ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ


 

Տպագրված է «ՎԷՄ» համահայկական հանդեսում, 2018 թիվ 2, էջ 10-27

Հոդվածում ուսումնասիրված է նոր աշխարհակարգի կայացման պայմաններում ինքնիշխանության բազմաչափության հիմնախնդիրը: Ազգ-պետության հզորացման դիտանկյունից հիմնավորված է պետական ինքնիշխանության ժառանգորդման հրամայականը: Այդ համատեքստում ուսումնասիրվել է պատմականությունը՝ որպես պետության ինքնիշխանության բնականոն արդիականացման բաղադրիչ: Հեղինակն այն կարծիքին է, որ պատմականությունը ներառելով պատմական հիշողությունը միաժամանակ և անցյալի վերլուծման, ընտրության ակտիվ կառուցողական գործընթաց է: Բացի դրանից այն նաև տեղեկատվական հոսքերի վերականգնման գործընթաց է, որի տիրույթներում էլ քաղաքական ժամանակն ապահովում է առավելագույն կենսունակություն և մրցունակություն: Առաջարկված է «անցյալի ընտրություն» եզրույթը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ մակարդակում պատմական հիշողությունից կանչել այն հատվածը, որի հետագա գեներացումը կապահովի և՛ կենսունակություն, և՛ մրցունակություն, միևնույն ժամանակ ֆիլտրելով տեղեկատվական աղմուկը: Հեղինակը համոզված է, որ նոր աշխարհակարգում պետական-ազգային «Ես»-ի անվտանգության համալիր ապահովման գործընթացը պետք է հիմնվի հայկական երեք հանրապետությունների անցյալ-ներկա-ապագա եռաչափ կապի վրա:

 

Հիմնաբառեր. Պետություն, ինքնիշխանություն, պետականու­թյուն, պատմականություն, սահմանադրություն, սահմանա­դրա­­կա­նու­թյուն, կառավարող ընտրանի, անձ, հասարակություն:

Նոր աշխարհակարգը, ուղղահայաց և ցանցային  կառավարման սկզբունքների զուգամիտման իր կառուցակարգերով  հայտնվել է համաչափ և անհամաչափ սպառնալիքների, անորոշ քաղաքական զարգացումների   մեջ: Մինչդեռ,  ըստ Հ. Քիսինջերի, նոր աշխարհակարգը  շարունակելով հենվել Վեստֆալյան համակարգի վրա պետք է կառուցվի «համաձայնեցված ռազմավարության մշակման միջոցով՝ ուղղված առանձին տարածաշրջանների ներսում կարգի հայեցա­կարգի ստեղծմանը և այդ տարածաշրջանային կարգերի փոխադարձ կապակց­մանը» [1, p.p. 371-375]։ Անորոշություներից և    տարաբնույթ բախումներից խուսափելու նպա­տա­կով Հ.Քիսին­ջե­րը  առաջարկում է զարգացնել  պետության   ինքնիշխա­նու­թյունը։

Ինքնիշխանության  արժեքային բազմաչափությունը

Ինքնիշխանությունը պետության բացարձակ հատկություն է՝ արտահայտված բարձրագույն իշխանություն կրողի կողմից սեփական կամքը անկախ, ինքնուրույն ձևա­վոր­ելու և իրականացնելու քա­ղաքական բովանդակությամբ, ինչպես նաև պետական իշխանության մարմինների կառուցվածքի և լիազորու­թյուն­ների սահմանադրա-իրավական ձևի ամրագրմամբ:  Այս համատեքստում նպատակահարմար է ինքնիշխանու­թյունը դիտարկել գոյաբանական, նյութական, իրավաքաղաքական, քաղաքակրթական արժեքների և սկզբունքների արդիականացման  մակարդակներում: Ունենալով   իրավաքաղաքական բնույթ պետական ինքնիշխանությունը որպես  բազմաչափ երևույթ ներառում է. 1) պետության իշխանության գերակայությունը նրա ողջ տարածքում, 2) պետության ինքնիշխանության կամարտահայտման աղբյուրը  ժողովրդա­կան ինքնիշխանու­թյու­նն է, 3) պետության իշխանության անկախությունը մյուս պետու­թյուն­ներից և միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտներից, 4) ինքնի­շխա­նության անբաժանելիությունը, 5) պետության ինքնիշխանության բացա­ռ­ի­կ­ու­­թյունը նրա ամբողջ տարածքով մեկ, 6) ինքնիշ­խան իրավունքների անօտարելիու­թյունը, 7) ինքնի­շխա­նու­թյանը բնորոշ են պետական իշխանության անկախությունը, միասնականու­թյունը, գերա­կայու­թյունը, քանի որ «Առանց ինքնիշխան պետության չի կարող լինել ապահով ժողովրդավարություն» [2, էջ 43]:

Ակնհայտ է, որ ինքնիշխանության արժեքայնությունը արդիա­կա­նանում է պետության  զարգացմանը համընթաց, այդ պատճառով ինքնի­շխա­նու­թյունը  անհրաժեշտ է դիտարկել քաղաքական և սոցիա­լա­կան կարգի կերպափոխման հրամայա­կան­ների համատեքտում, որպես ընտրանու և հասարակության կոլեկտիվ կամքի զուգամիտման­ գիտակցված դրսևորման ար­դյունք: Որպես այդպիսին՝ «Պետությունն իր բնույթով ունի միավորող հատկություն, բայց ոչ այն պատճառով, որ կոչված է ամեն բան կլանելու, այլ այն վերաբերում է քաղաքական հասարակությանը ամբողջությամբ, այն սահմանում է հասարակության  կենսաձևը, կառուցում է ընդհանուր կյանքի հիմքերը, պայմանավորում է մնացած ամեն բան»  [3, с. 144] : Այս   դիտանկյունից պատմականորեն պետու­թյան ինքնի­շ­խանու­թյունը հիմնավորվում է միայն հետ­և­յալ գործոններով՝  ընդհանուր սահմանների անվտանգության ապա­հո­վում՝ որպես ազգի, հասարակության կենսա­գոր­ծո­ւ­նեության կազմակերպման, վերարտադր­ման, ազգային ինքնության պահպանման և արդիականացման համար անհրաժեշտ սոցիալական և քաղաքական տարածության ստեղծման անհրա­ժեշտու­թյուն: Ակնհայտ է, որ «..Պետությունը գործակալ է, որը ներկայացնում է հասարակությունը իր ներսոցիալական հարաբերություն­ներում: Այն Միևնույն ժամանակ ներկայացնում է հա­սարա­կությանը, որպես սեփա­կան պատմությունը կերտողի: Այն հաստատում է ներկայի կապը անցյալի և ապագայի ինչպես նաև ներքինի և արտաքինի միջև: Չկա պետություն, որը չունենա պատերազմելու կամ խաղաղություն կնքելու իրավունք, հետևաբար չկա պետություն, առանց հասարակության կյանքի և ապագայի նկատմամբ պատասխանատվու­թյան: Չկա նաև պետություն, որը չլինի հասարակական կարգի, այսինքն՝ վերարտադրման մեխանիզմ­ների ամբողջության երաշխավորը»[4,с.72]: Վերոշարադրյալը հիմք է, որպեսզի պետական ինքնիշխանության արժեքային հա­մա­կարգի արդիականացման միտումները դիտարկենք Հայաստան Հան­րա­պետության  հարյուրամյա տարեդարձի  արժևորման և ռազմա­վարա­կան անվտանգ ապագայի ապահովման դիտանկյունից:

Պատմականության  ( historicism)  էության ու բնույթի մասին

Պատմականությունը գիտական ճանաչողության սկզբունք է, ըստ որի՝ իրերն ու երևույթները, դիտվում են իրենց ծագումնաբանու­թյան, գոյաբանության   և  անցյալ- ներկա-ապագա եռաչափության ծիրում ունեցած զարգացման մեջ   [ 5, с. 167]: Պատմականությունը՝ որպես փիլիսոփայական սկզբունք, պահանջում է դիտարկել ցանկացած երևույթ, իր  ծագման, զարգացման և կեր­պա­փոխման մեջ:  Ընդունելով իրականությունը որպես ժամանակի մեջ դրսևորվող  երևույթ՝ պատ­մա­կանությունը օբյեկտի  համակարգային բնույթը դիտարկում է  իր զար­գացման բազմաչափության տիրույթում:   Պատմականության  ան­հրա­­ժեշ­տությունը՝ որպես հասարակու­թյան զար­գացման էությունը բացա­հայտող երևույթ իրենց ժամանակին հիմնավորել են Հերակլիտը, Պլա­տոնը, Արիստոտելը, հետագայում նաև   Դժ. Վիկոն, Վոլտերը, Հեգելը, ինչպես նաև Մ.Վեբերը Կ. Մարքսը: Երևույթները պատմական հոլո­վույ­թում և ապագաբանական հեռանկարում դիտարկելը դարձավ հասա­րա­կության զարգացման հիմնախնդիր­ների կենտրո­նացված բացա­հայտ­ման այնպիսի  բնութագրիչ, որի օգնությամբ  կանխատեսվում է հանրային շահի զարգացման հեռանկարը, անհան­դուրժողականության կուտա­կումը, անարդարության դեմ պայքարի կառուցակարգերը և պատ­մու­թյան ընթացքը՝ որպես աշխարհի կառա­վարման «աստ­վա­ծային պլանի» իրականացում (պրովիդեն­ցիալիզմ), ինչպես նաև  իրականու­թյունը՝ որպես անցյալի իսկության արտացոլում    մեկնաբանելը [6,  С. 353 ]:

Պատ­մա­կանությանը՝ որպես բազմաչափ երևույթի բնորոշ է մոտեցում, որ   «1) պատմական և սոցիալական երևույթները պայմա­նա­վորվում (բնորոշվում) են պատմությամբ. 1.1) համոզմունք (հավատ), որ պատմական երևույթները կարգավորվում (ղեկավարվում ) են բնական օրենքներով: 2. Պատմական զարգացմանը՝ որպես մարդու գոյության ամենահիմնական ասպեկտ վերաբերվելու միտում: 1. անցյալ ոճերի նկատմամբ չափազանց մեծ վերաբերմունք (Արտիստիկ և ճարտարապետական համատեքս­տում)» [7]:

Պատմականությունը ներառելով պատմական հիշողությունը միաժամանակ և անցյալի վերլուծման, ընտրության ակտիվ կառուցո­ղա­կան գործընթաց է, և  այն տեղեկատվական հոսքերի վերականգնում, որոնք տվյալ քաղաքական ժամանակում կապահովեն առավելագույն կենսունակություն: Այս համատեքստում կարևորում ենք «անցյալի ընտրություն» եզրույթը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ մակարդակում պատմական հիշողությունից կանչել այն հատվածը, որի հետագա գեներացումը կապահովի կենսունակություն միևնույն ժա­մա­նակ ֆիլտրելով տեղեկատվական աղմուկը:  Հետևաբար  պատ­մա­կան հիշողությունը ստատիկ երևույթ չէ, այլ կարող է դինամիկ փոփոխվել՝ պայմանավորված «Ես»-ին ուղղված ժամանակի մարտահրավերներով: Նշենք, որ ինչպես անցյալն է ազդում ներկայի վրա, այնպես էլ ներկան է մեծապես որոշում, թե ինչպես կընկալվի և կվերծանվի անցյալը: Ուստի անցյալին դիմելը տարբեր խմբերի և ինստի­տուտների միջև կապեր հաստատելու ճկուն և առաձգական մեխանիզմ է, որոնց հիման վրա էլ  կառուցվում է հան­րա­յին անվտանգությունը: Ավելին, Է. Սմիթի կարծիքով, ազգակառուցման ու պետականակառուցման գործընթա­ցում կարևորագույն դեր ունեցող, ընդհանրապես, ներկա աշխարհի սոցիալական ու քաղաքական ամենահզոր ուժերից մեկը՝ ինքնիշխա­նու­թյան կենտրոնական հարցը, ներկայի ստեղծման մեջ անցյալի դերի հարցն է [ 8, p. 165-166 ]: Այս տեսանկյունից պատմա­կան հիշողությունը հիմնված է մարդկանց` իրական կամ պատկերացրած պատմական անցյալի ամբողջական կամ առանձին դրվագների շուրջ գիտելիքների և վերաբերմունքի, ինչպես նաև ուրիշներին ճանաչելու վրա [9, с. 160 ]։ Ա.նքն` կարևորություն է ստանում հետևյալ հարցը. ազգակառուցման և պետա­կա­նակառուցման նպատակով պատմա­կան հիշողության ո՞ր հատվածի վրա է ան­հրա­ժեշտ կենտրոնացնել ուշադրությունը, և ո՞ր հերոսի «կյանքն ու գործունեությունը» մատուցել հասարակությանը: Այս համատեքստում կարևորվում է Լ. Պայի ասիական ժողովուրդների օրինակով կատարված այն դիտարկումը, որ « ասիական ժողովուրդները ունենալով ամուր էթնիկ, մշակութային, կրոնական և նույնիսկ ռասայական ինքնանույնականացում, դեռևս բախվում են խնդիրների՝ առանցքային և կարևորագույն արժեքների ընտրության հարցում, որոնք պետք է լինեն ազգային ինքնության հիմնական բաղկացուցիչները: Դրանք պետք է լինեն այն արժեքները և գաղափարները (իդեալները), որոնք պետությանը կօժտեն լեգիտիմությամբ»  [17, P. 9]:

Որպեսզի պատմական փաստերի նորովի մեկնումը պահպանի ոգեղենությունը և խարիզմատիկ լեգիտիմացվի,  ան­հրա­ժեշտ է, որ գործողությունների համակարգը համապատասխանի օբյեկտիվության, վս­տահության, թափանցիկության, հուսալիության և այլ նմանատիպ չափանիշներին, որի միջոցով քաղաքացիների գիտակցության մեջ վստահություն է հաստատվում  դրանց իսկության մասին: Պատմական հիշողու­թյունը քաղաքական վարքը, գիտակցությունը ձևավորող կարևոր բաղկացուցիչներից է, որն իր էներգիայով (շատ դեպքերում՝  չգիտակցված) հասարակությանը (ազգին, էթնոսին, անձին) մղում է ինչպես որոշակի ինստիտուցիո­նալաց­ված վարքագծի, այնպես էլ ենթարկվելով էնտրոպիայի՝ տրոհել քաղաքական տարածությունն ու ժամանակը: Հանրագումարելով՝ կարող ենք փաստել, որ առանց պետականության կամ պետականության մասին երազանքի ոչ ազգը, և ոչ էլ հասարակությունը չեն կարող իրենց անվտանգությունն ապա­հովել: Այդ պատճառով էլ պետականության ինքնիշխանության ապա­հովումը  պատմականության հաշվառմամբ ազգի կյանքում կարևորա­գույն դեր է խաղում: Սակայն, բաց հասարակության գաղա­փա­րախոս Կ. Պոպպերը թերահա­վատորեն է վերաբերվում հասարա­կա­կան-քաղաքական համակարգի ինստիտուտների ժողովրդա­վարացման հիմնախնդիրներում պատմականության ունեցած համընդգրկուն ազդե­ցու­թյանը: «Գալիքը կախված չէ հենց մեզնից, իսկ մենք էլ պատմական որևէ տեսակի անհրաժեշտությունից կախված չենք»  [10, էջ 3]: Այնուամենայնիվ, ՀՀ-ում պետության (և ընդհա­նրապես, կառավարման, հատկապես պետական կառավարման) ինքնիշխանու­թյան  և ժողովրդա­վարացման գործընթացի վերլու­ծությունն անհնար է առանց պատմա­կան դաշտի քննարկման, քանի որ Հայաստանի երեք հանրապետությունների վերածնունդ­ը և նրանց գործառնումը կրել և կրում են այդ դաշտի խորքային ազդեցությունը:

Համաձայն գործառնական մոտեցման հիմնավոր պնդման՝ քաղաքական համա­կարգը, որը միջանկյալ է պատմականության դաշտի և սոցիալական կազմակերպ­ման միջև, ազդվելով  առաջինից՝ ուղղորդում է երկրորդին: Գործառնական հայեցակարգը  Ա. Թուրենն օգտագործել է որպես գործունեության սոցիոլոգիայի (ակցիոնալիզմ) մեկնակետ, որը բխում է պատմական սուբյեկտի հայեցակարգից: Տվյալ պարագայում Ա. Թուրենի կողմից պատմա­կանության հայեցակարգն  այլ իմաստով  օգտագործելը հիմնավորվում (բացատրվում)  է նրանով, որ վերջինիս բազ­մա­շերտ բովանդակությունից  «բացառվում կամ մերժվում » են սոցիալական փաստերը ոչ սոցիալական սկզբունք­ներով  մեկնաբանող  մետասոցիալական երաշխիք­ները: Պատմականու­թյունն այն  հեռա­վորությունն է, որը ազդում  է հասարա­կու­թյան  գործունեության վրա. այն  գոծունեության, որի միջոցով նա սահմանում է իր պրակտիկայի  կատե­գորիա­­ները (Ա. Թուրեն): Ինստիտուցիոնալ հա­մակարգը «այնպիսի կառուցա­կարգերի համախումբ է, որոնց միջոցով պատմականու­թյան դաշտը փոխակերպվում է սոցիալական կյանքի կանոնների մի համախմբի, որն էլ, իր հերթին, կանխորոշում է կազմակերպու­թյունների գործառնությունները» [4, с. 73-74 ]:

ՀՀ-ում հաստատված կառավարման ինստիտուցիոնալ նոր համակարգի վերլուծության համար թուրենյան մոտեցման օգտա­գոր­ծումը մեր կողմից հիմնավորվում է այսպես.

  1. Երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ համակարգը միանշանակ նախոր­դած երկրորդ հանրապետության (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ ՀԽՍՀ) բնականոն արդիակա­նաց­ման արդյունք չէ, քանի որ այդ երկուսի հիմքում ընկած են բացարձակապես հակադիր գաղափարական համակարգեր: Նույն տրամաբանությամբ էլ հնարավոր չէ երկրորդ հանրապետությունը առաջինի բնականոն արդիականացման արդյունքը համարել, քանի որ առաջին հանրա­պետության խորհրդայնացման հետևանքով արմատա­պես փոխվեց գաղա­փա­րա­կան համակարգը և դրա հենքի վրա կա­տար­ված ինստի­տու­ցիոնալացումը: Մյուս կողմից, բոլոր երեք հանրա­պետու­թյունների հռչակման պատ­մական նախադրյալ­ները տարբեր են. այսինքն՝ հայ հանրույթի կողմից իր բնապատ­մական և միջազգային շրջակայքի նկատմամբ ունեցած հարաբերությունների գիտակցումն ու իմաստավո­րումը տարբեր է եղել և, բնականաբար, տարբեր տեղա­կայումների համադրությամբ է հասունացել իր իսկ կոլեկտիվ ազատության / անվտանգության երկվության փոխհարա­բերություն­ների ինստիտու­ցիո­նալացման պահանջմունքը:

Ասվածը հիմնավորելու նպատակով նշենք, որ առաջին հանրա­պե­տու­թյան հաստատման ամենաէական նախադրյալներից է  տարա­ծա­շր­ջանում Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակման հետևանքով նախկինում գոյություն ունեցած որոշակի կարգի՝ Անդր­կով­կասյան ժողո­վր­դավարական դաշնակցային հանրապետության (ԱժԴՀ) և Անդր­կովկասյան սեյմի փլուզու­ման հետևանքով  հարուցված և հայ հան­րույթի կողմից կարևորված՝ այդ քաոսին դիմակա­յելու, սեփական հանրային անվտանգությունն ապահովելու գիտակցությունը:  Այս համա­տեքս­տում որոշիչ էին  նաև ազգային անվտանգությունն ապահովելու գիտակցու­թյան  ռացիոնալաց­մանը նպաստած (նկատի ունենք մայիսյան հե­րոսա­կան հաղթանակ­ները) այն գործողությունները, որոնք հաջորդե­ցին 1915թ. Հայոց մեծ եղեռնին:

  1. Ցեղասպանու­թյունից և հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվեց քաղաքական նոր անորոշությունների մեջ՝ փլուզված տնտեսու­թյամբ, փախստականներով ու գործազուրկ­ներով, առանց դաշնակիցների, առանց հիմնավորված գաղափարախոսության: Անբարեն­պաստ ռազմաքաղաքական իրա­վիճա­կում 1918 թվա­կա­նի մայիսի 28-ին հռչակված   նորաս­տեղծ հայկական պետության համար չափազանց բարդ էր պահպանել ինքնիշ­խա­նու­­թյունը՝ դիմակայելով արտաքին և ներքին քաոսին: Այնուամենայնիվ, 1918-1920թթ. Հայաստանում պետու­­թյունը իր բոլոր թուլություններով և թերություններով հանդերձ, և՛ վերականգնվեց, և՛ դարձավ ազգային ինքնիշխանության պատվար:  Փաստորեն հայոց պատմության մեջ առաջին անգամ ներդաշնակվե­ցին  ազգային ինքնիշխանության և պետական ինքնիշխանության գաղափարները: Դա ակնհայտ է Հայաստանի կառավարության վա­րած քաղաքականու­թյունից, որը ստեղծեց «գաղթականության» հարցերի հանձնա­ժողով: 1918թ. սեպտեմբերի 28-ին ընդունված «Կարիք ունեցող գաղթա­կան­­ների խնամատարության մասին» օրենքում պաշտո­նա­պես արձանագրվեց, որ Հայաստանի ողջ ազգա­բնակ­չու­թյան շուրջ 45 տոկոսը գաղթական է [11, էջ 110]: Հայաս­տանի անկախության առաջին տարե­դարձի կապակ­ցու­թյամբ խոր­հր­դարանը 1919թ. մայիսի 26-ին ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի անկա­խու­թյան մասին», իսկ մայիսի 27-ին՝  «Հայաստանի խորհրդի համալրման մասին» օրենքները: Նմանօրինակ դիրքորոշումը ելնում էր այն գաղափարից, որ Միացյալ Հայաստանը պիտի ունենար նաև միացյալ խորհրդարան: Այդ նպատակով որոշվեց Հայաստանի խորհրդարանի կազմը համա­լրել դաշնակցա­կան  արևմտահայերի 12 ներկայա­ցուցչ­ով: Դա էլ դարձավ «աջ» և «ձախ» ընդդիմադիր կուսակ­ցու­թյուն­ների ներկայացուցիչ­ների խզման պատճառ, քանի որ նրանք, կողմ լինելով Հայաստանի հզորացմանը, չէին ցանկանում պատմակա­նո­րեն ձևավորված Հայկական հարցը քաղաքական օրակարգ մտցնել: 1919թ. հունիսի 4-ին, երբ խորհրդարանի նիստին մասնակցում էին նաև 12 արևմտահայ նե­ր­կա­յա­ցուցիչ­ները Սոցիալ-դեմոկրատական խմբակցության և ՀԺԿ պատգա­մավորները մեղադրելով կառավարու­թյանը  պետական հեղաշրջում կատարելու մեջ՝ հանդես եկան հայ­տա­րարությամբ և ցուցա­դրաբար հե­ռա­ցան խորհրդա­րա­նի դահլիճից: Դահլի­ճում մնացին միայն ՀՅԴ խմբակցու­թյունը և արևմտահայ 12  պատ­գամավորները  [11, էջ 198]: Այդ օրերին նորընտիր վարչապետ Ալ. Խատիսյանը Ամերիկայից ստացավ նախկին վարչապետ Հ. Քաջազնունու ծրագրային բովանդակությամբ նամակ, որտեղ առաջարկ­վում էր առաջնորդվել զուտ պետական մտածելակերպով [ 12, էջ 30 ]: Ինչպես ՀՅԴ ներսում, այնպես էլ խորհրդա­րա­նական խմբակցությունում առկա էին երկու թև. աջ՝ ազգային և ձախ՝ ընկերավարական հոսանքները: Եթե ազ­գային հոսանքը ներկայացնում էին հիմնականում կուսակցության արևմտահայ ներկա­յա­ցուցիչները, ապա ընկերայինը՝ ռուսահայերը: Արևմտա­հայ պատգամավորները (Ա. Մաք­սա­­պետյան, Մալխաս, Սեպուհ, Հ. Մանուկյան և այլք) մտա­հոգ էին միացյալ և ան­կախ Հայաս­­տանի հզորացման, ինչպես նաև երկիրը հայացնելու հարցերով: Արևելահայ պատգամա­վորներ՝ Վ. Խորե­նին, Վ. Նավասարդյանը, Ա. Ջամալյանը, Ս. Թորոսյանը և ուրիշներ ունեին ընդգծված ընկեր­վարական հակումներ: Հայաստանի քաղաքական կողմնորոշ­ման հարցում ևս ՀՅԴ խորհրդա­րանական խմբակ­ցու­թյան անդամները տարբեր դիրքորոշումներ ունեին: Փարիզի խաղաղու­թյան համաժողովում ՀՅԴ խմբակցությունը  պաշտպանում էր արևմտյան քաղաքական դիրքորոշումը: Սակայն 1920թ.վերջին քաղաքական  կտրուկ փոփոխման հետևանքով պատգա­մավո­րական խմբակցու­թյան զգալի մասը Դրոյի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին, ժամը 12-ին ստո­րա­գրեց Երևանի համաձայնագիրը, որով  իշխանությունը հանձն­վեց Հայհեղկոմին [11,էջ 380]: Հետահայաց ընդհանրացնելով առա­ջին հանրապետու­թյան անկումը՝ կարող ենք եզրակացնել. նախ՝ հանրա­պե­տու­թյունը արտաքին և ներքին բազմաբնույթ մարտա­հրա­վերներին պատասխա­նելու ժամանակ ցուցաբերեց իրավիճակային մոտեցում [13, էջ 32-33], ապա ռացիոնալ չկողմնորոշվեց և չգնահատեց բոլշևիզմի հաղթանակով տեղի  ունեցած գլոբալ  փոփոխությունները: Սակայն, մեր կարծիքով, Առա­ջին հանրա­պե­տու­թյան գործունեության գնահատման չափանիշ պետք է համարել ոչ թե ինստիտուցիոնալ համակարգի իրավական անկատարությունը, տնտեսա­կան ու սոցիալական ծրագրերի ուղղվա­ծու­թյան չհիմնավոր­վածու­թյունը, այլ անկախ և միացյալ Հայաստանի պետականության գաղափարի պաշ­տպանությունը: Այս դիտան­կյու­նից,  Առաջին հանրապետու­թյունը միայն իր ներկայությամբ վերկանգնեց  հայի՝ պե­տա­­կա­նության վերածնման   յոթհարյուրամյա   երազանքը:
  2. Առաջին և երրորդ հանրապետությունների համեմատու­թյամբ Հայաստանի Խորհրդային Հանրապետության ինքնիշխանու­թյունը ածանցված էր ԽՍՀՄ կազմում de facto, և ոչ թե de jure : Ըստ էության՝ երրորդ հանրապետության և նրա ինստիտու­ցիոնալ համա­կար­գի ծնունդը գերազանցապես հասարակության ներսում պատմա­կանության և որակապես այլ աշխարհաքաղաքական կերպա­փո­խումների ազդեցության ներքո տևական ժամանակահատվածում խմորված գործընթացների և ոչ թե քաղաքական համակարգի գերագույն ինստիտուտի՝ պետության փոխակերպման արդյունք է: Պետության փո­խակերպման մասին խոսելը արդարացված կլիներ միայն ԽՍՀՄ կազմից Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի սոցիալիստական պետությունների համար, երբ պետությունը (թող որ սահմանափակ ազատության աստիճա­նով) իր ինստիտուտներով առկա էր, իսկ Հայաստանի և նախկին խարհրդային միության մյուս հանրապետությունների պարագայում քաղաքական համակարգի ինստիտուտները Մոսկ­վա­յից ածանցված էին: Հետևաբար Հայաստանի երրորդ հանրապետությունը հայ հանրույթի պատմականության կողմից ուղղորդված, հասարակության կոլեկտիվ «Մենք»-ի և անհատական «Ես»-ի գիտակցականի մակարդակում կարևորված պատմական գործունեության համակարգի ժառանգականության  խզման արդյունքում կուտակված  հիմնախնդիր էր: Օժտված լինելով ուժեղ պատմական հիշողությամբ, ինչպես նաև հիերարխիկ կազմակերպված՝ հայ հանրույթի հասարակական ենթահամակարգերը ոչ թե փոխազդեցու­թյան հորիզոնա­կան, այլ աստիճանակարգային կապերի մեջ են գտնվում (որ հայեցակարգի շրջանակներում էլ  դիտարկելու լինենք). Այսինքն, որքան էլ  նրանք հարաբերական ինքնուրու­նություն ունենան, փոխադրաձաբար գտնվում են աստիճանակարգային ենթակայության և գերակայության վիճակում: Միաժամանակ այդ ենթահամակարգերը «հագեցված» են հայ հանրույթի սոցիալ և էթնոմշակութային տեքստով (պատմականությունն այն ըստ տարբեր չափումների տարրալուծում, ներառում է իր ենթահամակարգերի մեջ), որի դերա­կա­տարությունը հսկայական է նրանցից յուրաքանչյուրի գործառնության մեջ, իսկ վարքա­բանական և անհատապաշտական գործոններն այնքան էլ որոշիչ չեն, որքան, ասենք, բազմաբաղադրյալ ամերիկյան անհամասեռ հասարակության պարա­գայում (հակառակ դեպքում տեղին կլիներ, օրինակ, օգտագործել Տ.Պարսոնսի հայե­ցակարգերը) [16, с 10-11]: Իսկ Թուրենի մշակած ակցիոնալիստական տեսությունը լավա­գույնս բացատրում է նման զարգացումների արդյունք հանդիսացող ինստիտու­ցիոնալ համակարգերը:

1980-ական թվականների կեսերից ԽՍՀՄ բարձրագույն ղե­կավարու­թյան կողմից որդեգրված «վերակառուցման» քաղաքա­կա­նու­թյունը լավագույն պայմաններ ստեղծեց, որպեսզի հայոց պատմականությունը և նրա դաշտը թելադրեն մարտահրավեր նե­տած նոր ինստիտուցիոնալ համակարգի (ներառյալ նաև պետության) լինելիությանը և որպիսությանը և ուղղորդեն սոցիալական կազմա­կեր­պումը: Քաղաքական գիտակ­ցության մեջ ինքնիշխան պետականու­թյան բազմադարյան չգոյության իրողության հետ այլևս չհաշտվելը, այդ իրողության դեմ ընդվզումը, սեփական ինքնիշխան պետա­կա­նու­թյունը վերականգնելու անհրաժեշտության գիտակցումը ամենաէական տեղաշարժն է հայոց պատ­մականության «ճանաչողու­թյան կերպ»-ի ենթահամակար­գում: Իսկ գերագույն նպատակը՝ անկախ պետակա­նու­թյան ստեղ­ծումը, արդեն հասունացել և դարձել էր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) քաղաքական օրակարգի գերակա խնդիր: Այս դիտանկյունից, փաստենք որ  Հայ հասարա­կու­թյան համար ընդհանրա­կան մշակութային մոդելը  ազդված է դերակատարների ճանա­չողության կերպում արձանագր­ված տե­ղաշարժից և, հանձինս նոր կող­մ­նո­րոշումների, կանխորոշեց ձևավորվող սոցիալա­կան հարաբերու­թյունների դաշտը և ուրվագծեց ազատության, անկախության կողմ­նակից դասի ու նախկին աջակից­ների հարաբերության բնույթը: Ակնհայտ է, որ մշակութային մոդելը, ընդգրկելով և արտապատկերելով հասարակա­կան հարա­բերու­թյունները, բացահայտում է նաև այն գերագույն նպա­տա­կներն ու սպասումները, որոնք,  կարող են համախմբել ամբողջ հասարակությանը:

Քաղաքական արդիականացումն ապահովող մշակութային մո­դե­լին մնում էր սոսկ կուտակումն ուղղել իր իսկ նախանշած կողմնո­րոշիչների ձեռքբերմանը: Այդպիսով՝ բոլոր ենթահամակարգե­րում (ճանաչողության կերպ, մշակութային մոդել, կուտակում) էական տեղաշարժ արձանագրած և որակապես նոր անհավասարակշիռ վիճակում հայտնված պատմականությունը ի զորու էր նոր ազդակներով սնուցելու պատմական գործունեության և դասային հարաբերություն­ների համակարգերը: Վերջիններիս մեծ խզման պարագայում ի հայտ եկած միանգամայն սպասելի (օրի­նակ՝ սոցիալիստական հետարդյունաբերականացման բնապահպանական հիմնահարցեր) և արտաքուստ անսպասելի, նոր (անկախության ինստիտուցիոնալա­ցումը) սոցիե­տալ հիմնախնդիրներն էլ, բնական է, պետք է համարժեք սոցիալ-քաղաքական շար­ժումների դրդապատճառ դառնային:  Գորբաչովյան հրապարակայնության միջավայրում «մաքուր» սոցիալական հարցադրումներով հագեցած շարժումը վերաճեց քաղաքականի` օրակար­գում ներառելով ղարաբաղյան հարցը պատմական արդարության վերականգնման հիմքի վրա լուծելու պահանջը…: ԽՍՀՄ քաղաքական համակարգին առաջադրված այս պահանջին գերագույն քաղաքական ղեկավարության կողմից ոչ հավասարարժեք վերաբերմունքի ցուցաբերման հետևանքով  ՀՀՇ Հայոց համազգային շարժման օրակարգային խնդիրների կիզակետ դար­ձավ Հայաստանի անկախության հարցի առաջադրումը: Այստեղ հարկ է նշել, որ հին հանրույթներին բնորոշ ուժեղ պատմականության ազդեցության ներքո քաղա­քական շարժման օրակարգ ներառվեցին ինչպես պահանջատիրության, այնպես էլ այլ խնդիրներ: Սակայն բախտորոշ էր այն հանգամանքը, որ անկախու­թյան վերա­նվաճման գաղափարը գերակա հռչակվեց, որին աստիճանակարգային (ինքնա)կազ­մակերպման  ենթարկվեցին քաղաքական շարժման մյուս հարցա­դրում­ները: Այդպիսով՝ պետականության ինստիտուցիոնա­լաց­­ման հանրային պահանջմունքը զուգամիտեց քաղաքական գործընթացի օրակարգի բոլոր խնդիրներին:

Զուտ սոցիալականից քաղաքականի վերաճած հայոց համազգային շարժումը դրսևորվեց իր բոլոր հնարավոր ձևերով. Ինտեգրացումը լավագույնս արտահայտվեց ազգային միասնության տեսքով, մասնակցությունը՝ քաղաքական համակարգը հիմ­նա­վորա­պես ցնցող հանրահավաքների, ցույցերի տեսքով, դիմադրությունը՝ գործող վարչակարգին և նրա կայացրած որոշումներին քաղաքացիա­կան անհնազան­դութ­յան, գործադուլների, հացադուլների տեսքով:

 Հանրության որդեգրած սոցիալական շարժման այս ձևերին հակադրվում էին հետապնդումները ԽՍՀՄ պետական վարչակազմի կողմից («Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալում), ինչն էլ մյուս կողմից կարևորեց  այլա­խոհի սոցիալական դերակատարումը՝ լիցքավորելով և արագացնելով հասարակության սոցիա­-քաղաքական շարժումները : Նշված շարժումների արդյունքում ավելի հստակ տարանջատվեց նոր դասային հարաբերության սահմանագիծը, որը փոխարինելու էր գալիս նախկին (արդեն իսկ դեկլարատիվ բնույթ կրող պրոլետարիատ-կապիտալիստ բախումնային և վերջինիս հեղափոխա­կան լուծումով) դասային հարաբերությանը. մի բևեռում ազատություն-անկախություն շարժմանն աջակցող սոցիալական դասն էր, մյուս բևեռում՝ շարժմանն ընդդիմացող ԽՍՀՄ-ի նոմենկլատուրան: Չնայած զանգվածային մարգինալ-պոպուլիստական մասնակցությանը, սոցիա­լա­կան շար­ժումների տարաբնույթ դրսևորումներին և ստեղծված մթնոլոր­տում հեղափոխակա­նության տարրերի պարու­նակ­մանը՝ ձևավորված նոր դասային բախումը, այնուամե­նայնիվ, չհանգուցալուծ­վեց հեղափոխության ճանապարհով: Ձևավորված նոր սոցիա­լական դասի քաղաքական կամքն ու պահանջմունքներն արտահայտող ներ­կայացու­ցիչները 1991թ. գործող ԽՍՀՄ-ի ինստիտուցիոնալ կարգի ու արարողակարգերի շրջանակներում պատգա­մա­վորական բավարար տեղեր ստացան նախկին քաղաքական համակարգի ներկայա­ցուցչական ինստիտուտի՝ Գերագույն խորհրդի ընտրություններում (կենսա­­գործունեու­թյան սոցիալիզմ-կոմունիզմ պրակտիկայի և գաղա-փա­րա­խոսության մերժման արդյունքում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն այլևս լեգիտիմ և մեծա­մասնու­թյուն կազմող նոր դասի կամքի արտահայտիչ չէր ընկալվում, իսկ Գերագույն խորհուրդը միակ մարմինն էր, որի ձևավորումը, ՀԽՍՀ սահմանադրական դիզայնի համաձայն, նախատեսված էր ժողո­վրդա­վարական սկզբունքներով): Նոր սոցիալական դասի ներկայա­ցուցիչներին հաջողվեց ներկայա­ցուցչական մարմնում գրավել քաղաքական ղեկավարման օրինական իրավունքը և ամրագրել աջակցող դասի ու նրա սոցիալ-քաղաքական պահանջմունքների հաղթանակը: Ակնկալվող նոր ինստիտուցիոնալ համակարգի ազդարարումը դարձավ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումը 1990թ. օգոստոսի 23-ին  [14]:  Անհրաժեշտ ենք համարում առավել հանգամանորեն անդրադառնալ Հռչակագրի մի շարք  դրույթների.

  1. Առաջին՝ այն որպես «Հայաստանի ժողովրդի միասնության կամքի» արտահայտություն անկախ պետականության հիմքում դնելով միջազգային իրավունքի  նորմերն ու սկզբունքները հռչակվեց, որ հայոց պետականության կրողը ՀՀ-ի ժողովուրդն է, որն «…իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով…»: Այս համտեքստում Հայաստանի անկախության Հռչակագրի նախաբանում  որոշակի իմաստ է տրվում առաջին և երկրորդ պետականությունների օրոք հայ հանրույթի պրակտիկաներին: Ընդ որում, եթե առաջին հանրապետու­թյան օրոք իր ծավալած պրակտիկայի իմաս­տավորման ուղղակի անդրադարձն առկա է, ապա երկրորդի օրոք՝ իմաստավո­րումը ակն­հայ­տորեն բխում է հօգուտ առաջինի մասին արտահայտվելու հանգամանքից. սա հաստատում է նրանց անուղղակի կատարած հակա­դրում-համեմատությունը: Այսինքն՝ երրորդ հանրապետության ծնունդը ոչ միայն հայի ազատատենչ ճանաչո­ղության կերպի, մշտա­պես ինքնուրույն քաղաքակրթության տեսքով ինքնահաս­տատմանը զուգամիտող մշակութային մոդելի ու այդ ուղղությամբ անհրաժեշտ պաշարներ «ներդնելու» պատմական գիտակցության արդյունք էր, այլև փաստորեն նախորդ` երկրորդ հանրապետությանը հակադրվելու արդյունք: Թուրենյան տերմին­ներով խոսելու դեպքում՝ փաստորեն այդ հակադրման պատճառը դարձան հետևյալ երկու գլխավոր կառուցակարգերը`

Ա Հայ հասարակության գրաված դիստանցիան առաջին հանրապե­տության, ապա ԽՍՀՄ օրոք իր իսկ գոյության նկատ­մամբ: Այս պայմաններում ձևա­վորվում է «լարված դիստանցա­վորում, մարդկանց կոնկրետ գործունեության (աշխատանք) և պատմա­կանու­թյան (նրանց աշխատանքին տրված իմաստը) միջև…. Մարդիկ սկսում են իրակա­նացնել աշխատանք աշխատանքի վրա» [4, с.56 ]: Ինչպես բխում է Հռչակագրից, պրակտիկաների իմաստավորման արդյուն­քում այդ դիրքորոշված լար­վածությունը նվազել էր առաջինի և աճել երկրորդի նկատ­մամբ և, միևնույն ժամանակ, առկա էր երկրորդ հանրա­պետու­թյան պրակտիկային զուգահեռ: Ընդունած դիրքավորումը նշանակում էր անցյալի և ներկայի ընդգծված, կարելի է ասել կոշտ տարանջատում, որը պայմանավորված էր նրանով, թե ինչպես է կատարվել այդ տարան­ջատումը, արդյոք համարժեք ինստիտուցիոնալ ամրագրում կստանան ապագան ու ապագայի մշակույթը: Ողջ պատմականության (առանց առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների շրջանները տարանջատելու) իմաստա­վորումը Հռչակագրում ամրագրված է «Գիտակցելով իր պատասխանատվու­թյունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերա­կանգնման գործում» ձևակերպման մեջ: Այսինքն՝ այդ ձևակերպումն առաջին հերթին ենթադրում էր գերագույն քաղաքական ինստիտուտի՝ պետության կայացում: Թեպետ բնական է ենթադրել, որ «պատմական արդարության վերականգնում» խիստ ընդհանուր արտա­հայտության մեջ, որ արտացոլված են նաև Արևմտյան Հայաստանի կորստի, 1915թ. Օսմանյան կայսրության իրականացված հայերի ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման, ինչպես նաև 1920թ. Հայաստանի բռնի խորհրդայնացման և այլ ցավոտ հիմնախնդիրների լուծման ենթատեքստերը: Առավել ևս, երբ այդ համատեքստում հիշատակվում է «1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհ­րդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ» որոշումները: Եվ ամենևին էլ պատահական չէ նշված ենթատեքստերի առկայությունը Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին քաղաքական տեքստում՝ անկախության Հռչակագրում:   1980-ական թվականների կեսերից Գորբաչովյան «վերա­կառուց­ման» քաղաքականությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց հայոց ինքնիշխան պետականության դարավոր կորուստի վերա­կանգնելուն ուղղված ինքնակազմակերպման համար: Սակայն միևնույն ժամանակ կարծում ենք, որ անկախացման անհրաժեշտու­թյան գիտակցումը առկա է եղել նաև դրան նախորդող ժամանա­կա­հատվածում, անկախ նրանից թե որ մակարդակում և գիտակցության որ շերտում է ակտիվ եղել, կամ թեկուզ դրսևորվել է  բարդույթի տես­քով:  Գորբաչովյան «պերեստրոյկայի» միջավայրում զուտ սոցիա­լա­­կան հարցադրումներով (արդյունաբերական քաղաքներում պոտեն­ց­իալ մարդասիրական և առկա բնապահպանական աղետների կանխում, հայկական ԱԷԿ-ում, լեռնամետա­լուրգիական քաղաքներում և այլուր) շարժումը վերաճեց քաղաքականի` օրակար­գում ներառելով ղարաբաղ­յան հարցը պատմական արդարության վերականգնման հիմքի վրա լուծելու պահանջը` ուղղված ԽՍՀՄ և ՀԽՍՀ ղեկավարությանը: ԽՍՀՄ քաղաքական համակարգին առաջադրված այս պահանջին գերագույն քաղաքական ղեկավարության կողմից ոչ հավասարարժեք վերաբերմունքի ցուցաբերման արդյուն­քում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) օրակարգային խնդիրների կիզակետ դար­ձավ Հայաստանի անկախության հարցի առաջադրումը: Այստեղ հարկ է նշել, որ հին հանրույթներին բնորոշ ուժեղ պատմականության ազդեցության ներքո քաղա­քական շարժման օրակարգ ներառվեցին ինչպես պահանջատիրության, այնպես էլ այլ խնդիրներ: Սակայն որոշիչ էր այն հանգամանքը, որ անկախու­թյան վերա­նվաճման գաղափարը գերիշխող, գերակա հռչակվեց, որին աստիճանակար­գային (ինքնա)կազ­մակերպման ենթարկվեցին քաղաքական շարժման մյուս հարցա­դրում­ները: Այդպիսով՝ հայոց պետականության ինքնիշ­խա­նու­թյան վերականգնման հանրային պահանջմունքը զուգա­միտվեց քաղաքական զարգացման գործընթացի օրակարգի բոլոր խնդիրներին: Հենց այս շրջանակներում  հնարավորություն ենք ստանում շարժման մեջ դիտարկել ՀՀ ինքնիշխանության հաս­տատ­ման, զարգաց­ման, պատվիրակման և խաղարկման բազմամակարդակ գործընթացը.

  1. 1988-1990թթ-ինքիշխանության վերածննդին ուղղված Ազգային ժողովրդավա­րական շարժումը, որն իր իրավական ամրա­գրումը ստացավ ԽՍՀՄ-ից դուրս գալու համազգային հանրաքվեի միջոցով,
  2. 1991-1994թթ.- ՀՀ անկախության հռչակումից մինչև պետական կառույցների հիմնա­դրում՝ ժողովրդավարական անցման պայման­ներից բխող  հետևանքններով,
  3. 1995-1996թթ.-ընդդիմության դեմ ճնշումներից և խորհրդա­րանական ընտրու­թյուն­ներից մինչև ՀՀ նախագահի երկրորդ ընտրու­թյուն­ները, որոնց ընթացքում տեղի ունեցան ժողովրդի և իշխանու­թյուն­ների միջև տեղի ունեցած զանգվածային ընդհարումները հանգե­ցրե­ցին ինքնության (ինքնիշխանության) ճգնաժամի,
  4. 1996-1997թթ.- ընտրություններից հետո լեգիտիմության սուր ճգնաժամը ՀՀ իշխանությունների, քաղաքացու և հասարակության միջև առաջացրեց լիակատար օտարում, որը խորացնելով աղքատությունը, կոռուպցիան, արտագաղթը  հանգեցրեց ինչպես  քաղաքական զարգացման ճգնաժամերի համակարգված  դրսևորման, այնպես էլ   հանրային շահի գերակայության անտեսման,
  5. 1998-2008թթ.-ՀՀ առաջին նախագահի հրաժարականը, նա­խա­գահի ար­տա­հերթ ընտրությունները և ընդհանրապես անձի, հա­սա­րակու­թյան և պետության փոխհարաբերություններում առկա օտարումը ավելի խորացավ՝ պայմանավորված 2008 փետրվարի 19-ին ՀՀ Նախագահական ընտրություններին  հաջորդած 2008 մարտի 1-ի դեպքերով: Կարծում ենք, որ հենց  մարտյան դեպքերի չբացահայտված խորացրեցին քաղաքական զարգացման ճգնա
  6. 2008թ.-ից մինչ 2018 այժմ համաշխարհային ֆինանսա­տն­տե­­­սա­կան ճգնաժամի, ինչպես նաև Հարավային Կովկասում ուժերի վե­րա­­­­դասավորման շնորհիվ ակնհայտ դարձավ, որ պետության ինքն­իշ­խանության սոցիալական, քաղաքակրթական, աշխարհաքաղա­քա­կան սահմանները ավելի պաշպանված են եթե ինստիտու­ցիո­նալացված են հասարակության, ազգի և անհատի ինքնիշխանության սահմանները:
  7. 2018թվականի մարտից սկսված հասարակության զանգվածային մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխություն, որը նպատակ ունի համակարգային աստիճանական և շարունակական փոփոխության միջոցով հաղթահարել քաղաքական զարգացման ճգնաժամերը և կանխել սոցիալական օտարումն ու էնտրոպիան:

Հայ հասարակության գործառնության վրա սեփական պրակտիկաների ազդեցությունը

20-րդ դարի տարբեր պատմական ժամանակաշրջանների նկատ­մամբ գրաված դիրքը հանգեցրեց մշակութային մոդելի ընտրանքի, քանի որ դրա արդյունքում հանրային քաղաքական գիտակցության մեջ այդ ժամա­նակաշրջանում իմաստ հաղորդվեց իր իսկ աշխատանքին ասել է թե՝ գործունեու­թյանը: Մշակութային մոդելի նոր կողմնորոշիչների համաձայն` այդ ընտրանքը կոչված էր լինելու ինստիտուցիոնալացման ենթակա անվտանգ  ապագայի մեջ  քաղաքացիների ջանքերի, երազանքների և սպասումների ներդրումը: Եվ բնական է, որ իմաստավորված անցյալ(ներ)ը հետադարձ ազդեցության կառուցակարգով պետք է ազդեին ներ­կայի և ապագայի ինստիտուցիոնալացման գործընթացների վրա: Վերը շարա­դրվածի համար իբրև ապացույց կարելի է բերել թեկուզ այդ ժամանակաշրջանում հայ հասարակության քաղաքական գիտակցության մեջ ձևավորված  մտայնու­թյունը, համաձայն որի՝ 70-ամյա գոյության ընթացքում ԽՍՀՄ-ը միայն միա­կող­մանի կերպով օգուտ է քաղել Հայաստանից: Ուստի բնական է, որ առաջին և երկրորդ հանրապետությունների օրոք սեփական պրակտիկաներին, գոր­ծունեություններին տրված իմաստների համադրելիության դեպքում գերապատվությունը պիտի տրվեր առաջին հանրապետությանը, իսկ քաղաքական տվյալ պահի՝ ներկայի վրա պետք է ազդեր առաջին հանրապետության օրոք ունեցած պրակտիկան և դրա իմաստավորումը: Այն առավելագույնս համապատասխանում էր հայի աշխարհաճանաչողության, ազատատենչության, ինքնանույնացման պահանջմունքներին:

Այս ամենի շնորհիվ՝ հայ հասարակությունն իր կոլեկտիվ, ինստիտու­ցիոնալացված ազատությունանկախությունն ամրագրեց հռչակագրի երկրորդ հոդվածում: Հռչակագրային նորմերը, մինչև ՀՀ Սահմանադրության ընդունումը, հետագայում  որոշակիացան «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից 1991թ. սեպտեմբերի 25-ին (ուժը կորցրել է 1995թ. ընդունված ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի հիման վրա): Սույն  օրենքը, ամրագրելով ՀՀ սահմանադրական կարգը գործնականում պետական իշխա­նության նոր համակարգի ձևավորման հիմքը դրեց և իրավական երաշխիք հանդի­սացավ`  օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման համար: Անկախության Հռչակագրում ապահովված էր նաև  Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների պատմական գործունեության համակարգերի շարու­նակականությունը, քանի որ ինստիտուցիոնալացվեց այնպիսի համահայկական հիմնախնդիր, ինչպի­սին Հայ դատն է. «Հայաստանի Հանրապետությունը սա­տար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաս­տանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» (հոդված 11):

Որքան էլ Հայաստանի անկախության հռչակագրի 12-րդ հոդվածը ամրագրեր, որ «Սույն հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության Սահմանա­դ­րության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրա­ցումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետու­թյան նոր օրենսդրության մշակման համար» միտքը, այնուամենայնիվ, 1995թ. հուլիսի 5-ին ըն­դունված Սահմանադրության ներածությունում իսպառ բացակայում է Հայ դատի հետապնդումն ամրապնդող դրույթը: Ավելին` ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդ­վածում ամրագրված է բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահա­վետ հարաբերությունների հիմքի վրա արտաքին քաղաքականություն իրականացնելու, միջ­ազգային իրավունքի նորմերին համապա­տասխան արտաքին քաղաքականության մեջ կառավարում իրականացնելու նորմը: Ինստիտուցիոնալ համակարգի կերտման համար անհրաժեշտ հիմնական քաղա­քական տեքստի՝ Սահմանադրության և Անկախու­թյան հռչակագրի այդպիսի տարբե­րությունը բացատրվում է այն հանգամանքով, որ 1991-1995թթ. ընկած ժամանա­կահատվածում, հանձինս նոր սոցիալական դասի կամքի ար­տահայտիչ քաղաքա­կան ընտրանու, դեռևս ընթանում էր հայ հանրույթի պատմական գործունեությանը, սոցիալական պրակտիկաներին տրվող իմաստավորումը, և օրա­կար­գում դեռևս մնում էր հայ հանրույթի պատմականության (դիստանցիա) «սահմանման» խնդիրը: Այս գործընթացին զուգահեռ առկա է նաև պատմականության ոչ խորքային ընկալումներ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական հատվածային պատկերացումներով, անձնական և հանրային շահի ակնհայտ դիվերգենցիան քողարկելու միջանկյալ լուծումներով: Եվ դա այն պարագայում, երբ ինքնիշխանության հռչակումից հետո անցած այդ ժամանակաշրջանում տրամաբանական կլիներ միայն նույն շրջանի սոցիալական պրակտիկայի իմաստավորման հետ կապված քաղաքական դիսկուրսը: Քաղաքա­կան դերակատարները դեռևս փոխհամաձայնության չէին եկել և այսօր էլ չեն եկել 20-րդ դարի պատմականության հարցում: Իսկ դա կարևոր է, քանի որ դրանով է թելադրված պետության և նրա գործառույթների որպիսությունը, ամրագրվող ինս­տիտուցիոնալ կարգը և դրա շրջանակներում իրականացվող (այդ թվում՝ պետական) կառավարումը:  Ազատական-ժողովրդավարական արժեքային համակարգի կրող ընտրանին կողմ  է պատմականության դերի հնարավորինս նվազեց­մանը և նոր՝ ժողովրդավարական ինստիտուցիոնալ համակարգի հաստատմանը: Ապացույցը նոր ինստիտուցիոնալ կարգի շինարարության ապահովմանը կոչված ՀՀ Սահմանադրության ներածությունն է [15]:

Երկու հիմնարար քաղաքական տեքստերի ներածականների տարբերությունն ակնհայտ է, և կարելի է ասել, որ պատմականության որոշ հարցադրումների առումով արդեն   էական շտկումներ են կատարված՝ ի տարբերություն 1990-ականների սկզբի: Սույն հանգամանքի մանրակրկիտ քննարկումը կարևոր է այն պատճառով, որ վերջինիս նկատմամբ քաղաքական ուժերի դիրքորոշումները կարևոր­վեցին՝ ապահովելով քաղաքական գործընթացներում ընտրանու խմբերի փոխազդեցությունները և քաղաքական համակարգի արդիականցման հրամայականները: Այսպես, 1991թ. ձևավորված Գերագույն խորհրդում «բացա­հայտված» դաշնակցականներով բարձրաձայնվեց առաջին հանրապետության պատ­մականության և նրա դաշտի լինելիության հնարավորությունը երրորդ հանրապե­տության օրոք, հետևաբար և՝ այդ հանրապետության կառավարման համակարգի ինստիտուցիոնալ համակարգը թելադրելու և սոցիալական կազմակերպումն ուղղոր­դելու իրատեսական հնարավորությունը: Երրորդ հանրապետության ինստի­տուցիոնալ համակարգի շինարարության առաջին իսկ պահից այդ քաղաքական դերակատարն իրեն հռչակեց իշխանություն ձեռք բերած քաղաքական ուժի ընդդիմադիր, և այս երկու ուժերի փոխազդեցությունը հետագայում էլ բավական կոշտ բնույթ կրեց: Նմանօրի­նակ դիրքորոշում էր որդեգրել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, բնականաբար՝ հօգուտ երկրորդ հանրապետու­թյան պատմականու­թյան և նրա դաշտի: Այսպիսով, ի թիվս այլ սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների, հիմնական քաղաքա­կան դերակատարների հակադրման պատճառներից ամենաէակա­նը ինստիտուցիոնալ համակարգի, սոցիալական կազմակերպման վրա պատմականութ­յան, նրա դաշտի ունե­ցած ազդեցության չափաբաժնի սահմանման գործում առկա տարաձայնությունն էր:

Նորանկախ հանրապետությունում իրականացվող բարեփո­խում­ների նկատմամբ տարբեր նորարարական ընտրախավերի վերաբերմունքը փաստորեն ձևավոր­վեց ոչ այնքան իրականացվող բարեփոխումների տեմպի, ձևերի, որքան պատմակա­նության ու նրա դաշտի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիմքի վրա:  Նշվածի  հիման վրա  հստակ տարանջատված ավանդապահների և ազատակների  քաղաքական վարքաբանությունը  թեև հենվում էր պատմականության վրա, բայց զուտ  գաղափարախոսական տեսակետից նրանք տարբեր դիրքորոշումներ ունեին առկա արժեքային համակարգերի նկատմամբ:

Եվ այդ էական հանգամանքն  էլ ողջ քաղաքական գործընթացում մեծացնում է ամրագրված ինստիտու­ցի­­ոնալ կար­գից դուրս, հետևաբար՝ ոչ ինստիտուցիոնալ կառուցակար­գերով ընթացող փոխազ­դեցությունների չափաբաժինը: Իսկ իշխող քաղա­քական ուժի և նրա առաջնորդի կողմից այդ հանգամանքի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը, այդ գործընթացներին մասնակցության, միջամտության բնույթն էլ դեռևս զգալի կերպով շարունակում են ազդել նրա կողմից իրականացվող քաղաքա­կան կառավարման, պետություն-հասարակություն փոխազդեցության վրա:

Այսպիսով, ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու հանրապետու­թյունների, երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ համակարգի կենտրոնա­կան ինստիտուտի` պետության ձևավորման օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողու­թյուններն այլ են, և տարբեր  երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ համակարգը թելադրած պատմականության (ճանաչողության կերպ, կուտակում, մշակութային մոդել) և նրա դաշտի տեղակայումներից (պատմական գործունեու­թյան, դասային հարաբերություն­ների և սոցիալական շարժումների համակարգերը): ՀՀ Սահմանադրությունն ամրա­գրեց ազատական-ժողովրդավարական, պատմության ցավոտ հիմնախնդիրներից հնարավո­րինս քիչ ազդված ինստիտուցիոնալ համակարգի կառուցման կերպը: Նախորդ հանրապետությունների օրոք հայ հանրույթի սոցիալական գործունեության որոշ համահասարակական հիմնախնդիրների նկատմամբ ունեցած դիրքորոշումներ, որոնք   տարաբնույթ ձևաչափերով որդեգրվեցին ընտրանու խմբերի կողմից: Սրա հետևանքով էլ քաղաքական դիսկուրսը և փոխազդեցությունն ընթացան ոչ միայն իրականացվող բարեփոխումների նկատմամբ ունեցած վերաբերմունքի, այլև պատմականության սահմանման, իմաստա­վորման շուրջ: Քաղաքական դիսկուրսի նման «ընդարձակված օրակարգը» ստեղծեց լավագույն պայմանները այս կամ այն հիմնախնդրի շուրջ ունեցած տարաձայնության հետևանքով նոր ուժերի ի հայտ գալու համար: Քաղաքական դաշտի հատվա­ծայնու­թյունը անցման շրջանի առանձ­նահատկությունն է, և ձևավորված քաղաքական ուժն իր ծրագրում ներառել ու ներառում է հայկական պետականու­թյունների երեք շրջանների՝ պատմականության դաշտերին այս կամ այն չափով ենթակա և նրա կողմից ազդվող համահասարակական հիմնախնդիրների լուծումը: Այդ տեղակայումներով ձևավորված քաղաքական դաշտը խիստ խճանկարային է, իսկ կառավարող և ընդդիմադիր ընտրանիների փոխազդեցության համակարգի երկու բևեռներն էլ ենթակա են շարունակական տրոհման, միավորման ու ցրման: Այս գործընթացում պատմականության վերծանումը և վերարժևորումը կարևորագույն նախապայման է պետություն-հասարակություն-անձ եռամիասնության բնկանոն կերպափոխման շարունակականության և կենսունակության ապահովման համար:

Գրականություն

  1. Kissinger H., World Order, Penguin Random House LLC, New York, 2
  2. Լինց Խուան, Ալֆրեդ Ստեփան- Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները. Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և հետկոմունիստական Եվրոպա/ Խուան Լինց, Ստեփան Ալֆրեդ, — Եր.: Կովկասի ինստիտուտ, 2010:
  3. Бенетон Ф. Введение в политическую науку. М.: Весь мир, 2002.
  4. Ален Турен Возвращение человека действующего. Очерк социологии, М.: Научный мир, 1998.
  5. Никитина А. Г. Историзм социально-политического явления (Отношение социологии и историографии в свете проблемы историзма). – Полис. Политические исследования. 2000. № 5. С. 167; Мартьянов В. С. Постмодерн — реванш “проклятой стороны Модерна”. – Полис, 2005, № 2. С. 147-157. DOI:https://doi.org/10.17976/jpps/2005.02.14
  6. Соловьёв Э.Судьбическая историософия Хайдеггера // Прошлое толкует нас. М., 1991.
  7. https://en.oxforddictionaries.com/definition/historicism
  8. Anthony D. Smith Myths and Memories of the Nation, Oxford, New York, 1999.
  9. Леви-Строс Клод. Узнавать других. Антропология и проблемы современности / Пер.: Чебучева Елизавета — М.: Текст, 2016.
  10. Պոպեր Կ. Բաց հասարակությունն ու նրա թշնամիները ( թարգմ. Ս. Հարությունյանի).- Եր.: Հայաստան, 2001:
  11. Հակոբյան Արարատ Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920), Եր.: 2005:
  12. Քաջազնունի Հ., Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Երևան, 1994:
  13. Վաղարշյան Ա., Հայաստանի առաջին հանրապետության գործադիր իշխանության համակարգը (1918 – 1920 թթ.): Եր.: ԵՊՀ հրատ.,-ԵՊՀ, 2012:
  14. Հայաստանի անկախության հռչակագիր http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_hrchakagir
  15. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1;
  16. Парсонс Т. Система современных обществ / Пер, с англ. Л.А. Седова и А.Д. Ковалева. Под пед, М.С.  Ковалевой. М.:  Аспект Пресс, 1998.
  17. Lucian W. Pye – International Relations in Asia: Culture, Nation and State. Published by The Sigur Center for Asian Studies, July 1998. P. 9. https://www2.gwu.edu/~sigur/assets/docs/scap/SCAP1-Pye.pdf

 

 

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: