ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ


Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, մասնակցության, շարժունակության, նույնականացման, լեգիտիմության) մեջ: Ավելին, օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի տարամիտվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը: Ուսումնասիրվող թեմայի տիրույթներում ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը: Ժողովրդավարական լեգիտիմության նկատմամբ գիտական հետաքրքրությունը մեծացել է նաև գլոբալ կերպափոխումներով պայմանավորված, քանի որ «կենտրոնծայրամաս» շահերի ներդաշնակման համար անհրաժեշտ է կանխել մեգապոլիսներում գործառող տարաբնույթ մարգինալների թատերականացված քաղաքական գործունեությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել անցում- կերպափոխում-լեգիտիմություն-համախմբում-անվտանգություն փոխհարաբերությունների բազմաչափության համադրականության հիմնախնդիրները` անցումից համախմբում հարացույցի ենթատեքստում բացահայտելով ազգային անվտանգության ապահովման և ժողովրդավարության որակի միջև եղած կապը: Ամբոխավարության, մարգինալության կանխման, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների բացահայտման նկատառումներով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման հիմնախնդրի ուսումնասիրումն իրականացված է քաղաքական գիտության նոր գիտաճյուղի՝ համախմբագիտության (կոնսոլիդոլոգիայի) եզրույթների միջոցով:

Ժողովրդավարական լեգիտիմությունը, իշխանության դերակատարների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված, հասարակություն- պետություն- ազգ- անհատ բազմավեկտոր երկխոսության համակարգ է: Որպես քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման արդյունք՝ այն համալիր ամբողջություն է, որին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

  • սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերի բնականոն արդիականացում,
  • երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական և տեղեկատվահաղորդակցական համակարգերի համամասնական զարգացում,
  • «կենտրոն-ծայրամաս» տիրույթներում իշխանության հարաբերությունների լեգիտիմ և լեգալ երկխոսության ծավալում,
  • երկրի տարածքում վարչակարգի կողմից ընդունված օրենքների և կառավարության որոշումների կատարում` «լավ կառավարման» սկզբունքների հիման վրա,
  • պետական քաղաքականության մեջ կառավարման ուժային և համագործակցային մեթոդների դերի հավասարակշռում` պետականաշինության մշակույթի զագացում,
  • ճանաչում միջազգային ասպարեզում` մասնակցություն ռազմավարական/խաղաղասիրական անվտանգության կերտման գործընթացին:

Ակնհայտ է, որ ժողովրդավարական լեգիտիմությունը քաղաքական զարգացան այնպիսի աստիճան է, որի շրջանակներում իշխանության դերակատարները համախմբման նպատակով կարողանում են հաղթահարել ինչպես անցման, այնպես էլ գլոբալ քաղաքատնտեսական գործընթացների ժամանակ առաջացած ճգնաժամերը և պարբերաբար մակածվող անորոշությունները: Ժողովրդավարական անցման գործընթացում ծագած անորոշության մասին առաջին անգամ խոսել են XX դարի 50-60-ական թվականներից Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների փորձը հանրագումարած քաղաքագետներ Գ.Օ’Դոնելը և Պ.Շմիթերը. «անցումը տեղի է ունենում որոշակի մենիշխանական վարչակարգից դեպի անորոշ «ինչ-որ բանի»: Այս «ինչ-որ բանը» կարող է կապված լինել ինչպես ժողովրդավարական լեգիտիմության հաստատման, այնպես էլ նոր և, հնարավոր է, առավել կոշտ ավտորիտար կառավարման ձևի վերականգնման հետ» [1, p. 3]: Վերոնշյալ հեղինակներն անցումից համախմբում տիրույթներում մշակել են անորոշությունից դուրս գալու չորս հնարավոր սցենարներ.

  1. Դերակատարներից որևէ մեկը, եթե չունի հստակ հակակշիռ, ապա ուժային ռազմավարությունն առաջացնում է «բոլորի պատերազմը բոլորի դեմ», իսկ զանգվածների ներգրավվածության դեպքում՝ նաև քաղաքացիական պատերազմ: Տվյալ սցենարի դեպքում հնարավոր չէ անորոշությունից լեգիտիմ դուրս գալ. այն միայն խորացնում է քաղաքական զարգացման ճգնաժամերի շարունակականությունը:
  2. Դերակատարներից մեկը դառնում է իրադրության լիիրավ տերը` «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով: Այս դեպքում ժողովրդավարական լեգիտիմության ձևավորումը պայմանավորված է հաղթողների իրականացրած իշխանության մշակույթով:
  3. Դերակատարներից մեկի գերակայության դեպքում անորոշությունից ելքը կարող է դառնալ քաղաքական գործընթացի մասնակիցների իշխանության լեգիտիմության լեգալ կամ ոչ լեգալ համաձայնությունը համընդհանուր նորմերի ընդունման վերաբերյալ:
  4. Դերակատարների ուժի և ուժային բախման ժամանակ պարտություն կրելու անորոշ հարաբերակցության դեպքում նրանք կարող են, որպես պայքարի միջոց, օգտագործել իրավական ինստիտուտները` դրանով իսկ «բոլորի պատերազմը բոլորի դեմ» սկզբունքը փոխարինելով «կանոններով պատերազմ» սկզբունքի:

Հասկանալի է, որ առաջարկված սցենարներն իդեալական տիպային են. քաղաքական իրականությունում ավելի շուտ անհրաժեշտ է խոսել սցենարների համակցումների մասին: Օրինակ, ՀՀ-ում ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած 1996թ. սեպտեմբերյան դեպքերից հետո անորոշությունից ելքը ներառում էր «հաղթողը ստանում է ամեն ինչ» սցենարը: Փաստորեն, ՀՀ քաղաքական գործընթացների առանձին ժամանակահատվածներն այս սցենարների օգնությամբ դիտարկելով՝ կարելի է վերակազմավորել սցենարներից յուրաքանչյուրի տրամաբանությունը և ի հայտ բերել անցումային վարչակարգերին բնորոշ լեգիտիմության առանձնահատկությունները: Ելակետային այս մոտեցման համատեքստում անցման ժամանակ, ճիշտ է, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունն ունի որոշակի նորմավորված բնույթ, սակայն արդյունքներն ի սկզբանե անհայտ են: Բացի այդ, ավտորիտար ժողովրդավարական կառավարման ժամանակ ինստիտուտների գործունեությունը լեգալ է, սակայն քաղաքական գործընթացի արդյունքների լեգիտիմությունը կասկածանքի է ենթակա, եթե, իհարկե, կանխավ որոշված չէ [2, էջ 123]: Անցման անորոշության կանխման ռազմավարական պլանավորումը ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման գործընթացի կարևոր բնութագիրն է, որը կերպափոխման բնույթի արդյունք է: Այս տեսանկյունից անցումից համախմբում գործընթացում ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները վերլուծելու դեպքում ակնհայտորեն երևում է, որ ՀՀ-ում առկա անորոշությունների կանխման նկատառումներով անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական շուկայի արդիականացում: Նմանօրինակ տիրույթներում Ա.Պշևորսկին հատուկ ուշադրություն է դարձրել ոչ միայն քաղաքական վերնախավի, այլև հասարակության գիտակցության և քաղաքակրթվածության մակարդակի վրա [3, с. 11]: Նմանօրինակ մոտեցումն էլ պայմանավորում է ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության գործառման հետևյալ մակարդակները.

  1. ազգային միասնականության և համապատասխան նույնականության ձեռքբերում,
  2. տնտեսական զարգացման հարաբերական բարձր մակարդակի նվաճում,նորմերի և արժեքների տարածում, որը ենթադրում է ժողովրդավարական սկզբունքների ճանաչում, քաղաքական ինստիտուտների հեղինակություն, միջանձնային վստահություն, քաղաքացիության զգացում և այլն,
  3. բարեկեցության պետության և գործող իշխանական կառույցի գործունեության որակի աճի առկայություն:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման գործընթացում գլխավորը մրցակցող ընտրանիների փոխհարաբերությունների, նրանց կողմից քաղաքական շուկայի կառավարման գործընթացում քաղաքական կարգի և ինստիտուտների գործունեության որակի գիտակցական բարձրացումն է: Այս մոտեցմամբ պաշտպանում ենք այն դրույթը, որ քաղաքական դերակատարների որոշումները և լեգիտիմությունը պայմանավորում են «շարունակական բարեփոխումներ վերևից» գործողությունների բնույթը: Դերակատարներն իրենք են ընտրում իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը` դրանով իսկ պայմանավորելով ստեղծվող ընթացակարգերի և ինստիտուտների յուրահատկությունները: Այլ խոսքով՝ ժողովրդավարական լեգիտիմությունը տեղի է ունենում ոչ այնքան հասարակական tabula rasa-ի պայմաններում, որի վրա կարելի է «գրել» ցանկացած քաղաքական ծրագիր. նրա վրա ազդում են ոչ միայն քաղաքական գործընթացները, այլև կառուցվածքային գործոնները` կապված առաջին հերթին մշակութային ավանդույթների և սոցիալ-տնտեսական բազմաշերտ ենթատեքստի հետ [4]: Իրականում ժողովրդավարական լեգիտիմացման հաստատումը կարելի է ձևավորել ասպարեզում առանց նրան աջակցող պայմանների հասունացման, սակայն կոնկրետ ժողովրդավարական անցումը և համախմբումը վերջին հաշվով կախված են նաև կառուցվածքային, այսինքն` ազգային և պետականաստեղծ, սոցիալ-տնտեսական և մշակութաարժեքային գործոններից: ՀՀ ժողովրդավարացման գործընթացը հանրագումարելով՝ հաճախ առաջինի առնչությամբ քաղաքական ընտրանուն մեղադրում են «զարգացման կործանարար ուղի ընտրելու» մեջ: Սակայն հարկ է նշել, որ քաղաքական գործընթացների վեկտորային և ոչ վեկտորային մոդելների բարդ չափումների «հանդիպման» պատճառով ի սկզբանե օբյեկտիվորեն չի բացառվում անկանխատեսելին: Ուստի, հետխորհրդային նոր անկախացած երկրներից շատերում, «գունավոր/պատրանքային» հեղափոխություններով պայմանավորված, հիմք կա կասկածելու, որ ստեղծված ինստիտուտները բավարար չեն կազմավորելու արդյունավետ գործառող ժողովրդավարական քաղաքական լեգիտիմություն: Ակնհայտ է, որ «գունավոր/պատրանքային» հեղափոխությունները և աշխարհի տարբեր մասերում ահագնացող ահաբեկչությունը ստիպում են վերարժևորել վեկտորային զարգացման նպատակահարմարությունը. անհրաժեշտ է նոր ռազմավարությունների մշակման միջոցով կառուցվածքավորել և՛ գլոբալ, և՛ լոկալ քաղաքակրթությունների ապագան: Ռուս քաղաքագետ Ռ.Պ. Շպակովան «Լեգիտիմությունը և ժողովրդավարությունները (Վեբերի դասերը)» հոդվածում ընդգծում է «ի սկզբանե դեռ Վեբերի կողմից հիմնված» լեգիտիմության հասկացության մեջ «հեռավորությունը հասարակության և իշխանության միջև» և այդ հեռավորության հաղթահարումը տեսնում է ոչ թե իշխանության ակտիվ գործողությունների մեջ իր լեգիտիմության համար, այլ «այդ հեռավորության կրճատումը» կատարում է «ներքև»` «ժողովրդավարական հասարակության» ձեռքը փոխանցելով էլ ավելի մեծ թվով իշխանական լիազորություններ [5, cc. 169-174]: Այս համատեքստում ուշադրության են արժանի ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 2003-2005թթ. ծավալված քննարկումները: Մինչդեռ ազատական-ժողովրդավարական արժեհամակարգի հիման վրա կատարվող Սահմանադրության փոփոխության օգտին եզրահանգման գալն ու քաղաքական համապատասխան որոշման ընդունումն ինքնին պարտադրում է ՀՀ ավանդական և ազատական ընտրանուն նոր ռազմավարություն մշակել` հստակ արժևորելով ինչպես աստիճանակարգային, այնպես էլ ցանցային իրատես սցենարներով կատարված բարեփոխումների արդյունքները: Այս պատճառով էլ ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմությունը ենթադրում է քաղաքական համախմբման բազում սցենարներ, որոնցից մեկի ընտրությունն ընտրախավերից և հայ հասարակությունից պահանջում է անցյալից ժառանգած քաղաքական զարգացման միտումների իրատես վերլուծություն: Վերջիններիս օգնությամբ լեգիտիմացումը տեղի է ունենում իշխանական հարաբերությունների բոլոր մակարդակներում` ավանդականից հետարդիական, ներառելով ռացիոնալ և իռացիոնալ փոխհարաբերությունները: Այդ առումով խիստ արժեքավոր են Յ.Հաբերմասի մոտեցումները, մասնավորապես` «ցանկացած իշխանության լեգիտիմացում ենթադրում է բանավեճի ծավալում» սկզբունքը: «Լեգիտիմության ճգնաժամ (1973)» աշխատությունում Յ.Հաբերմասը հիմնավորեց այն մոտեցումը, որ ժամանակակից պետության սոցիալական բնույթի աճը հակասության մեջ է մտել կապիտալիստական արտադրության տրամաբանության հետ: Ուստի, արդի հասարակությունները, որպեսզի խուսափեն հեղափոխություններից, սոցիալական բունտերից քաղաքական ինստիտուտների գործառույթների հստակ իրականացման վրա հիմնված լեգալ կարգ են հաստատում` բանավեճի կամ բանակցությունների միջոցով: Յ.Հաբերմասի կարծիքով՝ նման կերպով հաղորդակցման մասնակիցներն իրենք իրենց հնարավորություն են տալիս իրացնել անձնական նպատակները` ըստ ընդհանուր նպատակների: Այսինքն՝ անհատական շահերն անհասկանալի, անընդունելի և անհասանելի են, հետևաբար՝ լեգիտիմ չեն առանց փոխըմբռնելի հաղորդակցման: Հետևաբար, անհրաժեշտ է հստակ տարբերություն դնել նպատակառացիոնալ և հաղորդակցառացիոնալ գործողությունների միջև [6, p. 8-9]: Արդյունքում՝ ինքնիշխանությունների բախումները չեզոքացնելու նպատակով անվտանգության քաղաքականության մշակման և ապահովման նկատառումներով լեգիտիմացումն ապահովում է փոխլրացում (complementarity), որը հնարավորություն է տալիս աշխարհը տեսնել միասնության մեջ` ազնվորեն վերինտեգրվելով և ամբողջականացվելով մարդու և մշակույթի անվտանգ արարման միջազգային գործընթացին [7, p. 7-10]: Նմանօրինակ քաղաքականությունը հնարավորություն է տալիս փաստել, որ ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման հիմնական առանձնահատկությունը «բարեփոխումներ վերևից» կամ «հեղափոխություն վերևից» սցենարի ակտիվ կիրառումն է, որը ենթադրում է քաղաքական զարգացման կառուցվածքային և ընթացակարգային գործոնների համադրում: Նմանօրինակ գործընթացների համակարգային վերլուծության նպատակով, սկսած 2000-ից, ամերիկացի տեխնոլոգներ Ջ.Մեհոնին և Ռ.Սնայդերն օգտագործեցին «պատճառականության ձագարի» (funnel of causality) մեթոդաբանությունը [8, pp. 447 -484]: Վերջինիս օգնությամբ ապացուցվեց, որ անցումագիտական գրականության մեջ ժողովրդավարական անցման և ժողովրդավարության ծննդի (լինի դա նրա «օրգանական աճը, ուժային ներդրումը ներսից» կամ նույնպիսի «փաթաթումը դրսից») լեգիտիմության նկատմամբ միարժեք մոտեցում գոյություն չունի: Կիրառելով ժողովրդավարական լեգիտիմության գործընթացում «պատճառականության ձագարի» ընդհանրական մոտեցումը` փաստենք, որ այն հետևողականորեն ապակենտրոնացնում է իշխանական հարաբերությունները մակրոմակարդակից դեպի միկրոմակարդակ: Այս մոդելին համապատասխան փոփոխականները, որոնք նպաստում են ժողովրդավարական լեգիտիմությանը (սկսած վարչակարգի նախնական ազատականացումից մինչև ժողովրդավարական ինստիտուտների և ընթացակարգերի կայացումը), կարող են դիտարկվել մակրոմակարդակից միկրոմակարդակ: Ձագարի առանցքի յուրաքանչյուր հարթությունը ներկայացնում է ժամանակային տարբեր չափումների մեջ գտնվող այնպիսի գործընթացները, որոնք իրար զուգամիտող պատճառական շղթա կազմվելով շարժվում են ձագարի լայն մասից դեպի նեղ մասը:

Նմանօրինակ գործընթացների շարժիչ ուժը հարաբերական անկախության մեջ իր շահերը պաշտպանող ընտրողն է, որի վարքագծով է պայմանավորված քաղաքական լեգիտիմության ապահովումը: Նման պարագայում ամեն անգամ հնարավորություն է ստեղծվում խաղարկելով նվազեցնել այն հետևանքները, որոնք կարող են ազդեցություն թողնել ՀՀ քաղաքական գործընթացի հետագծի էության վրա: Արդյունքում ունենք փոխլրացման էֆեկտ, որի դեպքում ենթադրվում է, որ տեղի պետք է ունենա շահերի համադրում մեկ կետում, ընդ որում՝ համադրման գործընթացը սկսվում է մակրոմակարդակից և ավարտվում միկրոմակարդակում: Այս գործընթացը ենթադրում է նպատակամետ փոփոխականների յոթ մակարդակներ.

  1. արտաքին միջազգային մակարդակ (միջազգային տնտեսական իրադրություն, քաղաքական-ռազմավարական պայմաններ և հարաբերություններ, միջպետական և միջազգային ոչ կառավարական փոխազդեցություններ, համաշխարհային «ժամանակի ոգի»` գլոբալ Zeightgeist),
  2. պետական և ազգաստեղծ գործոններ (միասնական տարածք, միասնական պետություն, ազգային ինքնության զգացում և այլն),
  3. սոցիալ-տնտեսական զարգացման և արդիականացման, հասարակության արդիականության ընդհանուր մակարդակ,
  4. սոցիալ-դասային գործընթացներ և պայմաններ (սոցիալական աստիճանակարգման և զարգացման աստիճան, սոցիալական խմբերի և դասակարգերի փոխհարաբերություն),
  5. սոցիալ-մշակութային և արժեքային գործոններ, հասարակությունում գերիշխող մշակութային-քաղաքական արժեքներ և կողմնորոշումներ,
  6. քաղաքական (per se) գործոններ և գործընթացներ (կուսակցությունների, հասարակական-քաղաքական շարժումների և կազմակերպված խմբերի ու նոր քաղաքական ինստիտուտների փոխհարաբերություններ, քաղաքական ռազմավարության և մարտավարության ընտրություն),
  7. անհատական, անձնական քաղաքական-հոգեբանական գործոններ (առանցքային քաղաքական դերակատարների կոնկրետ որոշումներ և գործողություններ):

Լեգիտիմացման գործընթացի նման բազմամակարդակ վերլուծությունն էլ հենց հնարավորություն է ստեղծում ապահովել այն հարցերի բացատրությունը, թե ինչպես և ինչու են տեղի ունենում (կամ տեղի չեն ունենում) նոր ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմացում և ժողովրդավարության համախմբում: Նման մոտեցման օգնությամբ հնարավորություն ենք ստանում կանխատեսել ՀՀ ժողովրդավարացման կառուցվածքային և ընթացակարգային գործոնների ռազմավարությունը: Ուստի, պայմանավորված քաղաքական ուժերի ռազմավարության և մարտավարության փոխհարաբերություններով, մինչև անգամ առանցքային քաղաքական դերակատարների անհատական յուրահատկություններով՝ կարևորում ենք հայ իրականությունում սոցիալ-դասային պայմանների (ժողովրդավարացման սոցիալական բազա) և մշակութաարժեքային գործոնների, իսկ հետո արդեն ընթացակարգային միկրոմակարդակի համադրականությունը: Քննարկող մոդելի առանձնահատկությունն այն է, որ որոշում կայացնող դերակատարները (և՛ ընտրանին, և՛ ընդդիմությունը, և՛ ընտրազանգվածը) վերջին հաշվով ազդվում են «արտաքին» կառուցակարգերից: Այդ պատճառով «պատճառականության ձագարի» բոլոր մակարդակներում առկա գործոնների բավական հստակ և արդյունավետ փոխշաղկապվածությունը հիմք է հանդիսանում, որ շղթայական զարգացումներով պայմանավորված ամենավերին հարթության գործոնները ներթափանցվեն մինչև նախկին ոչ ժողովրդավարական վարչակարգից պահպանված սոցիալ-հոգեբանություն: Այս առումով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատումը որոշակի զուգահեռներ ունի անցումային բոլոր այն երկրների հետ, որոնց քաղաքական համակարգերը ձևավորվում, կայանում, կերպափոխվում և բնականոն արդիականացման են ձգտում էթնիկական բախումների պարագայում: Ուստի, նպատակահարմար է կարևորել հետևյալ առանձնահատկությունները.

ա. Ս.Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախման» և Ֆ.Ֆուկույամայի «Պատմության վերջ»-ի ազատական հայեցակարգերի գծային զարգացման արդյունքում կենտրոնծայրամաս տիրույթներում առաջացած «մեծ խզումը» վկայում է, որ ազատական ժողովրդավարության իդեալը միանգամից չէր կարող հանգեցնել քաղաքական զարգացումների` Ֆ.Զաքարիայի «այլոց հզորությունը» հայեցակարգի շրջանակներում: Անկախացումից հետո ՀՀ գծային ազատականացման արդյունքում առաջացած քաղաքական զարգացման ճգնաժամերը ձևավորեցին «նոր կենտրոն»-«նոր ծայրամաս» հակասություններ` հանգեցնելով «մեծ խզումից» «ուժեղ պետության» միջոցով դուրս գալու անհրաժեշտության [9]: Լինելով բարդ և բազմաշերտ քաղաքական հասկացություն՝ ժողովրդավարությունը ենթադրում է կառավարության ղեկին տիրանալու իրավունքի թափանցիկ քննարկում, որն էլ խթանում է ժողովրդավարական լեգիտիմության հաստատման գործընթացի մեկնարկն ու ուղղվածությունը: Սակայն ազատական ժողովրդավարությունը ՀՀ-ում «պատճառականության ձագարի» վերին հարթության (ինչպես նաև ներքին հարթության) վրա ներազդող միակ ուժը չէր: Ժողովրդավարական անցումը ՀՀ-ում այլ հետագիծ կարող էր ունենալ, եթե տեղի չունենար 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո[1]: Այսինքն, եթե այն լիներ նորաստեղծ ՀՀ սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային կյանքը համակարգող միակ գործոնը, որի տիրույթներում տեղի էին ունենում քաղաքական զարգացման և արդիականացման գործընթացները: Նման երկրներից են Մերձբալթյան հանրապետությունները, Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Գերմանիան, որոնց ժողովրդավարական լեգիտիմացումն այսօր տեղի է ունենում համախմբման տիրույթներում:

բ. Ժողովրդավարական անցման գործընթացը ՀՀ-ում գրեթե  միաժամանակ ներառեց երկու՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն  առանձին և Հայ դատին առնչվող խնդիրներն՝ առանձին  գործոններ, որոնց իրականացման համար «առաջին սերնդի  ժողովրդավարները» գծային զարգացման (միայն ազատականացում) արդյունքում շահարկեցին և մարգինալացրին հասարակության սպասելիքները: Սակայն նույնիսկ այս դեպքում միջազգային շրջակայքի հարթության վրա 90-ական թվականներից մինչև այսօր ՀՀ քաղաքական զարգացման գործընթացում Ղարաբաղյան և Հայ դատի հիմնախնդիրները շարունակում են գերակայել: Այս պարագայում օրինաչափ է այն հանգամանքը, որ «պատճառականության ձագարի» յուրաքանչյուր մակարդակում ՀՀ ժողովրդավարացման արդյունքները, կրելով վերը նշված երկու գործոնների ազդեցությունը, փաստորեն այսօր էլ գերակայում են, բայց արդեն իրենց բազմավեկտոր բնույթով ունեն կոմպլեմենտարության և սիներգետիկության արժեքաբանություն: Այս նկատառումներից ելնելով` ուշագրավ է այն հանգամանքը, որ ռազմավարական անվտանգության գլոբալ դերակատարները` ԱՄՆ-ԵՄ-ՌԴ, հետամուտ որոշակի նպատակների, օգտվելով քաղաքական ընտրանու անվճռականությունից ու տրոհվածությունից, հաճախ ժողովրդավարացման գործընթացի գնահատման և դրա վերահսկման առումով կիրառում են երկակի ստանդարտներ (օր.` տարբեր չափորոշիչներով են իրականացվում միջէթնիկական բախումների գնահատումը և կարգավորումը): Այս առումով էական ազդեցություն ունեցավ ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ շարունակական շրջափակումը, այլև նրանց կողմից ՀՀ-ի դեմ ծավալված տեղեկատվական պատերազմը: Ուստի, ՀՀ ժողովրդավարական լեգիտիմության հաստատման գործընթացն առավել համակարգված դիտարկելու համար «պատճառականության ձագարի» օգնությամբ վերլուծել ենք նրա մակարդակներից յուրաքանչյուրը` ցանկանալով բացահայտել նրանց միջև առկա պատճառահետևանքային կապերը.

  1. Միջազգային գործոններ. 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունումից, 1992թ. ՄԱԿ-ին ՀՀ անդամագրվելուց հետո ՀՀ-ն հնարավորություն ստացավ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու: Սակայն տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների միջև աշխարհաքաղաքական տարամիտող կողմնորոշումները հանգեցրել են նրան, որ գլոբալ քաղաքականության հիմնական դերակատարները, նրանցից յուրաքանչյուրին ընդգրկելով իրենց շահերի և անվտանգության համակարգի տիրույթ, կրկնակի լարվածություն էին ստեղծում տարածաշրջանում: Արդյունքում՝ տարածաշրջանի պետություններն իրենց անվտանգության քաղաքականությունը միմյանց հանդեպ կառուցում են առճակատման, այլ ոչ թե համագործակցային տրամաբանության վրա:
  2. Ազգ-պետություն կազմավորող գործոններ. այս մակարդակում անհրաժեշտ է կարևորել ազատական-ժողովրդավարական արժեքների հիմքի վրա մշակված ՀՀ Սահմանադրության (1995) ընդունումը և 2005թ. սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ժողովրդավարական ինստիտուտների արդիականացման գործընթացը: Ղարաբաղյան հարցի վերջնական չկարգավորվածությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքից դրդված հասարակությունը և հատկապես պետական իշխանության այն ինստիտուտները, որոնք իրականացնում են պաշտպանության և անվտանգության գործառույթները, մշտապես կիսառազմականացված վիճակում են: Այս պատճառով ազգի համախմբման և ազատության ընկալումներում հասարակությունում առկա են ազատական-պահպանողական և ազգայնական-պահպանողական մոտեցումներ: Ազատական արժեքների կենսագործման նպատակով ՀՀ քաղաքական ընտրանին նպատակամետ ինտեգրվում է գլոբալ քաղաքակրթության կառուցվածքում` գիտակցելով, որ ՀՀ մեկուսացումը և ժողովրդավարության ցածր որակը կարող են հանգեցնել արտաքին միջազգային միջավայրի հետ ՀՀ քաղաքական համակարգի բախմանը: Ազգայնական-պահպանողականները հակված են ազգային հիմնախնդիրների գծային լուծմանը` մեղադրելով բազմավեկտոր քաղաքականության կողմնակիցներին ազգային խնդիրները նորովի մեկնելու մեջ (նկատի ունենք ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» քննադատությունը ՀՅԴ-ի կողմից):
  3. Սոցիալ-տնտեսական գործոններ. այս մակարդակում տարածաշրջանում ստեղծված անհավասար մեկնարկային պայմանները շարունակում են խոչընդոտել ՀՀ առաջընթացին: Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը միաժամանակ տնտեսական և քաղաքական բարձր ռիսկի գործոն է և՛ ԼՂՀ, և՛ ՀՀ անվտանգության համար: ՀՀ ժողովրդավարացման ողջ գործընթացում, երբ փլուզվեց ԽՍՀՄ ժողովրդատնտեսական համալիրը, տեղի ունեցավ տնտեսության փոշիացում և կենսական պաշարների ջլատում: Արդյունքում՝ ՀՀ-ում դրսևորվեց քաղաքական զարգացման բաշխման ճգնաժամը` հանգեցնելով սոցիալական բևեռացման:
  4. Սոցիալ-դասային գործոններ. այս մակարդակում ՀՀ-ում առկա է խիստ տրոհված պատկեր, չնայած ըստ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը» [10, էջ 10-11]: ՀՀ-ում անցման ազատականացման փուլում առաջացած սոցիալական բևեռացումը միջին խավի գրեթե բացակայության պատճառով շարունակում է սպառնալիք մնալ: ՀՀ-ում ձևավորված սոցիալ-դասային տարամիտվածությունը հասարակության մեջ ի սկզբանե կենտրոնախույզ միտումներ է ձևավորել, որոնք էլ հանգեցրին հայ իրականության մեջ քաղաքական զարգացման շարժունակության ճգնաժամին: Այդ իմաստով ուշագրավ է այն հանգամանքը, որ անկախության առաջին ամիսներին կենտրոնախույզ միտումներն ապակառուցողականացրին Հայաստանի ներքին կյանքը (ՀԱԲ դեպքերը) [11, էջ 112]։ Միաժամանակ, Հայաստանի սահմանների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու նկատառումներով հասարակության մեջ կենտրոնամետ ուժերի միավորման արդյունքում ձևավորվեց «Երկրապահը»: Վերջինս կարողացավ կանխել կենտրոնախույզ խմբերի հզորացումը, և Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի ոգու շնորհիվ օբյեկտիվորեն կանխվեցին սոցիալական բևեռվածությամբ պայմանավորված հակամարտությունները: Դրանով իսկ նա հնարավորություն ստացավ ոչ միայն մերձենալ ազատականներին, այլև, ներառվելով նրա մեջ, միջանկյալ կարգավիճակ ստանձնեց ազատական-պահպանո-ղականների և ազգայնական-պահպանողականների միջև:
  5. Սոցիալ-մշակութային և արժեքային գործոններ. այս մակարդակում ազատականների և ազգայնականների փոխհարաբերությունների միջև եղած տարաձայնությունները նվազեցին, քանի որ արդեն իսկ ձեռք բերված «վաուչերային» սեփականությունը չկորցնելու նպատակով նրանք սկսեցին ծրագրված մանիպուլացնել և մարգինալացնել զանգվածներին: Սակայն քաղաքական զարգացման հետագա գործընթացը, հատկապես 1998թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո նոր որակ հաղորդեցին ազատական-ժողովրդավարական արժեքներին: Գծային զարգացման արդյունքում առաջացած սոցիո- և էթնոմշակութային օտարվածության հաղթահարման նկատառումներով պայմանավորված՝ քաղաքական ուժերը սկսեցին կարևորել ազատական-պահպանողականությունը և ավտորիտար ժողովրդավարությունը:
  6. Քաղաքական գործոններ և գործընթացներ. այս մակարդակում ՀՀ քաղաքական իրականության մեջ նկատվում է քաղաքական ուժերի կողմից «պատերազմ խաղի կանոններով» ռազմավարության որդեգրում: Այս ամենը հանգեցրեց նրան, որ մարգինալ վազքի մեջ գտնվող քաղաքական ուժերը, վարելով ապագաղա-փարականացված պայքար, փոխզիջումային ռազմավարություն են մշակել` «քաղաքականությունն իբրև սակարկություն» սցենարով, որի պարագայում յուրաքանչյուրը ստանում է այնքան, որքան կարող է վերցնել: Արդյունքում՝ զուտ անձնային կամ խմբային շահերի պաշտպանության նկատառումներով սակարկություն է տեղի ունենում, որը ենթադրում է «դրական գումարով խաղ» և այսպես շարունակ:
  7. Անհատական կամ անձնական սոցիալ-հոգեբանական գործոնների մակարդակում մշակվել են փոխզիջումային կառուցակարգեր` պայմանավորված իրավիճակով: Պատճառը քաղաքական հարթությունում անհատի մարգինալությունն է, որը պատճառ է դարձել իրականությունից ֆիզիկական և հոգևոր օտարման` գերակա դարձնելով լեգիտիմության ճգնաժամի ցիկլայնությունը:

Ամփոփենք. ՀՀ-ում գծային ազատականացման փուլը հանգեցրել է քաղաքական զարգացման ճգնաժամերի, իսկ որպես միջէթնիկական հակամարտության գործընթացի դերակատար` այն շարունակում է ենթարկվել այդ թատերաբեմում գործող երկվեկտորային զարգացման «խաղի կանոններին»` միաժամանակ ներքաշվելով և՛ սոցիալ-տնտեսական, և՛ միջէթնիկական բախումների ոլորտ: Նշված գործոնները, ձևավորելով որոշակի վարքաբանական նմուշներ, դարձել են ռիսկային հասարակության, պետության, ազգի, անհատի կենսագոյության համար: Այստեղ մենք կարևորում ենք ժողովրդավարական անցման սուբյեկտիվ առանձնահատկությունները պայմանավորող ՀՀՇ-ական քաղաքական ընտրախավի լատենտ դերը: Ըստ էության, նրա կայացրած որոշումներից էր կախված ազատականացման գործընթացին զուգահեռ առաջացած քաղաքական զարգացման ճգնաժամերի կառավարումը: Մինչդեռ Հայաստանի համար, ըստ իրականացվող բարեփոխումների հետապնդած նպատակի, անցման երկու խոշոր փուլերը` ազատականացում և ժողովրդավարացում, հիմնվեցին ոչ լեգիտիմ և ոչ լեգալ «ցեխավիկության», այլ ոչ թե «նոր սերնդի» ժողովրդավարության վրա: ԽՍՀՄ-ում 1980-ականների կեսերից հետո` գորբաչովյան «պերեստրոյկայի» շրջանում «ցեխավիկության» միջոցով կատարվեցին քաղաքական վարչակարգի ազատականացմանն ուղղված առաջին բարեփոխումները` հանրաքվեի մասին ԽՍՀՄ օրենքի փոփոխությունը, ձեռնարկությունների անցումը տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման, գրաքննության թուլացումը, հրապարակայնությունը և այլն: Այս բարեփոխումները մի կողմից` ցանկանում էին բարձրացնել քաղաքական գործընթացներ հավաքագրված դերակատարների ինքնավարության մակարդակը, մյուս կողմից՝ քաղաքական ինստիտուտների ժողովրդավարական գործառույթը: Բարեփոխումներն էապես նպաստեցին կոոպերատիվ շարժման վերելքին, և տեղի ունեցավ կապիտալի որոշակի կենտրոնացում նոր ձևավորված «ցեխավիկ» դասի ձեռքում: Թեպետ այն իր շրջանակներով դեռևս կայուն չէր, սակայն համազգային շարժմանն աջակցելու առումով պակաս դերակատարում չունեցավ: Ճիշտ է, հետագայում այդ դասն արմատական փոփոխությունների ենթարկվեց, սակայն հենց նրա գոյության փաստը ոգևորված զանգվածների համար ազատ շուկայական տնտեսության գաղափարը գայթակղիչ էր դարձնում: Իսկ բուն ազատականացման փուլը, մեր կարծիքով, սկսվեց, երբ իշխանության եկավ ՀՀՇ-ն, և Հայաստանի Գերագույն խորհրդի 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով երկրում սկիզբ առան ժողովրդավարական բարենորոգումները: Կատարված արմատական բարեփոխումների տրամաբանությունը պայմանավորված էր ազատականության և ժողովրդավարության հայեցակարգերով: Եթե ազատականության բաղադրիչը կենսագործունեության բոլոր ոլորտներում որոշակի տիպի ինստիտուտների ձևավորման համար անհրաժեշտ պայմաններ ապահովեց, ապա ժողովրդավարության բաղադրիչը պետք է ապահովեր դրանց բնականոն գործառման և փոխազդեցության համար անհրաժեշտ արարողակարգերի, ընթացակարգերի մշակումն ու իրականացումը: Ըստ էության, առաջինն ապահովեց բարեփոխումների կառուցվածքային, իսկ երկրորդը` գործառնական ու փոխազդեցության ասպեկտները: Հենց այս նկատառումներով էլ ցանկացած ոլորտում երկուսը միասնաբար կազմում են բարեփոխումների ամփոփ տրամաբանություն, որտեղ նրանք պետք է հանդես գան միաժամանակ կամ լրացնեն միմյանց:

Ահա թե ինչու բարեփոխումների արդյունքները Ռ.Դալը գնահատում է երկու չափորոշիչով՝ մասնակցություն և մրցակցություն [12, с. 56-57]: Առաջինի համար որոշիչ է, թե ինչպիսի և ինչ քանակով դերակատարներ են մասնակցում գործընթացին (մասնակցության ազատության աստիճանը), իսկ երկրորդը, թե ինչպես, ինչ ազատությամբ են նրանք մասնակցում գործընթացին (մրցակցության ազատության աստիճանը): Հայաստանի վերաբերյալ կարելի է վկայակոչել իրականացվող բարեփոխումների արդյունքների գնահատականը «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք» փաստաթղթում Հայաստան 2012-2013թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը, որտեղ արձանագրվեց. «ժողովրդավարական կառույցների հզորացումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգանքը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական ոլորտներն են… 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամն ընդգծում է ժողովրդավարացման գործընթացի ամրացման և Հայաստանի քաղաքական համակարգում ու կառավարման մեջ եվրոպական արժեքների որդեգրման անհրաժեշտությունը» [13, էջ 7]: Փաստ է, որ սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում թեպետ իրավական-նորմատիվ առումով ՀՀ-ում ապահովված է ազատականության միջավայրը, սակայն գերակա չէ ժողովրդավարության բաղադրիչը, այսինքն՝ ազատականության հայեցակարգով հիմնադրված ինստիտուտների, կառույցների գործառնությունն ու փոխազդեցությունը ժողովրդավարության սկզբունքների համաձայն: Մինչդեռ ինստիտուտների ժողովրդավարացումը կառավարող ընտրանուն հնարավորություն է տալիս գիտագործնականորեն հիմնավորել քաղաքական և կառավարչական որոշումները` պայմանավորված ինչպես գլոբալացման գործընթացների քաղաքատնտեսական փոփոխությունների ինտենսիվությամբ, այնպես էլ «լավ կառավարման» սկզբունքների ներդրմամբ: Այս սկզբունքների օգնությամբ ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության բարձրացման նկատառումներով կարևորում ենք քաղաքական ընտրանու կողմից կառավարման ծրագրային, գիտական ապահովման և արդյունավետության գնահատման համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը:

Դրանց գոյությունը և բնականոն գործունեությունն անչափ կարևոր են ՀՀ ժողովրդավարական անցման պայմաններում ոչ միայն ժողովրդավարության բաղադրիչի, այլև համախմբվածության բարձրացման առումով: Այս ամենը, համախմբվածության առաջնային նախապայման հանդիսանալուց բացի, կհանգեցնի նաև կառավարման թափանցիկությանը և որոշումների նախապատրաստման գործընթացին փորձագետների մասնակցությանը` նպաստելով ժողովրդավարական լեգիտիմության հաստատմանը: Վերջինիս առկայությունն էլ հենց ենթադրում է ժողովրդավարության համախմբում, որի հիմքում ընկած են ընտրությունները: Վերջիններիս օգնությամբ, տարանջատելով ժողովրդավարական անցման ժամանակային տարբեր փուլերը, տարբերակվում են հիմնադիր, հիասթափության և ռացիոնալ ընտրություններ: Ասվածին համապատասխան՝ «անցում-համախմբում» տիրույթներում ՀՀ ժողովրդավարական լեգիտիմության հաստատումը կարելի է բաժանել ոգևորության (1990-1996), հիասթափության (1996-1998), սպասումների (1998-2008), սթափության (2008 -մինչ օրս) փուլերի: Բաժանումը կատարված է ըստ ժողովրդավարացման «երրորդ ալիքի» տրամաբանության, համաձայն որի՝ երբ գծային զարգացմանը զուգահեռ հասարակության ընդերքում ձևավորվում է ազգային արժեքային համակարգի լեգիտիմ արդիականացման հանրային պահանջմունք, ապա տեղի է ունենում շրջադարձ՝ գերակա դերակատար ընտրանու փոխդասավորվածության մեջ տեղի է ունենում փոփոխություն. «գաղափարական միասնական» և «տրոհված, բաժանված» ընտրախավերին փոխարինում է «փոխհամաձայնեցված միասնական ընտրանիների համագործակցությունը» [14]:

Փաստորեն, անցումից համախմբում գործընթացում անորոշությունից դուրս գալու ելքի հնարավոր տարբեր սցենարների դեպքում պետական-քաղաքական իշխանության և բյուրոկրատական ապարատի համալրմանը ծառայող «կադրերի բանկը» տարբեր է: Քանի որ անցումը սկսվեց «բոլորի պատերազմը բոլորի դեմ» սցենարով, ուստի հաստատված քաոսի պայմաններում քաղաքական պաշտոնների բաշխման ու բյուրոկրատական ապարատի գործունեությունը ենթարկվում էր քաոսի «օրենքներին»` «հաղթողը ստանում է ամեն ինչ»: Վերջին սցենարը ՀՀ-ում գերակա է եղել երկու անգամ. նախ, երբ 1991-ից անմիջապես հետո իշխանության իրականացման պատասխանատվությունը ստանձնեց ՀՀՇ-ն, հետո` 2000-ի մայիսից հետո: Ակնհայտ է, որ ժողովրդավարական լեգիտիմության կայացման համար անհրաժեշտ է ստատուսքվո պահպանող «ընտրանիների համագործակցություն»: Արդյունավետ ժողովրդավարական անցումից համախմբում օրինակները փաստում են, որ «ընտրանիների համագործակցություն» սցենարն անցման լավագույն մոդելն է: Հրաժարվելով «պատերազմ բոլորի դեմ» ռազմավարությունից` անցում է կատարվում «պատերազմ խաղի կանոններով» ռազմավարության: Այս սցենարի կայացման համար կոշտ ուժային ռազմավարությունը բացառված է, ավելին, ստեղծվում են այնպիսի կանոններ, որոնք բացառում են «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը: Այսինքն` հնարավորություն է ստեղծվում մրցակցության, լեգիտիմ ընտրությունների միջոցով կառավարող ընտրանու ձևավորման համար: Մեր կարծիքով՝ ՀՀ-ում ժողովրդավարական անցման փուլերի այս սցենարները, այնուհանդերձ, ժողովրդավարական լեգիտիմություն չեն ապահովի, եթե համախմբման սկզբունքներով չզարգանան:

Վերոշարադրյալը հնարավորություն է տալիս եզրակացնել, որ ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության կայացման համար անհրաժեշտ է `

վերահսկել քաղաքական ընտրանու գործունեությունը` քաղաքացիական և քաղաքական հասարակության ինստիտուտների ներուժի փոխներդաշնակման միջոցով,

բարձրացնել կառավարող ընտրանու պատասխանատվությունը՝ ժողովրդավարության որակի ապահովման և համախմբման նկատառումներով,

իրականացնել քաղաքական և սոցիալական տարածության «կենտրոն»-«ծայրամաս» հարթությունների հավասարաչափ զարգացում` ունիվերալ և ազգային արժեշահային համակարգի բնականոն արդիականացման օգնությամբ: Դրանց գերակայությամբ է միայն հնարավոր լեգիտիմացնել նախ` անհատ-հասարակություն-պետություն-միջազգային շրջակայքը, ապա միջպետական և միջազգային հարաբերությունները` ապահովելով ազգային անվտանգություն,

կարևորել «բարեփոխումներ վերևից» սցենարը, քանի որ ՀՀ ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացի արդի փուլում նպատակահարմար է կասեցնել զանգվածներին մարգինալացնող «բարեփոխումներ ներքևից» զարգացումները: Այս պարագայում նախ՝ կնվազի հասարակության հեղափոխակա-նացվածությունը, ապա` լեգիտիմացման գործընթացը կիրականացվի կառավարող ընտրախավի օգնությամբ, ինչն էլ հնարավորություն կտա ժողովրդավարական համախմբում իրականացնել,

մշակել համահայկական զարգացման և անվտանգության համակարգված ծրագիր` այդ աշխատանքի մեջ ընդգրկելով ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի մրցունակ ներուժ ունեցող մարդկային ռեսուրսները: Անհրաժեշտ է միջազգային շրջակայքի և ազգ-պետություն կազմավորող գործոնների հարթությունում Ղարաբաղյան հիմնախնդրի գիտավերլուծական համալիր ներկայացում` ազգերի ինքնորոշման գերակայության սկզբունքով: Այս պարագայում հայ հասարակությունը ժողովրդավարական լեգիտիմության ընձեռած հնարավորությունները կօգտագործի ազգային ինքնության բնականոն արդիականացման համար՝ ընդարձակելով Հայկական աշխարհի գործունեության լեգիտիմացման գլոբալ տարածության բազմաչափությունը, ապահովել հանրային շահի գերակայության վրա հիմնված շարունակական ժողովրդավարական բարեփոխումներ` անվտանգության տարաբնույթ ինստիտուտների ռացիոնալ գործունեության և արդյունքի կառավարման երաշխիքների գործառնման միջոցով:

Հունվար, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. O’Donnell G., Schmitter P. and Whiteheand L. Transition from Authoritarian Tentative Conclusions about Uncertain Democracies. Baltimore and London, Johns Hopkins University Press, 1996.
  2. Մարգարյան Մ., Քաղաքական ընտրանին և ժողովրդավարական անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Եր., «Պետական ծառայություն», 2006:
  3. Пшеворский А., Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. Пер. с англ./ Под ред. проф. Бажанова В.А., М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2000.
  4. Fabienne Peter, Democratic Legitimacy, Routledge, New York, 2011.
  5. Шпакова Р.П., Легитимность и демократия (Уроки Вебера), ПОЛИС, 1994, N
  6. Habermas Jurgen, Legitimation Crisis, Great Britain 1973.
  7. Deissler Gebhard, The intercultural complementarity and integration principle: New horizons of intercultural management, GRIN Verlag, 2012, http:// books . google . am/books?id=KapVDbqt5EgC&dq=complementari ty &hl=ru&source=gbs_navlinks_s, 24.09.2012.
  8. Larsen S. (ed.) The Challenges of Theories of Democracy: Elaborations Over Trends in Transitology. Boulder, N. Y., 2000.
  9. Фукуяма Ф., Великий разрыв. Под ред. А.Александровой, М., АСТ, 2003; Фукуяма Ф., Сильное государство: Управление и мировой порядок в XXI веке,

М., ACT, 2006.

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (փոփոխություններով), Եր., ՊՏ, 2006:
  2. Վասիլյան Ռ., Միքայելյան Ի., ՀԱԲ-ի ճակատագիրը…, Եր., Ա. հ. 2005:
  3. Даль Р., Демократия и ее критики, Пер. с англ. Под ред. М.В. Ильина. М., Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2003.
  4. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք, Հայաստան. Ազգային ինդիկատիվ ծրագիր 2011-2013, Եր., ԵՀԱՀԳՏ, 2010:
  5. Linz J. J., Stepan A., Problems of Democratic Transition and Consolidation: Southern Europe, South America, and Post communist Europe, Baltimore, 1994.

ОСОБЕННОСТИ СТАНОВЛЕНИЯ ДЕМОКРАТИЧЕСКОЙ ЛЕГИТИМНОСТИ В РА

Мариам Маргарян

Резюме

В статье демократическая легитимность рассмотрена как система многовекторного диалога общество-государство-нация-личность. Будучи результатом преодоления кризисов политического развития, демократическая легитимность представляет собой комплексную целостность, для которой характерно применение принципов «хорошего управления». Очевидно, что цветные/иллюзорные революции и проявляющийся в разных частях света терроризм заставляют переоценить целесообразность векторного развития. Необходимо с помощью разработки новых стратегий структурировать как глобальное, так и локальное будущее цивилизаций.

Հոդվածը գրված է քաղաքական գիտությունների թեկնածու Հովսեփ Մովսեսյանի համահեղինակությամբ:

Հոդվածը տպագրված է «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

[1] 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի վնասի գոտու մակերեսը կազմել է 10 000 կմ2 տարածք, ուր ապրում էր 1 մլն բնակիչ, ուժեղ ավերման գոտին կազմել է 3000 կմ2 տարածք, ավերված քաղաքների թիվը` 11, գյուղերինը` 58, տուժած քաղաքների թիվը` 21, գյուղերինը` 342, անօթևան մնացածների թիվը` 514000 մարդ, զոհերը` 25000, http://www.nssp-gov.am/spitak.htm, spitakseism.info:

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: