ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Երիտասարդության քաղաքական սոցիալականաց­ման և ազգային ինքնության արդիականացման փոխ­­պայմանա­վոր­վա­ծու­­թյան հաստա­տու­թենական հիմքերի համալիր ուսումնասիրությունը այն պրոբ­լեմն է, առանց որի հնա­րա­վոր չէ ՀՀ-ում ապահովել հոգևոր անվտանգություն և հաստատել ժողո­վր­դա­վարական համախմբում: Ինչպես գրում է Ս. Հան­տինգտոնը, «Համախմբված ժո­ղո­վրդա­վարու­թ­յունը միայն գյուղի, համայնքի կամ քաղաք-պետության ժո­ղո­վր­դա­վարություն չէ. դա ազգային պե­տու­թյան ձևավորման և հաս­տատ­­ման հետ սերտորեն կապ­ված ժողովրդա­վա­րու­թյուն է: Ժողովրդա­վա­րութ­յունը միայն խոսքի ազա­տութ­յուն, ընտրություններին մասնակցե­լու իրա­վունք չէ: Դա օրենքի իշխա­նություն է: Ժողո­վր­դա­վարության հաստա­տած ազա­­տությունը առանց պա­տաս­խանատվության մահա­նում է»[1]:

Հանտինգտոնի այս ելակետային մոտեցման համատեքստում ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում «թավշյա հեղափոխության» հաղթանակը ժողովրդա­վարական անցման ձգձգվածության հետևանք է, իսկ օտարումը, աղքա­տությունը, կոռուպցիան, արտագաղթը դարձել են ազգային անվտան­գութ­յան համար սպառնալիք: Այս դիտանկյունից անհրաժեշտ է օբյեկտիվորեն վերլուծել ՀՀ-ում հոգևոր անվտան­գության պրոբլեմները, քանի որ միայն այդպես է հնարավոր ազգ-պետության գործառման տիրույթներում վերա­արժեքավորել քաղաքական իշխա­նության իրականացման մշակույթը`  «թավշյա հեղափոխությունը» հիմնավորելով որպես քաղաքական փոփոխություն:

Հոգևոր անվտանգությունը` որպես ազգային անվտանգության կարևոր բա­ղադրիչ, ներառում է ազգային ինքնագիտակցությունը` արտացոլելով հա­սա­րակության կենսագոր­ծու­նեության ավանդույթները, նրա մշակույթը և պատ­մությունը, ինչպես նաև հասարակության բարոյաքաղաքական միաս­նության աստիճանը: Հոգևոր անվտանգու­թյան հիմքում դրված են պետա­կան ազգային անվտան­գությունն ապահովող բոլոր այն բարոյահո­գեբա­նա­կան և հայրենասի­րական նորմավորված արժեքները, որոնց միջոցով ժողովուրդն արտահայտում է կառավարող ընտրանու քաղաքականության նկատմամբ ոչ միայն իր վստահությունն ու աջակցությունը, այլև պատրաս­տությունը պաշտպանելու իրեն և իր պետությունն ու պետականությունը: Քաղաքակրթության փորձը վկայում է, որ ազգերի և պետությունների դժբախ­տությունն սկսվում է այն ժամանակ, երբ քայքայվում է ժամանակի ընթացքում ձևավորված նրանց մշակութանոր­մատիվային և բարո­յահոգե­բանական համակարգի քաղաքական էությունը, երբ իշխանական հարա­բե­րությունների ցածր մակարդակի լեգիտիմությունը օտարում և եզրահա­նում է հասարակությանը, քաղաքացուն և հատկապես երիտասար­դութ­յանը` տրոհելով (փոշիացնելով) ազգի ոգին և ազգի իշխանությունը:

Ըստ Ս. Հանտինգտոնի` ժողովրդավարության «երրորդ ալիքի» շրջանա­կում սոցիալ-քաղաքական արդիականացումը տեղի է ունենում անհավա­սար չափով, քանի որ «…արդի հասարակությունները կարող են իրար ավելի նման լինել, քան ավանդականները, երկու պատճառով: Նախ. արդի հասա­րակությունների միջև ավելի մեծ փոխազդեցություն­ը կարող է չծնել ընդ­հանուր մշակույթ, սակայն այն հեշտացնում է տեխնոլոգիաների, գյու­տերի և կազմակերպվածքի փոխանցումը մի հասարակությունից մյուսին մի այնպի­սի արագությամբ և աստիճանով, որոնք ավանդական աշխար­հում հնարա­վոր չէին: Երկրորդ. ավանդական հասարակություն­ը հիմնված էր գյուղա­տնտեսության վրա, մինչդեռ արդի հասարակություն­ը հիմնվում է արդյունա­բերության վրա, որը կարող է արհեստներից վերաճել դասական ծանր արդյունաբերության, իսկ այնուհետև` գիտութենահենք տեխնոլո­գիա­ների և արտադրությունների»[2]: Այս դիտանկյունից, երիտասարդության քա­ղաքա­կան սոցիա­լականացման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առ­նել, որ ինքնությունը մարդու վարքահոգեբանական ունակությունն է խտաց­­ված ձևով արտահայտելու տարբեր մասնագիտական, սոցիալա­կան, ազգային, լեզվական, քաղաքական, ռասայական, կրոնական և այլ խմբերին կամ հան­րույթնե­րին իր պատկա­նելու­թյունը: Նման մոտեցումն անհրաժեշտ պայման է, որպեսզի փոփոխվող աշխարհում մարդը պահպա­նի իր տեսակի մրցու­նա­կությունն ու հոգևոր անվտանգությունը, քանի որ «մինչ մարդիկ հարա­բեր­վում են շրջապատի մարդկանց հետ, նրանք այլ ելք չունեն, քան իրենց սահմանելու մյուսների հետ հարաբերությունների միջոցով և հիմնվելու նմա­նությունների ու տարբերությունների վրա։ Ինք­նութ­յունը կարևոր է, քանի որ թելադրում է մարդու պահվածքը»[3]։

Ազգային ինքնու­թյունը պատմության հոլովույթում ձևավորված և քաղա­քական ժամանակի մեջ պարբերա­բար կերպափոխվող սոցիալ-քաղա­քա­կան տեքստ է: Այն ներա­ռում է ազգի ծագումը, զար­գա­ցումը, ազգային հոգե­կերտ­վածքն ու պատմական հիշողությունը, ազգային խորհրդա­նիշներն ու սոցիոմշակութային ժառանգու­թյունը, ինչպես նաև քաղաքական ինքնա­կազ­մակերպման և ինքնա­կա­ռա­վարման արժե­քային համակարգի այն հիմնա­րար բնութագրիչ­ները, որոնք ձևավորում են քաղա­քական ազգը: Վերջինս, միմյանց զուգամիտելով ռացիոնալը և իռացիոնալը, արդիականանում է միայն գոյու­թյուն ունեցող ազգ-պետության միջոցով. «Ազգայնակա­նութ­յունն ունի ինտեգրող քաղաքական ուժի դեր, եթե մի ժողովուրդ կամ ազգ պետք է հաստատվի ի հակադրություն մեկ ուրիշի։ Ազգայնականությունը անձեռ­նմխե­լի լեգիտիմություն է ստանում այնտեղ, որտեղ ուղղված է ուրի­շի գերիշ­խանությունից ազատմանը»[4]։

Որպես ինքնիշխանության վրա հիմնված երևույթ, ազգ-պետությունում գե­րակա է ընդհանուր մշակույթ, լեզու, էթնիկություն և կարծր պատ­մական հի­շողություն ու մեծ ազդեցություն ունեցող մեկ ազգ, որը կառա­վարութ­յուն­ների լեգիտիմության և քաղաքական կայունության ապահովման երաշ­խիքն է[5]: Լինելով քաղաքական կազմակերպություն` ազգ-պետութ­յունն ինքն­իշ­­­խա­նություն է ապահովում թե´ աշխարհագրական սահման­ներում, թե´ այլ ինքնիշխան պետու­թյունների հետ հարաբերվելիս` կարևո­րե­լով ոչ միայն լեգիտիմության և արդյունքի կառավարման անհաղ­թա­հարելի զու­գամիտումը, այլև մշակութաստեղ­ծութ­յունը` կառավարող ընտ­րա­նու իշխա­նու­թյան իրակա­նաց­ման մշակույթի ժողովրդավարացման համար: Ըստ
Ս. Հանտինգտոնի` եթե ազգը պատրաստ չէ պատասխանելու մարտա­հրա­վեր­ներին, անորո­շութ­յամբ հղի մեծ շեղումով փոփոխվում է նրա հոգևորի ար­ժե­քային առանցքը (միջուկը), որի պատճառով ազգը կա´մ կորցնում է իր ինքնությունը և ձուլվում, կա´մ դրսևորում է արդիականա­նալու քաղա­քական կամք` իր քաղաքա­կր­թա­կան ինքնատիպու­թյունը կենսունակ (մրցու­­­նակ) պահելու նպատակով, կա´մ էլ պարբերաբար հայտնվելով անորոշությունների մեջ` չի կարողանում ինքնակազ­մակերպվել իր «ան­փոփոխ միջուկի» շուրջ` հանուն ժողովրդավարական համախմբման[6]: Ինչպես տեսնում ենք, ազգային ինքնության գիտակցված և բնականոն արդիականացումը ազգ-պետության կառուցման և ամրապնդման համար հզոր ռազմավարական ռեսուրս է: Ավելին. նրա անտեսումը խոչընդոտում է ազգային անվտան­գության հիմնախնդիրների, հատկապես՝ հոգևոր ան­վտանգության ապահովմանը:

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի և հայության համար, երբ սոցիալ-քաղաքական համակարգի կերպափոխումը հղի է տարաբնույթ անորոշություններով, երբ արմատապես փոխվել է ինքնու­թյան արդիականացման արտաքին միջավայրը, հոգևոր անվտան­գու­թյան ապահովման պրոբլեմի ուսումնասիրությունն ունի և´ գիտատեսական, և´ գործնական նշանակություն: Հենց դա էլ հիմք է դառնում երիտասարդության քաղաքական սոցիալականացումը դիտելու որպես հոգևոր անվտանգության ապահովման համակարգի արդիականացման եղանակ: Կարծում ենք, որ այս մոտեցման շրջանակում էլ որոշիչ է Հա­յաստանի «թավշյա հեղափոխությունից» հետո երիտասարդության քաղա­քական սոցիալականացման արժեքաբանությունը: Այն, որ հայ երիտա­սարդութ­յունը պատրաստ է պայքարելու հանուն իր ազատության և գո­յա­տևման, ապացուցում են Արցախյան հերոսամարտը, 2016 թ. ապրիլի 2–6-ը Արցախի վրա Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ հարձակմանը դի­մա­կայելու, ինչպես նաև «թավշյա հեղափոխության» գլխավոր դերա­կա­տարի գործառույթ ստանձնելու փաստերը:

Հոգևոր անվտանգության խնդիրներով պայմանավոր­ված՝ մարդն արժեքա­վորում է իր անհատական ինքնությունը՝ այն գիտակցելով որպես ինքնա­պահպանման, հանրության մեջ գտնվելու, համակեցություն մշակելու, զար­գացման գոյաբանությունն ապահովելու, եզրահանության իրավիճակից դուրս գալու և ավանդույթների կերպա­փո­խում ձեռնարկելու գործընթաց: Հենց այս մոտեցմամբ էլ Կ. Յունգը հիմնավորեց մարդու անգիտակցական միտքը, ինչպես նաև նրա մարմինը՝ որպես անցյալի հիշողությունների և հետքերի պահեստարան[7]: Ըստ այդմ էլ՝ մարդու էթնի­կա­կան նախակեր­պարը (նախատիպը) ունի բարոյահոգեբանական և սոցիալ-քաղաքական արժեքային ծանրաբեռնվա­ծություն, որի բազմամակար­դակության հիմնա­վոր­մամբ Կ. Յունգը եզրակացրել է, որ ազգային բնավորության գիտակ­ցա­կանի կողքին գոյություն ունի նաև անգիտակցականը: Դրանց վրա հիմնված անհատականի ու սոցիալականի զարգացման մեջ գերիշխող սոցիա­լականը ենթադրում է ընդհանուր փորձի, տեղեկատվության ընդ­հանուր աղբյուրների միջոցով իրականացվող սոցիալա­կա­նացում:

Ակնհայտ է, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հնարա­վորութ­յուն է տալիս վերանայելու հայ հասարակության հոգևոր անվտանգության ապահովման հրամայական­ները՝ արդյունքի կառավարման և ժողովրդա­վա­րության որակի հաստատումը կարևորելով որպես համա­գոր­ծակության մշակույթի գործառման պայման: Փորձելով հասկանալ, թե ով է ինքը, մար­դը հարաբերվում է ուրիշ «Եսի» հետ և ըստ այդմ ընդարձակում իր ճանաչողության ու իմացության տիրույթը՝ ստեղծելով համապիտանի մշա­կույթ: Փաստորեն, հոգևոր անվտանգութ­յունը, վերոնշյալ օբյեկտիվ գոր­ծոն­ների հետ մեկտեղ, առաջին հերթին իմացազգայական և մտածե­լա­կերպային զգացո­ղու­­թյուն է: Ըստ դրա էլ անձը, գիտակցելով իր քաղա­քական և քաղաքացիական ազատության աստիճանը, գնա­հատում է իր էթնոազգային պատկանելու­թյունն «այս» կամ «այն» խմբին: Այս դիտան­կյունից հենց ծագման ընդհանրության՝ հավատի, մշակույթի, լեզվի, սո­վորություն­ների, ավանդույթների, առասպելների և խորհրդանիշների ըն­դուն­­ման ազդեցությամբ էլ տեղի է ունենում անհատի սոցիա­լականա­ցու­մը[8]: Սակայն, եթե «Եսի» և «Մենքի» սոցիալականացումը չի հենվում պատմականորեն ձևավորված իր արժեքա­շա­հային համակարգի վրա, ապա ազգը և հասարակությունը քայքայվում են: Հետևաբար՝ ազգային նպատակները և ռազմավարական տեսլականը զարգացման հարացույ­ցում ընդգրկելուց առաջ պետք է հստակ կերպով պատասխանել «Ո՞վ ենք մենք» հարցին[9]: Իսկ «Մենքը» հոգևոր անվտանգության ապահովման նպատակով պետք է հաղորդակցվի և համագործակցի այլ խմբերի հետ: Որպես ազգի անցյալի, ազգային կերպարի, նկարագրի ու կեցության, հոգեդրվածքի, ինչպես նաև ճանաչողության և իմացության ամբողջություն հոգևոր անվտանգությունը համակարգում է.

  • տվյալ հասարակության գոյաբանության փորձը, որը անցյալ–ներկա–ապագա եռաչափության մեջ պատմության կարևորագույն իրադար­ձությունների ընկալման և արժեքների վերարտադրման հարատև գործ­ընթաց է,
  • պետութենաշինության մշակույթի զարգաց­ման շնորհիվ ձևա­վոր­ված և համագործակցության համար իրական պայմաններ ապահովող ստեղ­ծարար գոր­­ծունեությունը` օտարման ու եզրահանման չեզոքացմամբ,
  • պետության և հասարակության անվտանգ ապագայի կանխա­տեսումն ու ռազմավարական տեսլականի մշակումը՝ ապահովելով ազգի ժողո-վըրդա­վա­րական համախմբման և քաղաքացիավարա­կան պա­տաս­խանատվության զարգացումը: Այս համատեքստում հոգևոր անվտան­գութ­­յան ապահովումը ոչ միայն պատասխան է նոր մարտահրա­վեր­ներին, այլև կարող է իր տեսակի մրցունա­կությունն ապացուցելու հա­մար ձևավորել նոր որակի համագործակցության մշակույթ: Փաստենք, որ պատմության մեջ կան բավական մեծ թվով օրինակներ, երբ պե­տութ­յունները իրադարձությունների բերումով ի վիճակի չեն եղել պահ­պանելու իրենց հոգևոր անվտանգությունը, ինչին մշտապես հաջորդել է քաղաքական քարտեզից այդ պետության անհետացումը: Ասվածի վառ օրինակ է պատմության թատերաբեմից ԽՍՀՄ անհե­տացումը:

Ազգային ինքնության ձևավորման գործում կարևոր դերը պատ­կա­նում է ընտրախավին, սակայն կարող ենք պնդել, որ արդի տեղե­կատվահաղոր­դակցա­յին տեխնոլոգիաների և քաղաքական զարգա­ցումների պայմաննե­րում նրա գլխավոր կրողը քաղաքականապես սոցիալականացված երի­տա­սարդու­թյունն է: Հենց երիտասարդու­թյունն է, որ իրեն նետված մար­տա­հրավերների պայմաններում վերաար­ժեքավորում է անցյալի–ներկայի մասին ընդհանուր պատկե­րացում­ները, ինչպես նաև անվտանգ ռազմա­վարական ապագայի համար պատաս­խա­նատվության զգացումը: Իսկ երիտասարդության քաղաքական սոցիալա­կանացումն արդյունավետ է, եթե շարունակական բարեփոխումների և մարդկային կապիտալի կառա­վարման հիմքում դրվում է կապիտալի մարդկայնացման (հումանիզացման) քաղաքականությունը: Այն ենթադրում է հայ հասարակությունում ժողովրդա­վարական արժեքների գործառման այնպիսի համակարգի ներդրում, որի շրջանակներում կարելի է յուրացնել զարգացած երկրների մասնակցային մշակութային նորմերը, կարգավիճակային վարքի պահանջները և քաղաքա­ցիա­կան  համագործակցությունը: Փաստորեն, ՀՀ-ում «թավշյա հեղա­փո­խու­թյունը», մասնակցային ժողովրդա­վարության զարգացման միջոցով ակտիվացնելով երիտասարդությանը, բարձրացրել է նրա մրցակցային պատասխանատվութ­յան շեմը` հանրային քաղաքականության մարդկայնաց­ման համար:

ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

ՀՀ-ում «թավշյա հեղափո­խու­թյան» հաղթանակից հետո ծավալված սո­ցիալ-քաղաքա­կան կերպափոխումները պահանջում են մարդկայնաց­ման նոր նախագիծ, համաձայն որի՝ կենսագործունեության կազմակեր­պումը և սոցիալա­կանա­ցումը պետք է կատարվեն սոցիալական խավերի միջև հա­մագոր­ծակ­ցութ­յան մշակույթի զարգացման միջոցով: Այդ առումով ուշա­գրավ է հոլանդացի տնտեսագետ Յան Տինբերգենի մոտե­ցումը, ըստ որի՝ հանրային բարեկե­ցու­թյան և պետության անվտանգության կարողութ­յունների արդիականաց­ման համար անհրաժեշտ է, որ մարդկա­յին կապի­տալի կառա­վա­րումը հիմնվի ազգային հոգևոր առաջնայ­նություն­ների, մրցունակության և ազգի բնական մարդկային ներուժի փուլային զարգացման ռազմա­վա­րության հիման վրա[10]:

Այս համատեքստում անհրաժեշտ է թվում մշակել ՀՀ նոր պետական քաղաքա­կանու­թյուն, որը պետք է նպատակաուղղված լինի մենաշնորհի և գերշահույթի մերժմանը՝ ապահովելով «բարեգոր­ծու­թյան» սկզբուն­քից անցում «համա­գոր­ծակցության» սկզբունքի: Դրան զուգահեռաբար նոր սերնդի սոցիալա­կանացումը պետք է ուղեկցվի պատմական հիշողության վերաիմաստա­վորմամբ և պատմական անցյալի օբյեկտիվ գնահատմամբ: Այլ կերպ ասած՝ հոգևոր անվտանգության ապահովումը ներառում է ինք­նա­ճա­նա­չողություն, հասարակա­կան-քաղաքական երևույթները փոխա­դարձ կապի մեջ ընկալելու և համակեցությունը պահպանելու ունակու­թյուն, ինչպես նաև նյութականի և հոգեմտավորի փոխներ­դաշ­նակման միջոցով ազ­գային արժեք­ների մրցունակությունը բարձրացնելու «Եսի» կարողութ­յուն: Ըստ պատ­մական հիշողության գիտակ ֆրանսիացի Պ. Նորայի՝ ազ­գա­­յին ինք­նության կարևոր բաղադրիչ է միասնության գաղափարի ամրա­պնդմա­նը նպաստող պետականորեն տոնական և հիշատակման օրերի նշու­մը[11]: Ակնհայտ է, որ ժամանակային պարույրում միայն այդ ձևով կա­րելի է կան­խել պատմական հիշողության մեջ ապակառուցողականու­թյուն մա­կածող կո­լեկտիվ գիտակցականի և անգիտակցականի խզումները, որոնք հոգևոր ան­վտանգության ապահով­ման գործում ստեղծում են քաոս:

Հայ երիտասարդի պատմական հիշողության մեջ որոշիչ տեղ ունի Հայոց ցեղասպանությունը: Կարծում ենք, որ այժմ հայ երիտա­սար­­դության քաղա­քական սոցիալականացման գործում տեղի են ունենում արմատա­կան փոփոխու­թյուններ ցեղասպանության զոհի բարդույթից ազատվելու, թույլ ու անօգնական ներկայանալու, հովանա­վորներ փնտրելու քաղաքա­կանու­թյունից հրաժար­վե­լու և համամարդկային մարդասիրական գործու­նեու­թյուն վարելու ուղղությամբ:   Ակնհայտ է, որ «թավշյա  հեղափոխությունից» հետո երիտասարդության սոցիալականացումն ունի գրեթե անսահմանափակ  համացանցային տարածու­թյու­նում արժեքային բազմաչա­փության փաստարկման խնդիր, քանի որ համա­ցան­­ցում առավելապես տարածվում ու մեծ լսարանի են արժանանում բացասական, ագրեսիվ տեղեկությունները, որոնց տարածումն էլ, բնա­կանաբար, սոցիալականացման վրա գործում է բացասական ազդեցություն: Համացանցում շփումների, տեղեկատվու­թյան, հնարա­վորու­թյունների չափազանց դյուրին մատչելիության հետևանքով երևակայական (վիրտուալ) իրականությունը դառնում է նախընտրելի, ինչի հետևանքով սրվել է թվային միջավայրի զարգացման և անվտագության ապահովման պրոբլեմը:

Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ հոգևոր անվտան­գութ­յան ապահովման գործում առավել քան առանցքային է թավշյա հեղափո­խության շնորհիվ ձևավորված կա­ռա­վարող վերնախավի դերը: Լինելով քա­ղաքական որոշումների ընդունման, իրա­գործման և վերա­հսկման գլխավոր դերակատար՝ ազգա­յին վերնախավերն են պատասխա­նատու պետության պաշտպանական քաղաքականության, ազգային ավան­դույթների արդիակա­նաց­­ման, ինչ­պես նաև համագործակ­ցության մշակույթի զարգացման համար: Այս դիտանկյունից, ՀՀ-ում ան­հրաժեշտ է դաստիա­­րա­կել այնպիսի վերնա­խավ, որն ի վիճակի լինի ցու­ցաբերելու բարձր պրոֆեսիոնալիզմ և, հրաժար­­վելով մեխանիկական արևմտականա­ցումից, նպատակադրված կերպով վարի բնաշխարհիկացման (Indigenization) քաղաքականություն[12], այսինքն՝ յուրային մշակութային հիմ­քերը նորովի մեկնելու միջոցով ապահովի հոգևոր անվտանգություն:

Քաղաքակրթությունների զարգացման փորձը վկայում է, որ եթե հոգևոր անվտանգության համակարգի բնականոն արդիականացում տեղի չի ունե­նում, ապա «ես» և «մենք» բևեռները եզրահանվում են և, կորցնելով իրո­ղության մեջ կատարվող սոցիալ-քաղաքական փոփոխությունները գնահա­տելու ունակությունը, սկսում են կատարել հոգևոր անվտանգութ­յան հա­մար վտանգավոր ու­ծացման (ասիմիլյացիոն) կառավարում: Ըստ այդմ՝ հայ հասարակության հոգևոր անվտանգության ապահովման համար, մեր կար­ծիքով, անհրաժեշտ է.

  1. քաղաքական և տնտեսական վերնախավերի միջև «համաձայ­նութ­յուններ» կնքել՝ հիմնված նոր հանրային կառավարման սկզբունքների ներդրման վրա,
  2. քաղաքացիական հասարակության հաստատությունները՝ որպես հո­գևոր անվտանգության ապահովման պատասխանատուներ, պետք է վարեն գործունեություն՝ հանրային ու խմբային շահերի զուգա­միտ­մամբ,
  3. դեպի տարբեր քաղաքակրթություններ և աշխարհաքա­ղա­քական կենտ­րոններ կողմնորոշված խմբերն ու անհատները արդի մարտա­հրավերներին պատասխանելու համար պետք է ոչ թե մեխանիկորեն կողմնորոշվեն դեպի այդ կենտրոնները, այլ ինքնորոշվելով մշակեն ազգակենտրոն ու պետութենակենտրոն գործողությունների համա­կարգ, ընդսմին այդ գործողությունների կատարման համար որոշիչ է ՀՀ – Սփյուռք – ԱՀ ցանցային համագործակցությունը: Դա կստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի Սփյուռքի հայ գործարարները ՀՀ-ում կատարեն ներդրումներ: Ընդսմին նրանք պետք է բարեգործից վերածվեն ներդրողի: Նման պետական քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում հստակեցնել օրենսդրական դաշտը, հակամենաշնորհային քաղաքականության և պետություն–գործարար հարաբերությունների հաստատութենացման միջոցով ստեղծել հավասար մրցակցային պայմաններ, ինչի շնորհիվ ոչ միայն կնվա­զեցվեն կոռուպցիան և նեպոտիզմը, այլև կիրականացվի կյանքի որա­կի ու մակարդակի բարձրացման քաղաքականություն: Հայության միա­վորումը և բարեկեցիկ, կայուն զարգացող և անվտանգ ապագա ունեցող Հոգևոր Հայաստանի ստեղծումը հնարավոր են միայն հոգևոր անվտանգության ապահովման պայմաններում:

«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԳԱՂԱՓԱՐԸ` ՈՐՊԵՍ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՔ

Անցյալ – ներկա – ապագա եռաչափության մեջ արդիականացող հայ ազգային ինքնության հիմքի վրա հայ մեծերը, ցանկանալով պետություն չունենալու պայմաններում ապահովել աշխարհով մեկ դեգերող և հայրե­նազուրկ հայ մարդու հոգևոր անվտանգությունը, ստեղծել են «Հոգևոր Հայաստանի» լուսավոր կերպարը. «Հայության հավաքում կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով. ահա թե ինչ եմ ես հաս­կանում «Հոգևոր Հայաստան» ասելով: Դա այն կուլտուրան է, կուլտու­րապես կազմակերպված այն ժողովուրդը, որի գալուն մենք կուզեինք հավատալ: … Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհես­տական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտա­վոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց Համա­խմբումը ազգ է դարձնում»[13]:

Ելակետ ընդունելով հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի այս և հայ այլ մեծերի նմանօրինակ մոտեցումները՝ կարող ենք հիմնավորել, որ հայ գա­ղա­փարական «Եսի» արարման մեխանիզմի համակարգումն սկսվել է հայ­կական ժայռապատկերներից, մաշտոցյան այբուբենից, Քերթողահոր «Պատ­­մությունից», ազգային էպոսից, Նարեկացու «Մատյանից», Շնոր­հա­լու «Ող­բից», Մոմիկի խաչքարերից, ապա շարունակվել Րաֆֆու ու Մուրացանի պատմավեպերում, Ռափայել Պատկանյանի, Հովհաննես Թումանյանի, Եղի­­շե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի ստեղծագոր­ծութ­յուններում, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր հիշում են, որ իրենք հավատի, արդարության, յուրօրինակության կրողներ են, այն է՝ ՀԱՅ, իսկ իրենց հայրենիքը՝ ՀԱՅՔ, այսինքն՝ հավատի, արդարության, յուրօրինակության, քերթության վայր: Ասվածի առումով ուշագրավ են Մ. Խորենացու ազգային գոյաբանությունը բյուրեղացրած Գ. Նարեկացու մոտեցումները, որոնք դի­տում ենք որպես հայկական քաղաքակրթության կենսունակության աղբ­յուր[14]:

Ըստ երևելի այրերի «Հոգևոր Հայաստանի» գործառման կարևորագույն նախապայմանը միայն նյութական և հոգեմտավոր արժեքների փոխներ­դաշնակ­ման ճանապարհն է, ինչով երկրի բնական տարածքն ի զորու է վերածվելու Հայրենիքի, իսկ պետությունը՝ անվտանգության ապահովման երաշխավորի: Այս դիտանկյունից հայ իրականության սոցիալ-քաղաքական արդիա­կանացման հիմնախնդրում վճռորոշ գործոն­ներ են հայկա­կան պե­տության և հայոց բանակի հզորա­ցումը, առաքելական եկեղեցու մար­դակենտրոնու­թյունը և երիտասար­դու­թյան շրջանում ազգային լեզվի պահպանման ու օգտագործման կարևորումը: Այստեղ որոշիչ տեղ ու դեր է վերապահվում ռացիոնալի և իռացիոնալի միասնությանը, երբ Հայոց «Եսի» նյարդային համակարգի ուժը պատմական դրսևորում է ունենում, մասնավորապես, ճգնաժամային պայմաններում, երբ նրա մտավոր եռան­դը կարողանում է ապահովել անվտանգության հիմնախնդիրների արագ լուծում (Ձիրավ, Ավարայր, Սարդարապատ, Շուշի…): Այս առումով էլ հա­մա­կարգելով հայ մշակութային տեքստի քաղաքական էությունը՝ եզրա­կացնում ենք, որ ազգի հոգևոր անվտանգության ապահովման ակնկա­լիքներով դարերի մեջ Հայ ռազմավարական ընտրախավի տաղանդով (Մաշտոցից մինչև Սևակ) հեղինակված և մեր ջանքերով համակարգված է հայ ոգու՝ «Հոգևոր Հայաստանի» Սահմանադրությունը, որի սկզբունքներն են` ազատ անհատ, անկախ հայրենիք, արդարադատ պետություն, պատիժ չարին, ոգու հաղթանակ` հանուն Աստծո և հանուն մերձավորի:

«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազատ անհատ: Աստծո տաճար դարձած նրա ոգուն բնորոշ են.

ա) անսահման հարատևող` իր արարման և ազատության հավատով հա­գեցած ինքնարժեքավորումը, այսինքն` հավատն առ Աստված և իր էության պահպա­նումը,

բ) անսահման հարատևող ինքնատիպ հոգևոր-մշակութային արժեք­նե­րի արարումը` հանուն մերձավորի, հասարակության, աշխարհի, այսինքն` էու­թյունդ արարելն է և արդարամիտ լինելը:

Ազատ, անկախ հայրենիք: Հայրենիքը կենսաուժ է, ոգին՝ կենարար պա­հելու քերթության վայր: Քերթել քրիստոնեաբար, ոգեշահ արարմամբ օգ­տակար լինել Հայրենիքին–Պետությանը–Մարդկությանը. սա է հայ մարդու հոգևոր անվտանգության ապահովման արժեքաբանությունը:

Արդարադատ պետություն: Պետությունը անհատի և հասարակության անվտանգության ապահովման պատասխանատուն է: Հայը պետություն ասելով հասկանում է նախ արտաքին ավտանգություն և ուրիշների հետ հարաբերությունների պահպանում մոդուս վիվենդիի կանոններով, այնու­հետև` հասարակական դաշինքի գոյություն:

Պատիժ չարին: Չարը պատժելի է հավատի, արդարություն քերթելու ձգտման յուրօրինակ ունակությամբ, ասել է թե` ոգեղենությամբ: Ան­հրա­ժեշտ է վերացնել չարի պատճառը, որը աշխարհը միաչափ, միայն նյու­թականի մեջ տեսնելու արդյունք է: Չարին հաղթում են արարմամբ. դրա­նով ոգին ավելի է գոտեպնդվում, իսկ ոգու կրողը` ավելի հզորանում:

Ոգու հաղթանակ: Երանելի է նա, ով իր հավատով, արդարությամբ և յուրօրինակ ձևի արարմամբ հաղորդակցվում և համակեցություն է պահ­պանում իր ներքին ու արտաքին աշխարհների հետ: Այսպես է հնարավոր հաղթահարել քո (և ուրիշների) ոգու մեջ տեղ գտած նյութապաշտությունն ու անհանդուրժողականությունը` բոլորին գերազանցել ոգեղենականության քերթության ոգով:

Ընդհանրացնենք. «Հոգևոր Հայաստանի» գործառման գերակա հատկա­նիշն ազգային համերաշխությունն է, որի դրսևորման լավագույն ձև կարող է լինել ազգի և պետության պաշտպանական հզորությունը առավելագույն արդյունավետությամբ համախմբող հոգևոր անվտանգության ապահովու­մը: Դրա հիմքը իրավատեր, մտավոր, հոգևոր և ֆիզիկական առումներով առողջ, զենք կրելու ցանկություն ունեցող զինավարժ քաղաքացի-զինվորն է:

ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ հոգևոր անվտանգության ապահովման հրամայականներն են, նախ` սոցիալ-քաղաքական կերպափո­խում­ների վերաարժեքավորումը, ապա՝ քաղաքական զարգացման ճգնաժամների հաղթահարման նպա­տակով սե­փականության լեգիտիմության ապահովումը, նպաստումը սոցիալական երկխոսությանը, կրթության նո­րա­մուծացումը, հասարա­կության ապրելա­կեր­պի մարդկայնացումը, սերունդներին պատմու­թյան ներկայացումը անց­յալ–ներկա–ապագա եռաչա­փու­թյան մեջ, քաղաքական և քաղաքացիական մշակույթի փոխհարաբերությունների միջոցով ազգային ինքնագնահատա­կա­նի բարձրացումը:

Վերը շարադրվածի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ ՀՀ-ում.

ա) հոգևոր անվտանգության ապահովման քաղաքականության և երի­տասարդության քաղաքական սոցիալականացման արդյունա­վետութ­յունը ուղիղ համեմատական է «Մենք»–«Նրանք» ցանցային հաղորդակց­ման միջոցով սոցիալ-քաղաքական արդիականացմանը և ազգային մրցունա­կության մեծացմանը,

բ) երիտասարդության քաղաքական սոցիալակա­նացման ընթաց­քում ան­հրաժեշտ է դաստիարակել նոր սերնդի վերնախավ, որը, նպատա­կա­դրված կերպով բարելավելով ժողովրդավարության որակը, կվարի ազգա­յին ինքնության արդիականացման վրա հիմնվող անվտանգային քա­ղա­քականություն՝ բարձրացնելով անվտանգ ապագայի ռազմավա­րութ­յան մշակ­­ման և իրականացման համար իր պատասխանատվության մակար­դակը,

գ) աշխատանքի միջազգային բաժանմանը մրցունակ կերպով մաս­նակ­ցելու համար բարձրացնել ազգային կապիտալի մարդասիրության մակար­դակը և կյանքի որակը,

դ) մրցունակությունն ու հոգևոր անվտանգությունը զարգացնելու նպատա­կադրմամբ անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրա­պե­տութ­յան, Սփյուռքի և Արցախի Հանրապետության հայության միասնականությունը:  Արված եզրակացության շրջանակներում  առաջարկում ենք.

  1. Երիտասարդության քաղաքական սոցիալականացման քաղաքակա­նություն մշակելիս հիմնվել կա­ռա­վա­րման  որակի բարձրացման, երիտա­սարդության բազ­մա­դե­րա­յին սոցալականացման և մրցակ­ցա­յին  մաս­նակ­ցութ­յան վրա:
  2. «Թավշյա հեղափոխությունը» իր խարիզմատիկ լեգիտիմությունը պահպանելու համար պարտավոր է երիտասարդության քա­ղա­քա­կան սոցիալականացման գործառույթն իրականացնել ժո­ղովր­դա­վա­րու­թյան որակի բարձրացման պայմանով:
  3. Ար­դի տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցային տեխ­նո­լո­գիա­նե­րի ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յան հետևանքով սոցիալականացման գոր­ծում գե­րա­կա է սո­ցիալ-քաղաքական հա­մա­կար­գի հաստատությունների միջև կուտակված տեղեկույթի չպատ­վի­րակ­ված վեր­լու­­ծու­­թ­յա­ն ապահովումը :

«Թավշյա հեղափոխությանբ» ստեղծված նոր իրողություններում երի­տասարդության քաղաքական սոցիալականացման քաղաքականու­թյունը պետք է  կարևորի  սո­ցիա­լա­կան ցանցային տա­րա­ծութ­յան ըն­դար­ձակման անհրաժեշ­տու­թյունը: Այս դիտանկյունից հարկ է վերարժեքավորել հոգևոր անվտանգության վե­րա­բեր­յալ եղած գի­տե­լիք­նե­րը` հիմնվե­լով  ազգա­յին ոգին ար­տա­հայ­տող լեզ­վա­մտա­ծո­ղութ­յան, ի­մա­ցա­բա­նա­կան, ճանաչո­ղա­կան, առասպելային, խորհրդանշանային, տեղեկատվահա­ղորդակ­ցա­յին մե­խա­նիզմ­նե­րի  բնականոն ար­դիա­կա­նաց­ման վրա:

  1. Երիտասարդության քաղաքական սոցիալականացման արդյունավետությունը հիմնված է քա­ղա­քա­ցիական կրթութ­յա­ն վրա, որը, նե­րա­ռե­լով քա­ղա­քա­ցիա­կան գի­տե­լիք­ները, հմտութ­յուն­ները և­ ար­ժա­նիք­ները, հիմն­վում է ինք­նա­կար­գա­պա­հութ­յան, հան­դուր­ժո­ղութ­յան և­ այ­լա­կար­ծութ­յան վրա:

ПОЛИТИЧЕСКАЯ СОЦИАЛИЗАЦИЯ МОЛОДЕЖИ КАК ПРОЦЕСС МОДЕРНИЗАЦИИ НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ: ДУХОВНАЯ БЕЗОПАСНОСТЬ

М. М. МАРГАРЯН, доктор политических наук, профессор, заведующая кафедрой политического управления и публичной политики Академии государственного управления РА

РЕЗЮМЕ

В статье обосновывается подход, согласно которому духовная безопас­ность – это многослойный культурно-цивилизационный текст, сформиро­вав­шийся в ходе исторического развития и периодически модерни­зирующийся в разрезе политического хода времени. В част­ности, в процессе глобализации и локализации, а также развития новых инфор­мационно-коммуникационных технологий духовная безопас­ность транс­фор­мирует социально-политическое пространство и время, с одной сто­роны, подразумевая новую ценностную систему политической социа­ли­зации молодежи, а с другой – модернизацию национальной иден­тич­ности.

В процессе модернизации национальной идентичности и полити­че­ской социализации молодежи ключевым фактором является обеспе­че­ние ду­ховной безопасности. Данный подход обоснован импера­ти­вами пере­смот­ра после «бархатной революции» в Армении ценно­ст­ной системы первого этапа социально-политической модернизации (линейной либерализации) и управления результатом.

С данной точки зрения обосновано эффективное функционирование на­ции-государства как системы обеспечения духовной безопасности Арме­нии и внедрения качественно новых ценностей консолидации Армянской диаспоры.

Предлагается положить в основу обеспечения духовной безопасности принцип нового гуманизма, согласно которому духовная безопасность должна обеспечиваться путем развития сотруднической культуры, а также исключения сверхприбылей и монополий. С этой целью раз­ра­ботана конституция «Духовной Армении», зиждущаяся на принципах «свободы личности», «независимости родины», «верховенства зако­на», «наказания зла», «торжества духовности».

 

POLITICAL SOCIALIZATION OF YOUTH AS A PROCESS
OF MODERNIZATION OF THE NATIONAL IDENTITY:
SPIRITUAL SECURITY

  1. M. MARGARYAN, Doctor of Political Science, Professor, Head, Chair of Political Governance and Public Policy, Public Administration Academy
    of the Republic of Armenia

SUMMARY  

This article substantiates the approach, according to which the spiritual security is a multilayer cultural-civilizational text, formed in the process of historical development and regularly modernizing from the perspective of political course of time. Particularly, in the process of globalization and localization, as well as development of new information-communication technologies the spiritual security transforms social-political space and time, presuming, on the one hand, a new value system of political socialization of youth and, on the other hand – modernization of the national identity.

A key factor in the process of modernization of the national identity and political socialization of youth is the importance of ensuring spiritual security. This approach is grounded by the imperatives to review the value system of the first stage of social-political modernization (linear liberaliza­tion) and results management after the “Velvet Revolution” in Armenia.

In these terms, the effective functioning of a nation-state as a system of ensuring Armenia’s spiritual security and introducing qualitatively new values of the consolidation of the Armenian Diaspora is grounded.

It is suggested that ensuring spiritual security be based on the principle of new humanism, according to which spiritual security should be provided by the development of cooperative culture, as well as the excep­tion of excess profits and monopolies. For this purpose, the Constitution of the “Spiritual Armenia” has been developed based on the principles of “freedom of the individual”, “independence of the homeland”, “rule of law”, “punishment of the evil”, and “victory of the spirituality”.

[1] С. Хантингтон. Третья волна. Демократизация в конце XX века. Пер. с англ.
Л. Ю. Пантиной. M., 2003, с. 120.

[2] С. Хантингтон. Столкновение цивилизаций. Пер. с англ. Т. Велимеева,
Ю. Новикова. М., 2003, сс. 94–95.

[3] С. Хантингтон. Кто мы?: Вызовы американской национальной идентичности. Пер. с англ. А. Башкирова. М., 2004, с. 51.

[4] У. Альтерматт. Этнонационализм в Европе. М., 2000, с. 44.

[5]  Տես Iain McLean, Alistair McMillan. The Concise Oxford Dictionary of Politics. New York, 2009, P. 360:

[6] Տես ՙМноголикая глобализация՚. Под ред. П. Бергера и С. Хантингтона. Пер. с англ. В. В. Сапова. М., 2004, с. 90:

[7] Տես К. Г. Юнг. Архетипы коллективного бессознательного. Перевод А. М. Рут­ке­вича, 2014 (http://wanderer.org.ua/book/psy/jung/ob_arhetipah.html):

[8]  Տես Г. Алмонд, С. Верба. Гражданская культура. Политические установки и демократия в пяти странах. Пер. с англ. Е. Генделя. М., 2014, с. 145:

[9] Տես С. Хантингтон. Кто мы?: Вызовы американской национальной идентичности, с. 31:

[10] Տես Я. Тинберген. Пересмотр международного порядка. М., 1980; Я. Тин­бер­ген, Д. Фишер. Война и благоденствие. Интеграция политики обеспечения безо­пасности в социально-экономическую политику. М., 1988, сс. 85–88:

[11] Տես П. Нора, М. Озуф, Ж. де Пюимеж, М. Винок. Франция-память. Пер. с фр. Д. Р. Хапаевой. СПб., 1999, сс. 15–60:

[12] Տես С. Хантингтон. Столкновение цивилизаций, с. 192:

[13] Վահան Տերյան, Երկեր (բանաստեղծություններ, գրականագիտական հոդվածներ, նա­մակ­ներ): Առաջաբանը՝ Է. Մ. Ջրբաշյանի: Ե., 1989, էջ 336337։

[14] Տես Մ. Մարգարյան, Մ. Զաքարյան, Նարեկյան մշակույթը որպես հայ ինքնության անվտան­գության ապահովման համակարգ: «Հանրային կառավարում»,  2009, հմ 2:

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: