ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հանրային Ծառայություն շաբաթաթերթ,

3 Մայիսի, Չորեքշաբթի, 2017թ., թիվ 16 (181)

Հատված «Քաղաքական լիդերություն»  գրքից

Անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ արդիականացող հայ ազգային ինքնության հիմքի վրա ձևավորվել է Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը (ՀՀԳ)` «Հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով. ահա թե ինչ եմ ես հասկանում «Հոգևոր Հայաստան» ասելով: Դա այն կուլտուրան է, կուլտուրապես կազմակերպված այն ժողովուրդը, որի գալուն մենք կուզեինք հավատալ: … Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց Համախմբումը ազգ է դարձնում: … Ահա թե ինչու ես կարծում եմ, որ, բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներ են»:

Ելակետ ընդունելով հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի այս և հայ այլ մեծերի նմանօրինակ մոտեցումներ՝ կարող ենք հիմնավորել. ազգային գաղափարախոսությունը օրգանական միասնության մեջ գտնվող՝ պատմականորեն ձևավորված արժեքների համակարգ է: Ազգային գաղափարախոսությունը տվյալ ազգի կենսահասարակական ինքնությունն ու էությունը համակողմանիորեն արտացոլող, որոշակի մտածելակերպի շուրջ ձևավորված իդեալների, ռազմավարական շահերի, նպատակների հարատևման փիլիսոփայությունը ներառած միաձույլ, ամբողջական, կուռ և մշտապես արդիականացում պահանջող հայացքների հանրագումարն է: Գաղափարախոսությունը ցանկացած արժեքային համակարգի էության տեղեկատվական արտահայտությունն է: Տրամաբանորեն կարելի է ընդհանրացնել. եթե առկա է համակարգը (դիցուք՝ ազգը), ապա գոյություն ունի «Ես»-ին տեղ, կարգ, ինքնություն, էություն ապահովող հարատևության մեջ ձևավորված գաղափարախոսությունը: Աստծո կամոք հայ գաղափարական «Ես»-ի արարման մեխանիզմի համակարգումն սկսվել է հայկական ժայռապատկերներից, մաշտոցյան այբուբենից, Քերթողահոր «Պատմությունից», ազգային էպոսից, Նարեկացու «Մատյանից», Շնորհալու «Ողբից», Մոմիկի խաչքարերից, ապա շարունակվել Րաֆֆու պատմավեպերում, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և Լևոն Խեչոյանի ստեղծագործություններում, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր հիշում են, որ իրենք հավատի, արդարության, յուրօրինակության կրողներն են, այսինքն՝ ՀԱՅ, իսկ իրենց հայրենիքը՝ ՀԱՅՔ, այսինքն՝ հավատի, արդարության, յուրօրինակության, քերթության վայր: Միանշանակ պետք է ընդունել, որ հայ ազգային գաղափարախոսությունն արարված է մեր նախնյաց կողմից, և այսօր չպետք է մտատանջվենք ազգային գաղափարախոսության ստեղծումով. փա՛ռք Աստծո, այն կա… Մտահոգության առարկան այն է, թե տվյալ քաղաքական ժամանակի մեջ տեղեկատվական ձևը որքանով է կարողանում, ճշմարիտ և փաստացի արտահայտելով ազգի ինքնությունը, արդիականացնել այն՝ իրատեսորեն մոդելավորելով տվյալ քաղաքական գործընթացը: Ցավոք, մեր պատմական զարգացման մեջ առկա է տեղեկատվության խաթարում (պետության կորուստ, օտարների կողմից նվաճումներ, քաղաքական խաղեր), ինչն էլ հայությանը զրկել է սեփական գաղափարախոսության արդիականացման հիմքի վրա կայուն կենսագործունեություն կազմակերպելու հնարավորություններից: Բայց դա չի նշանակում, որ հայ մարդը ծանոթ չէ իր գաղափարախոսությանը: Այն ազգային մտածելակերպի տեսքով հանդես է եկել բոլոր դարերում: Հենց այս մոտեցման հիմքի վրա էլ մեր կողմից առաջարկվում է Հոգևոր Հայաստանի Սահմանադրությունը:

Չնայած արտաքին աննպաստ պայմաններին` հայ ժողովուրդը դարեր շարունակ իր կենսագործունեությունը կազմակերպել է իր գաղափարախոսության բարձր ոգեղենության շնորհիվ: Այստեղ որոշիչ տեղ ու դեր է վերապահվում ռացիոնալ և իռացիոնալ միասնության մեջ գտնվող «ազատ անհատ», «անկախ հայրենիք», «արդարադատ պետություն», «պատիժ չարին», «ոգու հաղթանակ»` հանուն Աստծո և հանուն մերձավորի սկզբունքների համակարգին: Հայ «Ես»-ի նյարդային համակարգի ուժը պատմական դրսևորում է ունենում մասնավորապես ճգնաժամային պայմաններում, նրա մտավոր եռանդը կարողանում է բարդ հիմնահարցերի արագ լուծման համակցություն ապահովել (Ձիրավ, Ավարայր, Սարդարապատ, Շուշի…): Այս հանգամանքն անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀԳ-ի արդիականացման ժամանակ: Ըստ մեզ` միօրինակության և նյութապաշտության գնացող մարդկության ապագան այսօր շատ բանով որոշվում է արարող ոգու (այդ թվում և հայի) առողջության պաշարով: Հետևաբար ՀՀԳ-ի յուրահատկությունն այն է, որ զուտ ազգային կեցության պահպանման շրջանակներից դուրս գալով՝ ձեռք է բերում գիտատեսական նշանակություն: Եթե Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների հայրենիքն է, ապա հայը այն էթնոսն է, որի ծագումը, զարգացումը և ապագան հարատև կապված են տվյալ աշխարհագրական վայրի կենսաէներգետիկ գործունեության հետ: Ահա թե ինչու հայ ազգային ոգեղենության ուսումնասիրությունը կարող է որոշիչ դեր ունենալ ինչպես հնդեվրոպական այլ ժողովուրդների ծագումնաբանական ընդհանրության ընկալման խնդրում, այնպես էլ հայկական ոգեղենության յուրօրինակության բացահայտման գործում: Այս տեսանկյունից հայության՝ որպես յուրօրինակ ոգեարարիչ հանրույթի գոյությունը խիստ անհրաժեշտ է համահարթեցման գնացող մարդկության համար, քանի որ հավատ, արդարություն, ինքնատիպություն կրող անձը վերածվում է կապ իրականացնող էներգածին գեներատորի: Այսինքն` դառնում է ՀԱՅԿ: Հենց այս տրամաբանությամբ էլ Հայկ Նահապետի հավաքական կերպարն ամփոփում է հայի աշխարհընկալումը: Այդ մասին խիստ դիպուկ է արտահայտվել Քերթողահայր Խորենացին. «Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու»: Կապի նմանօրինակ ընկալումը ստեղծեց շփման միջավայր, որի միջոցով էլ հայ մարդը որպես Հայկ դուրս եկավ «փակ» համակարգից: Այս առումով էլ հաղորդակցության ընկալումը հնարավորություն է ընձեռում իրականացնելու հայ ոգու գաղափարական էվոլյուցիան, որը երկար ու դժվարին ուղի է դեպի արարող, քերթող հայ մարդը:

Երևույթները կապի մեջ ընկալելը հայ մշակութային տեքստի բնորոշ հատկանիշներից է: Քերթողահայր Խորենացուց մինչև Պարույր Սևակ՝ հայ ազգային արժեքների գաղափարակիր «Ես»-ը ուղղորդվում է «Նա է երջանիկ կառավարում, ով երևույթների միջև եղած կապն է հասկանում» կարգախոսով: Այս կարգախոսով երևույթները կապի մեջ ընկալելու ունակությունը դարերի հոլովույթում ինքնաճանաչողություն է ապահովել հայ գաղափարակիր «Ես»-ի համար և հայ հանրույթը հնարավորինս զերծ պահելով քաոսից, եթե ոչ քաղաքական, ապա մշակութային առումով ստեղծել է «Հոգևոր Հայաստանի» լուսավոր կերպարը:

Համակարգելով հայ մշակութային տեքստը՝ եզրակացնում ենք, որ ազգային գաղափարի արդիականացման ակնկալիքներով էլ դարերի մեջ ՀԱՅ ռազմավարական էլիտայի (Մաշտոցից մինչև Լևոն Խեչոյան) կողմից հեղինակված և մեր կողմից համակարգված է հայ ոգու Սահմանադրությունը, որի սկզբունքներն են` ազատ անհատ, անկախ հայրենիք, արդարադատ պետություն, պատիժ չարին, ոգու հաղթանակ` հանուն Աստծո և հանուն մերձավորի:

Ազատ անհատ: Աստծո տաճար դարձած նրա ոգին ունի հետևյալ իրավունքներն ու պարտականությունները.

ա) անսահման հարատևող` իր արարման և ազատության հավատով հագեցած ինքնարժևորում, այսինքն` հավատա Աստծուն և պահպանիր էությունդ.

բ) անսահման հարատևող արդարամտություն իր և այլոց նկատմամբ, այսինքն` էությամբ արդարամիտ եղիր.

գ) անսահման հարատևող ինքնատիպ հոգևոր-մշակութային արժեքների արարում` հանուն մերձավորի, հասարակության, աշխարհի, այսինքն` էությունդ է արարել և սիրել ամենեցուն:

Ազատ, անկախ հայրենիք: Հայի հայրենիքն արարված և շնորհված է Աստծո կողմից: Հայրենիքը կենսաուժ է, ոգին կենարար պահելու քերթության վայր, այսինքն` Հայք (Հայաստան): Ճիշտ է, պատմության քառուղիներում Հայքի սահմանները նեղացել են, սակայն մինչև այսօր էլ հայ անհատի հոգում թևածում է հանուն հայրենյաց քերթության սկզբունքը: Այսօր Հայքը գոյություն ունի հայ մարդու ոգու քերթողական ուժով: Քերթել քրիստոնեաբար, արարել ոչ միայն սեփական «Ես»-ի, այլև այլոց համար, արարելով օգտակար լինել Հայրենիքին–Պետությանը–Մարդկությանը. սա է հայ մարդու ազգային գաղափարախոսությունը և՛ իր, և՛ այլոց համար:

Արդարադատ պետություն: Պետությունը անհատի և հասարակության օգնականն է: Հայը պետություն ասելով հասկանում է նախ արտաքին ավտանգություն և այլոց հետ հարաբերությունների պահպանում modus vivendi-ի կանոններով, այնուհետև` հասարակական դաշինքի առկայության անհրաժեշտություն: Պետական այրը, եթե Հայկ է, չպետք է գայթակղվի իրեն տրված իշխանությամբ, այլապես կկորցնի հայի ոգին, կդադարի Աստծո կողմից տրված կենսաուժի աղբյուր լինելուց և կվերածվի սովորական մարդու: Պետությունը հզոր է, երբ հայկյան ոգի ունեցող մարդն է անհատի և հասարակության շահերը կրողը:

Պատիժ չարին: Չարը պատժելի է հավատի, արդարություն քերթելու ձգտման յուրօրինակ ունակությամբ, ասել է թե` բարությամբ: Անհրաժեշտ է վերացնել չարի պատճառը, ինչն աշխարհը միաչափ տեսնելու արդյունք է: Չարին հաղթում են արարմամբ. դրանով ոգին ավելի է զորանում, իսկ ոգու կրողը` ավելի հզորանում:

Ոգու հաղթանակ: Երանելի է նա, ով իր հավատով, արդարությամբ և արարման յուրօրինակ ձևով հաղորդակցվում է Աստծո հետ, կապ պահպանում իր նախնիների և հարևանների հետ: Այսպես է հնարավոր հաղթահարել քո

(և այլոց) ոգում տեղ գտած թուլությունը` գերազանցել բոլորին քերթության ոգով: Հայ ոգին միշտ էլ բարձր է` կենսունակ ու հզոր: Ոգով ենք մարտնչել և դիմակայել չգիտես ում կողմից դարերի հոլովույթում մեզ պարտադրվող ավերչասեր քաղաքական խաղի օրենքներին:

Ընդհանրացնենք. հայ ազգի ռազմավարական շահերը պաշտպանող և նպատակների իրագործման հիմնահարցերն ամբողջացնող ոգեարարչասիրական ազգային գաղափարախոսությունը պատմության հոլովույթում չի կարողացել զերծ մնալ ավերչասեր հզորների քաղաքական որոգայթներում հայտնվելու հարկադրանքից: Քաղաքակիրթ մարդկության կողմից գործված ութ մահաբեր մեղքերից մեկն էլ այն է, որ կառավարման գլոբալ խնդիրների լուծման համամարդկային մտահոգության անվան տակ աշխարհաքաղաքական գործընթացների խնդրո առարկան եղել և մնում է «կախյալ զարգացման» և «վազող արդիականացման» շրջանակներում գտնվող երկրների պաշարների անխնա օգտագործումը: Վիճահարույց խնդիրն ունի մեկ պատասխան. ըստ մեզ` համամարդկային արժեքների հաստատման գործընթացում նոր աշխարհակարգի իրագործումը միանշանակ ենթադրում է ազգային արժեքների քաղաքական էության արդիականացում: Ուստի նոր աշխարհակարգը պետք է ունենա ազգային և համամարդկային արժեքների զուգամիտման տրամաբանություն: Քաղաքակրթության փորձն ապացուցում է, որ կենսունակ չեն միայն իրատեսական արժեքների վրա կառուցվող բաց համակարգերը: Տեսակն իրավունք չունի ոչնչացնելու տեսակին, աշխարհը դրանից աղքատանում է: Նոր աշխարհակարգի գաղափարախոսությունը չպետք է մերժի պատմականությունը, քանի որ անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ պատմական անցյալն իշխում է ներկայի վրա այն չափով, ինչ չափով պատմական ներկան իշխում է ապագայի վրա:

 

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: