«ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Քաղաքական զարգացման ներկայիս գործընթացներում տեղի ունեցող արժեքային փոփոխությունները` ուղղված ժողովրդավարության որակի բարձրացմանը և համախմբվածությանը, ենթադրում են «լավ կառավարման» սկզբունքների արմատավորում: «Լավ կառավարումը» (good governance) արդիական հայեցակարգ է, որի ձևավորմանը նպաստեցին 1980–1990-ական թվականներին տեղի ունեցած քննարկումները, որոնք նախաձեռնել էր Համաշխարհային բանկը: Որպես արդյունք` ՄԱԿ-ի «Զարգացման ծրագրեր» փաստաթղթերի փաթեթում 1997 թ. ընդգրկվեցին կերպափոխվող երկրների բարեփոխումների արդյունավետ կատարման համար մշակված «լավ կառավարման» հետևյալ ութ բնութագրիչները[1]: Դրանք են.

  1. մասնակցություն (Participation), այն է` բոլոր մարդիկ` անկախ սեռից և ֆիզիկական վիճակից, պետք է որոշումների ընդունման գործում ունենան ձայնի իրավունք կա՛մ անմիջականորեն, կա՛մ այն օրինական միջնորդ հաստատությունների միջոցով, որոնք ներկայացնում են նրանց շահերը: Կարևոր է նշել, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը պարտադիր չէ, որ որոշումների կայացման ժամանակ հաշվի առնի հասարակության առավել խոցելի խավերի մտահոգությունները,
  2. օրենքի գերակայություն (Rule of law), այն է` օրենքները, կանոնադրությունները, օրենսգրքերը պետք է արդար լինեն և գործադրվեն անաչառ կերպով, մասնավորապես` մարդու (հատկապես` փոքրամասնությունների) իրավունքների մասով,
  3. թափանցիկություն (Transparency), այն է` գործընթացները, հաստատությունները և տեղեկույթը պետք է անմիջականորեն հասանելի լինեն նրանց համար, ովքեր հետաքրքրված են դրանցով, ընդսմին նրանց պետք է տրվի բավարար չափով տեղեկույթ` դրանք հասկանալու և մշտազննելու համար: Դա հանրային հատվածի և բոլոր շահագրգիռ անձանց համար ապահովում է կառավարության գործունեության, որոշումների ընդունման և խորհրդատվությունների բացությունը,
  4. կարեկցողություն (Responsiveness), այն է` հաստատությունների և զարգացումների ծառայեցումը բոլոր շահագրգիռ անձանց` ընդունելի ժամկետներում,
  5. կողմնորոշվածություն դեպի համաձայնություն (Consensus orientation), այն է` «լավ կառավարումը» պահանջում է միմյանց հակասող շահերի պայմաններում միջնորդել այն հարցերում համաձայնություն ձեռք բերելու նպատակով, թե` որն է դրանցից լավագույնը, և ինչպես կարելի է դրան հասնել,
  6. հավասարություն և ներգրավվածություն (Equity and inclusiveness), այն է` հասարակության բարեկեցությունը կախված է այն բանի ապահովումից, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն զգա ոչ թե հանրության ընդհանուր զանգվածից դուրս մղված, այլ որպես այդ բարեկեցության ապահովման գործում ներբերում կատարող անձ,
  7. 7. արդյունավետություն և օպերատիվություն (Effectiveness and efficiency), այն է` գործընթացներն ու հաստատություններն ստեղծում են արգասիքներ, որոնք բավարարում են ռեսուրսների լավ օգտագործման պահանջմունքներին,
  8. հաշվետվողականություն (Accountability), այն է` կառավարությունում որոշում ընդունողները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պատասխանատու են հանրության, ինչպես նաև հաստատութենական շահագրգիռ անձանց առջև:

Հետագայում` անվտանգային քաղաքականության զարգացումների հաշվառմամբ, գիտական գրականության մեջ ավելացվեց նաև 9-րդ կետը, որով «լավ կառավարման» հայեցակարգը ամբողջականացվեց.

  1. ռազմավարական տեսլական (Strategic Vision), այն է` ղեկավարները և հանրությունը ունեն «լավ կառավարման» և մարդկային զարգացման երկարաժամկետ սպասումներ: Գոյություն ունեն նաև այն պատմականի, մշակութայինի, հասարակականի համալիրները, որոնց վրա խարսխվում են այդ սպասումները[2]:

Վերջիններս էլ, հանդես գալով որպես խաղաղության մշակույթի գործառման երաշխավորներ, իրենց ոլորտում ընդգրկում են պետության հաստատությունը, մասնավոր հատվածը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցները: Ներառելով հասարակական կարգուկանոնը, խաղաղաստեղծությունը, խաղաղապահ ուժերը, խաղաղություն պահպանող երկրները` խաղաղության մշակույթը ենթադրում է քաղաքական բախումների ռացիոնալ լուծում` բանակցությունների և փոխզիջումների եղանակով[3]:

Խաղաղության մշակույթը բազմաչափ հարաբերությունների համակարգ է, որը ներառում է քաղաքացիական համաձայնության, սոցիալական երկխոսության, սերունդների համերաշխության և ազգային անվտանգության արդիականացման ապահովման գործընթացներ: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի` խաղաղության մշակույթը «Արժեքների, դիրքորոշումների, ավանդույթների, վարքագծի տեսակների և կյանքի ուղիների այնպիսի ամբողջություն է, որն արտացոլում և ոգեշնչում է հարգանքը կյանքի, մարդկության և նրա իրավունքների նկատմամբ, բոլոր տեսակների բռնության մերժումը, տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև յուրաքանչյուրի խոսքի ազատության, կարծիքի և տեղեկատվության իրավունքի ճանաչում: Ժողովրդավարության, ազատության, արդարության, համերաշխության, հանդուրժողության, բազմակարծության սկզբունքների ամրապնդում, տարբերությունների ընդունում և ժողովուրդների էթնիկ, կրոնական, մշակութային և այլ խմբերի միջև փոխըմբռնում»[4]:

Վերոգրյալի hիման վրա կոպենհագենյան դպրոցի տեսաբաններն ընդլայնեցին անվտանգության մասին ժամանակակից պատկերացումները` այն ուսումնասիրելով «Ես»/«Մենք»/«Նրանք» դերակատարների գործառման աշխարհագրական, քաղաքակրթական, գենդերային, մշակութային, հոգեբանական, էթնիկական, լեզվաբանական, ծագումնաբանական, արժեքաբանական տիրույթներում: Այս առումով խաղաղության մշակույթը հարաբերակցում է քաղաքացիական անվտանգություն (civic կամ civilian security) և համընդգրկուն անվտանգություն (comprehensive կամ overall security) հասկացությունները: Նման մոտեցումը իր արտահայտությունն ստացավ նաև ՄԱԿ-ի ընդունած Խաղաղության մանիֆեստում, որը երրորդ հազարամյակի առաջին տասը տարին պաշտոնապես հռչակեց խաղաղության մշակույթի և ամբողջ աշխարհի մանուկների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային տասնամյակ (2000–2012 թթ.): Համաձայն մանիֆեստի` անվտանգությունը «ոճերի, արժեքների, հուզական ապրումների, մտավոր ձեռքբերումների ապահովման թագավորություն է, իսկ բռնությունը` մարդու զարգացման իրավունքի մերժում և՛ մարմնորեն, և՛ մտովի»[5]:

Յ. Գալթունգը «խաղաղության մշակույթը» բացատրում է` օգտագործելով երկու փոխաբերություն: Առաջինը առողջությունն է. խաղաղությունը բռնության համար այն է, ինչ առողջությունը հիվանդության համար` անձը կարող է լինել առողջ, ինչպես և անձը, խումբը, նահանգը, ազգը, մարզը, քաղաքակրթությունը կարող են լինել խաղաղ: Երկրորդ փոխաբերությունը սերն է, որը մարմնի, մտքի և հոգու ներդաշնակ միությունն է: Նշված մեխանիզմների համադրմամբ, Յ. Գալթունգի կարծիքով, մշակվում է խաղաղության մշակույթի գլխավոր արժեքը` կրթությունը. «Կրթության խնդիրն է` հաստատել տևական խաղաղություն: Առավելագույնը, ինչ կարող են անել քաղաքագետները, մեզ պատերազմներից հեռու պահելն է»[6]:

Ակնհայտ է, որ համապիտանի արժեքների հաստատման միջոցով բնության և բանականության էկոլոգիայի պահպանման համար խաղաղության մշակույթը կերպափոխվող հասարակություններին հնարավորություն կտա ռացիոնալ պատասխան տալու ներքին և արտաքին սպառնալիքներին[7]: Այս առումով էլ խաղաղության մշակույթի հաստատման համար 1999 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվեցին գործողության ծրագրի ութ հենասյուները` կարևորելով իշխանական հարաբերությունների մարդկայնացումը[8]: Այս համատեքստում նոր մարդասիրությունը կընդարձակի կայուն զարգացման և համագործակցության ապահովման սոցիալական տարածությունը: Այս հիմնային մոտեցումների տիրույթներում էլ իր արժեքային բազմաչափության մեջ ՄԱԿ-ը կարևորեց խաղաղության հայեցակարգումը ինչպես սոցիալական բոլոր տարածություններում, այնպես էլ հասարակության մակրո- (հանրային անվտանգություն` խաղաղության բաղադրիչ), միկրո- (անհատի անվտանգություն) մակարդակներում: Համաձայն այս փաստաթղթի` խաղաղությունն ունի երեք տարբեր սոցիալական մեծություններ. քաղաքական` ազատություն վախից, ռազմադիվանագիտական` ազատություն բռնությունից և հակամարտությունից, սոցիալական/տնտեսական` ազատություն չքավորությունից, կյանքի որակ, անվտանգություն, ապահովություն[9]:

Հայաստանի վերաբերյալ վկայակոչենք իրականացվող բարեփոխումների արդյունքների գնահատականը «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (Հայաստան 2011–2013 Ազգային ինդիկատիվ ծրագիր)» փաստաթուղթը, որտեղ արձանագրված է «լավ կառավարման» սկզբունքների հետևողական ներդրման անհրաժեշտությունը[10]:

ՀՀ-ում կարևորում ենք կառավարող ընտրանու կողմից կառավարման ծրագրային, գիտական ապահովման և արդյունավետության գնահատման համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը: Դրանց բնականոն գործունեությունն ունի ռազմավարական նշանակություն, որովհետև ձևավորվում է ազգային անվտանգության ապահովման ցանցային համակարգ (այսուհետև` ԱԱԱՑՀ): Վերջինս, հիմնվելով սոցիալական տարածության ցանցային ընդարձակման վրա, արդիականացնում է խաղաղության մշակույթի ընկալումները պետության, հասարակության և անձի կողմից: Այս նկատառումներով ԱԱԱՑՀ-ի օգնությամբ քաղաքական համակարգը անվտանգության քաղաքականություն է ապահովումm «անցում–համախմբում» հարացույցների բնականոն գործառման միջոցով: Նմանօրինակ մոտեցմամբ իրականացվում է համապիտանի արժեքների, վարքի, բարոյական նորմերի, սոցիալական գործունեության համակարգի ներդրում, որոնց հաշվառմամբ էլ տեղի է ունենում խաղաղության մշակույթի սուբյեկտիվ-զգայական ընկալումից անցում դեպի օբյեկտիվ-ռացիոնալացված ընկալում: Այս մաբողջությունն էլ, որպես ազգային անվտանգության զարգացման համակարգ, ունի հաստատութենական-նորմատիվային, տեղեկատվահաղորդակցական, քաղաքակրթական, բարոյավարքային ենթահամակարգեր: Դրանցից յուրաքանչյուրը, ունենալով արտաքին և ներքին սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ ռազմավարական գործողություններ կատարելու հստակ պարտականություններ, արդիականանում է` ընդարձակելով ազգային անվտանգության սոցիալ-քաղաքական տարածության արժեքաբանությունը: Այս նկատառումներով կարևորենք նաև այն, որ ՀՀ-ում «լավ կառավարման» սկզբունքների ներդրումը վճռորոշ է պետության կերպարի նորամուծական փոխակերպման գործառույթի համար: Դա ենթադրում է «լավ կառավարման» սկզբունքներիի հաստատում գործառական մոտեցման միջոցով, համաձայն որի` հաստատութենական համակարգը «այնպիսի մեխանիզմների համախումբ է, որոնց միջոցով պատմականության դաշտը փոխակերպվում է սոցիալական կյանքի կանոնների համախմբի, որոնք էլ, իրենց հերթին, կանխորոշում են հաստատությունների գործառնությունները` ռացիոնալ ընտրության, մրցունակ մասնակցության և թափանցիկ վերահսկողության իրականացման տիրույթներում»[11]:

ՀՀ-ում որոշիչ է կառավարող վերնախավի, բիզնես վերնախավի և արհմիութենական ղեկավարների` որպես «լավ կառավարման» սկզբունքների ներդրումն իրականացնող դերակատարների համագործակցության մակարդակը։ Միայն դրա բարձր արժեքների դեպքում հանրապետությունում ակտիվ կերպով կգործառի ոչ միայն մարդու իրավունքների և ազատությունների, այլև պարտականությունների մշակույթի համակարգը` ձևավորելով հասարակություն–մասնավոր հատված համագործակցության (Public–Private Partnerships (PPP)) բարենպաստ բանելակարգ[12]: ՀՀ-ում այս համակարգերի բնականոն գործառման պարագայում կմեծանա և՛ քաղաքացիների, և՛ պետական կառավարման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, այն, ապահովելով կառավարման տարբեր հարթությունների միջև անարգել կապ, նպաստելու է պետական, հանրային և քաղաքական կառավարման համակարգում հավաքագրված կադրերի անձնական պատասխանատվության բարձրացմանը` «լավ կառավարման» տիրույթներում կարևորելով`

  • ներքին և արտաքին հրամայականներին համահունչ արդիականացման, հարմարվողականության և կերպափոխության գործընթացների ծավալումը,
  • մարդկային ռեսուրսների պատրաստումը (վերապատրաստումը), գլխավոր քաղաքական դերերի կատարմանը կոչված ընտրանու և լիդերների բաց առաջքաշումը,
  • վերնախավի և զանգվածների գիտակցության ու վարքաբանության մեջ խաղաղության մշակույթի ներդրումը` քաղաքական սոցիալականացման միջոցով:

Փաստորեն` «լավ կառավարումը» ամբողջացվում է «համընդհանուր սոցիալական խաղաղության» և «կոլեկտիվ անվտանգության» գաղափարներով, որոնք էլ դրվում են «Ես»-ի և «Մենք»-ի կայուն զարգացման ռազմավարության հիմքում: Նման մոտեցումը հենվում է այն «նոր» (ոչ ավանդական) վտանգի աղբյուրների բացահայտման վրա, ինչպիսիք են զանգվածային համաճարակները, թմրամոլությունը, անօրինական շրջանառությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունները, նոր սերնդի զենքերի զանգվածային օգտագործումը, ահաբեկչությունը[13]:

Այսպիսով` խաղաղության մշակույթի ապահովումը կախված է ոչ միայն ազգային կառավարության գործունեության որակից, այլև վերպետական անվտանգություն (transstate security) ապահովող դերակատարների համագործակցության մակարդակից: Դրա հետևանքով Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում, պայմանավորված քաղաքական զարգացման բազմավեկտորությամբ ու ժողովրդավարության որակի աճման անհրաժեշտությամբ, մեծացել է խաղաղության մշակույթի պահանջարկը: Մի կողմից` պատրանքային հեղափոխական գործընթացների հետևանքով «ներքևից» պարտադրվող ժողովրդավարական բարեփոխումների բազմաչափությունը, մյուս կողմից` կերպափոխվող հասարակություններում քաղաքական տարածության տրոհվածությունը և քաղաքական ժամանակի վերաբերյալ աններդաշնակ պատկերացումների առկայությունը անվտանգության ապահովման համակարգում որակական նոր մակարդակի են բարձրացրել ազգային համագործակցային բաղադրիչի պահանջարկվածությունը: Այդ առումով ուշագրավ է գեներալ-մայոր Հ. Քոթանջյանի մոտեցումը, համաձայն որի` «Հարավային Կովկասի կայուն զարգացման համար բնական կլիներ անվտանգության ու դրան առնչվող խնդիրների նկատմամբ բազմավեկտոր մոտեցում ցուցաբերել, ինչը կապ կստեղծի տարածաշրջանում բոլոր հիմնական դերակատարների` Հայաստանի, Ադnբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ԵԱՀԿ, ԵԽ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ԵԱԳԽ և ՄԾՏՀ կազմակերպությունների միջև»[14]:

1994 թվականից ՀՀ-ն ներգրավված է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում: Տվյալ ծրագրի շրջանակներում 2003 թ. Հունիսին ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց զորավարժություն, որին մասնակցեց 400 հոգուց բաղկացած զորակազմ` ՆԱՏՕ-ի գործընկեր 19 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և այլն): 2004 թվականից մինչև այսօր Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ իրականացվող խաղաղապահական օպերացիաներին: Դրան զուգահեռաբար` Հայաստանը, լինելով ԱՊՀ անդամ և ՌԴ ռազմավարական դաշնակից, մասնակցեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) ստեղծման աշխատանքներին: Նմանօրինակ բազմավեկտոր համագործակցությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ապակենտրոնացում` հետևողականորեն հաստատելով բազմադերային կառավարման ցանցային դաշտ: Այդ դաշտը քաղաքական զարգացման դերակատարների (կառավարող ընտրանի, ճնշման խմբեր, առաջատարներ, ընտրազանգված, կուսակցություններ) գիտակցված փոխհամագործակցության միջոցով ապահովում է ռազմավարական մասնակցություն` միտված խաղաղության մշակույթի կիրառմանը: Ռազմավարական մասնակցությունը, ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և բնապահպանական ոլորտներում հարաբերական անկախության մեջ գործառող ծրագրեր, ենթադրում է գիտատար ռեսուրսների առկայություն:

Այս ամենը խիստ արդիական է ՀՀ–Սփյուռք–ԼՂՀ խաղաղության մշակույթի համար. «Գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը, միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար»[15]: Փաստորեն, գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը սպառնալիք է «լավ կառավարման» սկզբունքների գործարկման համար, քանի որ և՛ ՀՀ-ում, և՛ ԼՂՀ-ում, և՛ Սփյուռքում պետք է պատրաստ լինեն հավասարարժեք պատասխանելու ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերներին: Այս եռամիասնության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Սփյուռքը, որը «փաստացի գոյություն ունի որպես համաշխարհային էթնոմշակութային-տեղեկատվական, գործարարական ցանց` բաղկացած մոտ տասը միլիոն քաղաքականապես ակտիվ, բարգավաճ, կիրթ և Ամերիկայի ու Եվրոպայի տնտեսական, ֆինանսական և քաղաքական կյանքին սերտորեն ինտեգրված մարդկանցից»[16]: Այս համատեքստում հայ ազգային ինքնության արդիականացման գերխնդիրը մրցունակ սերնդի ձևավորումն է` խաղաղապահպան արժեքների համաժամանակյա գործառման մտահոգություններով հանդերձ:

Խաղաղապահպանությունը` որպես համակարգային ամբողջություն, ներառում է համապատասխան գիտելիքներ, հմտություններ, արժանիքներ, նպատակադրում` հիմնված ինքնակարգապահության, ինքնաարդիականացման և ինքնաիրացման վրա: Խաղաղապահպան կրթությունը ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներն ապահովող մի գործընթաց է, որում անձի սոցիալականացման արժեքայնությունը պայմանավորված է կառավարող վերնախավի` քաղաքական շուկան արդիականացնելու ընդունակությունից: Որպես արդյունք` հայ «Ես»-ը, որդեգրելով «խաղաղապահպանությունը անվտանգության հիմքն է» սկզբունքը, հնարավորություն է ստանում համագործակցելու տարաբնույթ «Ես»-երի հետ` նպատակամետ կերպով պատասխանելով տարածաշրջանային և համընդհանուր մարտահրավերներին: Այս գործընթացում ազգային ինքնության արդիականացման հիմնախնդիրը և խաղաղապահպանությունը հնարավոր չէ տարանջատել պետության քաղաքականությունից, պետություն, որի «հիմնական պարտականությունը իր քաղաքացիներին առաքինի դարձնելն է` մտավոր կրթությամբ և բարոյական կարգավարժությամբ, նրանց մտքերը լուսավորելով, սրտերը մաքրելով և նրանց` իրենց իրավունքներն ու պարտականություններն ուսուցանելով»[17]:

Ըստ այդմ` անհրաժեշտ է ազգային խաղաղապահպանության կրթական համակարգի մեջ ներմուծել այնպիսի ժողովրդավարական արժեքներ, որոնք հային հնարավորություն կտան պատասխանելու ժամանակի մարտահրավերներին և իր քաղաքացիական դիրքորոշմամբ ապահովելու ազգային անվտանգությունը: Այս առումով անհրաժեշտ է պատմության հոլովույթում ձևավորված հայ ազգային լավագույն ավանդույթները` արարչական էություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն և այլն, զուգամիտել Արևմուտքի գիտակրթական նորամուծություններին, որոնք, արդիականացնելով ազգային ինքնությունը, կդրդեն նրան մրցունակ նորամուծական գիտելիքների իմացության:

Կարևորելով մարդկային ռեսուրսների ռացիոնալ կառավարումը` մրցունակ կրթությունը դարձել է համագործակցության և ինքնաիրացման այնպիսի ցանց, որը ռազմավարական նկատառումներով ներառում է հիմնախնդրի շարունակական, ազատ մտափոխանակումների, տարաբնույթ գաղափարների ծրագրված ուսուցում: Մրցունակ մասնագիտական և խաղաղապահական կրթության միջոցով ապահովելով իրենց ապագան` մարդիկ հնարավորություն են ստանում իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ երաշխավորելու տեղական, տարածաշրջանային և համընդհանուր խաղաղությունը: Նպատակամետ ռազմավարական մասնակցության արժեհամակարգը, ստեղծելով ուրույն քաղաքակրթական շփումների միջավայր, հայ մարդուն հնարավորություն է տալիս խաղաղության մշակույթի օգնությամբ բնականոն կերպով արդիականացնելու ազգային ինքնությունը:

Այս առումով «Հայկական աշխարհ» նախագծի զարգացման համար հարկ է հիմնվել Ֆ. Զաքարիայի` մեր ժամանակների պատմությունը վերաձևող «մնացյալի հզորությունը» քաղաքականության արժեհամակարգի վրա: Քննարկելով էթնիկական ցանցերի, համընդհանուր էթնիկական ձեռներեցության հիմնախնդիրները` Ֆ. Զաքարիան «մնացյալի հզորություն» հասկացությունն ընկալում է որպես ժողովրդավարական, հանդուրժողական, ազատական արժեքների հիմքի վրա բնականոն կերպով արդիականացող հասարակություններ[18], որտեղ էթնիկ «Ես»-ը մեխանիկական արևմտականացման փոխարեն ստանում է իր ինքնությունը բնականոն եղանակով կերպափոխելու ռեալ հնարավորություն: Տվյալ միտումը, գիտավերլուծական հարացույցի շրջանակներում ՀՀ–Սփյուռք–ԼՂՀ հարաբերություններին հաղորդելով բազմավեկտոր բնույթ, մեծացնում է հայկական ցանցի ռեսուրսների ռեալ օգտագործման հնարավորությունը: Այստեղից հետևում է, որ «Հայկական աշխարհի» դերակատարները, ընդարձակելով համագործակցությունը, հնարավորություն են ստանում փոխգործության իրենց դրսևորումներով ազդեցություն գործելու ՀՀ վարչատարածքային միավորների համաչափ զարգացման և ժողովրդավարության որակի բարձրացման վրա: Դրա հետ մեկտեղ, ժամանակի հրամայականին համապատասխան, «Հայկական աշխարհի» համար ստեղծվում է տարբեր քաղաքակրթական չափումներում խաղաղության մշակույթի գործառմանը մրցունակ կերպով մասնակցելու և համաշխարհային հանրության հետ համագործակցելու հնարավորություն:

.

ПОЛИТ ОЛ ОГИ Я Б ЕЗ ОП АСНО СТ И

ВНЕДРЕНИЕ ПРИНЦИПОВ «НАДЛЕЖАЩЕГО УПРАВЛЕНИЯ» В КАЧЕСТВЕ ПРОЦЕССА УТВЕРЖДЕНИЯ КУЛЬТУРЫ МИРА В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

 

М. М. МАРГАРЯН, доктор политических наук, профессор, заведующая кафедрой политического управления и политического анализа Академии государственного управления РА

 

Р Е ЗЮМЕ

Изменения в ценностной системе современных процессов политического развития подразумевают внедрение принципов «надлежащего управленияե (участие, верховенство закона, транспарентность, оперативность, ориентированность на консенсус, объективность и инклюзивность, эффективность и результативность, подотчетность). Эти принципы являются гарантиями внедрения культуры мира, являющейся, согласно ООН, системой многомерных отношений, включающих процессы гражданского согласия, общественного диалога, общности поколений и национальной безопасности. В этом контексте необходимо разработать стратегию управления национальной, региональной и всеобщей культурой мира в процессе «переходобъединениеե, что позволит обеспечить экономическое, общественное, стратегическое развитие посредством непрерывных реформ, в то же время обеспечивая управление временем, потребностью, стрессом, критической ситуацией.

Данное управление, при повышении сплоченности в Республике Армения, образует сетевую систему обеспечения национальной безопасности (ССОНБ). С одной стороны, оно повышает подотчетность граждан, с другой обеспечивает транспарентность системы государственного управления РА. Такой подход в результате наблюдений «надлежащего управления» в качестве политики модернизации национальной безопасности, стратегической комплексной деятельности, а также процесса принятия решений предоставляет возможность для всестороннего анализа разработки культуры мира.

 

POLITICAL SCIENCE OF SECURITY

THE IMPLEMENTATION OF THE PRINCIPLES OF «GOOD GOVERNANCE» AS A PROCESS OF SUSTAINING THE CULTURE OF PEACE IN THE REPUBLIC OF ARMENIA

  1. M. MARGARYAN, Doctor of Political Sciences, Professor, Head of the Chair of Political Administration and Political Analysis of the RA Public Administration Academy

 

SUMMARY

Changes in the value system of contemporary processes of political development imply the implementation of «good governanceե principles (participation, rule of law, transparency, responsiveness, consensus orientedness, equity and inclusiveness, effectiveness and efficiency, accountability). Those principles are the according guarantees of the performance of culture of peace, which, to the UN, the culture of peace is a system of multidimensional relations comprising the processes of civil conformity, social dialogue, solidarity of generations and national security. In this context, it is necessary to develop a strategy of national, regional and global peace culture management. in the process of transition–consolidation,  and that will give the opportunity to sustain economic, social and strategic development through continuous reforms in the meantime providing time, need, stress, critical situation.

The foresaid, whilst increasing cohesion in the RA, forms a network system of sustaining national security (NSSNS). On one hand this increases the accountability of the citizens; on the other hand it ensures the transparency of the public administration system of the RA. Such an approach in the observations of «good governanceե as a policy of modernization of national security, a strategic complex activity, as well as a decision-making process provides the possibility for comprehensive analysis of implementing the culture of peace.

 

Հրատարակվել է ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ԱՌՀԻ ռազմագիտական «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» հանդեսի 2013թ., N 1 – 2.

[1]Տես «What is Good Governance». «United Nations ESCAP»  (http://www.unescap.org/pdd/prs/ProjectActivities/Ongoing/gg/governance.asp), նաև` «Towards Good Governance» (http://reform.gov.bb/page/GOOD_GOVERNANCE.pdf):

[2]  Տես նույն տեղում:

[3] Տես Ռ. Ֆիշեր, ՈՒ. ՈՒրի, Համաձայնության հասնելու ուղին: Բանակցություններ առանց պարտվողների: Ե., 2005:

[4]Siby K. Joseph. Towards an Understanding of a Culture of Peace. 2005, P. 5 (http://www.gvpwardha.in/documents/books/culture-of-peace/4.pdf).

[5] Josef De Rivera. Assessing the Basis for a Culture of Peace in Contemporary Societies. «Journal of Peace Research», 2004, Vol. 41, N 5, PP. 531–548  (http://web.pdx.edu/~abyron/peace_ed/Wk4/culture1.pdf).

[6] Յ. Գալթունգ, Խաղաղություն խաղաղ միջոցներով. խաղաղություն և հակամարտություն, զարգացում և քաղաքակրթություն: Ե., 2005, էջ 48 – 49:

[7] Տես Tom Lombardo. The Future Evolution of the Ecology of Mind. «Center for Future Consciousness 2009» (http://www.centerforfutureconsciousness.com/pdf_files/Readings/EvolEcolMindPaper.pdf):

[8] Տես Ջոզեֆ Դե Ռիվերա, Նշ. աշխ., էջ 531 – 548:

[9] Տես Sang-Hyun Lee. World Peace Index. «The 3rd OECD WORLD FORUM», October 29, 2009. Busan, Korea (http://www.oecd.org/site/progresskorea/44121754.pdf):

[10] Տես «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (Հայաստան 2011–2013 Ազգային ինդիկատիվ ծրագիր)»: Ե., 2010, էջ 17–21 (http://www.mineconomy.am/uploades/NIP_2011-2013.pdf):

[11] А. Турен. Возвращение человека действующего. Очерк социологии. М., 1998, сс. 10 – 40 (http://socioline.ru/files/5/39/alain_touraine.pdf).

[12] Տես Sochiko Morita and Durwood Zaelke. Rule of Law, Good Governance, and Sustainable Development. «Seventh International Conference on Environmental Compliance and Enforcement», USA, Washington, 2007. PP. 15–21 (www.inece.org/conference/7/vol1/05_Sachiko_Zaelike.pdf):

[13] Տես Peter Hough. Understanding global security. 2nd ed. London and New York, 2008, PP. 165–190:

[14]  Հ. Ս. Քոթանջյան, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում: Ե., 2008, էջ 62 – 63:

[15] «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն»: «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հատուկ թողարկում, 2007, էջ 21:

[16] Հ. Ս. Քոթանջյան, Նշ. աշխ., էջ 49–50:

[17] Յ. Գալթունգ, Նշ. աշխ., էջ 49:

[18]  Տես F. Zakaria. The Future of Freedom: Illiberal Democracy at Home and Abroad. New York, London, 2007, P. 286:

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: