ԿԵՐՊԱՓՈԽՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մեթոդաբանական վերլուծություն)


Աշխատանքը նվիրված է կերպափոխվող հասարակությունների ժողովրդավարացման գործընթացների ուսումնասիրմանը: Շեշտվում է այն հանգամանքը, որ ժողովրդավարացման երրորդ ալիքի շրջանակներում ծավալված գործընթացները ցանկալի արդյունք չեն տալիս, և այսօր անցումագետները փաստում են անորակ, ոչ լիարժեք, մասնակի, ավտորիտար ժողովրդավարությունների առկայությունը: Քննարկվում է գծային, վեկտորային զարգացման հարացույցի միակողմանիությունը, որը, բախվելով սոցիալական զարգացման անկանխատեսելիությանը, «շեղվում» է նախապես ենթադրվող արդյունքից:

Կարևորվում է ժողովրդավարական համախմբման գործընթացը, որը ենթադրում է ժողովրդավարացման ուսումնասիրում ոչ միայն անցումագետների կողմից: Ներկայումս մշակվում է մի նոր գիտաճյուղ՝ համախմբագիտություն, որի շրջանակներում դիտարկվում է ժողովրդավարական անցումը՝ որպես բարդ, բազմաշերտ երևույթ՝ իր սոցիոմշակութային և էթնոմշակութային արժեքների փոխներդաշնակման հրամայականով:

Այսօր արդեն լիովին ակնհայտ է, որ կերպափոխվող հասարակությունների ժողովրդավարացման գործընթացը կարող է շարժվել տարբեր հետագծերով: Բավական է համեմատել, օրինակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Միջին Ասիայում, Հարավային Կովկասում (մասնավորապես՝ Հայաստանում), ինչպես նաև Ռուսաստանում տեղի ունեցող արմատական փոփոխությունները հանրային և պետական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական համախմբման սկզբունքների և, ընդհանրապես, «լավ կառավարման» հաստատման ուղղությամբ:

Ի սկզբանե գծային զարգացում ենթադրող ժողովրդավարական անցման գործընթացում գտնվող հասարակություններում ստեղծվել է քաղաքական վարչակարգերի, իշխանության բաշխման և վերարտադրման կառույցների չափազանց լայն տարրապատկեր, ձևավորվել են տարբեր քաղաքական համակարգեր: Ռուս քաղաքագետ Բ.Կապուստինը, տեսաբանորեն քննարկելով հետկոմունիստական առաջին տասնամյակի փորձը, նշում է, որ որոշ երկրներում ավարտվում է ազատական ժողովրդավարությունների համախմբումը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտներն ու փորձառությունը, մյուսներում` այդպիսի ինստիտուտներն ու պրակտիկաները զուգակցվում են ոչ ժողովրդավարական, ավտորիտար, կամ էլ պաշտոնական (ձևական) ժողովրդավարական ընթացակարգերի հետ և օգտագործվում են որպես քող, որի հետևում թաքնված են ինքնիշխանական (ավտոկրատական) կառավարման նոր տարատեսակները: Այս դրույթն առավել հանգամանալից վերլուծելով՝ քաղաքագետ Ա.Մելվիլը նշում է, «որ տարբերություններն այնքան մեծ ու աննախադեպ են, որ ժամանակակից քաղաքագիտական մտքի առջև ծառանում է քաղաքական փոփոխությունների և քաղաքական զարգացման մասին ձևավորված պատկերացումների հայեցակարգային նորացման խնդիրը` հետկոմունիստական կերպափոխումների տարամետ բնույթի հաշվառմամբ» [1, с. 64]: Արտահայտված հայեցակարգային կարծիքը ելակետ ընդունելով՝ կփորձենք ուսումնասիրել ժողովրդավարական անցման գործընթացի առանձնահատկությունները, որոնք հանգեցրել են պատվիրակված, ոչ ազատական, ոչ լրիվ, արատավոր, ընտրական, ավտորիտար ժողովրդավարություններ հասկացությունների դիտարկմանը [2-8]: Ավելին, ընդդիմանալով ավտորիտարիզմի և ժողովրդավարության «սև-սպիտակ» հակադրմանը՝ Օ’Դոնելը խոսում է աշխարհի քաղաքական քարտեզի վրա «ոչ լրիվ ժողովրդավարությունների» կողմից ձևավորվող «մոխրագույն գոտու» առկայության մասին [4, p. 4]: Դրա մեջ մտնող երկրները, ըստ Հանթինգտոնի, «ժողովրդավարություն – ոչ ժողովրդավարություն» սանդղակի վրա տեղ են զբաղեցնում «Դանիայի և Չինաստանի միջև ընկած միջակայքում» [9, p. 10]: Հետխորհրդային տարածքում ժողովրդավարական անցման գործընթացում ստացված արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ քաղաքական զարգացման գլխավոր միտումների մասին գծային, վեկտորային պատկերացումը վերանայման կարիք ունի: Ներկայացվող հոդվածում քննարկվում է անցումային հասարակությունների ժողովրդավարացման բազմաչափությունը:

Գծային զարգացման նպատակաբանական գայթակղությունը

20-րդ դարի վերջին քառորդը ընդունված է դիտարկել որպես գլոբալ ժողովրդավարացման դարաշրջանի սկիզբ, որն ընկալվում է որպես ազատական ժողովրդավարական արժեքների համաշխարհային հաղթարշավ: Ավելին, գտնվելով սոցիալիզմի համաշխարհային համակարգի փլուզման տպավորության տակ՝ Ֆ.Ֆուկույաման ձևակերպեց «պատմության ավարտի» մասին իր հանրահայտ դրույթը, ապացուցելով, որ արևմտյան ազատական արժեքներն անշրջելիորեն հաղթեցին քաղաքական և տնտեսական կառուցվածքի մասին մրցակցող պատկերացումներին: Ըստ Ֆուկույամայի, 20-րդ դարի վերջին ազատական ժողովրդավարությանն ու կապիտալիզմին այլևս այլընտրանք չմնաց [10]: Եվ իսկապես, այդ տարիներն անցան իրենց «նոր ժողովրդավարություններ» հռչակած մի շարք երկրներում նախկինում անսասան թվացող ավտորիտար և հետամբողջատիրական վարչակարգերի փլուզման և ժողովրդավարական ինստիտուտների ու փորձառության աստիճանական կայացման լույսի ներքո: Այդ ժամանակաշրջանում շատերը համոզված էին, որ գլոբալ ժողովրդավարացման «երրորդ ալիքի» հայեցակարգը կարող է ապահովել ժողովրդավարական անցման գործընթացների արդյունավետությունը:

Ժողովրդավարացման «երրորդ ալիքը» մեկնարկել է 1970-ականների կեսերին, Հարավային Եվրոպայում, որի արդյունքում տապալվեցին ռազմական դիկտատուրաները Պորտուգալիայում, Իսպանիայում և Հունաստանում: Դրանց օրինակով էլ այն տարածվեց դեպի Լատինական Ամերիկա, հասավ Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ և, վերջապես, ԽՍՀՄ-ում վերակառուցման փորձերի ազդեցության տակ, ընդգրկեց Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները և ողջ հետխորհրդային տարածքը: Տեսաբաններն ակնկալում էին, որ, ի տարբերություն առաջին երկու «ալիքների» (1828-1926թթ. և 1943-1964թթ.), որոնք ավարտվում էին դիկտատուրաների և ավտոկրատիաների քաղաքական տարածության մասնակի վերականգնմամբ, «երրորդ ալիքը» կարող է խուսափել պահպանողական «հետնահանջից» [7]: Նույնիսկ ի հայտ եկան կանխատեսումներ մոտեցող «չորրորդ ալիքի» վերաբերյալ, որն ընդգրկելով Չինաստանում, իսլամական աշխարհում, արաբական և սև Աֆրիկայում պահպանված ավտոկրատական անկլավները՝ կապահովի ազատական ժողովրդավարության արժեքների բացարձակ հաղթարշավն աշխարհում [11]:

Ըստ էության, վերլուծելով աշխարհում քաղաքական զարգացման միտումները, շատ հետազոտողներ, ըստ ռուս քաղաքագետ Ա.Պանարինի, տրվելով գայթակղությանը, իրենց աշխատություններում ժամանակակից քաղաքական կերպափոխումների միասնական գծային վեկտորը դարձրին առանցքային` ընդունելով ավտորիտարիզմի այս կամ այն տարատեսակի փլուզումից դեպի ազատական տիպի համախմբված ժողովրդավարության աստիճանական կառուցման անխուսափելիությունը [12, с.7]:

Որպես գծային, վեկտորային ընկալվող՝ համաշխարհային քաղաքական զարգացումը մեկնաբանվում էր ժողովրդավարացման փուլերի հարացույցի ներքո, որի համաձայն՝ բոլոր «անցումային» երկրները պետք է ունենան անցման միասնական կերպ. ավտորիտարիզմի քայքայում և փլուզում, վարչակարգային ազատականացում, ինստիտուցիոնալ ժողովրդավարացում, ոչ համախմբված ժողովրդավարության փուլ և, վերջապես, ժողովրդավարական համախմբում: Ու թեև համարվում էր, որ դեպի համախմբված ազատական ժողովրդավարություն ընթանալու արագությունը կախված է ներքին և արտաքին հանգամանքներից, սակայն ինքը` շարժի վեկտորը, միանգամայն որոշված էր թվում: Ավելին, որոշակի ժողովրդավարական անցման առանձին փուլերի գնահատման ընդհանրացված չափանիշից ազատական տիպի ժողովրդավարության համախմբումը վերածվում էր իրական «նշանակման կետի», որին վաղ թե ուշ կհասնեն բոլոր «անցումային» պոլիտիաները: Ժողովրդավարական համախմբման մոդելը կոչված է «անորոշությունից դուրս գալու» տեսամեթոդաբանական հիմնավորում ծառայել գծային անցման հարացույցի ներքո: Ըստ Ռ.Սակվայի, «անցման` որպես հայտնի մեկնարկային կետից դեպի նույնքան հայտնի վերջնական արդյունքը հասարակության զարգացման տրամաբանական փուլի հասկացությունը արմատավորված է այժմեականության հիմնարար փոխապատմվածքներում (մետանարատիվներում)` զարգացման գծային և համընդհանուր նմուշների (օրինակների) մասին պատկերացումներում, որոնց ենթակա են բոլոր հասարակությունները» [8, с.64]: Լ.Դայմոնդն այդպիսի մեթոդաբանական դիրքորոշումն անվանում է «նպատակաբանական գայթակղություն» [11]:

Ժողովրդավարական համախմբման բազմաչափությունը

Վերը նշված հայեցակետերը, մեր կարծիքով, կրում են ժամանակակից անցումագետների շրջանում լայնորեն տարածված` ժողովրդավարության մինիմալիստական-ընթացակարգային մեկնաբանման (համաձայն որի, ըստ Ա.Պշևորսկու, ժողովրդավարությունը «արդյունքների անորոշություն է ընթացակարգերի որոշակիության պայմաններում») եթե ոչ բացառումը, ապա գոնե սահմանափակումը: Ժողովրդավարության համախմբումը ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում «գոյատևում» են միայն ժողովրդավարական կառույցները, այսինքն՝ «ընթացակարգերի որոշակիությունը» բերում է նաև «արդյունքների անորոշության» զգալի նվազմանը` գործնականում բացառելով «ոչ ժողովրդավարական ելքերի» հնարավորությունը: Հենց դրանում է անցումագիտության մեջ տարածված՝ համախմբված ժողովրդավարություն հասկացության իմաստը, որը, փաստորեն, ընկալվում է որպես the only game in the town (միակ խաղը քաղաքում):

Ժողովրդավարական համախմբման մոդելը հետազոտողի առջև դնում է տեսամեթոդաբանական և քաղաքական կառավարման հարցերի մի ամբողջ շարք: Ե՞րբ է վերջանում բուն անցումը («ժողովրդավարության հաստատման» փուլը) և սկսվում համախմբումը: Ինչպիսի՞ն է փոխկապվածությունը, այսպես կոչված, «բացասական» համախմբման, այսինքն` ոչ համակարգային տարրերի և ուժերի անդրայնացման (մարգինալացման) և «դրական» համախմբման, այսինքն` ժողովրդավարական պոլիտիայի կառույցների կայունացման ու ժողովրդավարական արժեքների զանգվածային տարածման միջև: Ինչպիսի՞ ներքին և արտաքին գործոններ են ազդում ժողովրդավարությունների համախմբման վրա: Ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական ընտրանին ժողովրդավարական անցման պայմաններում: Ըստ մեզ, նմանօրինակ հարցերի ցանկը կարելի է շարունակել, սակայն, շատ դեպքերում, առանց սպառիչ և հիմնավոր պատասխանների:

Հետխորհրդային տարածքի «նոր ժողովրդավարությունների» առանձնահատկություններն ուսումնասիրող գրականության մեջ ժողովրդավարության համախմբումն ընկալվում է որպես յուրատեսակ «վերընթաց» գործընթաց` «նվազագույն», ընթացակարգային մակարդակից, երբ պաշտոնապես հաստատված են ժողովրդավարական ինստիտուտներն ու ընթացակարգերը, մինչև «առավելագույն»` կառուցվածքային և բազմագործոնային մակարդակը, որը ենթադրում է ժողովրդավարության հաստատում չափումների մի ողջ համալիրով` վարքաբանական ու արժեքայինից մինչև սոցիալ-տնտեսականն ու միջազգայինը [13]: Ընդունված է համարել, որ և՛ ժողովրդավարական համախմբման գործընթացը, և՛ դրա ելքը կախված են ներածին (էնդոգեն) և արտածին (էկզոգեն) գործոնների ամբողջությունից:

Առաջիններից են` «մինչավտորիտար» քաղաքական փորձի առկայությունը, փլուզվող կամ փլուզված ոչ ժողովրդավարական վարչակարգի տեսակն ու առանձնահատկությունները, ավտորիտար փլուզման պայմաններն ու հանգամանքները, անցման ընթացքում առանցքային քաղաքական դերակատարների ընտրած ռազմավարությունները և այլն: Երկրորդ խմբին են դասվում` արտաքին միջավայրը, հիմնական միջազգային կառույցներին ու ինստիտուտներին ներգրավվածության աստիճանը, միջազգային քաղաքական, տնտեսական և այլ աջակցության ծավալները և այլն: Միևնույն ժամանակ, որոշ հեղինակներ մատնանշում են ժողովրդավարական համախմբման այնպիսի կառուցվածքային նախադրյալների դերը, ինչպիսիք են «քաղաքացիական» քաղաքական մշակույթը և քաղաքացիական հասարակությունը, սոցիալ-տնտեսական զարգացման բավականին բարձր մակարդակը` չափավոր սղաճի և նվազող ունեցվածքային անհավասարության զուգակցությամբ, ինչպես նաև միասնական հասարակական պաշարների` տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մտավոր, շատ թե քիչ համաչափ բաշխումը [14; 15]:

Համաձայն Խ.Լինցի և Ա.Ստեփանի հայեցակարգի, ժողովրդավարական համախմբումը ենթադրում է հիմնարար վերափոխումների անցկացում առնվազն երեք մակարդակներում` վարքաբանական, արժեքային և սահմանադրական: Նրանց կարծիքով, դրան հասնելու մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ` 1) պոլիտիայում չեն մնացել որևէ ազդեցիկ քաղաքական խմբեր, որոնք ձգտում են խարխլել ժողովրդավարական վարչակարգը կամ հետնահանջ իրականացնել, 2) ժողովրդավարական ընթացակարգերն ու ինստիտուտները հասարակության կողմից ընդունվում են որպես սոցիալական կյանքի կարգավորման առավել ընդունելի մեխանիզմներ և 3) քաղաքական դերակատարներն «ընտելանում» են նրան, որ բոլոր հասարակական բախումները կարգավորվում են նոր ժողովրդավարական գործընթացի վավերացրած օրենքներին, ընթացակարգերին ու ինստիտուտներին համապատասխան [16]: Զարգացնելով փաստարկման այս գիծը՝ Վ.Մերկելը նկարագրած գծապատկերին ավելացնում է ևս մի մակարդակ` քաղաքական ներկայացուցչության, այսինքն` ինտեգրված կուսակցական համակարգի և փոխգործակցող շահային խմբերի առկայություն, և ընդգծում է արտաքին գործոնների` միջազգային միջավայրի, միջազգային տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրման դերը [13]:

Հանրագումարենք: Փաստորեն, ժողովրդավարական համախմբման պայմանների մասին առաջարկվող «անցում – համախմբում» մոդելը հիմնված է քաղաքական զարգացման մասին գծային կամ փուլային պատկերացումների վրա: Ըստ էության, ենթադրվում է, որ ժողովրդավարությունը շարժվում է տրված ուղղությամբ՝ կարծես թե լրացնելով ինքն իրեն մի փուլից մյուսին անցման գծային գործընթացում: Ենթադրվում է, որ անցումային փուլում գտնվող նոր ժողովրդավարություններն ուսումնասիրելիս, մենք պետք է միաժամանակ դիտարկենք սոցիետալ մեկնակետը, ներկա իրավիճակը և ժողովրդավարացման գործընթացի ուղղությունը: Բնականաբար, մեթոդաբանական տեսանկյունից, որպես աստիճանաբար զարգացող, հատվածներից և մասերից «կառուցվող» ժողովրդավարության հասունացման ու ձևավորման «զարգացումային» («դևելոպմենտալիստական») մեկնաբանումը որոշակի խաղային իմաստ ունի: Սակայն անհասկանալի է մնում՝ արդյո՞ք միշտ ժողովրդավարական զարգացումը կընթանա մի ուղղությամբ, ինչպիսի՞ն են նրա ժամանակային, տարածական, քաղաքակրթական և այլ սահմաններն ու պաշարները, պարտադի՞ր են արդյոք զարգացման դանդաղեցումները, բնաշրջումը «ոչ ժողովրդավարությունների» նոր ձևերին և նույնիսկ «հետնահանջը» դեպի ավտորիտարիզմ պետք է վաղ թե ուշ լրացվեն ժողովրդավարական անցման նոր փուլով:

Մեր կարծիքով, նման հարցադրումներ կարելի է կատարել, քանի որ անցումագետները փորձում են պարզեցված ձևով մեկնաբանել «անցումի հարացույցը»: Ինչպես նշում է Տ.Կարոզերսը, այդ «հարացույցի» հիմքում ընկած են հետևյալ դրույթները. 1) դիկտատորական կառավարումը թոթափած երկիրը դեպի ժողովրդավարություն է շարժվում, 2) ժողովրդավարացումը ենթադրում է նոր վարչակարգի համախմբմանը տանող հաջորդական փուլերի ամբողջություն, 3) ժողովրդավարական անցման առանցքային տարրն ընտրություններն են, 4) «կառուցվածքային» բնորոշիչները (տնտեսական զարգացման մակարդակ, քաղաքական պատմություն, ժառանգված ինստիտուտներ, էթնիկ կազմ, սոցիոմշակութային ավանդույթներ և այլն) ավելի քիչ են ազդում անցման ելքին, քան «ընթացակարգայինները», այսինքն` քաղաքական դերակատարների գործողությունները, 5) ժողովրդավարացումն իրականացվում է գործունակ պետությունների շրջանակներում [17]: Ընդունելով, որ «անցումային երկրների» մեծ մասը ո՛չ բացահայտ դիկտատուրական է, ո՛չ էլ` անվերապահորեն դեպի ժողովրդավարությունը շարժվող (նրանք մտել են «քաղաքական մոխրագույն գոտի»), Կարոզերսը նշում է, որ դրանք «ունեն քաղաքական կյանքի ժողովրդավարացման որոշ հատկանիշներ, ներառյալ առնվազն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և անկախ քաղաքացիական հասարակության համար սահմանափակ քաղաքական տարածության առկայությունը, ինչպես նաև կանոնավոր ընտրություններն ու ժողովրդավարական սահմանադրությունները: Բայց դրա հետ մեկտեղ նրանց համար բնորոշ են քաղաքացիների շահերի թույլ ներկայացուցչությունը, քվեարկության սահմաններից չանցնող քաղաքական մասնակցության ցածր մակարդակը, պետության պաշտոնատար անձանց կողմից օրենքների հաճախակի խախտումները, ընտրությունների կասկածելի լեգիտիմությունը, պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության գրեթե լիովին բացակայությունը և պետության կայուն ցածր ինստիտուցիոնալ արդյունավետությունը» [17, с. 48-49]:

Նկատի ունենալով քաղաքական զարգացման ճգնաժամերի առկայությունն անցումային հասարակություններում՝ մեթոդաբանական առումով ճիշտ չի լինի «ժողովրդավարացման երրորդ ալիքի» նշանի տակ սկսված քաղաքական կերպափոխումների ողջ բովանդակությունը հանգեցնել «անցման հարացույցին»: Ինչպես նշում է Մելվիլը, «անցումագիտությունը որպես համեմատական քաղաքագիտության ենթաճյուղ, որն ուսումնասիրում է այժմեականության բազմազան և տարամետ քաղաքական կերպափոխումների օրինաչափությունները, նպատակ չի հետապնդում ժողովրդավարացման համընդունելի ու համապարփակ մատրիցի կառուցումը: Այդ ենթագիտաճյուղի համար կենտրոնական` «անցում» հասկացությունը միավորում է նախկին, ոչ ժողովրդավարական կացությունից դեպի այլ՝ ցանկացած ձևի և բովանդակության անցման գործընթացները» [1, с. 67]: Համաձայնելով Մելվիլի հետ՝ նշենք, որ անցումագիտության զարգացման վերջին քսանից ավելի տարիների ընթացքում որպես «անցման» վերջնական նպատակ է հռչակված ժողովրդավարական կառուցվածքի այս կամ այն տարատեսակը, մինչդեռ իրականում ակնկալվող արդյունքը մնում է անհասանելի: Այնուհանդերձ, անցումագիտության նպատակաբանության ակնկալիք արդյունքների հակասականությունը, մեր կարծիքով, ամենևին էլ ժամանակակից քաղաքական կերպափոխությունների համեմատական հետազոտությունների «մերկ մերժում» չի նշանակում: «Անցման հարացույցի վերջը» նույնական չէ «անցումագիտության վերջին»: Իսկապես, կարելի է անցումագիտության առարկայական ոլորտը նեղացնել մինչև գծային «անցումագիտական մատրից»: Բայց դա կնշանակի անտեսել անցումագիտության մեջ առկա որոշ սխալական դրույթների հաղթահարման հնարավորությունը, վարկածների և բացատրական մոդելների ինքնազարգացման միտումները՝ հաշվի չառնելով անցումային հասարակությունների կերպափոխման գործընթացի առանձնահատկությունները:

Ավելին, ժողովրդավարացման գործընթացների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաջողակ երկրները (հատկապես հարավեվրոպական և լատինաամերիկյան) ենթարկվել են քաղաքական զարգացման որոշակի ներքին տրամաբանության: Այսպես, դասական տիպի ավտորիտար վարչակարգերի ժողովրդավարացման ընթացքում բարեփոխումների նախաձեռնությունը սովորաբար եկել է վերևից, այսինքն՝ բարեփոխականների և պահպանողականների տրոհված քաղաքական ընտրանուց: Նմանատիպ քաղաքական զարգացումներ տեղի ունեցան ԽՍՀՄ-ում 1980-ականների վերջի վերակառուցման բարեփոխումների սկզբում: Սակայն ազատականացումը միշտ չէ, որ սկսվել է վարչակարգի «հրահանգով». երբեմն դրա խթան է հանդիսացել զանգվածների ճնշումը ներքևից: Մասնավորապես, դա արտահայտվեց ազգամիջյան բախումներով, սոցիալական ելույթներով, բնապահպանական շարժումներով և այլն: Հիշենք նաև, որ հետկոմունիստական շատ երկրներում բարեփոխիչ առաջնորդները հին քաղաքական վերնախավին չէին պատկանում` ինչպես, օրինակ, Լ.Վալենսան, Վ.Հավելը, Վ.Լանդսբերգիսը, Լ.Տեր-Պետրոսյանը, Զ.Գամսախուրդիան: Ընդ որում, բարեփոխումներն սկսվում էին ոչ թե ժողովրդավարացումից որպես այդպիսին, այլ վարչակարգի նախնական ազատականացումից, նրա յուրատեսակ «ապասեղմումից» («դեկոմպրեսիայից»): Ինչպես նշում է Ա.Ստեփանը, «ավտորիտար պայմաններում «ազատականացումը» ներառում է քաղաքական և սոցիալական փոփոխությունների ամբողջությունը, ինչպիսիք են ԶԼՄ-ի գրաքննության թուլացումը, քիչ ավելի մեծ տարածքը աշխատանքային կազմակերպությունների համար, որոշ անհատական իրավաբանական երաշխիքների (Habeas corpus տիպի) վերականգնումը, քաղաքական բանտարկյալների ազատումը, քաղաքական փախստականների վերադարձը… և, ամենակարևորը, հանդուրժողականությունը քաղաքական ընդդիմության նկատմամբ: «Ժողովրդավարացումը» ենթադրում է ազատականացում, բայց ավելի լայն և յուրահատուկ քաղաքական հասկացություն է: Ժողովրդավարացումը նշանակում է բաց մրցակցություն կառավարությունը վերահսկելու համար, ինչն իր հերթին ենթադրում է ազատ ընտրություններ, որոնց արդյունքում որոշվում է կառավարության կազմը: Ազատականացումը շոշափում է հիմնականում պետության և քաղաքացիական հասարակության միջև փոխհարաբերությունները, իսկ ժողովրդավարացումը` պետության և քաղաքական հասարակության միջև փոխհարաբերությունները… Ազատականացումը միշտ չէ, որ ուղեկցվում է ժողովրդավարացմամբ» [18]:

Փորձելով դիմակայել համակարգի ներսի պահպանողական ուժերին՝ կենտրոնամետ բարեփոխականները (կրկին Հարավային Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և ԽՍՀՄ-ում) հաճախ դիմում էին քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր շարժումների աջակցությանը և, փորձելով պահպանել հավասարակշռությունը վարչակարգը պահպանողների ու դրա արմատական հակառակորդների միջև, որոշակի ժամանակի ընթացքում «չափավորված» բարեփոխումների քաղաքականություն էին անցկացնում: Բայց նրանց հաստատած արմատական ընդդիմության` որպես քաղաքական գործընթացի նոր լեգիտիմ մասնակցի օրինականացումը բերեց պահպանողականների հակահամախմբմանը՝ հանգեցնելով քաղաքական լարվածության աճին և բախումների սրմանը:

Հաջող ժողովրդավարացումը ենթադրում է ոչ թե հակամարտող քաղաքական ուժերից մեկի հաղթանակ, այլ յուրօրինակ պակտ (օր.՝ Մոնկլոայի պակտը Իսպանիայում () կամ պակտերի շարքի ձևակերպում, որոնք սահմանում են ժողովրդավարացման հետագա փուլերի «խաղի կանոնները» և որոշակի երաշխիքներ տրամադրում «պարտվածներին» (Ֆրանկոյի բռնապետական վարչակարգի անկումից հետո պահպանողականների և զինվորականների դիրքերը դեռ բավականին ամուր էին: Սակայն իր նշանակումից երեք ամիս անց վարչապետ Ա.Սուարեսը (որը մինչ այդ ծայրահեղ հետադիմականի համբավ ուներ) քաղաքական բարեփոխման մասին օրենք անցկացրեց : Օրինականացվեցին սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները, արհմիությունները, գործադուլի իրավունք մտցվեց: 1977թ. հունիսին անցկացվեցին ազատ ընտրություններ: Սուարեսի «Ժողովրդավարական կենտրոնի միություն» կուսակցությունը բոլոր կուսակցություններին առաջարկեց ստորագրել համատեղ գործողությունների մասին համաձայնագիր՝ Մոնկլոայի հռչակավոր պակտը , որը սոցիալական փոխհամաձայնության հիման վրա սուր տնտեսական հիմնախնդիրների լուծման օրինակ դարձավ [19, с.13]): Պակտի լեգիտիմացումը և դրա հետագա զարգացումը թույլ է տալիս անցնել ժողովրդավարացման առանցքային պահերից մեկին` նոր իշխանության ազատ և մրցակցային (այսպես կոչված «սահմանադիր») ընտրությունների անցկացմանը: Հաղթանակն այդ ընտրություններում, որպես կանոն, բաժին է ընկնում ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներն սկսող կենտրոնամետ քաղաքական գործիչներին, այլ արմատական ընդդիմության ներկայացուցիչներին:

Բայց վերջիններիս «հաղթանակը» կարճատև է լինում, հատկապես երբ նոր, ժողովրդականորեն ընտրված իշխանությունն ստիպված է լինում արմատական տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Այդ բարեփոխումների արդյունքներով զանգվածային դժգոհության պայմաններում հաջորդ ընտրություններին («հիասթափության ընտրություններ») գերակշռությունը հայտնվում է արդեն ոչ թե արմատականների, այլ կենտրոնամետների` հին համակարգից դուրս եկածների կողմը: Ժողովրդավարական ընթացակարգերի ինստիտուցիոնալացումը և քաղաքական իշխանության օրինական ու լեգիտիմ հերթափոխումը անհրաժեշտ հիմքեր են դնում ժողովրդավարության հնարավոր (բայց ոչ թե պարտադիր, այլ, ընդհակառակը` հազվադեպ տեղի ունեցող) համախմբման համար: Ժողովրդավարական համախմբման հաջողության դեպքում նոր քաղաքական իրողությունն ամրագրվում է նախորդ քաղաքական և այլ ավանդույթների հետ` ամեն երկրի համար յուրահատուկ համաձուլվածքում:

Անցումագիտությունից դեպի համախմբագիտություն

Բնականաբար, հարց է առաջանում՝ որքանո՞վ է արդյունավետ վերը նկարագրված մոդելի կիրառումը հետխորհրդային տարածքի կերպափոխությունների համար: Ըստ մեզ, այս հարցի պատասխանով է մեծապես պայմանավորված հետխորհրդային տարածքներում ժողովրդավարացման գործընթացներում տեղի ունեցող կերպափոխությունների համեմատական հետազոտությունների հետագա ուղղությունը:

Եվ այսպես, որքանո՞վ է իրատես սոցիալիզմի համաշխարհային համակարգի փլուզումը և կերպափոխությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում և նախկին խորհրդային հանրապետություններում դիտարկել որպես ժողովրդավարացման միասնական գլոբալ գործընթացի օղակներ, «երրորդ ալիքի» մասնավոր արտահայտումներ: Գուցե, հետկոմունիզմի յուրահատկությունը (նախնական պայմանների, խնդիրների, քաղաքական դերակատարների առումով) այնքան ցայտուն է, որ դրա համեմատումը Հարավային Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ժողովրդավարությունների հետ նպատակահարմար չէ:

Ինչպես ցույց է տալիս Մ.Մաքֆոլի կատարած վերլուծությունը, հետխորհրդային կերպափոխությունների դեպքում չեն գործում անցումագիտական պայմանական մոդելի առնվազն երկու հիմնական դրույթները` 1) պատկերացումն այն մասին, որ պահպանողական և բարեփոխական ուժերի մոտավոր հավասարակշռության հետևանքով առաջացող քաղաքական փակուղուց ելք է հանդիսանում հաջող ժողովրդավարացման համար հիմքեր ստեղծող պակտը, և 2) ընտրանիների փոխզիջման արդյունքում «վերևից» ժողովրդավարության փաթաթման գաղափարը: Ինչպես նշում է Մաքֆոլը, «հետխորհրդային երկրների համար առավել բնորոշ է ոչ թե պակտի, այլ հակասության ուժային լուծման տարբերակը, ընդ որում՝ առաջացող վարչակարգի տեսակը մեծապես որոշվում է նրանով, թե որտեղից է գալիս քաղաքական վերափոխումների ազդակը: Եթե քաղաքական հակամարտությունում գերակշռություն են ստանում «ներքևից» աջակցությանը հենվող և ավանդական վերնախավից «դուրս» գործող արմատական բարեփոխիչները, ապա հեռանկարներ են բացվում իրական ժողովրդավարացման համար: Եթե ուժը հին վարչակարգի (ancien regime) «դիմակավորված» («միմիկրավորված») ներկայացուցիչների կողմն է, որոնք վերևից խաղի նոր կանոններ են փաթաթում, արդյունքում ավտորիտար վարչակարգի նոր վարկած է հաստատվում: Վերջապես, եթե հաղթողը որոշվում է միայն ուժերի հավասարակշռության բավականին երկար ժամանակաշրջանից հետո, առաջանում են «խառնածին» վարչակարգերի այս կամ այն տարատեսակներ («կիսաժողովրդավարություններ-կիսադիկտատուրաներ»)» [13]: Մաքֆոլի հաշվարկներով, ընդդիմության գերակշռությունը ինը դեպքում (Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա) նպաստեց «ժողովրդավարությունների» և երեք դեպքում (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան)` «մասնակի ժողովրդավարությունների» առաջացմանը: Ուժերի հավասարակշռության իրավիճակը մի դեպքում առաջացրեց «դիկտատուրա» (Տաջիկստան), վեցում (Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, Ալբանիա, Ադրբեջան, Մակեդոնիա)` «մասնակի ժողովրդավարություններ» և երկուսում (Բուլղարիա, Մոնղոլիա)` «ժողովրդավարություններ»: Հին վարչակարգի գերակայությունը հինգ դեպքում (Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) բերեց «դիկտատուրայի» հաստատմանը և միայն երկու դեպքում` «մասնակի» (Սերբիա) կամ «լիարժեք» (Ռումինիա) «ժողովրդավարության» [13]: Նման եզրահանգումների է եկել Վ.Գելմանը` Ռուսաստանում տարածաշրջանային քաղաքական վարչակարգերի կայացումը վերլուծելիս: Նրա եզրահանգմամբ, վարչակարգի ելքը որոշվում է, առաջին հերթին, առանցքային դերակատարների հստակ քաղաքական ռազմավարություններով` «բոլորի պատերազմ բոլորի դեմ», «հաղթողը ստանում է ամեն ինչ», «էլիտաների հանրություն» և «պատերազմ համաձայն կանոնների» [20]:

Ակնհայտ է, որ անցումային հասարակությունների կերպափոխման գործընթացները, ուղեկցվելով քաղաքական և տնտեսական ոլորտների միաժամանակյա ձևափոխմամբ, ազգային-պետական նույնության ձեռքբերման անհրաժեշտությամբ, ազգայնականության ալեցայտերով, քաղաքացիական հասարակության բացակայությամբ (կամ անկերպությամբ) չեն կարող նույնականացվել ժողովրդավարացման հետ: Անցումային հասարակությունների կերպափոխման փորձը վկայում է վերջին երեք տասնամյակների քաղաքական կերպափոխությունների հետագծերի ամբողջությունը ինչ-որ մի համապարփակ «անցումագիտական հարացույցի» մեջ դասավորելու փորձերի անհամապատասխանությունը: Այդ տարիների հաջող և անհաջող անցումների իրական բազմազանության մեջ առկա էին և՛ անցումներ ազատականացումից դեպի պակտ ու ժողովրդավարացում` հետագա առաջխաղացմամբ դեպի ժողովրդավարական համախմբումը, և՛ բարեփոխականորեն տրամադրված ընտրանու խմբերի կողմից իրականացվող բարեփոխումներ, և՛ վերևից ժողովրդավարացման փաթաթման (ներմուծման) դեպքեր, և՛ դիկտատուրայի դեմ զանգվածային ընդվզումներ: Վերջապես, մենք գործ ունենք ոչ միայն իրենց էությամբ տարբեր գործընթացների, այլև քաղաքական կերպափոխությունների արդյունքների լայն տարրապատկերի հետ` ազատական ժողովրդավարությունների համախմբումից մինչև նոր ավտորիտարիզմի լիովին կայացած տարատեսակները` միջանկյալ տարբերակներով` դեպի ժողովրդավարական համախմբում հակասական, բայց շատ թե քիչ կայուն շարժումների և լճացած «խառնածին» վիճակների տեսքով: Այս ամենը, մեծապես կարևորվելով ժամանակակից անցումագիտության կողմից, հիմք է դարձել մի նոր գիտաճյուղի՝ համախմբագիտության (կոնսոլիդոլոգիայի) առաջացման համար [21]: Ենթադրվում է, որ ժողովրդավարան արժեքները պետք է համախմբեն մարդկությանը, սակայն չի բացառվում դեպի համախմբված ժողովրդավարություն անցնելու յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունը՝ ազգային արժեքների քաղաքական էության հաշվառմամբ:

Այս գիտաճյուղը օգնում է զարգացման նոր հարացույց ձևավորել, որը թույլ կտա ժամանակակից աշխարհում «ժողովրդավարացման» նշանի տակ ընթացող քաղաքական կերպափոխությունների որոշակի հետագծերի համեմատական վերլուծություն կատարել: Մեթոդաբանական տեսանկյունից, ավտորիտարիզմից դեպի կառավարման այլ (ավելի ժողովրդավարական կամ, հակառակը, ավտոկրատական) ձևերը շարժվելու տարբերակների համեմատությունը ամենևին էլ չի ենթադրում քաղաքական փոփոխությունների համապարփակ և համակիրառելի հարացույցի կառուցում:

Գիտական նպատակը հետևյալն է` հասարակական գործընթացների որոշակի դասակարգում որոշել առանձին փուլերի կապը և հաջորդականությունը: Հանրագումարենք: Անցումագիտության և, մասնավորապես, համախմբագիտության իմացական և ճանաչողական ներուժը հենց իրական քաղաքական կերպափոխությունների բազմազանությունում ընդհանուրի և հատուկի հայտնաբերման մեջ է: Նման մոտեցումը թույլ է տալիս, մասնավորապես, բացահայտել դեպի ժողովրդավարություն արդյունավետ անցումներին բնորոշ օրինաչափությունները:

Անցումային հասարակությունների կերպափոխումների փորձը վկայում է, որ ինստիտուցիոնալ կայունացումը և վարչակարգային համախմբումը ինքնին դեռ չեն հանգեցնում ազատական ժողովրդավարության համախմբմանը: Ավելին, անցումային հասարակությունների գերակշռող մեծամասնությունում դրանք, նախևառաջ, նշանակում են ձևավորված իշխանական հարաբերությունների և իշխանության գործառնման ու բաշխման համակարգի կայուն վերարտադրությունն ապահովող առկա իշխանական վարչակարգի կայունացում: Դա, իր հերթին, ենթադրում է ընդդիմության` որպես ինչ-որ չափով ազդեցիկ քաղաքական դերակատարի հեռացումը, ինչպես նաև գոյություն ունեցող վարչակարգի լեգիտիմացման մեխանիզմների ստեղծումն ու աջակցումը, որոնք (հաշվի առնելով իշխանության մոտ առկա վարչական և այլ ռեսուրսները) նվազագույնի են հասցնում (Պշևորսկու բանաձևին հակառակ) ձևական ժողովրդավարական ընթացակարգերի իրագործման արդյունքների անորոշությունը: Միաժամանակ նման վարչակարգերին, որպես կանոն, բնորոշ է հարաբերականորեն թույլ ինստիտուցիոնալացումը. ընթացակարգերը կամ խախտվում են, կամ էլ քողի դեր են խաղում «իրական» չինստիտուցիոնալացված իշխանական հարաբերությունների համար: Մեր կարծիքով, հենց նման իրավիճակը հաշվի առնելով, քաղաքագետներ Վ.Մերկելը և Ա.Կրուասանը, վերլուծելով ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտները անցումային հասարակություններում, հիմնավորել են «արատավոր ժողովրդավարության» դրույթը [6]:

Վերը նշված դիտարկումները ստիպում են խորհել, թե արդյոք մենք իրավացի ենք, երբ դատում ենք հետխորհրդային տարածքում տեղի ունեցող կերպափոխությունների հետագծերի մասին «անցումայնության» տերմիններով: Մեր հարցադրմանը նմանատիպ մոտեցում ցուցաբերելով՝ ռուս քաղաքագետ Մելվիլը հարցնում է. «Ո՞ւր են, ասենք, այսօր «անցնում» Թուրքմենստանը և Բելառուսը, Տաջիկստանը և Ղազախստանը կամ էլ հենց Ռուսաստանը», և ինքն էլ շարունակում է. «Ակնհայտ է, որ նրանք արդեն «անցել» են այնտեղ, ուր տվյալ պայմաններում և որոշակի հանգամանքները հաշվի առնելով կարող էին «անցնել» (Պատահական չէ, որ վերլուծական բառապաշարում հասկացությունների մի ամբողջ հավաքածու է հայտնվել, որոնք փորձում են արտացոլել Ռուսաստանի ներկայիս քաղաքական վարչակարգի ոչ թե «անցումային», այլ «կանգ առած» բնույթը` «կառավարելի հոգնականություն» (Հ.Բալզեր), «ընտրազանգվածային» (Ա.Շեդլեր), «մրցակցային » (Դ.Կոլյեր և Ս.Լևիտսկի) և «բյուրոկրատական» (Լ.Շևցովա) ավտորիտարիզմ, «մենակենտրոնություն» ( Ի.Բունին) և այլն:): Կառավարման համակարգն այդ երկրներում արդեն լիովին կառուցված է (թեև մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ) և բավականին կայուն ինքնավերարտադրություն է ապահովում: Ընդդիմությունը եթե վերացված չէ, ապա որպես ազդեցիկ քաղաքական դերակատար հանդես չի գալիս: Քաղաքացիական հասարակությունը թերզարգացած է, իսկ իրավունքը գործառնական է հենց վարչակարգի նկատմամբ: Ժողովրդավարական ընթացակարգերի, ամենից առաջ՝ ընտրական, օգտագործման արդյունքների անորոշությունը հասցված է նվազագույնի: Ընդ որում՝ դա ամենևին էլ բարեփոխումների ավարտ ու դադարեցում չի նշանակում: Ընդհակառակը, այս կամ այն ներհամակարգային բարեփոխումները շարունակվում են, սակայն սկզբունքորեն սահմանափակված են վարչակարգի շահերի շրջանակներով» [1, с.70]:

Փաստորեն, մենք գործ ունենք ոչ թե «անցումային», այլ միանգամայն համախմբված նոր տեսակի վարչակարգերի հետ, որոնք, ի տարբերություն Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների «ձգված ժողովրդավարացման» տրամաբանության, քաղաքական զարգացման այլ վեկտոր են ենթադրում, քան ընդունված էր գծային «անցումագիտական հարացույցի» ներքո: Ուստի, մեթոդաբանական տեսանկյունից, արդյունավետ է ոչ թե մշակել հետխորհրդային երկրների հետագա «ժողովրդավարական անցման» հնարավորությունները, այլ վերլուծել (նաև ուսումնասիրել) արդեն տեղի ունեցած վարչակարգային փոփոխությունների առանձնահատկությունները: Մեր կարծիքը հիմնավորելու համար նշենք, որ մոտավորապես դրա մասին են խոսում Ս.Լևիտսկին և Լ.Ուեյը, երբ առաջարկում են «դադարել նման դեպքերի մասին մտածել ժողովրդավարական անցման տերմիններով և սկսել խորհել հատուկ վարչակարգային տեսակների մասին, ինչպիսիք նրանք հանդիսանում են» [16, p.51]: Մ.Օթաուեյը տվյալ վարչակարգային ձևերը որակում է որպես «կիսաավտորիտարիզմ», ընդգծելով, որ «կիսաավտորիտար վարչակարգերը ոչ թե չհաջողված ժողովրդավարություններն են կամ անցման փուլի ժողովրդավարությունները, այլ մանրակրկիտ ձևով կառուցված և պահպանվող այլընտրանքային համակարգերը» [4, p.7]:

Ակնհայտ է, որ իրադարձությունների նման շրջադարձը զգալի չափով պայմանավորված է հետխորհրդային երկրների ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ սահմանադրական դիզայնի թուլությամբ: Ինչպես վկայում է վերջին տասից ավելի տարիների փորձը, ձևական ժողովրդավարական ընթացակարգերի, նախևառաջ ընտրությունների հաստատումը ամենևին էլ չի կանխորոշում դրանց կողմից լեգիտիմացվող քաղաքական վարչակարգի բնույթը [22; 2]: Ավելին, ժողովրդավարական գործընթացները ամենևին էլ պայմանավորված չեն պաշտոնական ընտրական ընթացակարգերով: Ինչպես նշում է Լ.Դայմոնդը, «ժողովրդավարությունը ենթադրում է ավելին, քան պարզապես ընտրություններ, նույնիսկ եթե դրանք կանոնավոր, ազատ և ազնիվ են: Այն ենթադրում է, որ չկան ընտրազանգվածի առջև պատասխանատվություն չկրող զինվորական կամ այլ սոցիալական ու քաղաքական ուժերի համար իշխանության «արգելոցային տարածություններ», որ պաշտոնատար անձանց «հորիզոնական» պատասխանատվություն գոյություն ունի միմյանց նկատմամբ, որը սահմանափակում է գործադիր կառույցների իշխանությունը և պաշտպանում սահմանադրականությունը, օրենքի գերակայությունն ու խորհրդակցական ընթացակարգերը: Վերջապես, այն ենթադրում է պայմանների առկայություն` քաղաքական և քաղաքացիական հոգնականության, ինչպես նաև անհատական ու խմբային ազատությունների ապահովման համար, որպեսզի մրցակցող շահերը և արժեքները կարողանան արտահայտում գտնել և մրցակցել ոչ միայն պարբերական ընտրությունների ժամանակ… Այս ամենը դուրս է բերում ավելի բարձր չափանիշների և ավելի բարձր երևույթի, որը կարող է սահմանվել որպես «ազատական ժողովրդավարություն»` ոչ թե պետության և տնտեսության միջև փոխհարաբերությունների, այլ քաղաքական և քաղաքացիական ազատության որակի առումով» [23, p.16-17]: Եվ բանն այստեղ միայն այն չէ, որ պաշտոնապես ժողովրդավարական ինստիտուտների «ներսում» հաճախ «ոչ ժողովրդավարական խաղեր» են վարվում, բայցև նրանում, որ այդ պաշտոնական ինստիտուտները և արտաքնապես ժողովրդավարական ընթացակարգերը կարող են (և բավականին արդյունավետ) որպես «ծխածածկ» օգտագործվել ոչ ժողովրդավարական վարչակարգերի տարբեր տեսակների համար` կեսարական, սուլթանական, պոպուլիստական, պլեբիսցիտար, այդ թվում նաև դրանց «խառնածին» ձևերով [24, с. 224-247]:

«Երրորդ ալիքի» ժողովրդավարական անցումների փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարության ձևական հռչակումը, այսինքն՝ ժողովրդավարական ինստիտուտների և «ընտրական ժողովրդավարության» ընթացակարգերի հաստատումը չի կանխորոշում կերպափոխական գործընթացների ընդհանուր ելքը: Պաշտոնական ընտրական ընթացակարգերը հաճախ ոչ թե «ընտրական ժողովրդավարության»` որպես ժողովրդավարական համախմբման ճանապարհի միջանկյալ փուլի հիմնական բաղադրիչ են, ինչի մասին այդքան սիրում են խոսել «գլոբալ գերժողովրդավարացման» ջատագովները, այլ բոլորովին ուրիշ քաղաքական երևույթ` անցում ոչ ժողովրդավարական վարչակարգի մի տարատեսակից մյուսին [25, с. 11]:

Ընդհանրացնենք: Համաշխարհային քաղաքական իրականությունը հետավտորիտար զարգացման հետագծերի բավականին լայն տարրապատկեր է ցուցադրում, ներառյալ անցումները ոչ ժողովրդավարական վարչակարգերի մի տեսակներից մյուսներին, ինչպես նաև «խառնածինների» և «մուտանտների» առաջացումը, որոնք ոչ մի կերպ չեն ընդգրկվում ժողովրդավարության սովորական հասկացության մեջ: Հենց այդ պատճառով ժամանակակից գիտական և քաղաքական դատողություններում հայտնվում են, այսպես կոչված, «ածականներով ժողովրդավարությունները»` «պատվիրակված», «ավտորիտար», «ընտրական», «ոչ ազատական» և այլն: Հիմնավորելով իր կասկածները ինչպես «ժողովրդավարության», այնպես էլ «ավտորիտարիզմի» նկատմամբ նման տեսակի «ածականների» կիրառման օրինաչափականության վերաբերյալ՝ Հ.Բալզերը նշում է, որ դրանք «հայեցակարգային խառնաշփոթ են առաջացնում… քանզի ենթադրում են, որ համապատասխան վարչակարգերը բնաշրջվում են կամ ժողովրդավարության, կամ ավտորիտարիզմի ուղղությամբ» [26, p.190]: Այսպիսի մեկնաբանություններում ակնհայտ է այն, որ շատ հաճախ (հատկապես հետխորհրդային տարածքում) արտաքնապես ժողովրդավարական ինստիտուտները և ընթացակարգերն օգտագործվում են որպես «քող», որի հետևում թաքցված են իշխանության էլիտար-օլիգարխիկ բաշխման և վերարտադրության այս կամ այն ձևերը, ընդ որում՝ քաղաքական և տնտեսական իշխանության համակեցության գերակայությամբ:

«Ժամանակակից աշխարհին բնորոշ ժողովրդավարական ձևի և բովանդակության միջև խզումը մեծապես ինստիտուցիոնալ է: Իհարկե, ոչ մի քաղաքական համակարգ իր պաշտոնական ինստիտուցիոնալ կանոնակարգին խիստ համապատասխան չի գործառնում, բայց Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և հետկոմունիստական երկրներում ժողովրդավարությունների մեծամասնության յուրահատկությունն այն է, որ քաղաքական ինստիտուտներն այնտեղ չափազանց թույլ են` տարբեր շահերի ներկայացուցչությունը, սահմանադրությունների գերակայությունը, օրենքի իշխանությունը և գործադիր իշխանության սահմանափակումն ապահովելու համար» [11, p. 34]: Ինստիտուցիոնալ դիզայնի և ինստիտուցիոնալ կառուցման թերությունները, թույլ և կիսակառույց քաղաքական ինստիտուտները ներհատուկ են ոչ միայն հետխորհրդային երկրներին, այլև, ընդհանրապես, «նոր ժողովրդավարություններին»: Սակայն հիմնախնդիրն, ըստ մեզ, ավելի խորն է և դուրս է զուտ ինստիտուցիոնալ ոլորտի շրջանակներից: Քաղաքական ինստիտուտները, նույնիսկ եթե դրանք կառուցված են լավագույն ժողովրդավարական սխեմայով, դեռ ժողովրդավարության հաջողությունը չեն երաշխավորում: Կայուն և համախմբված ժողովրդավարությունը ոչ միայն ինստիտուցիոնալ հիմք ունի. ընթացակարգերից բացի, այն պետք է հենվի որոշակի կառուցվածքային հիմքի վրա, իրեն ամրապնդող սոցիալ-տնտեսական համակարգի և հասարակությունում արմատավորված` ժողովրդավարական քաղաքացիականության նորմերի և արժեքների, այսինքն՝ յուրատեսակ «սոցիալական կապիտալի» վրա: Ժողովրդավարության պատմական ձևերն առանձին տարրերից չեն կազմվում, այլ օրգանապես «աճում» են բազմադարյա պատմական զարգացման գործընթացում: Սոցիալ-տնտեսական և մշակութաարժեքային անկատար, չամրապնդված հիմքի վրա «նոր ժողովրդավարների» ահռելի ջանքերով կառուցվող ժողովրդավարական ինստիտուտները կարող են չարդարացնել սպասումները և չհանգեցնել արդյունավետ կառավարման:

Համախմբման հարացույցը անցումային հասարակություններում

Երկարաձգված ժողովրդավարական անցման գծային տրամաբանությունը խոցելի է ևս մի առումով: Այդ տրամաբանության համաձայն, ժողովրդավարների հիմնական նպատակն այն է, որ այս կամ այն եղանակներով, չնայած բոլոր խոչընդոտներին, մինչև վերջ հասցնել ժողովրդավարական կերպափոխումները, ուժեղացնել ճնշումը «անցումային» վարչակարգի նկատմամբ և այլն: Սակայն եթե ընդունել, որ ժողովրդավարացման գործընթացները վեկտորային չեն և դրանց զարգացման համար «հնարավորությունների պատուհանները» առաջանում են որոշակի պայմաններում, գոյություն ունեն ինչ-որ ժամանակի ընթացքում, այնուհետև, ողջ ծավալով պահանջված չլինելով՝ կրկին փակվում են, ընդ որում՝ անհայտ ժամկետով, ապա այդ կարգի ջանքերը ապարդյուն են: Փորձը ցույց է տալիս՝ ժողովրդավարական համախմբման հնարավորությունները պարտադիր չէ, որ հնարավորինս երկար պահպանվեն և որոշակի պահից սկսած՝ ընտրանու դիմադրության փակուղային իրավիճակը կարող է վերածվել կայուն հավասարակշռության՝ միաժամանակ դադարելով լինել ժողովրդավարությանն աջակցող գործոն: Նման մոտեցումը կարող է հանգեցնել չհամախմբված ժողովրդավարությունների «դանդաղ մահի», ինչը կարագանա, եթե չավարտված ժողովրդավարական անցման ժամանակահատվածը, գերազանցելով որոշակի ժամանակային սահմանը, չնպաստի իրական համախմբման հաստատմանը:

Բնականաբար, դա չի նշանակում, որ իրենց «անցման» մեջ «ուշացած» վարչակարգերի ժողովրդավարացումը տեսականորեն բացառված է: Պարզապես զարգացման այդպիսի հետագծի իրականացման համար նրանցից կպահանջվի շատ ավելի մեծ ժամանակ ու ջանքեր գործադրել ոչ արդյունավետ կառավարման թերացումները հաղթահարելու համար: Տվյալ իրավիճակում հետագա ժողովրդավարացման հեռանկարը սկսում է որոշվել գոյություն ունեցող վարչակարգի շրջանակներից դուրս եկող գործոններով և հանգամանքներով:

Այլ խոսքով, ժամանակակից քաղաքական կերպափոխությունները որպես ավտորիտար վարչակարգից համախմբված ժողովրդավարություն մեկնաբանող «անցումագիտական հարացույցի» հիմնարար տեսամեթոդաբանական դրույթը լուրջ վերաիմաստավորում է պահանջում՝ հօգուտ համախմբագիտության հարացույցի: Այն փաստը, որ «անցումը» հաճախ նշանակում է ոչ թե «վեկտորային» անցում դեպի ազատական ժողովրդավարություն, այլ ոչ ժողովրդավարական վարչակարգերի մի տեսակի կերպափոխություն մեկ ուրիշ տարատեսակի ոչ ժողովրդավարական վարչակարգերին, ոչ միայն խոցելի է դարձնում գծային տրամաբանությունը, այլև հայ քաղաքագետների առջև բարդագույն խնդիր է դնում` վարչակարգային փոփոխությունների նոր հայեցակարգային շրջանակ և ժամանակակից քաղաքական վարչակարգերի նոր մանրամասնված ու տարանջատված տիպաբանություն մշակել:

Վերադառնալով վարչակարգային «խառնածինների» և «ածականներով ժողովրդավարությունների» հարցին՝ անհրաժեշտ է նշել, որ խնդիրն այստեղ ոչ թե որոշիչ բնութագրերում և հատկանիշներում է («կառավարվող», «պատվիրակվող», «ընտրական», «ավտորիտար»), այլ հենց «ժողովրդավարություն» ստորոգելիում: Իսկապես, եթե դեպքերի մեծ մասում մենք գործ ունենք ոչ թե անցումային, այլ արդեն միանգամայն կայացած, համախմբված (թեև ոչ բավականաչափ ինստիտուցիոնալացված) ոչ ժողովրդավարական (գոնե դասական ընկալմամբ) վարչակարգերի հետ, ապա դրանք պետք է հայեցակարգային հիմքի վրա դնել այլ` ոչ ժողովրդավարական գաղափարական շրջանակներում: Այստեղից հետևում է, որ վերլուծության կիզակենտրոնում պետք է լինեն ոչ թե «ժողովրդավարության» այս կամ այն «ածականները», այլ հենց ինքը` առարկան: Իսկ եթե այդպես է, ապա քաղաքական համեմատականության (կոմպարատիվիստիկայի) կարևորագույն խնդիրն է դառնում ժամանակակից ոչ ժողովրդավարությունների տիպաբանացումը և դրանց հետագա ժողովրդավարացման օրինաչափությունների ուսումնասիրությունը:

Որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն արվում են: Ժամանակակից քաղաքական վարչակարգերի հայտնի դասակարգումներից մեկը ներկայացրել է «Ազատության տուն» (Freedom House) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, որն զբաղվում է աշխարհի երկրների դասակարգմամբ ըստ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության չափանիշի: «Ազատության տան» 2003թ. զեկույցում հետկոմունիստական երկրները բաժանված են երեք խմբի` «համախմբված ժողովրդավարություններ» (Լեհաստան, Սլովենիա, Լիտվա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Սլովակիա, Չեխիա, Բուլղարիա, Խորվաթիա), «անցումային վարչակարգեր» (Ռումինիա, Հարավսլավիա, Ալբանիա, Մակեդոնիա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Բոսնիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղրղըզստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ղազախստան) և «համախմբված ավտոկրատիաներ» (Ուզբեկստան, Բելառուս, Թուրքմենստան) [27, p. 74-98]: Ու թեև «Ազատության տան» դասակարգումը յուրաքանչյուր վարչակարգային տիպում որոշակի քանակական տարանջատում է նախատեսում` յուրաքանչյուր երկրի գնահատումը տրվում է մեկից («առավելագույն ազատություն») յոթը («նվազագույն ազատություն»), այնուամենայնիվ, այն թույլ չի տալիս բացահայտել «անցումային վարչակարգերի» բազում տարատեսակների որակական բնութագրերը: Ավելին, նրանում հաղթահարված չէ «անցումայնություն» հասկացության լայն և չտարանջատված գործածման միտումը, որն օգտագործվում է նաև միանգամայն համախմբված ոչ ժողովրդավարությունների նկատմամբ: Բանավիճելով «Ազատության տան» եռանդամ տիպաբանության շուրջ՝ Լ.Դայմոնդը ավելի տարանջատված դասակարգում է առաջարկում. «ազատական ժողովրդավարություններ» (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Բուլղարիա, Խորվաթիա, Ռումինիա), «ընտրական ժողովրդավարություններ» (Մոլդովա, Հարավսլավիա, Ալբանիա), «երկատված վարչակարգեր» (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մակեդոնիա), «մրցակցային ավտորիտարիզմ» (ԲոսնիաՀերցեգովինա, Ռուսաստան, Բելառուս), «գերիշխանական ընտրական ավտորիտարիզմ» (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան), «քաղաքականապես փակ ավտորիտարիզմ» (Թուրքմենստան) [23]: Սակայն այս մոդելին, ըստ մեր պատկերացման, հիմնականում ներհատուկ են «Ազատության տան» վարկանիշների թերությունները:

Հանրագումարենք: Անցումային հասարակություններում կերպափոխման գործընթացում հաստատված «ածականներով» ժողովրդավարությունների առկայությունը վկայում է, որ քաղաքական համեմատականության տեսամեթոդաբանական զինանոցում դեռևս հստակ մշակված չէ անցման հարացույցի համակարգը: Կարծում ենք, որ այդ համակարգը պետք է բազմաչափ չափորոշիչներ ունենա, որոնց հայեցակարգումը թույլ կտա ուսումնասիրել անցումային հասարակությունների կերպափոխման գործընթացի տարամիտությունը: Այդ առումով հայեցակարգային նշանակություն պետք է ունենան հետևյալ չափումները`

  • մինչխորհրդային ավանդույթների (քաղաքակրթական, մշակութային, քաղաքական և այլ) բնույթը, homo sovetikus-ի մոտ ժողովրդավարական արժեքների հասունության մակարդակի և պատմականության իրատես գնահատման հնարավորությունը,
  • արտաքին միջավայրի դերը ներքին կերպափոխություններին ներազդելու գործում,
  • քաղաքական կերպափոխությունների մեկնարկման գործընթացում հասարակության կենսաձևը, կենսամակարդակը և կյանքի որակը,
  • իշխանության ոչ ժողովրդավարական կառույցների խարխլման և փլուզման գործընթացը,
  • քաղաքական և տնտեսական ընտրանու հավաքագրման և ընտրասերման սկզբունքները,
  • նոր ժողովրդավարական ինստիտուտների կառուցման, հաստատման, բնականոն արդիականացման սկզբունքները,
  • քաղաքական դերակատարների ռազմավարությունն ու մարտավարությունը (նրանց անհատական-հոգեբանական առանձնահատկությունների, ընտրյալությանը հակված լինելու հատկանիշների, ազգային մտահայեցողության հաշվառմամբ):

Բնականաբար, նշված չափումները ամբողջական չեն և կարող են (ու պետք է) լրացվել անցումային հասարակությունների ժողովրդավարական գործընթացների ուղղության, ընթացքի և արդյունքների վրա ազդելու ընդունակ այլ չափորոշիչներով: Այնուամենայնիվ, ժողովրդավարական անցման գործընթացներն ուսումնասիրելիս այսօր բախվում ենք չափազանց բարդ տեսամեթոդաբանական խնդրի: Այժմ արդեն լիովին պարզ է, որ հետխորհրդային տարածքի ժողովրդավարական անցման գործընթացում գտնվող հասարակությունների համար գոյություն ունեն քաղաքական զարգացման բազմաթիվ չափումներ, ընդ որում` դրանք ենթադրում են տարբեր ուղղություններ` և՛ դեպի ժողովրդավարական ինստիտուտների ու պրակտիկաների ամրապնդում, և՛ դեպի անցյալից ժառանգված ոչ ժողովրդավարական կառույցների հետ դրանց «խառնածին» զուգակցում, և՛ դեպի դրանց նպատակամետ օգտագործում որպես ավտոկրատական կառավարման նոր տարատեսակների ձևավորումը քողարկող «ծխածածկ»: Այդ հետագծերից յուրաքանչյուրի հետևում կանգնած են յուրահատուկ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութաքաղաքակրթական, աշխարհաքաղաքական արժեքներ, որոնցից յուրաքանչյուրն անկողմնակալ վերլուծության կարիք ունի:

Աղբյուրներ և գրականություն

  1. Мельвиль А.Ю., О траекториях посткоммунистических трансформаций, Полис, 2004, №2.
  2. О’Доннелл Г., Делегативная демократия, Век ХХ и мир, 1994, №2, 3.
  3. Stepan A. (ed.)., Democratizing Brazil. Problems of Transition and Consolidation.N.Y., Oxford, 1989.
  4. Ottaway M., Democracy Challenged. The Rise of Semi-Authoritarianism, Washington, 2003.
  5. O’Donnell G., Illusions about Consolidation, Journal of Democracy, 1996, vol.7, №2.
  6. Меркель В., Круассан А., Формальные и неформальные институты в дефектных демократиях, Полис, 2002, № 1, 2.
  7. Даймонд Л., Прошла ли «третья волна» демократизации? Полис, 1999, №1.
  8. Саква Р., Режимная система и гражданское общество в России, Полис, 1997, №1.
  9. Huntington S.P., Democracy for a Long Haul, Journal of Democracy, 1996, vol.7, №2.
  10. Fukuyama F., The End of History and the Last Man, Penguin Books, 1992.
  11. Diamond L., Developing Democracy Toward Consolidation, Baltimore, L., 1999.
  12. Панарин А.С., Глобальное политическое прогнозирование в условиях стратегической нестабильности, М.: Эдиториал УРСС, 1999.
  13. McFall M., The Forth Wave of Democracy and Dictatorship. Noncooperative Transitions in the Postcommunist World, World Politics, 2002, January.
  14. Даль Р., Демократия и ее критики / Пер. с англ. Под ред. М.В.Ильина. – М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2003.
  15. Инглхарт Р., Постмодерн: меняющиеся ценности и изменяющиеся общества,

Полис, 1997, №4.

  1. Levitsky S., Way L. The Rise of Competitive Authoritarianism, Journal of Democracy, 2002, vol.13, №2.
  2. Карозерс Т., Конец парадигмы транзита, Политическая наука, 2003, №2.
  3. Rose R., Shin D.C., Democratization Backwards: The Problems of Third Wave Democracies, British Journal of Political Science, 2001, vol. 31, №2.
  4. Ясин Е., Модернизация экономики и система ценностей, Вопросы экономики, 2003, №4.
  5. Гельман В.Я., Как выйти из неопределенности? Pro et Contra, 1998, т. 3, №3.
  6. Шмиттер Ф., Процесс демократического транзита и консолидации демократии, Полис, 1999, №3.
  7. Zakaria F., The Rise of Illiberal Democracy, Foreign Affairs, vol. 76, №6.
  8. Diamond L., The End of the Third Wave and the Start of the Forth, Plattner M., Espada J. (eds.), The Democratic Invention, Baltimore, L, 2000.
  9. Сморгунов Л.В., Современная сравнительная политология. М., «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2002.
  10. Хелд Д. и др., Глобальные трансформации: Политика, экономика, культура / Пер. с англ. В.В.Сапова и др., М., Праксис, 2004.
  11. Balzer H., Managed Pluralism: Vladimir Putin’s Emerging Regime, Post-Soviet Affairs, 2003, vol. 19, №3.
  12. Karatnycky A., Motyl A., Schnetzer A. (eds.), 2003. Nations in Transit. Civil Society, Democracy, and Markets in East Central Europe and the Newly Independent States, New Brunswick.

ОСОБЕННОСТИ ПРОЦЕССА ДЕМОКРАТИЗАЦИИ ПЕРЕХОДНЫХ ОБЩЕСТВ

(методологический анализ)

Мариам Маргарян

Резюме

Работа посвящена изучению процесса демократизации переходных обществ – процесса, который по своим параметрам весьма многообразен и разнонаправлен. В транзитологии уже зафиксирован тот факт, что в условиях третьей волны демократизации процессы перехода постсоветского пространства привели не только к демократизации общества на основе либеральных ценностей, но и к разным типам демократии, которые не вполне соответствуют основополагающим ценностям либеральной демократии. С этой точки зрения рассматриваются бракованная, неэффективная, авторитарная, неполная и др. формы демократии. Отмечается, что процесс перехода может привести не только к демократизации общества; в некоторых случаях происходит откат к консервативным, авторитарным (тоталитарным) режимам и их консолидация.

В статье отмечаются недостатки рассмотрения линейной, векторной демократизации как единственно приемлемого пути трансформации тоталитарных (или авторитарных) ценностей. Векторное развитие предполагает заданность результатов, а процессы перехода сопровождаются многочисленными социо- и этно-культурными факторами, влияние которых не всегда удается правильно рассчитать в условия сложных общественно-политических отношений и которые неизбежно изменяют заданный вектор развития общества.

Предлагается рассматривать процесс демократизации переходных обществ в парадигме новой дисциплины – консолидологии, сферой изучения которой является процесс консолидации демократии с помощью плюралистической политической элиты. Только с помощью консолидации демократии страны третьей волны демократизации могут избежать тоталитарноавторитарного «отката». С этой точки зрения рассматривается становление демократии как процесс, предполагающий «хорошее управление» («good governance»), эффективное государство, сочетающее в своей деятельности экономическую эффективность, социальную справедливость и организационную активность и продуктивность. Рыночные отношения, свободные выборы способствуют демократии, но отношение между рынком, демократией и эффективным государством не является однозначным.

 

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: