ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՔ


Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

Քաղաքական արդիականացումը մի բազմաչափ գործընթաց է, որն ապահովում է քաղաքական հա­մակարգի հաստատությունների ժողովրդա­վա­րա­կան կառավարման որակական զար­գա­ցու­մը: Այդ առումով քաղաքական արդիակա­նաց­­ման գլխավոր ուղղություններն են` իր խորհրդա­նիշներով ու ար­ժեք­­ներով ճկուն քաղա­քական համակարգի ձևավո­րու­մը, վարչական մեքենայի արդյունավետ գործա­ռու­մը, պետութենաշի­նութ­յան մշակույթի զարգացումը և ազգային ան­վտան­­գության համակարգային ապա­հովումը: Սա­կայն ժողովրդավարացման ալիքների շրջա­նակներում բոլոր պետությունները` Սոմալիից մինչև Շվեյցարիա, ար­դիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որա­կա­կան բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգի համար եղել են խիստ տարբեր[1]։ Հենց այդ նկատառումներով էլ փաստենք, որ քաղաքական արդիականացումն ունի սոցիո- և էթնոմշակութային արժեքային կողմնորո­շիչ­ներ:

Համընդհան­րացման և նոր տեղեկատվա­հաղոր­դա­­­կ­­ցա­յին տեխնո­լո­գիա­­նե­րի զար­գաց­ման շրջանակներում որպես ռազմավարական կառավար­ման ապահով­ման հիմք որոշիչ տեղ և դեր ունի արդիականացման քաղա­քա­կրթա­կան չափումը, որը, մի կողմից, ենթադրում է պետական իշխանու­թյան ժո­ղովրդավարացում և ըստ այդմ` ազգային անվտանգության ապահովման համակարգի զարգացում, մյուս կողմից` մեծացնում է կառավարող և ընդ­դի­մադիր ընտրանու պատասխանատվությունը: Արդիականացման քաղա­քա­­կանու­թյան իրացման արդյունավետ գործիքների ու մոտեցումների ստեղծ­մամբ ռազմավարական կառավարումը հնարավորություն է տալիս քաղա­քա­կրթական չափման բնականոն արդիականացումը դարձնելու կա­ռա­վար­ման ամենօրյա գործընթացի բաղկացուցիչ` այդ գործընթացի ձևա­կան բնույթը վերածելով գործառականի: Որպես այդպիսի գործիք­ներ ծա­ռայում են` նպա­տա­կակենտրոն կառավարումը և ցուցանիշների հաշվե­կշռված համա­կարգը:

Այս դիտանկյունից ՀՀ-ում «Ազգ–բանակ» գաղափարի հայեցա­կար­գային կիրառման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ ռազմավարական կա­ռա­վարումը, ազգի համա­խմբման համար ստեղծելով բարենպաստ պայ­ման­ներ, նաև նպաստում է, որ կառավարող ընտրանին դրսևորի ան­հրա­ժեշտ քաղաքական կամք և մեծացնի «վերևից» իրակա­նացնող շարունա­կա­կան բա­րեփոխումների արդյու­նա­վետությունը:

1.1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԲԱԶՄԱՉԱՓՈՒԹ­ՅՈՒՆԸ

Քաղաքական արդիականացման` որպես ժողովրդավարական բարեփո­խում­­ների համալիրի հիմքում դրված է քաղաքական կառավարման ընդ­հա­նուր մոդելի կիրառության հիմնավորման գաղափարը: Այս մոդելի հաստատ­ման և արդյունավետ գործառության համար ենթադրվում է ավանդական (փակ) հասարակությունից անցում դեպի արդիական (բաց) հասարակություն, որը գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալական շարժունակության, արժե­քային և նորմատիվ համակարգերի վերակա­ռուց­ման կամ արմատա­կան փո­փոխության արդյունք է[2]:

Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադտը դեպի արդիական հա­սա­րակություն անցում է համարում փոփոխության այն գծային գործըն­թաց­ները, որոնք իրենց հեղափոխականացնող բնույթով հանդերձ հաստատ­վել են Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դեռ 17–19-րդ դա­­րերում, ապա` 19–20-րդ դարերում տարածվել Հարավային Ամերիկայում, Ասիա­­­յում, Աֆրիկայում[3]։ 1950-1960-ական թվա­կան­ներից` ապագաղութաց­մամբ պայմանավորված, քաղաքական արդիա­կա­­նա­ցումը բազմակողմա­նիո­­րեն ուսումնասիրվում է որպես քաղաքական համա­կարգի հաստատու­թե­նական-սահմանակարգային բարեփոխումների մի այնպի­սի ամ­բող­ջութ­յուն, որը ենթադրում է քաղաքական փոփո­խու­թյուն­ների, կա­յու­նութ­յան, ան­վտան­­գության և օրինականության բազմաչափ փոխպայմա­նա­վոր­­վածու­թյուն­:

Ըստ Ս. Հանտինգտոնի` «Արդիականացումը ներառում է ինդուստրացումը, ուր­բանացումը, գրագիտության, կրթվածության, բարեկեցության և սոցիա­լա­կան հոգսի աճող մակարդակը, ինչպես նաև ավելի բարդ ու բազմակողմանի մասնագիտական կառուցվածքներ: Սա գիտական և ինժեներական գիտե­լիք­­ների ծավալման ցնցող արդյունք է, …. արդի հասարակությունները կա­րող են իրար ավելի նման լինել, քան ավանդականները, երկու պատ­ճառով: Նախ. արդի հասարակու­թյունների միջև ավելի մեծ փոխազդե­ցութ­յունը կա­րող է չծնել ընդհանուր մշակույթ, սակայն այն հեշտացնում է տեխնոլո­գիա­ների, գյուտերի և կազմակերպվածքի փոխանցումը մի հասա­րակությունից մյուսին մի այնպիսի արագությամբ և աստիճանով, որոնք ավանդական աշխարհում հնարավոր չէին: Երկրորդ. ավանդական հասա­րակությունը հիմնված էր գյուղա­տնտե­սության վրա, մինչդեռ արդի հասա­րա­կությունը հիմնվում է արդյունաբե­րության վրա, որը կարող է արհեստ­ներից վերաճել դասական ծանր արդյունա­բերութ­յան, իսկ այնուհետև` գիտու­թենահենք տեխնոլոգիաների և արտադրությ­ուն­ների»[4]:

Հենց այդ համակարգային փոփոխությունների համալիրն էլ դրդեց արդիա­կանացումն ուսումնասիրելու 1950-ական թվականներին նոր անկախացած պետություններում տեղի ունեցող զարգացումների տարաբնույթ արդյունք­ների հետազոտման միջոցով: Այս համատեքստում Հնդկաստանի «անգլիա­կա­նացումը» և Հնդկաչինի «գալիացումը» դիտվեցին որպես արդիակա­նաց­մամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր, որոնց տի­րույթ­նե­րում ձևավորվեց «արևմտացում» (westernization) երևույթը[5]:

Արդիականացման գործընթացում բազմաչափ փոփոխությունները մարմ­նա­­վո­րող ավանդականիարդիականի երկճյուղումները դիտար­կելու համար առավել ուշագրավ է Թ. Փարսոնսի առաջարկած «տիպային փոփոխա­կան­ների» հայեցակարգային սխեման` իրավիճակի հստակեցման համար ար­դիա­կա­նացման դերակատարի արած հինգ երկճեղական ընտրությունների հետևյալ շարքով՝ հուզագրգռմունք–հուզա­գրգիռային ան­տարբերություն (աֆեկտիվությունաֆեկտիվ չեզոքություն), կոլեկտի­վություն–անհատա­կա­նություն  (կոլեկտիվիզմինդիվիդուալիզմ), տարան­ջատ­վա­ծութ­յուն–համընդ­հանրություն (պարտիկուլյարիզմունի­վեր­սա­լիզմ), որակարտա­դրո­ղա­կանություն, փոխթափանցություն–ինքնա­տի­պություն (դիֆու­զայ­նութ­յուն–յու­րահատկություն)[6]:

Արդեն 1950-ական թվականներին գաղութատիրության լուծը թոթափած երկրներին բազմաչափ փոփոխության կառավարման համար ըստ սույն մո­տեց­ման առաջարկվեց արագացված տեմպերով ավանդականից ազատա­կանության մի­ջոցով արդիականության անցնելու մի գծային մոդել, որտեղ ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան ներկայանում էին արդիականությանը բնո­րոշ հատկանիշների հիման վրա բնականոն եղանակով նորարարացող երկրներ[7]: Այսպիսով` կայացման վաղ շրջանում արդիականացման տե­սութ­յունը ոչ այնքան ակնկալվող բազմաչափ փոփոխությունների կանխա­տես­ման ու մեկնաբանության այսպես կոչված «մաքուր» գիտական տեսութ­յուն էր, որքան զարգացած Արևմուտքի գաղափարական, աշխար­հա­քա­ղա­քա­կան և քաղաքակրթական նկրտումները խաղային տրամաբանությամբ ներ­կայացնող ռազմավարական նախագիծ: Ավելին. հետահայաց վերլու­ծութ­յունը հնարավորություն է տալիս արդիականացումը դիտելու որպես «սառը պատերազմի» ժամանակ նորանկախ երկրների քաղաքական համակարգը ապակայունացնող խաղային գործողությունների կառուցվածքայինգործա­ռական համալիր:

Այս նկատառումներով Շ. Էյզենշտադտը արդիականացման տեսության կի­րառման սկզբնական շրջանում հիմնավորեց ժամանակակից հասարակութ­յունների որակական բնութագրիչների ուսումնասիրության համար մեթոդա­բա­նական հիմք ծառայող երկճյուղումների հետևյալ շարքը. ազա­տութ­յուն ընդ­դեմ անձնիշխանության (ավտորիտարություն), կայունություն ու ժա­ռան­գոր­դություն, պետութենաշինության մշակույթի հաստատութենական կայա­ցում ընդդեմ հեղափոխական փոփոխությունների, ժա­մանակակից սոցիա­լա­կան ռացիոնալություն` ընդդեմ ավանդույթների, կրոնական կամ միստի­կա­կան փորձի[8]: Այս ամենից էլ ածանցվում է արդիա­կանացումը որպես սո­ցիալ-հոգեբանական և քաղաքակրթական գործընթաց դիտելու անհրա­ժեշ­տութ­յունը, քանի որ զարգացմանը կաշկանդող «հնա­ցած» երևույթները կա­րելի է հաղթահարել, եթե վերափոխման դերա­կա­տարները, հատկապես` ընտրա­նի­ները, հանդես գան որպես ռազմա­վա­րա­կան կառավարման ջա­տա­գով­ներ:

Այսպիսով` քաղաքական արդիականացումն ըստ էության հանգեցվեց կա­ռա­վար­ման այնպիսի ընդհանուր մոդելի կիրառմանը, որի էությունը ցան­կա­ցած երկրի ավանդական արժեքային համակարգի գծային արդիակա­նա­ցումն է (միայն դեպի ազատականացում), այսինքն` անցումը դեպի արև­մտյան չա­փա­նիշներով ռացիոնալ հասարակություն: Աֆրոասիական և լա­տի­նա­ամե­րիկ­յան պետություններում նմանօրինակ արդիականացումը ցույց տվեց, որ ավանդական սոցիալական կառույցների և մտածելակերպի բա­խում­ները իրականում հանգեցնում են իշխանական հարաբերությունների կոռումպաց­ման, բյուրոկրատական կամայականու­թ­յունների, խնամիա­կա­նութ­­յան, բնակ­չության աղքատության աճման, հետևաբար՝ օտարման և եզ­րահան­ման։ Որպես արդյունք` արդիականացման հիմնադրույթները են­թարկ­վեցին խիստ քննա­դա­տության` հատկապես ավանդույթարդիութ­յուն երկճյուղման համատեքստում[9]: Հիմք ընդունվեց քաղաքական զար­գացման լատինաամե­րիկյան և աֆրիկ­յան պետությունների փորձը, քանի որ դրանք զինվորա­կա­նութ­յան կատա­րած բազմաթիվ պետական հեղաշրջում­ներից հետո ընկղմվել էին քաղաքա­կան զարգացման (բաշխման, շարժու­նա­կության, մաս­նակ­ցության, նույնականացման, օրինա­կա­նացման) ճգնաժամ­նե­րի մեջ, իսկ սահմանադրական կարգի վերականգնման համար մղ­ված երկարատև պայքարն սպասված արդյունքը չէր տալիս:

Փաստորեն, նոր ձևավորված ռացիոնալ արժեքային կողմնորոշիչները հան­գեցրել էին «սպասումների հիասթափության», ինչն էլ արդիականացող հա­սարակություններին ստիպեց վերագնահատել ավանդականը և հարց դնել, թե ո´վ են իրենք: Հարցին տրված պատասխանը ներառեց ռացիոնալը և իռա­ցիոնալը ներդաշնակող այնպիսի նախատիպային արժեքներ, ինչպիսիք են ընդհանուր ծագումը, լեզուն, կրոնը, պատմությունը, սովորույթները և հան­­րային հաստատությունները:

Քաղաքական արդիականացման տրամաբանությունը արմատապես փոխ­վեց, երբ 1974 թ. Պորտուգալիայում «մեխակների հեղափոխության» հե­տևան­­­քով պետությունը բռնեց ժողովրդավարացման ուղին` բռնապետ Ա. Սալա­զարի վարչակարգի տապալմամբ և ժողովրդավարացման «երրորդ ալի­քի» մեկնարկմամբ[10]։ Տեսաբանները, հստակեցնելով քաղաքական ար­դիա­կա­նաց­ման իրավաքաղաքական մեխանիզմները, կարևորեցին հանրա­քվեի մի­ջոցով իրագործվող սահմանադրական փոփոխությունները: Ստաց­ված արդ­յունք­ների հիման վրա 20-րդ դարի 70–80-ական թվականներին (ար­դիա­կա­նացման երկրորդ փուլ) սկսեցին առաջնային համար­վել այն սո­ցիալ-տնտե­սական ու քաղաքական կառուցվածքային փոփոխու­թյունները, որոնք կա­րող են կատարվել ոչ միայն ըստ արևմտյան ժողովրդավարացման մոդելի:

Արդիականացումն ընդհա­նուր առմամբ ներկայացնելով որպես զարգաց­ման համընդհանուր ուղղություն` տվյալ ժամանակի տեսաբանները (Գ. Ալմոնդ, Դ. Փաուել, Լ. Փայ, Ս. Հան­տինգ­տոն և ուրիշներ) համոզվեցին, որ հա­սա­րա­կու­թյան զարգացումը պայմանա­վոր­ված էր կապիտալիստական հա­սարա­կար­գի, տնտեսության և տեխնո­լո­գիաների զարգացմամբ, ընդհանուր կենսամա­կարդակի բարձրացմամբ և անվտանգության հիմնախնդիրների լուծման մրցունակ ռազմավարության մշակմամբ ու իրականացմամբ:

Հենց մրցունակ ռազմավարության տեսակետից էլ քննադատվեց և վերա­իմաստավոր­վեց 1970–1980-ական թվականներին Լատինական Ամերիկա­յում և Աֆրիկայում «ժա­մա­նակակից հասարակություն» կառուցելու նպատա­կով ծավալված, սակայն ակնկալ­ված ժողովրդա­վարություն չհաստատած փոփո­խությունների ձևական ռազմավարությունը: Նախ. կասկածի տակ դրվեց գծային փոփոխությունների (միայն ազատա­կանացում) նպատակա­հար­մա­րությունը, ապա` «արևմտաց­ման» ձևաչափը, քանի որ տար­բեր քա­ղա­­քակրթական չափումներ ունեցող պետություններում (Թուրքիա, Եգիպ­տոս, Հնդկաստան) ավանդական և արդիական հաստատությունների համա­դրումը հանգեցրել էր միայն տարբեր արդյունքների: Այս ամենի հիման վրա էլ քա­ղաքական արդիականացումը սահմանվեց որպես մի այնպիսի զար­գացում, երբ իրագործվում են հաստատութենական նորամուծություններ՝ ռե­սուրսների մոբիլիզացմամբ, քաղաքացիների սոցիալականացմամբ և մրցու­նակ ան­վտանգային ռազմավարության մշակմամբ։

Ակնհայտ է, որ քաղաքական արդիականացումը ներառում է, մի կողմից, քա­ղաքական շուկայի առաջարկի և պահանջարկի փոփոխականները` պայ­մանավոր­ված քաղաքական իշխանության իրականացման մշակույթով, իսկ մյուս կողմից՝ ներքին հաստատութենական կառուցվածքային բարեփոխում­ները կամ որակական կերպափոխումները՝ թելադրված քաղաքական համա­կարգի ժողովրդավարացման տրա­մա­բանությամբ։ Այս մոտեցումը ելակետ դարձավ, որպեսզի 1980–1990-ական թվականներին ստեղծվեն քաղաքա­կան փոփոխություններ ենթադրող ժողովրդա­վարաց­ման մի շարք մոդելներ, որոնք կապված են Ա. Պշևորսկու, Ֆ. Շմիտերի, Գ. Օ’Դոննելի, Խ. Լինցի, Ս. Հան­տինգտոնի և ուրիշների անունների հետ։ Այս համատեքստում քաղաքա­կան արդիականացումը «անցումհամախմբում» հարացույցի շրջանակ­ներում ուսումնասիրվում է արտաքին (Ս. Հանտինգտոն) և ներքին (Խ. Լինց) գործոնների հիման վրա։

Փաստորեն, քաղաքական արդիականացումը` որպես համալիր ամբողջութ­յուն, ենթադրում է նոր ձևավորված քաղաքական համակարգի հարահոս հարմարում շարունակական ժողովրդավարական բարեփոխումների տրա­մա­բանությամբ։ ՈՒստի քաղաքական համակարգի ժողովրդավարացումը ենթադրում է ոչ միայն արժեքների բնականոն արդիականացում համաձայն արևմտյան ձևաչափի, այլև սոցիոմշակութային և էթնոմշակութային արժեք­նե­րի զուգամիտում: Այս նկատառումներով հայ քաղաքագետ Հ. Ս. Քոթանջ­յանը, արդիականացման նկատմամբ կիրառելով քաղաքակրթական մոտե­ցում, նշում է, որ արդիականացումը կարևոր նշանակություն ունի էթնոազ­գային երևույթների զարգացման գործում, քանի որ այն արմատապես փո­խում է ազգի կամ էթնիկական խմբի գործառության պայմանները[11]։

Այս ելակետային մոտեցմամբ ի մի բերենք քաղաքական արդիականացմանը բնորոշ հայեցակարգային առանձնահատկություն­ները, որոնք են` 1) նախկին կրոնական կամ ցեղային հայրենասիրության և համերաշխության փոխա­րի­նում ժողովրդավարական քաղաքական համակարգով, 2) նոր քաղաքական արժեքների հիմնավորում, արդիականացող ընտրախավի և նորաստեղծ պետության իշխանության օրինականություն, 3) իշխանության ապակենտրո­նացում, 4) այն քաղաքական ենթակառուցվածքների զարգացում, որոնք կազ­մակերպվում են արդի քաղաքական պահանջների բերումով, 5) քաղա­քական գործընթացների փոխկապված կազմակերպում, 6) կառավարային իշխանության բաժանում և արդյունավետ օգտագործում տնտեսական աճ­ման, տնտեսական ռեսուրսների մոբիլիզացման ապահովման նպատակով, բա­րիք­ների և արժեքների բաժանում զանգվածային պահանջներին և սպասե­լիքներին համապատասխանությամբ։ Այս գործընթացը սովորաբար իրա­գործ­վում է վեց փուլով. 1) ազգային ինքնության իմաստավորում և կազ­մակեր­պական մարմնավորում, 2) ազգային անկախության համար պայքար, 3) հետանկախ շրջանում դերերի և դիրքերի վերաբաշխում ու վերադասա­վորում, 4) «խնամակալ» վարչակարգի հաստատում, 5) անձնիշխանական համակարգի թուլացում, 6) ընդդիմության հաղթանակ օրինական ճանա­պարհով։

Փաստորեն՝ քաղաքական արդիականացումը մի մարտահրավեր է, որին յուրաքանչյուր հասարակություն պատասխանում է արժեքների ու շահերի իր համակարգի, քաղաքական գիտակցությանը համապատասխանող ընտ­րութ­­­յունների և քաղաքական ու քաղաքացիական հաստատությունների հաս­­տատ­մամբ: Այս նկատառումներով էլ զարգացած և զարգացող պետութ­յուն­նե­րի բազմաչափ փոփոխությունների համեմատական ուսումնասիրութ­յուն­նե­րի հետ մեկտեղ նոր մարտահրավերների հաշվառմամբ կատարվեց ար­դիա­­կա­նացման տեսության վերանայում: Հենց այս պատճառով էլ նպա­տա­կա­հար­մար է քաղաքական արդիականացումը դիտել որպես՝ տնտե­սական առաջ­ընթացի նախապայման, անցումային հասարակություններին բնորոշ քա­ղաքականություն, ժողովրդավարական համախմբումը խթանող զար­գացման մոդել, փոփոխությունների գործընթաց, ազգպետության ցանցային գոր­ծունեության կազմակերպման  ձև,  զանգվածային շարժու­նա­կութ­յուն և մաս­նակցություն[12]:

Այս համատեքստում բազմաչափ փոփոխությունների իրագործման ժամա­նակ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի քաղաքական շուկայի բնականոն արդիականացումն ուղեկցվի իշխանության իրականացման և համագոր­ծակ­ցության մշակույթի զարգացմամբ, կապիտալի օրինականացմամբ և մարդ­կայ­նացմամբ: Եթե «նոր ժողովրդավարների» առաջին սերունդը բազմաչափ փոփոխություններ էր առաջարկում միայն ազատականացման սկզբունքով, ապա շուկայական հետազոտություններով պարզված` քաղաքական ծառա­յությունների պահանջարկը «անցում–համախմբում» հարացույցի գործառ­ման շրջանակներում փոխեց առաջարկի որակը: Վերջինս ենթադրում է քա­ղաքական ապրանքի որակի այնպիսի փոփոխականներ, որոնք, բացի ազա­տա­կանացումից, պայմանավորված լինեն պատմական ավանդույթներով, սոցիալ-քաղաքական խորհրդանիշներով, ներքին և արտաքին ուժերի հաշ­վեկշռով, ինչպես նաև դերակատարների վարքում ժողովրդավարական արժեքների բնականոն ներդրման անհրաժեշտության գիտակցմամբ[13]: Սույն մոտեցումը հնարավորություն է տալիս քաղաքական արդիականացումը որ­պես համալիր դիտարկելիս կարևորելու քաղաքական շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխականները:

Այսպիսով` քաղաքական արդիականացման տեսության զարգացումը անհրա­ժեշտ է ուսումնասիրել ըստ համախմբագիտության և շուկայագիտության այն մոդելների, որոնք ձևավորվել են ժամանակակից արևմտյան քաղաքական հաստատությունների կայացման փորձի հիման վրա: Այս համատեքստում հատկանշական է Ճապոնիայի փորձը, որի կարգախոսն էր «Waken Yosei»` ճապոնական ոգի և արևմտյան տեխնիկա[14]:

ՈՒսանելի է նաև իր ավանդական արժեքների գերակայությամբ արդիակա­նա­­ցող Թուրքիայի ՙխորքային պետության՚ ստեղծման փորձը: Ավանդա­կա­նի և արդիականի համադրումը որպես «երկրորդ սերնդի բնաշխար­հի­կաց­ման* երևույթ» հնարավորինս մերժեց զուտ արևմտյան կողմնորոշում ունե­ցող առաջին սերնդի փորձը: Եթե առաջին սերունդը հրապուրվեց աշ­խար­հա­քա­ղաքական արժեքներով, ապա երկրորդ սերունդը չխզեց կապը իր ազ­գա­յին արժեքների հետ և չօտարվեց հասարակությունից, իսկ երրորդ սե­րուն­դը, իրականացնելով մրցակցային կառավարում, օրինականացնում և մարդ­կայ­նացնում է ոչ միայն իշխանական հարաբերությունները, այլև ազ­գա­յին կա­պի­տալը:

Սկսած 1990-ական թվականներից բնաշխարհիկացումը ոչ արևմտյան քա­ղա­քակրթություններում դարձել է մրցակցային ռազմավարական կառավար­ման օրակարգի գերակա բաղադրիչը. իսլամական հասարակություններում առանցքային գաղափարներն էին իսլամի վերածնունդը և վերաիսլա­մա­ցումը, Հնդկաստանում՝ արևմտյան արժեքների նկատմամբ ընտրողական վերաբերմունքը և հանրային քաղաքականություն հինդուիստական արժեք­ների վերադարձը, Արևելյան Ասիայի պետություններում՝ կոնֆուցիակա­նութ­յան քարոզումը, որը ընտրախավերն ուղեկցում էին իրենց պետությունների հզորացման գաղափարի ակտիվ քննարկումներով: Բնաշխարհիկացման  տրա­մաբանության առումով արժեքավոր են Լի Կուան Յուի (1923–2015) և Սո­լոմոն Բանդարանաիկեի (1899–1959) օրինակները. նրանք, ստա­նա­­լով լա­վագույն արևմտյան կրթություն, իշխանության գալու ճանապար­հին ա­մ­բող­ջությամբ բնաշխարհիկացան` փոխելով ինչպես հագուստ­նե­րը, այն­պես էլ անունները և բոլոր առանցքային արժեքների վերաբերմամբ հա­յացք­նե­րը[15]:

Վերը շարադրվածից ակնհայտորեն երևում է, որ մրցակցային ռազմավա­րա­կան կառավարմանը նպատակամղված քաղաքական ար­դիա­կանաց­ման հա­մար պատասխանատու ընտրախավերը պետք է ազ­գա­յին ինքնության պահ­պանման, ըստ արդյունքի կառավարման և անվտանգ ապագայի ապա­հով­ման նպատակով հաշվի առնեն այդ գործընթացի քա­ղաքակրթական չա­փու­մը:

1.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում քաղաքական արդիականացումը քաղաքականության դերա­կատարների, նոր արժեքներ կրողների ու արտացոլողների և իշխանության հաստատությունների միջև քաղաքական փոխազդեցությունների մի ընդար­ձակ ու բարդ խճանկար է: Նրանք գործում են ըստ այն դերերի և գոր­ծա­ռույթ­ների, որոնք թելադրում են հայոց մշակութաքաղաքակրթական ար­ժե­քային համակարգը, ավանդույթները, կրոնադավանական միջավայրը, ազգի մտահայեցողությունը, պատմական զարգացման առանձնահատ­կութ­յուն­նե­րը, հանրային ու ազգային շահերը և այլն: Այդ է պատճառը, որ ՀՀ-ում քաղա­քա­կան արդիականացմանը բնորոշ են հետևյալ առանձնահատ­կութ­յուննե­րը:

Առաջին. նրա մասնակիցների միջև նպատակների ու քաղաքական գործո­ղությունների քննարկումների անբավարարությունը: Քաղաքական արդիա­կանացման բա­խում­նայնության պատճառներից մեկն այն է, որ ձևավորվող քաղաքական ուժերը տարբեր կերպ են ընկալում ժողովրդավարության արժեքները, երբեմն էլ բարեփոխումներում անձնական (մեկուսախմբային) շահերը գերա­կայում են հանրային շահերի նկատմամբ:

Երկրորդ. քաղաքացիական վերահսկո­ղության համակարգի անբավարար զար­գացածությունը, որի պատ­ճառը քաղաքացիական հասարակության գե­րա­զան­ցապես ձևա­կան հաստատութե­նա­կան և ոչ գործառութային կայա­ցումն է:

Երրորդ. հաստատութենական կարգի ու քաղաքական դերերի որոշակի չա­փով համատեղվածությունն ու եզրահանված փոխակերպումը: Քաղաքա­կան կյան­քի մասնակիցների բազմազանությունը թվացյալ է, քանի որ իրա­կան դերն ու քաղաքական գործառույթները բավական սահմանափակ են: Որպես հաստատում նշենք, որ քաղաքական կուսակցությունները, որոնց թի­վը յո­թա­նասունից ավելի է, իրենց հնարավորություններով պայ­մա­նակա­նո­րեն են արտահայտում քաղաքացիական հասարա­կութ­յան շա­հերը: Արտա­խորհրդարանական կուսակցությունները ներկա­յա­նում են ոչ այնքան որպես քաղաքացիական հասարակության հետ իշխա­նության կապն իրա­կանացնող հաստատություններ, որքան՝ քաղաքական գործչի շուրջ խմբված համա­խոհ­ների (և ոչ միայն համախոհների) միավո­րումներ:

Չորրորդ. քաղաքական արդիականացման մասնակիցների շրջանում առկա «սպասում­ների հիասթափությունը», որը ժողովրդավարների «առաջին սե-րընդի» կատարած վաուչերային մասնավորեցմանը հաջորդած աղքա­տութ­­յան, կո­ռուպցիայի դրսևորումների և արդարության պակասի, նաև հա­ղոր­դակ­ցութ­յան համակարգի ցանցային ձեռնածությունների հետևանք է:

Հինգերորդ. քաղաքական արդիականացման հիմքում դրված ակտիվ քա­ղաքական ոճը՝ կազմված հասարակությանը պար­տադրված նորամուծութ­յուն­ներից: Դրանով քաղաքակա­նութ­յան սուբյեկտների վարքը դառնում է ավելի կանխատեսելի:

Վեցերորդ. քաղաքական զարգացման (բաշխում, շարժունա­կություն, մաս­նակ­ցություն, ինքնություն, օրինականություն) ճգնաժամների հաղթահարման ձգձգում, ինչի հետևանքով հակընտրանին հանդես է գալիս որպես ոչ թե քա­ղա­քական ընդդիմախոս, այլ հակամարտային շարժում: Այդ պատճառով կա­ռավարող ընտրանու և հակընտրանու միջև ծավալված բանավեճը տեղի է ունե­­նում ոչ թե ռացիոնալ, այլ զգացմունքային և խորհրդանշական հի­մուն­քով:

Նշված առանձնահատկություններից ակնհայտ է դառնում, որ քաղաքական արդիականացման ասպարեզում հայ հասարակությունը բախվել է «վազող արդիականացման» հավերժական հայկական խնդրին: Սա արդիականաց­ման մի այնպի­սի երևույթ է, որն արթնացնում է, թվում էր, թե վաղուց մո­ռացված, սակայն իրա­կա­նում խոր արմատավորված և ընդամենը «նիրհող» ավանդական արժե­քա­յին շերտերը ինչպես գիտակցականի ոլոր­տում, այն­պես էլ որոշակի սո­ցիալ-քաղաքական «կենցաղի» բնագավառում (տեղային հեղինակություն­ներ, էթնիկական, կլանային ու խնամիական սահ­մանակար­գերի վերար­տա­դ­րում և հզորացում, բնակչության ինտեգրման համընդհա­նուր հոգևոր և հաստատութենական հիմքերի քայքայվածություն): Ընդ որում, ակնհայտ է, որ հա­սարակության արդիականացումը ներքուստ ան­ներդաշ­նակ է և կրում է բա­զում կառուցվածքային ճեղքվածքներ, ինչը հանգեցնում է «փոխհամաձայ­նեցված ձևական ժողովրդավարության» հաստատման:

Այստեղից էլ` ծագում է քաղաքական արդիականացման հոգեբանական և բարոյական իրավահաջորդության հիմնախնդիրը, որն ընկալվում է որպես «օտարերկրյա կամ համամոլորակային ազդեցություն»[16]: Այս իմաստով անհրաժեշտ է կարևորել հայ հասարակության վրա տեղեկատվական հեղա­փոխության հակասական ազդեցությունը: Մի դեպքում` բնակչության բարձր կրթական մակարդակը նպաստում է մասնակցության քաղաքական մշա­կույթի արագ, սակայն հիմնականում` մակերեսային, հաստատմանը: Մյուս դեպ­քում` սոցիալական վարքի արևմտյան մոդելի արժեքները բնակչության մի զգալի մասի համար վերացական արժեքներ են, քանի որ չկան անհատի գոր­ծունյա-ակտիվ կողմնորոշում, իրատեսական լավատեսության հոգեբա­նութ­յուն ու ձեռնարկատիրական-նախաձեռնողական ավանդույթներ:

Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ-ում քաղաքական ար­դիականացումը տարանջատական մշակույթի ազդեցության հետևանքով բազմաթիվ խոչընդոտների է բախվել ոչ միայն քաղաքական մասնակ­ցութ­յան մակարդակի աճման, այլև սոցիալ-պատմական տեքստի համակար­գա­յին զարգացման անհրաժեշտության բերումով: Վերջինիս չլինելու պատճա­ռով առանձին եզրահանված խմբերի ինքնարտահայտումը տեղի է ունեցել այսպես կոչված եզրահանված արդիականացմանը ձգտող «ընտրախա­վային խմբերի» տեսքով: Որպես արդյունք` իրական բազմակարծության փո­խարեն ՀՀ-ում արագ տեմպերով ձևավորվել և ձևավորվում են ընտրյալ մեկուսախմբերը, որոնք ձեռնածությունների են ենթարկում «Հանրային շահը համընդհանուրի բարիքն է» քաղաքակրթիչ կարգախոսը:

Մեր կարծիքով` քաղաքական արդիականացման հեռանկարները որոշվում են այն հանգամանքով, թե ի վիճակի է վարչակարգը լուծելու ինչպես ընդ­հա­նուր, այնպես էլ յուրահատուկ ազգային բնույթի հետևյալ խնդիրները.

  • տնտեսական կապիտալը օրինականացնելու և մարդկայնացնելու նպա­տա­կով այն դուրս բերել քաղաքական վերահսկողությունից, ինչը խաղա­ղութ­յան և համագործակցության մշակույթի զարգացման շնորհիվ կնպաս­տի ազատ մրցակցային դաշտի արդյունավետ գործառմանը,
  • մարդկանց ինքնահաստատման, ինքնադրսևորման, ինքնիրացման ճա­նապարհով ստեղծել բաց սոցիալական կառուցվածք,
  • քաղաքական և քաղաքացիական հաստատությունների միջև բաց քա­ղա­քական մրցակցություն ապահովող երկխոսության ծավալման միջոցով իշխանության համար պայքարում ձևավորել տարբեր ուժերի փոխադարձ անվտանգություն,
  • ներդրել տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգ:

Հա­յաստանի առջև ծառացել է պատմական խնդիր` հղկել քաղաքական ար­դիականացման «քառանկյուն անիվի» եզրագծերը և անցում կատարել դեպի բնականոն զարգացում: Տվյալ զարգացման մոդելը ակնհայտորեն չի լինի ամբողջությամբ ո՜չ արևմտյան` ազատական, ո՜չ արևելյան՝ մեկու­սա­խմբային-տարանջատական: Այն, լինելով հայկական՝ սինթետիկ, հնա­րա­վորություն կտա բնականոն կերպով արդիականացնելու կառավա­րու­մը և հայկական քաղաքակրթությանը բնորոշ ոգեղենության, արարչա­կա­նության, կենսասիրության և հանրային համախմբման զարգացմամբ ապա­հովելու ազ­գային անվտանգությունը:

ЦИВИЛИЗАЦИОННОЕ ИЗМЕРЕНИЕ ПОЛИТИЧЕСКОЙ МОДЕРНИЗАЦИИ КАК ОСНОВА ДЛЯ ОБЕСПЕЧЕНИЯ СТРАТЕГИЧЕСКОГО УПРАВЛЕНИЯ

М. М. МАРГАРЯН, доктор политических наук, профессор, заведующая
кафедрой политического управления и публичной политики Академии государственного управления РА

РЕЗЮМЕ

Цивилизационное измерение политической модернизации дает воз­можность рассматри­вать стратегическое управление как ключевой механизм отказа от механической вестер­низации и осуществления модернизации на основе собственной цивилизационной иден­тич­но­сти. Данный подход позволяет в рамках концепции «Нация–армия» создать бла­гоприятные условия для консолидации нации, а также предполагает, что правящая элита проявит волю для эффек­тив­ной реализации продолжительных реформ «сверху».

Предлагаемая модель развития не будет ни полностью западной – либеральной, ни восточной – корпоративно-патриархальной. Это поз­во­лит естественным образом модер­ни­зи­ровать национальную иден­тичность с созданием синтетической модели модерни­зации, раз­ви­тием таких компонентов Армянской Цивилизации, как духовность, со­зи­дательность, жизнеспособность и обще­ственная консолидация.

CIVILIZATIONAL DIMENSION OF POLITICAL MODERNIZATION
AS A BASIS FOR ENSURING STRATEGIC MANAGEMENT

  1. M. MARGARYAN, Doctor of Political Sciences, Professor, Head,
    Chair of Political
    Governance and Public Policy, Public Administration Academy
    of the Republic of Armenia

SUMMARY

The civilizational dimension of political modernization makes it possible to consider the strategic management as a key mechanism for renouncing mechanical Westernization and implementing modernization based on its own civilizational identity. Said approach allows us to create favorable conditions for the nation’s consolidation within the framework of the “Nation–Army” concept, as well as it presumes that the ruling elite will manifest the will for effective implementation of long-term reforms “from above”.

The proposed development model will neither be completely Western – liberal, nor Eastern – corporate-patriarchal. This will make it possible to naturally modernize the national identity, thus creating a synthetic model of modernization, and developing such components of the Armenian Civilization as spirituality, creativity, viability and social consolidation.

[1] Տես С. Хантингтон. Третья волна. Демократизация в конце XX века. Пер. с англ. М., 2003; նույնի` Политический порядок в меняющихся обществах. Пер. с англ. В. Р. Рокитянского. М., 2004:

[2] Տես Մ. Մարգարյան, Քաղաքական արդիականացման և զարգացման հիմնահարցեր: Ե., 2004, էջ 6:

[3] Տես Ш. Эйзенштадт. Революция и преобразование обществ. Сравнительное изучение цивилизаций. Пер. с англ. А. В. Гордона, под ред. Б. С. Ерасова. М., 1999, сс. 13–14:

[4] Տես С. Хантингтон. Столкновение цивилизаций. Пер. с англ. Т. Велимеева, Ю. Нови­кова. М., 2003, сс. 94–95:

[5] Տես В. Иноземцев. Демократия и модернизация: к дискуссии о вызовах ХХI века. М., 2010, сc. 202–203:

[6] Տես Т. Парсонс. О социальных системах. Под ред. В. Ф. Чесноковой и С. А. Бела­нов­ского. М., 2002, с. 97:

[7] Տես ՙМодернизация и политика в XXI веке՚. Օтв. ред. Ю. С. Оганисьян. Ин-т социо­логии РАН. М., 2011, с. 112:

[8] Տես Շ. Էյզենշտադտ, Նշ. աշխ., էջ 13–14:

[9]  Տես С. Хантингтон. Третья волна. …, с. 7:

[10] Տես Larry Diamond. The State of Democratization at the Beginning of the 21st Century (http://blogs.shu.edu/diplomacy/files/archives/04_diamond.pdf):

[11] Տես Հ. Ս. Քոթանջյան, Հակամարտության էթնոքաղաքագիտություն: Հայաստանի ռազմական քաղաքականության և ազգային անվտանգության հիմունքները: Ե., 2010, էջ 265:

[12] Տես Մ. Մարգարյան, Նշ. աշխ., էջ 7–8:

[13] Տես Д. Нежданов, О. Русакова. «Политический рынок» как системообразующая ме­тафора современного политического дискурса. ՙПолис. Политические исследо­ва­ния՚, 2011, № 4 (124):

[14] Տես С. Хантингтон. Столкновение цивилизаций, с.105:

* Բնաշխարհիկացում (անգլ. indigenization)` որևէ բան ավելի ազգային դարձնելու գործո­ղութ­յու­ն որևէ ծառայության, գաղափարի ևն հարմարեցում տեղական մշակույթին, հատկապես` կառավարչական համակարգում, գործունեության ոլորտում ավելի մեծ թվով տեղաբնիկների ներգրավմամբ (տես “Oxford English Dictionary” (www.oed.com.2016), ինչպես նաև` “Mer­riam-Webster Dictionary” (https://www.merriam-webster.com/dictionary/indigenise)). – Խմբ.:

[15]  Տես նույն տեղում, էջ  132–136:

[16] Տես Brian Levy, Francis Fukuyama. Development Strategies. Integrating Governance and Growth. Policy Research Working Paper 5196, January 2010 (http://siteresources.world bank.org / EXTGOVANTICORR /Resources/3035863-1286395629347/Levy_and_Fukuyama _ WPS5196.pdf):

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: