առկայություն, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ընտրանիներին քննադատելու հնարավորություն: Հայաստանի համար գերխնդիր է, որ ընտրանիները կամք ցուցաբերեն և գիտակցորեն սահմանակարգեն իրենց հնարավորությունները և ,ամենակարևորը, վայելեն քաղաքացիների վստահությունը, իրականացնեն շարունակական բարեփոխումներ՝ սոցիալական երկխուսության և մարդասիրական բովանդակությամբ: ՀՀԿ-ի փլուզումից, «Թավշյա հեղափոխությունից» հետո ակնհայտ է, որ հայ քաղաքական կառավարմանն անհրաժեշտ է նոր որակի ընտրանի՝ կրթված և մրցունակ, որը կարողանում է իր գիտելիքները օգտագործել պրակտիկայում, պատասխանատու է իր աշխատանքի համար, գիտակցում է իր առաքելությունը, արձագանքում է հասարակությանը, ազգին, պետությանը նետված մարտահրավերներին: Նոր ընտրանին մարզային, համայնքային և հանրապետական մակարդակներում իր առջև խնդիր պետք է դնի՝ ձևավորել դրական կերպար: Դա կօգնի ոչ միայն ապահովել քաղաքական կայունության և կայուն զարգացման փոխհարաբերությունները, այլև բնականոն արդիականացնել քաղաքական համակարգը: Ուստի վերլուծելով հայկական արդիականացումը՝ նշենք, որ քաղաքական արդիկանացումն ունի երկու մակարդակ՝ հորիզոնական ( տեղական ինքնակառավարում, քաղաքացիական հասարակության համակարգ), և ուղղահայաց (պետական իշխանության համակարգ, խորհրդարան): Նկատի ունենալով Հայաստանի ներկա հիմնախնդիրները՝ համարձակորեն կարելի է փաստել, որ բարեփոխումները մինչ այժմ հիմնականում կրել են ֆորմալ բնույթ և ոչ արդյունավետ են եղել մարզերի, համայնքների և ՀԿ-ների հետ ունեցած կապի զարգացան համար: Այդ իմաստով հետաքրքիր է փաստել, որ արդիականացումն ոչ միայն տեխնիկական այլ նաև հոգեբանական նորացում է. երևույթ, որը ենթադրում է հասարակության բացությունը փոփոխություններին, ինչ – որ չափով սովորույթի վերարժևորում և կողմնորոշում դեպի ապագա: Փաստորեն, արդիականանալու ձգտումը ծնում է նորարական այնպիսի մշակույթ, որն անվտանգ ապագա ունենալու հրամայականի թելադրանքով պետք է փոխի ընտրանու պատկերրացումները զարգացման նկատմամբ:

Ընտրանիների կողմից իրենց գործառույթների կատարման պատասխանատվությունը պայմանավորված է նրանից, թե ինչպիսի արժեքային մակարդակում է նրանց քաղաքական ինքնությունը: Այս դիտանկյունից ընտրանիները իրենց սահանադրաիրավական գործառույթների հետևողական կատարմամբ հետամուտ են կանխելու անորոշությունները հասարակությունում՝ բարձրացնելով քաղաքական կայունության և ինտեգրման մակարդակը:

Վերոշարադրյալը թույլ է տալիս հանրագումարել. ՀՀ քաղաքական արդիականացման ներկայիս առանձնահատկությունն այն է, որ սահմանադրականության՝ որպես գերակա արժեքի նկատմամբ վերաբերմունքը, թելադրված է հենց այսօրվա քաղաքական իրողություններով: Մինչդեռ պայմանավորված ժողովրդավարական անցման անորոշության բաղադրիչով՝ հասարակության քաղաքական արդիականացման ուղիների վերաբերյալ ընթացող քննարկումները չեն ստացել այնպիսի կարգավիճակ, որի դեպքում կգերիշխի իրավունքի գերակայությունը և ազգային ինքնության բնականոն արդիականացումը, որպես իշխանության իրականացման մշակույթի բարձրացման մեթոդ: Եվ հենց դրա բացակայությունն էլ ՀՀ-ում երկարաձգել է անորոշություններով հղի քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարումը՝ նպաստելով աղքատության, արտագաղթի, օտարման, մարգինալության և ժողովրդահաճության երկարակեցությանը: Փաստորեն, ընտրանու եսակենտրոնությունը և, հետևաբար, հանրային շահի նկատմամբ անտարբերությունը չեզոքացնում են քաղաքացիական միջոցներով նշված միտումներին դիմադրելու հնարավորությունները: Այս նկատառումներով նախևառաջ պետք է հրաժարվել

այն քաղաքական գործիչներին նոր պաշտոնների նշակակելուց, որոնք, առաջնորդվելով նեղ խմբային շահերով, իրենց քաղաքական գործունեությամբ ապակառուցողականություն են ներմուծում քաղաքական տարածություն: Ուստի արդյունքի կառավարմանն ուղղված միջոցների շարքում անհրաժեշտ է ապահովել քաղաքական խոսույթի դիսկուրսի ինստիտուցիոնալ տարածությունը կառուցող քաղաքական ընտրանու տեղեկատվահաղորդակցական ընթացակարգերի թափանցիկություն, պետական կառավարման բոլոր այն ոլորտներում, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում: Անհրաժեշտ է դաստիարակել նոր ընտրանի, որը չի գայթակղվի իշխանության թաքնահարույց պերճանքով, ընտրանի, որն ի վիճակի կլինի բարձր արհեստավարժություն և մարդասիրություն ցուցաբերել` չմոռանալով նրանց մասին, որոնց օգնությամբ իրենք «թագադրվել» են [11]: Հարցադրումը, իհարկե, հռետորական է, սակայն պատասխանները` զուտ արժեքաբանական, և դրանից է ուղղակիորեն կախված և՛ մեզանից յուրաքանչյուրի, և՛ մեր հայրենիքի, և՛ հայկական քաղաքակրթության ապագան, և՛ ժողովրդավարական ուժեղ պետության կերպարի ձևավորումը: Նկատի ունենալով առկա մարտահրավերներին պատասխանելու հրամայականները՝ այսուհետև ՀՀ քաղաքական արդիականացման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել գիտավերլուծական կառավարման սկզբունքների հիման վրա:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Эйзенштадт Ш., Революция и преобразование обществ. Сравнительное изучение цивилизаций / Пер. с англ. А.В.Гордона под ред. Б.С. Ерасова. – М.: Аспект Пресс, 1999. – 416с с. 13-14
  2. Иноземцев В., Демократия и модернизация: к дискусии о вызовах ХХI века/ Центр исследований постиндустриального общества. -М.: Изд. «Европа», 2010, 318 с. c. 202-203
  3. Фукуяма Ф., Конец истории и последний человек / Френсис Фукуяма; пер. c англ. М.Б.Левина. — М.: АСТ, 2007 с. 128.
  4. Аллард Э., Сомнительные достоинства концепции модернизации // Социологические исследования. 2002. № 9. с. 60–66.
  5. Бек У., Общество риска: На пути к другому модерну / Пер. с нем. В. Седельника, Н.Федоровой; посл. А. Филипова. — М.: ПрогрессТрадиция, 2000, с. 276.
  6. Бек У., Что такое глобализация? Пер. с нем. А. Григорьева и В. Седельника. — М. : Прогресс-традиция, 2001,. с. 276.
  7. Гидденс Э., Судьба, риск и безопасность // THESIS. 1994. Вып. 5. с. 40−102.
  8. Хантингтон C., Политический порядок в меняющихся обществах. Политический порядок в меняющихся обществах / Сэмюэл Хантингтон; пер. с англ. В.Р. Рокитянского. — М. : Прогресс-Традиция, 2004М., 2004. с. 24–25, 32.
  9. Гидденс Э., Последствия современности // Новая постиндустриальная волна на Западе: антология / под ред. В.Л. Иноземцева. М., 1999. С. 101–122.
  10. Растоу Д.А., Переходы к демократии: попытка динамической модели // Полис. Политические исследования, 1996. № 5.
  11. Сорокин Питирим, Человек. Цивилизация. Общество.-Общ. ред., сост. и пред. А. Ю. Согомонова], М.: Политиздат, 1992.
  12. Margaryan M., Political elites and problems of democratic transition in the Republic of Armenia https://mmmargaryan.wordpress.com/2016/10/18/political-elites-andproblems-of-democratic-transition-in-the-republic-of-armenia/

ПОЛИТИЧЕСКАЯ МОДЕРНИЗАЦИЯ: ПРОБЛЕМЫ

ВЗАИМООТНОШЕНИЙ ОБЩЕСТВА И ЭЛИТЫ

В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

В статье комплексно представлена эволюция системы ценностей теории политической модернизации, после чего подчеркивается необходимость модернизации политического рынка. В этом процессе государство представлено как основной институт политической  системы, а не как инструмент макроэкономического урегулирования или управления. В процессе социал-политической модернизации государство в первую очередь должно быть заинтересовано в повышении качества демократии.

Ключевые слова: политическая модернизация, общество, элита, политический рынок, маргинализация, цивилизация, переходконсолидация, армянская модернизация, национальная идентичность.

POLITICAL MODERNIZATION: PROBLEMS OF RELATIONSHIP

BETWEEN SOCIETY AND ELITE IN THE REPUBLIC OF ARMENIA

In the article systematically presented the evolution of the value system of the political theory of modernization, then is emphasized the imperative of modernization of the political market. In this process, the state is represented as a supra-institutional institution of the political system, rather than a tool for macroeconomic management or administration. In the process of socio-political modernization, the state should be first of all interested in raising the quality of democracy.

Keywords: political modernization, society, elite, political market, civilization, transition-consolidation, Armenian modernization, national identity.  (  Հոդվածը տպագրված է  «Հանրային Կառավարում» գիտական հանդեսում, 2019, թիվ 1, ասպիրանտ Սուրեն Պետրոսյանի համահեղինակությամբ)

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: