ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հանգուցաբառեր՝ Ազատությունների Մեծ խարտիա, քաղաքական զարգացման արժեբանություն, քաղաքական դիսկուրս, ազատություն, մարդու անվտանգություն, օտարում, մանիպուլյացիա, կրթություն

Ազատությունների Մեծ խարտիայի 800–ամյա պատմությունն ապացուցում է, որ այն անգլասաքսոնական քաղաքակրթությանը թույլ տվեց ոչ միայն բնականոն կերպով արդիականանալու, այլև ընդարձակելու իր սահմանները՝ իմաստավորելով ազատության, օրենքի գերակայության, դեմոկրատիայի ընկալման ինստիտուցիոնալ, վարքաբանական և գործառութակառուցվածքային հիմքերը: Այս համատեքստում այլ քաղաքակրթութուններ որոշակիացրին ռացիոնալի և իռացիոնալի փոխհարաբերությունները հետագա քաղաքական զարգացումներում: Մեծ խարտիայի օգնությամբ մարդիկ ազատությունը և ազատականացումն (freedom and liberty) սկսեցին իմաստավորել որպես հարկադրանքից ձերբազատված հնարավորություն, որը թույլ է տալիս մարդուն անվտանգ կեցություն կազմակերպել ինքնարտահայտվելով և ինքնադրսևորվելով: Այս առումով Մեծ խարտիան կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ մարդու արժեքային համակարգի արդիականացման գործընթացում:

Փաստորեն, պատմության հոլովույթում ձևավորված քաղաքական դիսկուրսի շրջանակներում բացահայտվեց Մեծ խարտիայի ունիվերսալիզմը, քանի որ վերջինիս զարգացման և արդիականացման շրջանակներում անգլիացիներն ստեղծեցին ինքնապաշտպանության (self–protection) և ինքնարդիականացման մեխանիզմներ: Այս հիմքի վրա անգլասաքսոնական քաղաքակրթության համակեցության նորմերը դարձան այլ քաղաքակրթությունների հետ հարաբերությունների զարգացման նորմատիվ ուժը: Դրանով պայմանավորված՝ ազատությունը, որն ապահովում է օրենքի գերակայությունը, հստակացնում է իշխողների իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիներին պաշտպանում չհիմնավորված հարկադրանքից, դարձավ քաղաքակրթության քաղաքական զարգացման արժեբանության հիմքը: Ուստի հիմք ընդունելով արդարությունը, ազատությունը, ազատականացումը և ուժերի հաշվեկշիռը՝ Մեծ խարտիայի նորմատիվ ուժը շարունակում է արդիական մնալ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ազատության համար՝ որպես քաղաքական զարգացման քաղաքակրթական արժեբանության:

Այս համատեքստում 800–ամյա Ազատությունների Մեծ խարտիան շարունակում է կարևոր դերակատարում ունենալ գլոբալացման գործընթացներում և 21–րդ դարում տեղեկատվական հասարակության զարգացման հետևանքով առաջացած մարտահրավերներին պատասխանելու գործում:

Զանգվածային հաղորդակցման նոր տեխնոլոգիաներն այսօր ընդարձակել են քաղաքական ճանաչողության սահմանները: Միևնույն ժամանակ այդ տեխնոլոգիաները, մեծացնելով մարգինալ ազատության հնարավորությունները, նեղացրել են ազատության ավանդական սիմվոլիկ և քաղաքակրթական արժեբանության դաշտը:

Այսօր «գունավոր հեղափոխությունների» հետևանքներից ակնհայտ է, որ մարգինալ ազատությունը ներազդում է քաղաքակրթությունների արժեբանության զգայական ընկալումների վրա: Այս ամենն ստեղծել է բարդ աններդաշնակ միջավայր մի կողմից՝ խզումներ առաջացնելով ազատության, անվտանգության և ժողովրդավարացման գործընթացների միջև, մյուս կողմից՝ խորացնելով քաղաքական զարգացման ճգնաժամերը (բաշխման, շարժունակության, մասնակցության, ինքնության և լեգիտիմության) զարգացող երկրներում:

Այս առումով անհրաժեշտ է կարևորել մարդու էկոլոգիան և մարդու անվտանգության ապահովումը: Որպես “freedom from want” և “freedom from fear”՝ մարդու անվտանգության ապահովումը լայն և նեղ իմաստով թույլ կտա հաղթահարել քաղաքական զարգացման ճգնաժամերը՝ ապահովելով ավանդական և արդիական արժեքների ներդաշնակման վրա հիմնված կայուն զարգացում:

* * *

Ժամանակակից քաղաքական գործընթացների ցանցային բնույթն սոցիալական տարածության բոլոր մակարդակներում շեշտադրում է քաղաքական ազատության զարգացման անհրաժեշտությունը: Տեղեկատվահաղորդակցական մանիպուլյացիոն տեխնոլոգիաների գլխապտույտ զարգացմամբ և ցանցային կառավարման մարտահրավերների առկայությամբ պայմանավորված՝ զարգացող երկրները պայքարում են իրենց քաղաքական ազատության համար՝ հիմնականում մեխանիկորեն համադրելով ազգային և արդի արժեքները: Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և հետխորհրդային երկրներում առկա քաղաքական զարգացումների ճգնաժամերը վկայում են, որ անհրաժեշտ է համակարգված կերպով ուսումնասիրել քաղաքական ազատության դասակարգային, գոյաբանական, քաղաքակրթական, մարդաբանական, սոցիալհոգեբանական և արժեքային ընկալումները:

Ազատությունների Մեծ խարտիայի ընդունումից և Անգլիական հեղափոխությունից հետո ազատության արժեքային համակարգն արմատական էվոլյուցիա ապրեց Վերածննդի ներկայացուցիչներ Է. Ռոտերդամցու (1469–1536) և Ն. Մաքիավելու (1469–1527) երկերում: Եթե համաձայն Էրազմի` կառավարիչը ժողովրդի շահերի պաշտպանն է, ապա ըստ Մաքիավելու` տիրակալը ազգ–պետության շահերի պաշտպանության դիրքերից իրավունք ունի սահմանափակելու ժողովրդի ազատությունը. «Տիրակալի համար չկա առավել վտանգավոր երևույթ, քան ազատության սովոր մարդը: Տիրակալը իշխում է հպատակների անձի վրա մերթ ավելացնելով, մերթ պակասեցնելով ժողովրդի ազատությունը» (Макиавелли (2009), 64.) : Մինչդեռ հումանիստ Է. Ռոտերդամցին պետական կառավարման իր մոդելի կառուցման հիմքում դնում է ազատության գաղափարը. «Մարդը, որպես աստվածային էակ, օժտված է երկակի ազատությամբ. նախ՝ այն տրվում է բնությունից, ապա` համաձայն օրենքների» (Роттердамский (2001), 44): Փաստորեն, միջնադարում գործող հոգևոր ազատության հայեցակարգին, որի երաշխավորն Աստծո հայրախնամությունն էր, Վերածննդի ժամանակաշրջանում փոխարինեց մարդու իրավական ազատության հայեցակարգը: Այս դիտանկյունից կարևորվեց համալսարանական կրթությունը: Այն ժամանակ արդեն գործող Բոլոնյայի (1088), Փարիզի (1150), Օքսֆորդի, Քեմբրիջի (1209), Պադուայի (1222), Թուլուզի (1229) համալսարանների սոցիալական տարածությունը դարձավ այն միջավայրը, որտեղ աստվածաբանությանը զուգահեռ ուսումնասիրվում էին իրավունք, փիլիսոփայություն, պետականագիտություն, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ ազատության և իշխանության աշխարհիկացման գործընթացներում:

Ազատության այն ձևաչափը, որը մարդուն ձերբազատելու էր և՛ աստվածաբանական, և՛ ֆեոդալական կաղապարներից, վառ արտահայտություն գտավ Անգլիական բուրժուական հեղափոխության (1640) ծիրում: Այս դիտանկյունից էլ Թ. Հոբսը հիմնավորեց քաղաքական ազատության արժեհամակարգն իրավունքի ազատականացման միջոցով՝ շեշտելով անձի, հասարակության և պետության ազատության փոխպայմանավորվածությունը. «Այդ առումով ես տեսնում եմ ազատությանն ուղղված երեք սպառնալիք՝ տիրակալի անհիմն նկրտումներ, անվստահություն և փառքի մոլուցք» (Гоббс (2001), 149.): Հոբսյան ուժեղ կամ բացարձակ պետությանն այլընտրանք համարվեց մարդու «բնական իրավունքի» հայեցակարգը, որը հենց այն արքիմեդյան կետն է, որի օգնությամբ սկսեցին գնահատել առկա լեգալ կարգի կողմից բոլորի համար երաշխավորված քաղաքական ազատության կարգավիճակը (Хелд (2014), 111–112.): Ասվածի ենթատեքստում Անգլիայում կնքվեց 1688 թվականի «Մեծ պակտը», որը նոր որակի բարձրացրեց անձի քաղաքական ազատությունը: Այս մոտեցումը վառ արտահայտել է Ջ. Լոկը (1633–1704), որը պետության գլխավոր նպատակի բնականոն գործունեության համար առաջարկեց անշեղորեն հետևել պայմանագրային պարտականություններին և մեծամասնության որոշումներին ենթարկվելիս կանխավ համաձայնություն ձեռք բերել (Локк (1988), Т. 2 (Глава XII). URL: http://grachev62.narod.ru/lock/lokk_2_12.html.): Այդուհանդերձ, «բնական իրավունքի» կողմնակիցները, պայմանավորված կապիտալի կուտակման եսակենտրոն ախտանիշներով, չկարողացան համակարգել այն իրավունքների ամբողջությունը, որոնք անհրաժեշտ էին ազատ քաղաքացու համար: Այսպես՝ Անկախության ամերիկյան հռչակագիրը հենվում է կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքի, իսկ Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագիրը՝ անվտանգության բնական իրավունքի վրա: ՄԱԿ–ի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», ճանաչելով քաղաքացիների մարդկային արժանապատվությունը, հռչակում է ազատության, արդարության, անձնական անձեռնմխելիության, որևէ խտրականությունից զերծ հավասար պաշտպանության յուրաքանչյուրի իրավունքը Մարդու իրավունքներ (2013), 72–80:: Սակայն «բնական իրավունքի» կողմնակիցների միջև տարաձայնությունները վերաբերում են նեգատիվ և պոզիտիվ իրավունքների և ազատության փոխհարաբերություններին: Նեգատիվ իրավունքները ենթադրում են պարտականություններ այլ անձանց կողմից՝ ձեռնպահ մնալով իրավունքի կրողի գործերին միջամտելուց: Պոզիտիվ իրավունքները պարտավոր են ապահովել բարիքներ և ծառայություններ կամ պահպանել այն սոցիալ–քաղաքական ինստիտուտները, որոնք կկարողանան այդ իրավունքները կրողի համար ապահովել արժանապատիվ գոյության և քաղաքական ազատությունների երաշխավորված մակարդակ: Այսպիսով, մարդու իրավունքների ներդրումը ներառում է մի կողմից՝ կյանքի և ազատության իրավունք և մյուս կողմից` գոյության նվազագույն արժանապատիվ մակարդակ: Հենց այս դիտանկյունից է, որ ազատությունը, պատմության հոլովույթում ձեռք բերելով քաղաքական նշանակություն, դրվեց իշխանության տարբաժանման հիմքում: Այս համատեքստում արդիական են ինչպես Է. Ֆրոմի՝ քաղաքական ազատության նկատմամբ ցուցաբերած համակարգային մոտեցումը, այնպես էլ Ի. Բեռլինի՝ ազատության երկփեղկվածության (պոզիտիվ և նեգատիվ) միջոցով դասակարգային հիմքի մերժման մոտեցումը: Արժեքավոր են  Յու. Հաբերմասի «քաղաքական ազատությունը սոցիալական դիսկուրս է» և Ռ. Արոնի «ցանկացած ազատություն ենթադրում է դիսկուրսի ծավալում» սկզբունքային մոտեցումները Фромм (2008); Берлин (2014); Habermas (1975); Арон (1996). URL:http://www.polisportal.ru/index.php?page_id=51&id=38.: Ցավոք, այս կարևորագույն քաղաքական հիմնախնդիրը ժողովրդավարացման «երրորդ ալիքի» պետություններին չի հաջողվել լուծել, քանի որ նրանք քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, շարժունակության, մասնակցության, ինքնության և լեգիտիմության) մեջ են ընկել: Այս ճգնաժամերը, անտեսելով իշխանությունների տարբաժանման ինստիտուցիո նալ հիմքերի արդիականացման անհրաժեշտությունը, ժողովրդավարական անցումային գործընթացում գտնվող ընտրանի–առաջնորդ–ընտրազանգված փոխհարաբերությունների միջև քողարկված պայքար են մակածում: Հենց դրա հետևանքով հետխորհրդային երկրներում (նաև` ՀՀ–ում) մենք ականատես ենք քաղաքական զարգացման ճգնաժամերի ձգձգման: Սակայն որպեսզի անձի և հասարակության համար նորանկախ պետությունների գծային ազատականացումն սպառնալիք չդառնա, նրա գործադիր և օրենսդիր իշխանության մարմինները պետք է գործունեություն ծավալեն և՛ լեգիտիմության, և՛ լեգալության շրջանակներում՝ որպես քաղաքական ազատության արժեքային համակարգի գործառման կարևորագույն պայման: Այս առումով արդիական են Ի. Բեռլինի սահմանած «նեգատիվ» և «պոզիտիվ ազատություն» եզրույթները  Берлин (2014), 125.: Նեգատիվի պայմաններում սահմանափակվում է իրականության զգայական ընկալումը, իսկ պոզիտիվը հիմնված է երաշխավորված ազատության պայմանագրային իրավունքի վրա, որի միջոցով անհատն ինքնակառավարվում և ինքնիրացվում է՝ բանականացնելով վարքը: Համաձայն Ի. Բեռլինի՝ որպես քաղաքական զարգացման արժեքայնության հիմք` պոզիտիվ ազատությունը բխում է իր ճակատագրի տերը լինելու մարդու ցանկությունից. «Ես ուզում եմ լինել գործիչ, որը որոշումներ է ընդունում և չեմ ուզում լինել մեկը, որի փոխարեն որոշում են մյուսները. ես ուզում եմ ինքս ինձ կառավարել…»  Берлин (2014), 153.: Այսպիսի մոտեցմամբ «… Ի. Բեռլինը, ազատությունը դիտարկելով որպես քաղաքակրթական երևույթ, եկավ այն համոզման, որ նմանօրինակ ձևով հնարավոր է մարդուն ձերբազատել դասակարգային պայքարի պարտադրանքից, իսկ պետությունը քաղաքական և քաղաքացիական առումով պարտավոր է պաշտպանել մարդուն, քանի որ ո´չ գենետիկան, ո´չ քաղաքական գործիչները, ո´չ էլ դասային սանդղահարթակը չեն կարող դա անել» Арон (1996). URL: http://www.polisportal.ru/index.php?page_id=51&id=38.: Քաղաքական և քաղաքացիական ազատությունների տարբերություններն առավել ընդգծված կերպով արտահայտվեցին գիտատեխնիկական հեղափոխության արդյունքում` պահանջարկելով այնպիսի անձի կայացում, որը քաղաքական ազատությունն ընկալում է իբրև մշակութային խաղից ածանցյալ անհրաժեշտություն: Դա հնարավորություն տվեց բանաձևելու, որ մարդը քաղաքական զարգացման գործընթացում երբեք այդքան օտարված, նյութապաշտ և անպատասխանատու չի եղել, որքան հետարդիության (պոստմոդեռն) ժամանակներում: Նման երևույթների բացասական  հետևանքների  կանխման  նկատառումներով մարդու անվտանգության ոլորտում կարևորվեցին ոչ ռազմական բնույթի սպառնալիքները՝ շրջակա միջավայրի վատթարացումը, գերբնակեցումը, զանգվածային տեղահանությունները, արտագաղթը, ահաբեկչությունը, ազգամիջյան բախումները և այլն: Նման մոտեցումն զարգացավ, երբ ՄԱԿ–ի զեկույցների հրապարակումից հետո առաջադրվեցին գաղափարներ այն մասին, որ զարգացումը պետք է նպատակամիտված լինի անհատի անվտանգության, առողջապահության, կրթության, քաղաքական ազատության և տնտեսական բարեկեցության ապահովմանը King and Murray (2001), 587.: Համաձայն ՄԱԿ–ի բանաձևի` մարդու անվտանգությունը ներառում է «պաշտպանություն այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են սովը, հիվանդությունները, ճնշումները, ինչպես նաև պաշտպանությունը կենցաղային կյանքի անսպասելի կործանարար խախտումներից» UN Development Program (1999). URL: http://hdr.undp.org/sites/default/files/ reports/260/hdr_1999_en_nostats.pdf. : Փաստորեն, ՄԱԿ–ի 1994 թ. զեկույցում բացառապես առաջարկվում էր ձևավորել անհատի անվտանգության հայեցակարգի ընդլայնված մեկնաբանություն՝ առանձնացնելով երկու փոխկապակցված գործոններ` «կենցաղային կյանքի պաշտպանությունն անսպասելի կործանարար խախտումներից» («ազատություն վախից»), «պաշտպանություն այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են սովը, հիվանդությունները, հանցագործությունները, ճնշումները («ազատություն կարիքից»): Միաժամանակ առանձնացվեցին անհատի անվտանգության յոթ բաղադրատարրեր. տնտեսական անվտանգություն (երաշխավորված նվազագույն եկամուտ), անվտանգություն առողջության տեսանկյունից (հարաբերական պաշտպանվածություն հիվանդություններից և վարակներից), անհատի անվտանգություն (ազատություն ֆիզիկական բռնությունից և սպառնալիքներից), պարենային անվտանգություն (սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական հասանելիություն), էկոլոգիական անվտանգություն (մաքուր ջրի և մաքուր օդի հասանելիություն, հողօգտագործման համակարգ, հողի  բերքատվություն),  փոքրամասնությունների անվտանգություն (մշակութային ինքնատիպության պահպանություն), քաղաքական անվտանգություն (մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանություն)  Human development report (1994). URL: http://hdr.undp.org/sites/default/ files/reports/255/hdr_1994_en_complete_nostats.pdf: Նմանօրինակ մոտեցմամբ Մ. Էլդերինգը մշակեց մարդու անվտանգության հայեցակարգի դասակարգման սխեման՝ ներառելով հինգ գործոն. 1) էկոլոգիական, անձնական և ֆիզիկական անվտանգություն, 2) տնտեսական անվտանգություն, 3) սոցիալական անվտանգություն, որը ներառում է «ազատություն՝ ըստ տարիքային, գենդերային, էթնիկական կամ սոցիալական կարգավիճակի խտրականության», 4) քաղաքական անվտանգություն, 5) մշակութային անվտանգություն կամ «հոգեբանական կողմնորոշիչների հավաքակազմ, որոնք հասարակությունը վերարտադրել է անորոշությունն ու վախը վերահսկելու ունակությունների պահպանման և բարելավման համար» Eldering (2010), 30–31.: Վերոգրյալից ակնհայտ է, որ մարդու անվտանգության հայեցակարգը ներառում է մարդու կենսական սպասելիքների գործոնը, որը կախված է օբյեկտիվ կենսապայմաններից, քաղաքական քարոզչությունից և ԶԼՄ–ների ազդեցությունից: Միայն այսօրինակ մոտեցման միջոցով է քաղաքական ազատությունը ժողովրդավարական առումով համախմբում պետություններին և հասարակություններին՝ ապահովելով մարդու անվտանգությունը: Այս մոտեցման հիմքը քաղաքականության տարբեր սուբյեկտների միջև համագործակցության մշակույթի զարգացումն է: Այս մոտեցումը մարդու անվտանգության ապահովման նկատառումներով մշակել է ազատության կառավարման ինստիտուցիոնալացման մեխանիզմներ՝ գլոբալացման արդյունքների բաշխման բացասական հետևանքների նվազեցման համար: Նմանօրինակ մոտեցումը հիմնված է 2010 թվականի ՄԱԶԾ–ի զեկույցի վրա, որտեղ զարգացումն ունի երեք բաղադրատարր.

  • բարեկեցություն (մարդու իրական ազատությունների ընդլայնում),
  • իրավունքների և հնարավորությունների ընդլայնում ու պատվիրակում (անհատի և խմբերի գործելու համար նպաս­ տավոր արդյունքներ ստանալու հնարավորություն),
  • արդարություն (սոցիալական արդարություն, կայունության երաշխավորում, հարգանք մարդու իրավունքների և ազատական նպատակների հանդեպ) Доклад о развитии человека. Реальное богатство народов: пути к развитию человека (2010):

Ակնհայտ է, որ մարդու անվտանգությունը պայմանավորված է քաղաքական գործընթացների և ժողովրդավարացման որակի փոխհարաբերություններով: Ենթադրվում է, որ այն ամենը, ինչը կարող է դրական ազդել ժողովրդավարացման որակի բարձրացման վրա (տնտեսական աճ, ռեսուրսների հասանելիություն և այլն)` ընդարձակելով անվտանգության տիրույթը, իրական հնարավորություն է ստեղծում անձի քաղաքական ազատության սոցիալական տարածության համար: Այս համատեքստում կարելի է եզրակացնել, որ «գունավոր հեղափոխություն» ապրող երկրներում քաղաքական զարգացման միտումները հիմնականում կապված են ժողովրդավարացման ցածր որակի հետևանքով ծավալված քաղաքացիական պատերազմների և պետության հատկանիշների կորստի հետ: Նման մոտեցմամբ կարող ենք հիմնավորել, որ անվտանգության միաժամանակ և՛ սուբյեկտ, և՛ օբյեկտ են անձը, հասարակությունը և պետությունը, որոնք հանրային շահերի գերակայության հիմամբ ներդաշնակում են իրենց արժեշահային համակարգը: Փաստորեն, քաղաքական զարգացման արժեհամակարգը ժամանակի հոլովույթում սահմանադրականության և ազատությունների իրացման, կյանքի մակարդակի և որակի բարձրացման, անհատի ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման ներառման արդյունք է: Ուստի քաղաքական զարգացման ժամանակ հանրային շահերի ազատականացման գործընթացը ենթադրում է սոցիալական երկխոսության և սերունդների համերաշխության վրա հիմնված նոր հանրային քաղաքականություն (new public policy): Այս ամենը ենթադրում է ինքնահաստատման, ինքնիրացման, ինքնահարաբերակցման, ինքնարդիականացման այնպիսի գործընթաց, որը հնարավորություն է տալիս ազատության մշակույթի զարգացման գործընթաց ներառելու ռիսկի հաշվառումը, կարիքի, արդյունքի կառավարումը և ռազմավարական ապագայի պլանավորումը: Փաստորեն, ազատության մշակույթը հանրային գիտակցության այնպիսի վիճակ է, որի պարագայում հասարակությունն ամբողջությամբ և յուրաքանչյուր անհատ հուսալի և համարժեք են համարում կյանքի որակը, քանի որ այն ստեղծում է քաղաքացիների անհատական և սոցիալական պահանջմունքների բավարարման համար իրական հնարավորություններ իրավական, ռազմական, պարենային, սոցիալ–հոգեբանական, էկոլոգիական ոլորտներում:

Վերոշարադրյալը հնարավորություն է տալիս սահմանելու, որ ազատության մշակույթն առանձին անհատի, հասարակության և պետության համար վտանգներից ու սպառնալիքներից զերծ, ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով զարգանալու և հնարավորությունների իրացման համար ռազմավարական պայմաններից օգտվելու, ինչպես նաև ապագան կառավարելու արժեքային համակարգ է: Մեր առաջարկած սահմանումը հենվում է մարդկանց անվտանգությունը պահպանելու երկսկիզբ՝ պետության գերակա դերի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության վրա: Այս համատեքստում ՀՀ–ում արդյունավետ է մարդու անվտանգության ապահովման ՄԱԿ–ի և ԵՄ–ի Մարդու անվտանգության եվրոպական հղացքի արժեքային համակարգերի զուգամիտումը: Լուծելով հիմնական խնդիրները` Հայաստանը կկարողանա արդյունավետորեն օգտվել աջակցության տարատեսակ ծրագրերից: Այս գործընթացում ուսանելի է անգլասաքսոնական քաղաքակրթության քաղաքական զարգացման արժեքային համակարգի հիմքի վրա գործառող ‹‹բիզնես–հասարակություն–պետություն›› եռակազմ փոխգործակցության ձևը, որը միտված է ձեռներեցության ու հասարակության շահերի ներկայացմանը պետական մարմիններում և ըստ այդմ էլ՝ հակադարձ կապի ապահովմանը: Եվրոպական երկրներում այն հանգեցրել է նեոկորպորատիզմի, որտեղ եռակազմությունը վերածվում է բիզնես–աշխատավորներ կամ կառավարություն — բիզնես — աշխատավորներ ազատականացված հարաբերությունների բնական բաղկացուցչի և միտված է մասնավոր բիզնեսի և կառավարության հետ նրա հարաբերությունների ապաքաղաքականացմանն ու ամրապնդմանը: Փաստորեն, եռակազմ համակարգը ազատության մշակույթի կերտման հզոր ռեսուրս է, որն ուղղված է քաղաքական ազատության և պատասխանատվության փոխպայմանավորվածության ինստիտուցիոնալ հիմքերի արդյունավետության բարձրացմանը:

Այս ձևակերպումը հեռանկարային դարձնելով՝ եռակազմության քաղաքական նշանակությունը ՀՀ–ում հնարավորություն կտա արդիականացնելու քաղաքական շուկան և «լավ կառավարման (good governance)» սկզբունքների կիրառման օգնությամբ հաղթահարելու օտարումը: Լավ կառավարման սկզբունքների ներդրումը ենթադրում է շարունակական բարեփոխումներ, որոնք ՀՀ պետական կառավարման նորարար համակարգի ստեղծման միջոցով անձի քաղաքական ազատության նոր փուլի մեկնարկ է: Ուստի «լավ կառավարման» հայեցակարգը ՀՀ պետական բարեփոխումների այնպիսի ծրագիր է, որը նպաստում է քաղաքական և քաղաքացիական ազատության ապահովմանը: Այս եզրահանգման համար հիմք ենք ընդունել դեռևս 1980–ից մինչև 1990–ականները Համաշխարհային բանկի կողմից ձեռնարկված քննարկումները, որոնց ընդունած դրույթների համաձայն` «լավ կառավարումը», հզորացնելով ժողովրդավարությունը, զարգացնելով թափանցիկությունը, միաժամանակ քաղաքական զարգացման ճգնաժամերը հաղթահարող ուժ է: Այն ենթադրում է մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանություն, արդյունավետ, անկողմնակալ և անաչառ դատական վարույթներ, թափանցիկ հանրային ինստիտուտներ, պաշտոնյաների կողմից կանխատեսելի որոշումների կայացում, ինչպես նաև քաղաքացիների նպատակամետ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին  Shalendra (2007), 29–62.:

Մեր համոզմամբ՝ «լավ կառավարման» սկզբունքները, որպես ազատության մշակույթի գործառման  երաշխավորներ, իրենց տիրույթ են ներբերում պետության ինստիտուտը, մաս նավոր սեկտորը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցները: «Լավ կառավարումը» դիտարկելով որպես ՀՀ–ում օտարման հաղթահարման կառուցակարգ՝ հաշվի ենք առել նաև Լ. Դայմոնդի այն մոտեցումը, որ «… այժմ աշխարհում ազատության և ժողովրդավարության համար դժվարին ժամանակներ են»  Diamond (2014).

URL: http://foreignpolicy.com/2014/10/24/chasing–away–the–democracy– blues/.: Այս հիմնախնդրի գործնական լուծումը պահանջում է լավ կառավարման արդյունավետ կիրառում՝ քաղաքական և քաղաքացիական ազատության որակների կատարելագործման նպատակով: Ուստի նպատակահարմար ենք համարում ՀՀ–ում ընդարձակել անձ–հասարակություն–պետություն եռամակարդակ դիսկուրսը, որպեսզի ներքին և արտաքին մարտահրավերներին պատասխանելու գործընթացին մասնակցեն թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության հաստատությունները: Այս նկատառումներով զարգացող երկրներում (նաև՝ ՀՀ–ում) անհրաժեշտ է ազատության արժեբանության բնականոն արդիականացում ապահովել՝ համադրելով աստիճանակարգային և ցանցային կառավարումը: Դրա բացակայության պատճառով զարգացող երկրներում ազատության մասին հայելային պատկերացում է ձևավորվել դերակատարների մոտ: Արդյունքում ընդլայնվել է սպառնալիքների ցանկը՝ միգրացիա, էթնիկական և կրոնաաղանդավորական բախումներ, ժողովրդագրական աններդաշնակ աճ, կոռուպցիա, թրաֆիքինգ, քաղաքական խաղեր և այն: Ուստի քաղաքական ազատությունը մի գործընթաց է, որի արժեքայնությունը պայմանավորված է կառավարող ընտրանու՝ քաղաքական շուկայի արդիականացման ընդունակությամբ։ Այս գործընթացում ազատության մշակույթը դարձել է համագործակցության և ինքնիրացման այնպիսի ցանց, որը ռազմավարական նկատառումներով ներառում է հիմնախնդրի շարունակական, ազատ քննարկումների, տարաբնույթ գաղափարների ծրագրավորված բանավեճ: Այստեղից հետևում է, որ արդի քաղաքական զարգացման արժեքայնությունը իմաստավորված չի լինի առանց տեղեկատվահաղորդակցական մանիպուլյացիայի (այսուհետ՝ ՏՀՄ) բազմաչափ փոփոխությունների ուսումնասիրման: Լինելեվ գիտակցաբար իրականացվող և նպատակաուղղված գործողություն՝ ՏՀՄ–ն հիմնվում է ինքնաբուխ ձևավորվող պատրանքների և իրականության մասին խեղաթյուրված պատկերացումների վրա: ՏՀՄ–ն մարդու քաղաքական գիտակցության և վարքի քողարկված ղեկավարումն է, որի նպատակն է քաղաքական ազատության համար մղվող պայքարի ղեկավարումը` համաձայն մանիպուլյատորների հետաքրքրությունների: Այս համատեքստում ուշագրավ է հոլանդացի հետազոտող Տյոն վան Դեյքի (Teun A. Vandijk) կարծիքը, համաձայն որի՝ տեղեկատվահաղորդակցական համակարգը նպատակ ունի փոխելու ստացողների (recipients) գիտելիքը և կարծիքը: Տեղեկատվություն հաղորդողի շահերով պայմանավորված յուրաքանչյուր տեղեկատվահաղորդակցական գործընթաց մեքենայություն է, եթե նպատակ ունի փոխելու ստացողների (recipients) գիտելիքը կամ կարծիքը՝ հենց ստացողների շահերին հակառակ Teun (2006). URL: http://www.discourses.org/OldArticles/Discourse%20and%20manipula­ tion.pdf.: Փաստորեն, ՏՀՄ–ն հիմնված է զանգվածային գիտակցության մեջ սոցիալական այնպիսի առասպելների ստեղծման վրա, ինչպիսիք ակնկալում են քաղաքացիները: Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման արդի պրակտիկան վկայում է, որ նոր քաղաքական առասպելներն ստեղծվում են ճշգրիտ ծրագրով՝ անձի ու սոցիալական հոգեբանության և մեքենայություն կատարողների նպատակին համապատասխան: Է. Ֆրոմը պնդում է, որ քաղաքական մանիպուլյացիան զրկում է անձին ազատության մասին լիարժեք պատկերացումներից` փոխարինելով դրանք վերացական խճանկարով: Միևնույն ժամանակ, արդյունավետ մանիպուլյացիա իրականացնելու համար անհրաժեշտ են գիտելիքներ մարդու ակտիվության և պահանջմունքների կարգավորման, ինչպես նաև իմացության, գործառնական ու հոգեկան վիճակի վերաբերյալ Фромм (2008), 199–200.:

Նշված գործոններին որակապես նոր մակարդակ հաղորդեց տեղեկատվական հասարակության զարգացումը: Այս առումով ուշագրավ է ԶՀՄ–ների դերը` որպես տեղեկատվության տարածման և մարդկային ռեսուրսի համախմբման հզոր գործիքի: Այստեղ որոշիչը ստացած տեղեկատվության շնորհիվ դրսևորվող անհատական ինտերակտիվությունն է, ինչը նոր շունչ է ստացել նորագույն տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացման արդյունքում: Մարդը, գտնվելով զանգվածային հաղորդակցության դաշտում, սեփական արժեքներով ու դատողություններով փոխազդում է կառավարողի վրա՝ ստիպելով հաշվի նստել իր հետ: Այս առումով ուշագրավ է Հ. Ռեյնհոլդի միտքն այն մասին, որ ցանցերում միմյանց հետ շփվող և միմյանց չճանաչող մարդիկ, որոնք կազմում են «խելացի» ամբոխ (smart mob), համախմբվում են նախկինում չտեսնված ձևով` շնորհիվ իրենց նորարարական սարքերի, որոնք ապահովում են կապ և հաշվարկներ  Рейнгольд (2006), 8.: Այսպես, Թունիսում (որտեղ և սկսվեց «Արաբական գարունը») հեռուստատեսային ցանցերը և մասնավորապես Al Jazeera–ն, ինչպես նաև սոցիալական ցանցերը (Facebook) կարևոր դեր խաղացին այդ երկրում ընդդիմադիր շարժման մեջ զանգվածների միավորման գործում: Այսպես՝ եթե մինչև հեղափոխական գործընթացների սկիզբը Facebook–ի թունիսյան առցանց տիրույթում գրանցված էր մոտ 2 հազար օգտատեր, ապա հեղափոխությունից անմիջապես հետո այդ թիվն արդեն 2 մլն էր կազմում Khondker (2011).

URL: http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/14747731.2011.621287.: Բնականաբար, այս համատեքստում չի կարելի անտեսել YouTube–ի և Twitter–ի դերը, որոնք Facebook–ի հետ հավասար սոցիալական կազմակերպման և տեղեկացման խնդիր էին լուծում: Այսպես՝ Եգիպտոսում և Թունիսում բողոքների ընթացքում (3 շաբաթ` 2011 թ. մարտ) հարցման 200 մասնակիցների մեծ մասը (88%՝ Եգիպտոսում և 94%՝ Թունիսում) ասել է, որ հիմնական տեղեկատվությունն ստացել է սոցիալական ԶԼՄ–ներից Khondker (2011). URL: http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/14747731.2011.621287.: Կարող ենք պնդել, որ արդի աշխարհում չի կարելի թերագնահատել նոր տեխնոլոգիաների ուժն ու նշանակությունը` որպես քաղաքական ազատության կառավարման գործիքարանի: Ակնհայտ է, որ նոր տեխնոլոգիաները, գտնվելով անընդհատական զարգացման և արդիականացման գործընթացում, դարձել են քաղաքական ազատության կառավարման հզոր գործոն: Այսինքն` ԶՀՄ–ները և քաղաքական ազատությունը գտնվում են բացառիկ միասնության մեջ: Առանց այդ միասնության անհնար է խոսել անձի սոցիալականացման մասին, որի մակարդակով էլ պայմանավորված` փոփոխվում են ազատության սահմանները: Այս գործընթացում քաղաքական ազատության մանիպուլյատիվ կառավարումը ցանցերում ունի հետևյալ ձևերը՝ մասնակցության տեսանելիության ձևավորում և մասնակցության պատրանքայնություն: Դրանց միջոցով նվազեցվում է հասարակության մեջ գոյություն ունեցող դժգոհությունը` ամբողջ բացասական էներգիան ուղղորդելով սոցիալական ցանցերի բուռն քննարկումներին, ինչն էլ բերում է կոնկրետ իրավիճակի հայելային տեսանելիության: Այս կամ այն դերակատարները, ֆեյքերի (կեղծ էջերի) նպատակաուղղված գործունեության օգնությամբ ստեղծելով հայելային վիրտուալ դաշտ, դարձել են կոնկրետ խնդիրներ լուծելու հզոր միջոցներ: Մասնավորապես դրանք օգտագործվում են քաղաքական ազատությունների պաշտպանվածության պատրանք ստեղծելու նպատակով` զանգվածային գիտակցության խաղարկման միջոցով: Որոշիչն այստեղ հաղորդակցական էֆեկտի մշակութային էության բացահայտումն է, քանի որ իրական հաղորդակցությունը ենթադրում է գիտակցության ակտիվություն և իսկության նպատակաուղղված որոնում, ինչպես նաև սոցիալականացման որոշակի մակարդակ: Ուստի անհրաժեշտ է զարգացող երկրներում (նաև՝ ՀՀ–ում) առաջնային ուշադրություն դարձնել իրականության սոցիալական հարթությանը, որում մի կողմից՝ իրականացվում են զանգվածային–հաղորդակցական գործընթացներ, իսկ մյուս կողմից՝ տեղի է ունենում սոցիալական տարածության բոլոր մակարդակների սոցիալականացում: Այդ առումով ելակետային են Պ. Բուրդյոյի մոտեցումները։ Նա սոցիալական տարածությունը սահմանում է որպես «անտեսանելի կապերի» միասնություն` որոշակիացված ըստ իրենց մերձության, հարևանության կամ էլ նրանց միջև առկա հեռավորության, ինչպես նաև՝ հարաբերական դիրքերի  Бурдьё (2007), 50: Այս դիտանկյունից առանձնակի կարևորություն է ստանում Պ. Բուրդյոյի այն մոտեցումը, համաձայն որի` կարևորվում է մշակութային նույնականացումը։ Խոսքը ոչ այնքան ընդհանուր մշակույթի մասին է, որքան ապրելակերպի և աշխարհի հանդեպ մարդու վերաբերմունքի առանձնահատկությունների բացահայտման, որոնց միջոցով մարդը որոշարկում է իր և այլոց լեգիտիմ ու լեգալ տեղն սոցիալական ցանցերում:

Որպես այդպիսին` սոցիալական ցանցը ներառում է երեք տարր՝ գործողության սուբյեկտ (գործող անձ), իրավիճակ և սուբյեկտի վերաբերմունքն իրավիճակի հանդեպ: Սուբյեկտն իր կատարած սոցիալական գործողության յուրաքանչյուր պահի որոշակի դերով է ներկայանում, որը, պայմանավորված արժեքանորմատիվային համակարգի շրջանակներում կարևորվող գործառույթներով, ունի միաժամանակ և՛ գործառական, և՛ ապագործառական հետևանքներ: Այս երևույթը ՀՀ–ում առանձնահատուկ կերպով դրսևորվում է շարունակական ռեֆորմների ժամանակ, երբ սահմանազատվում են դերակատարների բացահայտ և քողարկված գործառույթները: Ակնհայտ են այն գործառույթները, որոնց արդյունքներն ու հետևանքներն ընդունվում են ազատ գործունեություն ծավալած մասնակիցների կողմից: Այսինքն` դերակատարը քաղաքական ազատության միջոցով կանխավ հետամուտ է լինում «գործառնման էֆեկտի» լեգիտիմացմանը և «նպատակին հասնելու» պահանջներին: Այս խնդիրը լուծում է սոցիալիզացիան (ընտանիք, եկեղեցի, դպրոց, ԶԼՄ–ներ)՝ ապահովելով սոցիալական համակարգին համապատասխան էներգիայի և տեղեկատվության անընդհատական շրջանառությունը: Այս գործընթացն առանձնակի սրություն է ստանում տեղեկատվական պատերազմների համատեքստում, որոնց տեղեկատվատեխնիկական և տեղեկատվահոգեբանական մակարդակները մեր կարծիքով դրսևորվում են ըստ ժամանակի հրամայականների:

Արդի պայմաններում առանձնահատուկ դեր են ստանում նորարարական գործիքարանները, որոնք կարելի է բաժանել երկու մեծ խմբերի՝ life placement (կյանքի մեջ զետեղել) և smart mobs (բառացի՝ խելացի ամբոխ): Նշված տեխնոլոգիաների էու թյունն այն է, որ դրանք կիրառվում են իրավիճակային համատեքստում. այս դեպքում հաղորդակցության օբյեկտը չի մտածում, որ հնարավոր է՝ այն նախօրոք պլանավորված գործունեություն է, իր կամքից անկախ դառնում է դրա մասնակիցը, իսկ նշված ոչ ստանդարտ գաղափարը նրա մոտ հետաքրքրական զգացումներ է առաջացնում դեպի գործողության սուբյեկտը: Դրա մյուս բնութագրիչ կողմն այն է, որ սույն ոչ ստանդարտ հաղորդակցման ականատեսները նկարում են այն և տարածում MMS–ի, էլեկտրոնային փոստի միջոցով և քննարկում բլոգներում, չաթերում և ֆորումներում:

Նորարարական տեխնոլոգիաներից վերջին տարիներին կարևոր տեղ է հատկացվում նաև «խելացի» ամբոխին, որն աչքի է ընկնում իր քաղաքական, սոցիալական և նույնիսկ գովազդային հնարավորություններով: Արդի քաղաքական զարգացումներում «խելացի» ամբոխի տարածված տարբերակ է ֆլեշմոբը (flash mob), որը կայծակնորեն միևնույն վայրում է հավաքում անսահմանափակ թվով մարդկանց, որոնք իրենց կամքից անկախ սկսում են շարժվել նախապես պլանավորված սցենարին համահունչ, և որոնք նույն կայծակնային կերպով էլ ցրվում են: Դրանք լայնորեն կիրառվում են Կանադայում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և այլուր: Դրա վառ օրինակներից է Ֆիլիպինների նախագահ Ջոզեֆ Էստրադայի քաղաքական կարիերայի ավարտը  Рейнгольд (2006), 225.  :

ՀՀ քաղաքական զարգացումների մեջ ֆլեշմոբը նորամուծություն է, որն առանձնանում է մնացյալ տեխնոլոգիաներից այն բանի շնորհիվ, որ հասարակական կարծիքի ձևավորման վրա ներկա պահին առավել մեծ ազդեցություն են գործում իրադարձությունները, առավել շատ ուշադրություն է դարձվում մարդկանց սեփական շահերին, և ֆլեշմոբը մարդկանց դրդում է կոնկրետ գործողությունների:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական հեղափոխությունը և դրան հետևած ԶՀՄ–ների բուռն զարգացումները միատեսակ արդյունքներ չունեն: Մի կողմից՝ ԶՀՄ– ները ձևավորեցին լայն տարածություն` բարձրացնելով քաղաքացիական ու քաղաքական մասնակցությունը, մյուս կողմից՝ նորարարական տեխնոլոգիաները տեղեկատվական պատերազմների միջոցով բարձրացրին քաղաքական ազատության խոցելիությունը` նոր սերնդի համար ստեղծելով «ներդաշնակ» ու «քաոտիկ» սպառնալիքներ:

Զանգվածային հաղորդակցության միջոցների մեջ ազատության կառավարման գործընթացում առանձնահատուկ է տեղեկատվական կապիտալի դերը, որի սահմանների բազմաչափությունը սոցիալական տարածության մեջ փոփոխում է մարդու դիրքը սոցիալական աստիճանակարգում: Համաձայն Բոդրիյարի` ԶԼՄ–ները ստեղծում են հատուկ սիմվոլիկ միջավայր, որը փոխարինում է իրականությանը. «Մենք մտնում ենք կեղծ իրադարձություններով, կեղծ պատմությամբ, կեղծ մշակույթով աշխարհ, որտեղ իրադարձությունները, մշակույթը և պատմությունը համաբերված են ոչ թե իրական փորձի հիմամբ, այլ ստեղծված են որպես արտափաստեր՝ հիմնված մեդիայի, տեխնիկական մանիպուլյացիայի և էլեմենտների կոդերի վրա»  Бодрийяр (2006), 164.: Բոդրիյարը ԶՀՄ–ների ազդեցությամբ ի հայտ եկած իրականությունն անվանել է գերիրականություն: Հաղորդակցական ազատությունը մարդու սուբյեկտիվ վիճակն է, որը կախման մեջ է ԶՀՄ–ների կողմից սինթեզված իրականությունից:

Տեղեկատվական հասարակության մեջ քաղաքական զարգացման արժեքայնության ամենակարևոր հիմնախնդիրը ցանցի հասանելիությունն է, քանի որ միայն դա է ազատ հաղորդակցության հնարավորություն տալիս։ Սակայն առցանց (on– line) հարաբերություններում ահազանգող մի բան կա, որը կարող է կոճգամի մի սեղմումով ընդհատվել: Մշտապես գտնվելով էլեկտրոնային ցանցերի տիրույթում՝ մարդիկ, հաղորդակցվելով միմյանց հետ, այս դեպքում միակ իրականության փորձի հիման վրա ճանաչում են մեդիաիրականությունը: Մեդիատարածությունն իմաստավորվում է որպես զանգվածային հաղորդակցություն՝ բացատրվելով մի դեպքում՝ որպես գործընթաց, մյուս դեպքում՝ իշխանության և հասարակության միջև փոխազդեցություն՝ ընտրություն, ստեղծում, տարածում և հաղորդագրության ընդունում:

Փաստորեն, զանգվածային հաղորդակցության միջոցների գործունեությունը տարերայնորեն չի ընթանում, և այդտեղ մեծ դեր են խաղում քաղաքական և գաղափարախոսական գործոնները, որոնք արդիականանում են` մանիպուլացնելով լսարանի պահանջմունքները: Դրա համար էլ ԶՀՄ–ների նոր տեխնոլոգիաները, չարտացոլելով ազատության մշակույթը և ողջ լսարանի կյանքի պայմանները, բացասական ազդեցություն են թողնում լեզվի զարգացման վրա, ինչպես նաև կարող են անդրազգային հոսքերի ագրեսիվության, միակողմանիության հետևանքով խոչընդոտել մշակութային նույնականացմանն ու սոցիալականացմանը: Գաղտնիք չէ, որ Ֆեյսբուքում գրառումները հիմնականում կատարվում են լատինատառով, ինչն աղքատացնում է լեզուն, թույլ չի տալիս, որ այն ներառի նոր հասկացություններ, իսկ մյուս կողմից՝ հատկապես երիտասարդության շրջանում մայրենի լեզուն երկրորդ պլան է մղվում Ինտերնետում հայերենն անպաշտպան է։ URL: http://www.lezu.am/?p=368։ Հայոց լեզվի խնդիրն ինտերնետում՝ IMHO։ URL: http://media.am/armenian–in–internet։:

Հաղորդակցական ազատությունը կառուցողական մոտեցման հիմքում կարող է ուսումնասիրվել հումանիտար–հաղորդակցական ոլորտում՝ որպես հոգեբանական ազատություն զանգվածային հաղորդակցության մեջ շրջանառվող լեզվական կառույցներից, որոնք ապահովում են հենց հաղորդակցական գործընթացը, բայց մյուս կողմից՝ անձին «գերի» են վերցնում՝ օտարելով նրան իրականությունից: Մեր կարծիքով, հումանիտար մոտեցումը հնարավորություն է տալիս հստակացնելու քաղաքական խաղի նշանային համակարգը՝ կամավորություն, օրիգինալություն, սահմանափակվածություն, օրենքի գերակայություն, գեղագիտություն, ներգրավվելու ունակություն: Սակայն ժամանակակից աշխարհում (սկսած 20–րդ դարի 40–50–ական թթ.) տեղեկատվական տեխնոլոգիաների գլխապտույտ զարգացման արդյունքում, ինչպես նշում է Յ. Հայզինգան, խաղը իմաստազրկվել է: Մրցույթները, հեռուստախաղերը մասամբ ձևական բնույթ են կրում, ծառայում սպառողական կամ քաղաքական նպատակների, չեն նպաստում հոգևոր աճին, խաղն օգտագործվում է որպես դիմակ, որի տակ «թաքնվում է քաղաքականության թունավոր կառուցվածքը, որը մտադիր է հասնել որոշակի նպատակի խաղի ձևի միջոցով, որը հենց այդ նպատակով է մշակված» Հայզինգա (2007), 70:: Ուստի քաղաքական ազատությունն զանգվածային հաղորդակցության մեջ կարևոր սոցիալական արժեք է, որը պետք է պաշտպանել տարբեր սոցիալական խմբերի, ինստիտուտների մանիպուլյատիվ ոտնձգություններից, ինչպես նաև՝ ապահումանիտար գործընթացներից՝ կապված ԶՀՄ նոր տեխնոլոգիաների զարգացման հետ: Միաժամանակ, ինստիտուցիոնալացված քաղաքական ազատությունը և՛ սոցիալական, և՛ մեդիամիջավայրի հետ փոխհարաբերությունները կարգավորող այնպիսի գործոն է, որը հնարավորինս պաշտպանում է մարդուն վիրտուալացումից: Այսինքն` լինել ազատ մեդիատարածության մեջ՝ նշանակում է նաև ունենալ սեփական ցանկությամբ այնտեղից դուրս գալու ազատություն: Այդ պատճառով այն հարցը, թե ինչ պայմաններում է կարելի հրաժարվել մեխանիկական նույնականացումից կամ գնալ գիտակցված համախմբման, դարձել է ՀՀ ժողովրդավարական համախմբման կայացման հիմնախնդիր: Ուստի սեփական դերի գիտակցումը և կատարումը, որն իրագործում է նրա ազատության ներուժը, ընդունակ է ապահովելու անձի զարգացումը մեդիատարածության մեջ:

Այսպիսով, ակնհայտ է, որ ԶՀՄ–ների անորոշ և ոչ հումանիստական զարգացումները ստեղծել են ներծին և արտածին, «ներդաշնակ» ու «քաոտիկ» նոր սպառնալիքներ: Այս համատեքստում քաղաքական զարգացման արժեքայնության ապահովումը ՀՀ–ում պետք է ուղեկցվի տեղական ԶՀՄ–ների նոր տեխնոլոգիաների թափանցիկ գործունեությամբ: Այս համատեքստում տեղեկատվահաղորդակցական հեղափոխությունն արմատապես փոխել է կրթությանը ներկայացվող պահանջները: ՀՀ–ում գերխնդիր է մրցունակ սերնդի ձևավորումը՝ ազգային ինքնության արդիականացման և շարունակական կրթության արժեքների համաժամանակյա գործառման մտահոգություններով: Այս մոտեցումն արդիական է, քանի որ «կրթությունն ավանդաբար մեծ դեր ունի Հայաստանում: Գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը, միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավա­ րություն (ՀՀ Նախագահի 2007 թ. փետրվարի 7–ի ՆՀ–37–Ն հրամանա­ գիր) (2007), 5–6:: Փաստորեն, մասնագիտական և քաղաքացիական շարունակական կրթության արդյունավետության ցածր մակարդակն սպառնալիք է ՀՀ քաղաքական զարգացման արժեքայնության բնականոն արդիականացման համար: Ուստի հայ հանրույթին նետած մարտահրավերներին արդյունավետ պատասխանելու նպատակով անհրաժեշտ է մրցունակ կրթության միջոցով բնականոն կերպով արդիականացնել ազգային ինքնությունը և՛ ՀՀ–ում, և՛ ԼՂՀ–ում, և՛ Սփյուռքում: Մեր կողմից կարևորված մրցունակ կրթությունն արդիական է հենց ՀՀ–Սփյուռք–ԼՂՀ ազատության մշակույթի գործառման առումով: Ակնհայտ է, որ դրա կայացման այժմեական պահանջներն իրենց բազմազանության մեջ անհրաժեշտ են դարձնում նրա իրականացումը նոր տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, հատկապես համացանցի միջոցով:

Արդի քաղաքական զարգացումներում տարբեր քաղաքակրթությունների միջև ծավալված արժեքային զուգամիտումները, բախումներն ու երկխոսություններն ակնհայտ են դարձնում, որ մրցունակ կրթության օգնությամբ հնարավոր է ընդարձակել սուբյեկտիվ ազատությունը: Փաստորեն, մրցունակ կրթությունը պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք ծառանալու են մարդու առջև ապագայում, քանի որ «… այն նպատակաուղղված է մարդու բազմակողմանի զարգացմանը նրա բոլոր ասպեկտներով՝ կյանքի ամբողջ ընթացքում» Rao (2008), 1. URL: http://books.google.am/books?id=H28MXV2hnWYC&p­ g=PA47&dq=long+life+education+definition&hl=en&sa=X&ei=3eLIU5eKH­ qnMygP1lILIAw&ved=0CBsQ6AEwAA#v=onepage&q=long%20life%20educa­ tion%20definition&f=false.:

Մրցունակ կրթությունը ներառում է նորարարական գիտելիքներ, հմտություններ, արժեքներ, որոնք հիմնված են ինքնակարգավորման, ինքնիրացման, ինքնարդիականացման և ինքնասոցիալականացման վրա: Արդյունքում մրցունակ մասնակցության պայմաններում հայ «ես»–ը հնարավորություն է ստանում մասնակցելու աշխատանքի միջազգային նոր բաժանմանը և ինքնության բնականոն արդիականացման միջոցով որդեգրելու «նորարարական գիտելիքն իմ ՏԵՍԱԿԻ ազատ և անվտանգ ապագայի երաշխիքն է» սկզբունքը: Վերոնշյալը հնարավորություն է տալիս պահպանելու համակեցության կանոնները և մրցունակ համագործակցությամբ նպատակամետ պատասխանել գլոբալ մարտահրավերներին:

Այդ առումով «երրորդ ալիքի» երկրների ժողովրդավարացման գործընթացի փորձը վկայում է, որ ազատական արժեքների արմատավորմանը և մարդու իրավունքների ու ազատությունների ընդլայնմանը զուգընթաց մեծանում է պետության դերը կրթության որակի բարձրացման շրջանակներում մարդկային կապիտալի կառավարման անհրաժեշտությունն օրենսդրորեն երաշխավորելու համար: Դա էլ նկատի ունենալով` կարծում ենք, որ ՀՀ–ում քաղաքական զարգացման արժեքայնության համակարգման հիմնական ուղիներից մեկը կարող է լինել մարդկային կապիտալի կառավարումը: Ելակետ ընդունելով այս դրույթը՝ անհրաժեշտ է ազգային կրթական համակարգ մուտքագրել այնպիսի արժեքներ, որոնք հնարավորություն կտան հային պատասխանելու ժամանակի մարտահրավերներին և իր քաղաքացիական դիրքորոշմամբ մասնակցելու ՀՀ քաղաքական զարգացմանը: Այս առումով անհրաժեշտ է պատմության հոլովույթում ձևավորված ազգային լավագույն ավանդույթները՝ արարող սկիզբ, աշխատասիրություն, ոգեղինություն և այլն, զուգամիտել Արևմուտքի կրթագիտական նորարարություններին, որոնք ազգային «ես»–ին կշահադրդեն որդեգրել կրթական նոր մեթոդներ:

Ելակետ ընդունելով մարդկային ռեսուրսների բանական կառավարումը` մրցունակ կրթության միջոցով կարելի է զարգացնել ազատության մշակույթի այնպիսի ցանց, որը ներառում է նորարարական, շարունակական, ազատ և թափանցիկ քննարկումների, տարաբնույթ գաղափարների նպատակադրված ուսուցում. «Գիտելիքի շարունակական ձեռքբերման գործընթացը ամենահզոր, մարդուն հասանելի նույնիսկ գերհզոր զենք է, բայց կանխատեսելի այնպիսի միջավայրում, որտեղ անհատական վարքի ազատական դրսևորմամբ քաղաքացին պարգևատրվում է իր նորարարական գիտելիքների և ազատության այն նորմերի պահպանման համար, որոնք հանրային համախմբում և ինքնության արդիականացում են ենթադրում՝ մերժելով հասարակության ատոմականացումը»  Бауман (2006). URL: http://gtmarket.ru/laboratory/basis/6616.:

Նմանօրինակ մոտեցման վրա ձևավորված ցանցերի պայմաններում «ես»–ի ինքնության արդիականացումը պայմանավորված է այդ իսկ ցանցերում նրա մրցունակ մասնակցության աստիճանով, որի օգնությամբ էլ կանխվում են ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված «ներդաշնակ» և «քաոտիկ» սպառնալիքները: Այս բազմամակարդակ գործընթացում գերակա է կրթական համակարգի որակի բարձրացման դերը, քանի որ այն թույլ է տալիս ճյուղավորելու ցանցը և բարձրացնելու ազգի կենսունակությունը՝ ընդարձակելով ազատության տարածությունը: Որպեսզի նորարարական ծրագրերը և գաղափարներն ընդունվեն հանրության կողմից և համապատասխանեն ապագայի նկատմամբ նրանց ակնկալիքներին, անհրաժեշտ է, որ մարդիկ անվերապահորեն ընդունեն քաղաքական ազատության գաղափարների ռազմավարական նշանակությունը ո՛չ միայն ընտրազանգվածային, այլև մասնակցային դեմոկրատիայի դիտանկյունից: Ենթադրվում է, որ նմանատիպ մոտեցմամբ բարձրացվում է անձի սոցիալականացումը, որի գերխնդիրը հանրության հետ երկկողմանի հարաբերությունների՝ արդյունավետորեն գործող կառուցակարգերի հաստատումն ու ամրապնդումն է: Այս իմաստով տեղին է հիշել անգլիական այն սկզբունքը, որ իշխանությունը ոչ միայն արդյունավետ պետք է աշխատի, այլև քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն աշխատում է արդյունավետ Бауман (2006). URL: http://gtmarket.ru/laboratory/basis/6616.: Տվյալ դեպքում արդյունավետ աշխատելն իշխանության հիմնական առաքելությունն է, իսկ այդ աշխատանքն արդյունավետ ներկայացնելը քաղաքացիական մշակույթի հիմնական գործառույթն է: Նման դիրքորոշումը հիմնավորելու համար ելակետային ենք համարում Հ. Ալմոնդի մոտեցումը, որի համաձայն` անձի սոցիալականացման գործընթացում հավասար մասնակցություն ունեն բազմաչափ փոխհարաբերությունների մեջ գտվող հասարակության քաղաքական համակարգի այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են «… ընտանիքը, դպրոցը, կրոնական, դասային և փոքրամասնության շահերը արտահայտող կառույցները, ԶԼՄ–ները, ճնշման խմբերը, հանրության հետ կապերը, քաղաքական կուսակցությունները և ոչ պետական կառույցները»   Алмонд, Пауэлл, Стром, Далтон (2002), 94.: Այդ դերակատարներից յուրաքանչյուրի մասնակցության և ազդեցության արդյունավետությունը կախված է տարիքից, մարդու ինքնագիտակցության զարգացման, կրթվածության և ինքնակազմակերպման մակարդակներից, սոցիալական և քաղաքական գործընթացների մեջ նրա ընդգրկման ինտենսիվությունից, այնտեղ ընթացող գործողությունների բնույթից և նույնիսկ հասարակական–քաղաքական զարգացման քաղաքակրթական առանձնահատկություններից: Օրինակ` ավանդական հանրույթներում ավելի ուժեղ է ընտանիքի, եկեղեցու, մարդու վրա շրջակա միջավայրի ազդեցությունը: Իսկ ժողովրդավարացման գործընթացում հատկապես որոշիչ է քաղաքական PR տեխնոլոգիաների միջոցով բոլոր դերակատարների նպատակամետ փոխներգործությունը: Հիրավի, եթե մարդը շահադրդված չէ արդիականացնելու իր վարքը, ապա զրկվում է PR տեխնոլոգիաների իրատես օգտագործման միջոցով իր տեղը սոցիալական կառուցակարգերում նպատակամետ կերպով տնօրինելուց:

Քաղաքական PR տեխնոլոգիաների օգնությամբ նորմերի, ավանդույթների, վարքի ձևերի և մշակութային արժեքների յուրացումը կարող է սահմանափակված լինել միայն մարդու կյանքի տևողությամբ: Դա երկփեղկված ընթացք է. քաղաքացիական կրթության օգնությամբ մի կողմից՝ մարդիկ ընտրում են իշխանության հետ հարաբերվելու նոր միջոցներ, մյուս կողմից` հասարակության ազդեցությունն անհատի վրա պայմանավորված է նրա համոզմունքներով և հավատալիքներով: Դրանք, հենվելով պետության կարգավորիչ դերի վրա, սահմանում են անձի սոցիալականացման այն մակարդակները, որոնք կողմնորոշված են դեպի իշխանության լեգիտիմություն, քաղաքական և քաղաքացիական մշակույթ, ինչպես նաև քաղաքական ազատության միջոցով համընդհանրացվող ստանդարտների հաստատագրում: Քաղաքացիական մշակույթի օգնությամբ քաղաքացին կողմնորոշվում է քաղաքական իրադրության մեջ` իրատես մասնակցություն ունենալով որոշումների ընդունման գործընթացին նույնիսկ քաոտիկ տեղեկատվության և հաղորդակցության պայմաններում: Փաստորեն, մարդն իր ողջ կյանքի ընթացքում ենթարկվում է սոցիալականացման, որի հասունության մակարդակը մարդու կողմից քաղաքացիական մշակույթի որոշակի տիպի պատկանելն է:

Քաղաքացիական մշակույթի հաստատման գործընթացն ուղեկցվում է գիտակցության բնականոն արդիականացմամբ։ Այսօր ՀՀ–ում քաղաքացու գիտակցությունն ազատական–ժողովրդավարական, ազգային–պահպանողական, սոցիալիստական արժեքների ակտիվ հաստատման և մարքսիստական գաղափարների անկման հետևանք է: Համապատասխանաբար, հարմարվողականություն, անհանդուրժողականություն, քաղաքական կյանքի հատվածայնություն և բազմազանություն, գաղափարների ու իշխանությունների հետ կոնյուկտուրային համագործակցություն ենթադրող սոցիալական վարքագծի բազմաչափ մոդելը դեռևս չի համապատասխանում բնականոն արդիականացման պահանջներին, որոնք կողմնորոշված են դեպի մրցունակ մասնակցության ազատություն, համագործակցություն, քաղաքական և քաղաքացիական մշակույթ: ՀՀ–ում տեղի ունեցած ազատական բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ մարդու մուտքը քաղաքականություն, նրա նախապատրաստումը և ներգրավումն իշխանական հարաբերություններում իրականացվում են իշխող մշակութային կողմնորոշիչների և նորմերի, քաղաքական վարքաբանության նմուշների և արժեքների արդիականացման գործընթացով։ Իր հերթին, քաղաքական կյանքում նոր սերունդներ ներգրավող մասնակցային (այլ ոչ սոսկ ընտրազանգվածային) դեմոկրատիան ապահովում է հասարակության քաղաքական զարգացման ժառանգականությունը և թույլ է տալիս դիսկուրս զարգացնել պե տության և քաղաքացու միջև։

Փաստորեն, մրցունակ կրթությունն անմիջականորեն կապված է անհատի քաղաքական գիտակցության ձևավորման, զարգացման և արդիականացման հետ: Այն ընդգրկում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են պահանջմունքների և սոցիալական սպասումների համակարգի ձևավորումը, արժեքային կողմնորոշումը, սեփական շահերի գիտակցումը, քաղաքական գործունեության հնարավորությունների գնահատումը, սոցիալքաղաքական արժեքների ու համոզմունքների, ինչպես նաև մասնակցային մշակույթի ընդունումը և այլն: Ուստի կրթական բարեփոխումների նպատակը և՛ մրցունակ գիտելիքների միջոցով նոր սերնդի զարգացումն է, և՛ այդ սերնդին կառավարման համակարգ ներգրավելը, և՛ ազգային մրցունակության բարձրացումը, և՛ ազգային ինքնության բնականոն արդիականացումը, և՛ քաղաքական ազատության միջոցով զարգացման ճգնաժամի հաղթահարումը: Այս համատեքստում տեսանելի է դառնում այն, որ քաղաքական զարգացման արժեքայնության հիմքում դրված է էթնոգենոտիպի տեսակի, կրթության համակարգի և սոցիալ–մշակութային արժեքների եռամիասնությունը: Նման եռամիասնությունն էլ, համացանցի և տեղեկատվահաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների լայն տարածմանը զուգընթաց, վերաճել է քաղաքական ազատության և ազատականության ջատագով գլոբալ ինստիտուտի:

Համացանցի միջոցով կրթություն ստանալը վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է բավական տարածված երևույթ ամբողջ աշխարհում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում գիտելիքներ ստանալու մատչելի պայմաններով: Տեղեկատվական տեխնոլոգիաների բերած բոլոր հնարավորությունները լայնորեն կիրառվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանում (հիմնադիր–նախագահն է Երվանդ Զորյանը), որի նպատակը և՛ Սփյուռքի հայությանը մրցունակ պահելը, և՛ հայի սոցիալական տարածության ու ազատության ընդարձակումն է։ «Այսօր, երբ Սփյուռքում հայ երիտասարդների միայն 5%–ն ունի հայկական ավանդական կրթություն ստանալու հնարավորություն, նման հաստատության գոյությունը ձեռք է բերում կենսական նշանակություն»,— ասել է Երվանդ Զորյանը Հայկական վիրտուալ համալսարան, 06.09.2015։ URL: http://www.media­ max.am/am/news/education/2265/#sthash.3uENHcOl.dpuf.: Ունենալով երեք ֆակուլտետ` լեզվի, պատմության և մշակույթի, Հայկական վիրտուալ համալսարանը կրթության միջոցով ազգային հարստությունը ողջ աշխարհում լիարժեքորեն տարածելու նպատակով ծրագրեր է իրականացնում 7 լեզվով` հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Ուսումնասիրելով, գնահատելով և արդիականացնելով ուսանողների զարգացող պահանջները՝ Հայկական վիրտուալ համալսարանը համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցական միջոցների շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալու` ժամանակն ըստ պատշաճի կազմակերպելով, ինչպես նաև ուսուցչի և դասընկերների հետ առցանց հաղորդակցվելով  Armenian Virtual College. URL: https://www.avc–agbu.org/en.html.: Այսպիսի մոտեցումը նպաստում է բազմամշակութային հարաբերություններում գտնվող սփյուռքահայության ինքնության բնականոն և ներդաշնակ արդիականացմանը՝ ներգրավելով նրանց ազգային կրթական համակարգի նորարարացման գործընթացում:

Այս շրջանակներում ուշագրավ ենք համարում պատմաբան Ս. Հովհաննիսյանի հետևյալ մոտեցումը՝ «… համաշխարհայնացման հոլովույթում ազգային պետության և ինքնության փոխակերպման հիմնախնդրի քննարկումը կառուցակազմել մեկ այլ` Համացանցային Հոգևոր Հայաստանի համադրական միջավայրում» Հովհաննիսյան, Համացանցային Հոգևոր Հայաստանի տեսլականը. ազ­ գային պետության և ինքնության վիրտուալ այլընտրանք։

URL: http://granish.org/the–vision–of–online–spiritual–armenia/. : Մեր համոզմամբ, այս մոտեցումը լրացնելու է գալիս մեր այն տեսակետը, համաձայն որի՝ «նոր աշխարհակարգը պետք է ունենայ ազգային եւ համամարդկային արժէքների զուգամիտման տրամաբանութիւն: Քաղաքակրթութեան փորձն ապացուցում է, որ միայն իրատեսական արժէքների վրայ կառուցուող բաց համակարգերը կենսունակ չեն: Տեսակը իրաւունք չունի ոչնչացնելու տեսակին, աշխարհը դրանով աղքատանում է: Նոր աշխարհակարգի գաղափարախօսութիւնը չպետք է մերժի պատմականութիւնը, քանի որ անցեալ–ներկայ–ապագայ եռաչափութեան մէջ պատմական անցեալն իշխում է ներկայի վրայ այն չափով, ինչ չափով պատմական ներկան իշխում է ապագայի վրայ» Մարգարյան (2004), 204::

Այս երկու մոտեցումների տիրույթներում կարող ենք եզրակացնել, որ շարունակական կրթության իրականացման գործընթացում ազգային «ես»–ի բնականոն արդիականացումը հնարավորություն կտա հայ մարդուն ազատ ինտեգրվելու աշխատանքի միջազգային բաժանման գործընթացին: Ուստի տեղեկատվահաղորդակցական արդի տեխնոլոգիաների պայմաններում կրթությունն ու գիտությունը ազգային համախմբման գրավականներն են: Արդյունքում նոր աշխարհակարգի կայացման գործընթացում ամենաբարդ պահանջն այն է, որ «մեր հասարակությունում իշխանություն ունեցողներն ազնվորեն իրականացնեն իրենց պարտականությունները որպես իսկական առաջնորդներ՝ պահպանելով ոչ միայն իրավական, այլև բարոյական նորմերը: Առանց դրա ժողովրդավարությունը դատարկ խոսք է: Այդ պարագայում կունենանք ազատության «էրոզիա», նրա իդեալների խաղարկում և հանրային կյանքի անկում»  Закария (2004), 284–285.:

Քաղաքական զարգացման արժեքայնությամբ պայմանավորված՝ քաղաքական ազատությունն ունի պոզիտիվ և նեգատիվ բնույթ: Ազատությունը նեգատիվ է, եթե այն սահմանափակվում է իրականության զգայական ընկալմամբ: Այն պոզիտիվ է, եթե մարդն ունի ինքնակառավարման ազատ հնարավորություն, որի միջոցով էլ ռացիոնալացնելով իր վարքը՝ ինքնիրացվում և ինքնադրսևորվում է: Պատմական զարգացման հոլովույթում քաղաքական ազատությունը պարտավորեցնում է սոցիալականացված անհատին պատասխանատվությամբ վերաբերվել իրեն տրված խոսքի, խղճի և դավանանքի, կամքի ազատությանը: Դա նախ և առաջ ներդաշնակում է ռացիոնալը և իռացիոնալը, քաղաքական զարգացման արժեքայնության կառուցակարգը, այն է՝ պաշտպանվել հարկադրանքից, մեծամասնությունից, հասարակական կարծիքից և ազատորեն մասնակցել պետական կառավարմանը: Այս արժեքայնության տիրույթներում սոցիալականացված անձը, հենվելով մարդու իրավունքի չորս սերունդների վրա, ապագան դիտարկում է որպես ազատ ինքնադրսևորման հնարավորություն:

Քաղաքական զարգացման արժեքայնության բնականոն արդիականացումը, որպես գործընթաց, յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանված սեփական նպատակների իրականացման լեգիտիմ և լեգալ հնարավորություն է: Ուստի քաղաքական զարգացման արժեքայնությունը հենվում է մարդու իրավունքների, ազատության նորմատիվային հիմքերի, ինստիտուտների արդյունավետ գործունեության վրա: Դրանց փոխազդեցությունը ենթադրում է կառավարող ընտրանու, առաջնորդների և ընտրազանգվածի կողմից «ազատության (freedom)» և «ազատականության (liberty)» տարբերակում: Ուստի քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման գործընթացը նպատակահարմար է և՛ ազգային, և՛ գլոբալ մակարդակներում դիտարկել որպես ռացիոնալ ընտրություն: Այն արժևորվում է ոչ թե իբրև զգայական գործողություն արագահոս ներկայի հանդեպ (նեգատիվ ազատություն), այլ ներկայի մեջ ազատ կամքի և ազատ խղճի դրսևորում է, որը «ես»–ին տեղափոխում է ռազմավարական առումով անվտանգ ապագա (պոզիտիվ ազատություն):

Քաղաքական զարգացման արժեքայնության արդիականացման գործընթացում անհատի գիտակցությունը կրել և կրում է ազատական–ժողովրդավարական, ազգային–պահպանողական, սոցիալիստական արժեքների հաստատման և մարքսիստական գաղափարների ինչպես հեղափոխական, այնպես էլ բնականոն փոփոխության հետևանքները: Զարգացող երկրներում նմանօրինակ փոփոխությունները հանգեցնում են քաղաքական իշխանությունների հետ կոնյուկտուրային համագործակցություն ենթադրող սոցիալական վարքագծի օտարված մոդելի առկայության, որը չի նպաստում քաղաքացիական և քաղաքական հասարակությունների միջև ինստիտուցիոնալացված և գործառութակառուցվածքային կապի հաստատմանը: ՀՀ–ում օտարումը, որպես ապագայի ռազմավարական կառավարման նկատմամբ ստեղծված անվստահության ձև, խորանում է արտագաղթի, կոռուպցիայի, աղքատության, թրաֆիքինգի, աղանդավորության տարածման պայմաններում: ՀՀ–ում օտարման գործընթացի վրա մեծապես ազդում են նաև նորագույն ՏՀՏ–ների միջոցով ազատության կառավարման մանիպուլյատիվ նոր տեխնոլոգիաները: Գովազդի, հեռուստատեսության և հաղորդակցության այլ միջոցների օգնությամբ ՀՀ–ում ազատության կառավարումն իրականացվում է արհեստական պահանջմունքներ, կեղծ ու խեղաթյուրված իդեալներ ու արժեքներ սերմանելու ձևով, մարդու շահերի ու հայացքների աճպարարություններով:

Մանիպուլյատիվ կառավարման օգնությամբ ՀՀ–ում ստեղծվել են հոգևոր օտարման և ոգեղինության սնանկացման ճկուն տեխնոլոգիաներ: Ուստի հասարակության ատոմականացումը հաղթահարելու նպատակով հարկ է հետամուտ լինել եռակազմ քաղաքականության պատասխանատու դերակատարների՝ կառավարող էլիտայի, բիզնես–էլիտայի և պրոֆմիութենական ղեկավարների միջև համագործակցության զարգացմանը: Այս նկատառումներով անհրաժեշտ է քաղաքական զարգացման արժեբանությունն արդիականացնել՝ իրականացնելով սերնդի նորարարական շարունակական կրթություն: ՏՀՏ–ների ներկայիս զարգացումը հանգեցրել է նրան, որ ազատության մշակույթի կառավարում հնարավոր է իրականացնել մրցունակ գաղափարների թափանցիկ քննարկումների միջոցով: Այս գործընթացում անհատական վարքի ազատական դրսևորմամբ քաղաքացին շահադրդվում է իր նորարարական գիտելիքների և ազատության այն նորմերի պահպանման համար, որոնք արդիականացնում են «ես»–ի ինքնությունը՝ մերժելով հասարակության ատոմականացումն ու օտարումը: Նմանատիպ մոտեցմամբ զարգացող երկրները հնարավորություն են ստանում վերլուծելու և կանխատեսելու իրենց ուղղված արտածին և ներծին սպառնալիքները:

 

 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Սկզբնաղբյուրներ

  1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն (ՀՀ Նախագահի 2007 թ. փետրվարի 7–ի ՆՀ–37–Ն հրամանագիր), Երևան, «Հայկական բանակ», 2007:
  2. Մարդու իրավունքներ (2013). ՄԱԿ–ի միջազգային փաստաթղթերի ընտրանի և ձեռնարկ մարդու իրավունքների վերաբերյալ, ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ, Երևան, Ասողիկ:
  3. Гоббс, Томас (2001). Левиафан, или материя, форма и власть государства церковного и гражданского, М.: Мысль.
  4. Доклад о развитии человека (2010). Реальное богатство народов: пути к развитию человека, пер. с англ.; ПРООН, М., Издательство Весь Мир.
  5. Локк, Джон (1988), Сочинения: в 3 т., Т. 2 (Глава XII). М.: Мысль.

URL: http://grachev62.narod.ru/lock/lokk_2_12.html.

  1. Макиавелли, Никколо (2009). Государь; Рассуждения о первой декаде Тита Ливия; О военном искусстве: Сборник; пер. с ит., Минск: Попурри.
  2. UN Development Program, Human Development Report (1999), New York Oxford: Oxford University URL: http://hdr.undp.org/ sites/default/files/reports/260/hdr_1999_en_nostats.pdf.
  3. Human Development Report, Published for the United Nations Devel­ opment Programme, (1994), New York, Oxford: Oxford Universi­ ty Press. URL: http://hdr.undp.org/sites/default/files/reports/255/ pdf.

Հետազոտություններ

9.Հայզինգա Յոհան (2007), Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ, հոլ. թարգմ.՝ Ս. Ղռաթյանի, առաջաբան, հոդված՝ Հ. Հովհաննիսյան, Եր., Սարգիս Խաչենց — ՓՐԻՆԹԻՆՖՈ:

  1. Հովհաննիսյան Սմբատ, Համացանցային Հոգևոր Հայաստանի տեսլականը. ազգային պետության և ինքնության վիրտուալ այ­ լընտրանք,

URL: http://granish.org/the–vision–of–online–spiritual–armenia/.

11.Մարգարյան Մարիամ (2004), Հոգեւոր Հայաստանի գաղափա­ րախօսութիւնը արդիականացման գործընթացում, ԲԱԶՄԱՎԷՊ հայագիտական–բանասիրական–գրական հանդես, Վենե­ տիկ–Ս. Ղազար, թիւ 1–4։

  1. Алмонд Г., Пауэлл Дж., Стром К., Далтон Р. (2002). Сравнительная политология сегодня: Мировой обзор, Учебное пособие, под ред. М. В. Ильина, А. Ю. Мельвиля, М.: Аспект Пресс.
  2. Арон, Раймон (1996). Эссе о свободах: Универсальной и единственной формулы свободы не существует, Полис, №1,

URL: http://www.polisportal.ru/index.php?page_id=51&id=38.

  1. Берлин, Исайя (2014). Два понимания свободы, Эссе, (пер. А. Седова), в кн. Философия свободы. Европа. 2–е изд., предисловие А. Эткинда, М.: Новое литературное обозрение.
  2. Бодрийяр, Жан (2006). Общество потребления. Его мифы и структуры, пер. с фр., послесл. и примеч. Е. А. Самарской, М.: Республика; Культурная революция.
  3. Бурдьё, Пьер (2007). Социология социального пространства, пер. с франц.; отв. ред. перевода Н. А. Шматко, М.: Институт экспериментальной социологии; СПб.: Алетейя.
  4. Бауман, Зигмунт (2006). Свобода. Перевод на русский язык: Г. М. Дашевский, М. URL: http://gtmarket.ru/laboratory/basis/6616.
  5. Рейнгольд, Говард (2006). Умная толпа: новая социальная революция, пер. с англ. А. Гарькавого, М.: ФАИР–ПРЕСС.
  6. Роттердамский, Эразм (2001). Воспитание Христианского Государя, М.: Изд. Мысль.
  7. Фарид, Закария (2004). Будущее свободы: нелиберальная демократия в США и за их пределами, пер. с англ. под ред. В. Л. Иноземцева, М.: Ладомир.
  8. Фромм, Эрих. (2008). Бегство от свободы, пер. с англ. Г. Швейника, Г. Новичковой. 2–е изд., М.: Академический Проект.
  9. Хелд, Дэвид (2014). Модели демократии, третье издание, перевод с англ. М. Рудакова, М.: Дело, РАНХиГС.

23.Diamond, L. (2014), Chasing Away the Democracy Blues: Why democra­ cy is worth fighting for — now more than ever, Oct. 24.

URL: http://foreignpolicy.com/2014/10/24/chasing–away–the–democracy– blues/.

  1. Eldering, Marije (2010). Measuring Human (In–) Security, Human Se­ curity Perspectives, Volume 7, (1).

25.Habermas, Jürgen (1975). Legitimation Crisis, Beacon Press.

  1. Khondker, Habibul Haque (2011). Role of the New Media in the Arab Spring, 18 November, URL: http://www.tandfonline.com/doi/pdf/10.1 080/14747731.2011.621287.
  2. King G. and Murray C. (2001). Rethinking Human security, Political Science Quarterly, Volume 116, Issue 4.

28.Shalendra, Sharma D. (2007). Democracy, Good Governance, and Economic Development, Sharma Taiwan Journal of Democracy, Vol­ ume 3, No. 1, July.

29.Vandijk, Teun A. (2006). Discourse and manipulation, Discourse & Soci­ ety 17(2), URL: http://www.discourses.org/OldArticles/Discourse%20 and%20manipulation.pdf

  1. Rao, V. K. (2008), Lifelong Education, New Delhi: APH Publishing Corporation. URL: http://books.google.am/books?id=H28MXV2hn­ WYC&pg=PA47&dq=long+life+education+definition&hl=en&sa=X­ &ei=3eLIU5eKHqnMygP1lILIAw&ved=0CBsQ6AEwAA#v=onep­ age&q=long%20life%20education%20definition&f=false.

Համացանց

Ինտերնետում հայերենն անպաշտպան է, URL: http://www.lezu.am/?p=368.

Հայոց լեզվի խնդիրն ինտերնետում՝ IMHO, URL: http://media.am/armenian–in–internet.

Հայկական վիրտուալ համալսարան, 06.09.2015, URL: http://www.me­ diamax.am/am/news/education/2265/#sthash.3uENHcOl.dpuf.

Armenian Virtual College,

URL: https://www.avc–agbu.org/entml.

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: