ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԵՆԹԱԼԻՏԵՏ) ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

 

Քաղաքական գործընթացը քաղաքական համակարգի ինքնակազմակերպման, գործառնության ու արդիականացման և այլ համակարգերի հետ փոխհարաբերու­թյունների ժամանակ ի հայտ եկած գործողությունները համակարգող համալիր ամբողջություն է։ Որպես բազմաշերտ երևույթ՝ քաղաքական գործընթացը տարածության և ժամանակի մեջ դրսևորվող փոփոխական մեծություն է։ Այս նկատառումներով էլ նրա բնույթը ժողովրդավարական անցման պայմաններում գտնվող հասա­րակություններում պայմանավորված է ոչ միայն ինստիտուցիոնալ կարգով ընդունված քաղաքական որոշումներով, այլև կառավարող ընտրանու (էլիտայի) կողմից այն իրատեսորեն իրականացնելու հնարավորության օգտագոր­ծմամբ: Հայաստանում, ինչպես նաև ժողովրդավարական անցման պայման­ներում գտնվող ցանկացած երկրում, քաղաքական գործընթացը ծայրաստիճան բարդ, բազմաշերտ և հակասական է: Ժողովրդավարական անցման պայմաններում գտնվող հայ իրականության մեջ քաղաքական գործընթացի վրա գերակա ազդեցություն ունեն նախ «վազող արդիականացման» բնութագրիչները, ապա ժողովրդա­վա­րաց­ման մի շարք կարևոր նախադրյալների (տնտեսական, մշակութային, իրավական) բացակայությունը : Այս ամենն էլ փոխհատուցվում են քաղաքակա­նության դերակատարների իրավիճակային վարքաբանությամբ։ Դա էլ, որոշելով քաղաքական գործընթացի բնույթը՝ ժողովրդավարացող երկրներին հանգեցնում է քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, շարժունակության, մասնակցու­թյան, ինքնության և լեգիտիմու­թյան)։ Դրանց արդյունավետ հաղթահարումը, համաձայն Ս. Հանթինգթոնի, բացի ինստի­տու­ցիոնալ փոփոխություններից, ենթադրում է ինչպես անձի քաղաքական սոցիալա­կանացման որոշակի աստիճան, քաղաքական, քաղաքացիական և սահմանադրական մշակույթի առկայություն, այնպես էլ ազգային մտահայեցողության հաշվառում, քանի որ միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի ( Գյոթե) ։

Քաղաքական գործընթացի ռազմավարության մշակման և իրականացման առումով գերակա է քաղաքական էլիտայի դերը: Որպես հարաբերական անկախության մեջ գտնվող համակարգային ամբողջություն՝ էլիտան քաղաքական գործընթացում և՛ մենախոսության

(մոնոլոգ), և՛ երկխոսության (դիալոգ) միջոցով միշտ էլ պարտադրում է կառավարողի իր իրավունքները։ Հենց դա էլ, մեր համոզմամբ, ձևավորում է իշխանության իրականացման այնպիսի մշակույթ, որն իր հեր­թին խթանում է մրցակցությունը՝ նպաստելով էլիտայի պատասխանատվության և քաղաքակրթվածության մակարդակի բարձ­րացմանը: Այսինքն, ինչպես նշում է ռուս քաղաքագետ Ա.Պանարինը, քաղաքական էլիտան կարող է ոչ միայն դրական դեր խաղալ, այլև հաճախ հասարա­կական ողբերգության կամ կատակերգության գլխավոր դերա­կա­տար դառնալ [ 1, с. 18-19]։

Ո՞վ է կառավարում քաղաքական գործընթացը, ո՞վ է մշակում քաղաքական կառավարման սկզբունքները։ Կենսական այս հարցերի պատասխանը ամերիկացի քաղաքագետ Ռ. Դալը առաջարկում է ուսումնասիրել պոլիարխիկ (բազմասկիզբ իշխանություն իրականացնող) էլիտայի գործառման դիտանկյունից: Այսինքն՝ ժողովրդա­­վարացման գործընթացի արդյունավետության համար պատասխանատու են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, ռազմական, ռազմավարական էլիտաները, որոնք իրենց նպատակամետ գործունեությամբ հետևողականորեն վարում են ժամանակակից դինամիկ բազմակարծիք հասարակության (modern dynamic pluralist society՝ MDPS) ստեղծման քաղաքականություն : Այս իմաստով պոլիարխիկ էլիտան՝ որպես կառավարման դերակատար, «հրամանկատարում» կառուցակարգում հանդես է գալիս և՛ որպես հրամայող, և՛ որպես կատարող` պայմանավորված այն հանգամանքով, որ ապահովում են փոխադարձ անվտունգության փոխզիջումնային (ՓԱՓ) համակարգի կառուցակարգ՝ գիտակցորեն մերժելով մենաշնորհը և գերշահույթը [2, c. 428 ]։ Ըստ Ռ.Դալի` պոլիարխիան քաղաքական զարգացման տանող միակ ճիշտ արժեքն է, իսկ թե ինչպես քաղաքական գործընթացների ժամանակ քաղաքացիները հետամուտ կլինեն նրա գործառմանը՝ ապահովելով իրենց ազգային ինքնությունը, տեսակի մրցունակու­թյու­նը, իրենց խնդիրն է։ Դա էլ ենթադրում է իրական գործող ինստիտուտներ, քանի որ ժողո­վր­դա­վարությունը կայանում է այնպիսի գործոնների առկայությամբ որոնք ստեղծում են անհրաժեշտ կենսամիջավայր (սոցիալ-տնտեսական պայմաններ, մասնակցություն աշխատանքի միջազգային բաժանմանը, մասնակցային քաղաքական մշակույթ, կենսունակ և ոչ թե հեղափոխական ու մարգինալ ընդդիմություն, տրիպարտիզմ, և, վերջապես, լիդերների և էլիտաների համագործակցություն՝ հանրային շահի գերա­կայության հիմքի վրա): Այս դիտանկյունից քաղաքական էլիտայի ժողովրդավարա­կան գործունեության ծավալման համար Ռ.Դալը մշակել է հետևյալ չափանիշները.

  • ժողովրդավարական ճանապարհով մրցունակ կառավարող էլիտայի հավաքագրում՝ ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով.
  • Կառավարող էլիտայի համագործակ­ցու­թյան մշակույթի զարգացում՝ նրանց կողմից կուտակված կառավարման փորձի արդիականացման գրավականով։

    Պոլիարխիան քաղաքական վարչակարգ է, որին բնորոշ են բնակչության քաղաքական մասնակցության բարձր մակարդակ և կառավարող էլիտայի բաց մրցակցություն։ Պոլիարխիայի հաստատման համար կարևոր է հաշվառել հասարակական գիտակցության վրա ազդող հետևյալ սկզբունքները.

  • քաղաքական վերափոխումների պատմական հետևողականության տրամա­բանության պահպանում, ինչը հեշտացնում է տվյալ հասարակության արժեքային համակարգի քաղաքական էության ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը,
  • սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի մակարդակ. հստակ գիտես՝ ի՞նչ վերափոխել և ինչպես,
  • փոխպայմանավորված «համաձայնությունտարաձայնություն» հասկացու­թյուն­­­ների միջև առկա կապի վերլուծություն. գիտես` ինչպես բախում և փոխհամա­ձայ­նություն մոդելավորել,
  • գլոբալ քաղաքակրթության ազդեցության ուսումնասիրումը ազգային մշակույթի վրա. գիտես` ինչ կարելի է մատուցել, ում և ինչպես,
  • արդյունաբերական երկրների հետ շփման եզրերի արժևորում. գիտես` ինչ տալ և ինչ վերցնել, ինչ պաշարներ կան կառավարման համար,
  • քաղաքական ընտրանու (նաև լիդերների) աշխարհընկալման և աշխարհաճանաչողության ուսումնասիրում. գիտես` ում պատժել և ում խրախուսել և, որ ամենակարևորն է՝ ինչպես։

 Այս համատեքստում քաղաքական գործընթացում իշխանության իրականացման մշակույթի հիմնա­խնդրի վերա­բերյալ քաղաքական էլիտային ներկայացվող պահանջներն իրենց ողջ բազմազանության մեջ ենթադրում են ազգային մենթալիտետի ուսումնա­սիրում: Իշխանության իրակա­նացման քաղաքակրթական փորձի հանրագումարից ակնհայտ է, որ միայն մենթալիտետ կազմող ազգային արժեքների իմացության դեպքում կարելի է իշխանության իրականացման մշակույթի ժողովրդավարացման համար արդյունավետ սկզբունքներ մշակել: Այդ նկատա­ռումներով էլ աշխատանքի այս մասում առանձնակի ուշադրություն է դարձված նախ` իշխա­նության իրականացման ընթացքում ազգային մենտալիտետի հարատև ու համըն­թաց արդիականացման ապահովմանը, ապա` կառավարող ընտրանու վարքաբա­նությունում նրա տեղի ու դերի հարցին: «Ազգային մենթալիտետ» եզրույթը գերազանցապես սոցիալ-հոգեբանական բնույթ ունի [3, ] և իշխանական հարաբերությունների արժեքային համակարգով պայմանա­վորված՝ մարդկանց կենսագործունեության կազմակերպման բաղադրիչ է:

Ազգի մենթալիտետը բարդ — բազմաբնույթ մտածական համակարգ է, որը կազմավորվում է էթնիկական հանրույթի կայացմանն ու զարգացմանը համընթաց՝ պատմական կարևորագույն իրադարձու­թյունների և հիշողությամբ ազդեցությամբ։ Այն բխում է երկու ակունքից. մի կողմից՝ աշ­խարհագրական միջավայրի և տվյալ հանրույթի պատմամարդաբանական զարգացման (որպես այդպի­սին ենթադրում է որոշակի աշխարհաճա­նաչողություն և աշխարհատեսություն), մյուս կողմից՝ այլ էթնիկական հանրույթների հետ շփվելու միջոցով ձեռք բերված և վերարժևորված մշակութային ավանդույթների, սովորույթների և գաղա­փար­ների արդյունք է։ Հետևաբար, ազգային մենթալիտետը էթնո և սոցիալ-մշակութային արժեքներ ամբարած համակարգ է: Որպես այդպիսին՝ այն արժևորում ու ամփոփում է տվյալ հանրույթի կուտա­կած նյութական և մտահոգևոր արժեքները, վերար­տադրության դարավոր փորձը՝ ամրագրելով դրանք մասնավորապես նաև իշխանական կառույցներում, ավան­դույթներում ու հոգեբանությունում։ Դրանով իսկ վերջինս իր կնիքն է դնում և՛ քաղա­քացու, և՛ քաղաքական վերնախավի վարքաբանության, ինքնագիտակցության ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա։

Ազգային մենթալիտետը պատմության հոլովույթի մեջ ընկալելու և ուսումնասիրելու անհրաժեշտությունը պահանջում է ճանա­չել ոչ միայն անցյալի անցողիկությունը, այլև ներկայությունը։ Քա­ղաքակրթության փորձն ապացու­ցում է, որ պատմականության զգացու­մը հանրույթին հնարավորություն է ընձե­ռում արժևորելու իրականությունը ոչ միայն իր կողմից իրականացվող իշխանու­թյան (հոգեբանական և արժեքային) ժառանգությամբ, այլև այն գիտակցությամբ, որ մշակութորեն համակարգված արժեքային համակարգն իր քաղաքական դրսոր­մամբ ունի էթնոպաշտպան նշանակություն՝ դրանով իսկ կարևոր տեղ զբաղեցնելով կառավարող էլիտայի վարքաբանության մեջ։ Ակնհայտ է, որ քաղաքական իշխա­նության ժողովրդավարացման գործընթացում վերջինս ապա­հովում է համակե­ցության կայուն կարգ։ Իսկ կարգը կայուն է, քանի դեռ քաղաքական ար­ժեքի վերարժևորման անհրաժեշտություն չկա։ Նման ընկալումը հաստա­տում է այն միտքը, որ ներկան պետք է վերափոխի անցյալն այնքանով, որքանով վերջինս կառավարում է ներկան։ Սա է ավանդույթի և արդիականացման փոխգործակցության տրամաբա­նական կառուցակարգը՝ ազգային մենթալիտետի արդիականացում քաղաքա­կան կարգի պահպանման նկատառումներով:

Պատմականության այս ընկալումն ամենասուր կերպով զգաց­վում է այն դեպքում, երբ փորձում ենք որոշակիացնել (հստակեցնել) ազգային մենթալիտետի տեղը քաղա­քակրթական ժամանակի մեջ։ Վերջինս անընդ­հատ վերակառուց­վածքավորվում է, քանի որ էթնոսը մասնակցում է այդ արժեքաստեղծ ոգեղեն գործընթացին որպես պատմական նպատակայնություն կրող և՛ որպես քաղաքականության, և՛ որպես քաղա­քակրթության սուբյեկտ։ Եվ նրա համար ապագան դառնում է տեսանելի, էթնոազգային մշակույթով արժևորված կենսաէներգետիկ տարածք: Այդտեղ որոշիչը ոչ թե ճակա­տագիրը, աստվածային նա­խախնամությունն ու քաղաքական խաղերն են, այլ ակտիվ կենսագոր­ծունեություն ապահովող ԱՆՀԱՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՍՏԵՂԾ գործունեությունը: Դա էլ ռացիոնալացնում է քաղաքական ժամանակը՝ ստիպելով էլիտաներին հրաժարվել ժողովրդահաճությունից (դեմագոգիա) և իրենց վարքաբանությունում նպատակամետորեն արդիա­կա­­նաց­նել ազգային մեթալիտետը: Ասվածի շրջանակում համակարգային և սոցիալ-մշակութային հայեցակետի ներքո դիտար­կելով սփյուռքի մենթալիտետը` քաղաքագետ Զ.Լևինը հատուկ ուշադրության է արժանացրել այն փաստը, որ սփյուռքի ցանկացած անդամ մոլորակի տարբեր անկյուն­ներում մնում է հավատարիմ իր քաղաքակրթական առանձնահատկություններին՝ արժեքային համակարգին, լեզվին, ավանդույթնե­րին, կրոնին և այլն, չնայած, որ նա այլևս իր պատմական հայրենիքի քաղաքացին չէ [4, с.102-107 ]: Հենց դրանով էլ յուրաքանչյուր սփյուռք՝ էթնոպաշտպանության նկատառում­ներով ազգային մենթալիտետը դարձնում է իր վարքաբանության անբա­ժանելի տարրը: Հայկական Սփյուռքի հետ համախմբված լինելու փաստը Հայաստանի Հանրապետությանը օգնում է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Այդ պատճառով էլ Ս. Հանթինգթոնը Հայաստանի Հանրապետությանը անվանում է «Կովկասյան Իսրայել» [14, с.191]:

Հազարամյակների պատմություն ընդգրկող ազգային մենթալիտետը փոխներդաշ­նա­կում է աշխարհաճանաչողության ինչպես «քաոս և առասպել», այնպես էլ «հերոս-հակահերոս» արժեքային համակարգի ներհակ բևեռները։ Դրանցից յու­րաքանչյուրը, վերջին հաշվով, պատմական իրականության քաղաքահոգեբա­նական իրացման կերպ է։ Մեր կարծի­քով, նման ըմբռնումը հնարավո­րություն է տալիս հանրույթի արդիակա­նացման գործընթացը և մշակու­թային ավանդույթը դիտարկելու որպես փոխկա­պակցված իրողություններ։ Իսկ դրանց լծորդման բացահայտման նպատակով անհրաժեշտ է տար­բերակել իրականության ընկերային և մտահոգևոր այն չափումները, որոնք և՛ ձևավորում, և՛ բնութագրում են ազգային մշակույթի արժեքա­յին համակարգը։

Ընկերայինն ընկալելի է հանրույթի մշակութային հոգեբանու­թյամբ և էթնոտարբերակիչ արժեքներով ու հաստատություններով (դա­վանանք, իրավունք, բարոյականություն, հումանիզմ և այլն)։ Այս պայմաններում ազգային մտավոր արժեքները ներկայանում են որպես թե՛ ընկերային վարքաբանության առարկայական չափորոշիչ­ներ, թե՛ համակեցությունն ամբողջականացնող խորհրդանշանային տեքստեր, թե՛ անձի, հանրույթի, էլիտաների, լիդերների միջև տեղեկատվահաղոր­դակ­ցա­կան կապը ընդհանրացնող կառուցակարգեր։ Հարաբերելով համամարդկային արժեքներին՝ ազգի արժեքային համա­կարգը նոր բո­վանդակություն ու իմաստ է ստանում՝ հանդես գալով տարբեր մակարդակների «Ես»-երի լինելության սահմաններում: Այդպիսով նա դառ­նում է անձի, հանրույթի ինքնության արդիականացման գործընթացը սնուցող միջավայր։ Նման մոտեցումը հնարավորու­թյուն է տալիս արդի­ականացումը դիտարկելու «հավաքական մեթոդաբա­նությամբ», որի օգ­նությամբ, մասնավորապես, կարելի է վերլուծել հայ հանրույթի քաղաքական-հոգեբանական կերպա­փոխությունը պատմության հոլովույթում։

Հայոց գոյաբանության որակական փոփոխություններին զուգա­հեռ ան­հրաժեշտ է բացահայտել նաև համամարդկային և ազգային ար­ժեքների փոխ­ներգործության խնդիրը։ Մեր կարծիքով, հայ քաղաքա­կրթական միջավայրի ժողովրդավարացման գործընթացը «հավաքական մեթո­դաբանությամբ» ուսումնասիրման համար հիմք կարող են ծառայել Է.Դյուրկհեյմի ընկերաբանությունը (սոցիոլոգիա), Կ.Յունգի հոգեվեր­լուծությունը («արքետի­պեր», «խորքային հոգեբա­նություն»), Կ.Մանհեյմի «գաղափարի» և «ուտոպիայի» փոխհարաբե­րության և Է.Ֆրոմի «առողջ» ու «հիվանդ» հասարա­կությունների մասին տեսու­թյունները։ Դրանցից յուրաքանչյուրը, յուրովի կարևորելով կառա­վարող էլիտայի վարքաբանությունում ազգային մենթալիտետի տեղն ու դերը և բնականոն արդիականացման գործընթացում ծագած հիմնա­հարցերը, միաժամանակ ընդգծում է, որ տարբեր ընկերային համակե­ցություններ իրենց գոյա­բանական կեր­պը պահպանելու համընդհանուր հատկա­նիշներ ունեն։ Հենց այդ ունիվերսալիզմն է, որ, ըստ մեզ, հնարավորություն է տալիս ներդաշնակելու Է.Դյուրկհեյմի «կոլեկ­տիվ գիտակցությունը» հոգեվերլու­ծողների (Զ.Ֆրոյդ, Կ.Յունգ) «զանգ­վածների հոգեբանություն», «արքետիպեր» և «կոլեկտիվ ենթա­գի­տակ­ցա­կան» եզրույթների հետ։ Իսկ Կ.Մանհեյմի «գաղափար» և «ուտոպիա» կատեգորիաների միջոցով հնարավոր է որոշել հասա­րակության «հիվանդ» կամ «առողջ» վիճակները (Է.Ֆրոմ) [ 5]։

 

  1. ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

Առաջնորդվելով «հավաքական մեթոդաբանության» տրամաբա­նությամբ՝ նշենք, որ հին հայկական աշխարհաճանաչողության մեջ ար­ժեքային հարացույցն ութնափուլ, ութնառիթմ ծավալում ունի։ Դա ակնհայտ է հայկական դիցաբանական և ընդհան­րապես մշակութային տեքստը վերլուծելիս [6, էջ 287-347]։ Արեգակնային ծագումի տիեզերական հավասարակշռություն ապահովող ութը՝ խորհրդանշելով անսահմանության (∞) մեջ մեջ ներդաշ­նակորեն կայացող ինք­նությունը, ամբողջականացնում է հայ մշակու­թային համատեքստի արժեքաբա­նա­կան (աքսիոլոգիական) բևեռները։ Վերջինս ունի բիոֆիլ (քաոս-արարում, սկիզբ և առասպել, ընթացք-արժեք, ավարտ-վերարժևորված արժեք) և նեկրոֆիլ (քաոս-ավերում, վերջ և առասպել, ընթացք ու արժեքի քայքայում, վերջ-մահ կամ ողբ) բևեռները։ Արարիչ (բիոֆիլ) բևեռը մարմնավորվում է պայքարն ապակառուցո­ղական «արժեքների», դիպվածների, տարերային զարգացում­ների, մարգինա­լացնող քաղաքական խաղերի դեմ, որն էլ ռացիոնալացնում է քաղաքական ու հանրային կառավարումը։ Փաստորեն մշակվում է արարչաստեղծ գոյաբանության կառուցակարգ: Դրան հակառակ, ավերիչ (նեկրոֆիլ) բևեռը մարմ­նավորում է կազ­մալուծող, քայքայող, մահասփյուռ տարերքը։ Այս հա­կամետ բևեռների համա­դրմամբ էլ մշակութային համատեքստում ստեղծվում է կոլեկտիվ գիտակցու­թյուն։ Այն, ենթադրելով ինքնորոշման, ինքնակառավարման, ինքնահաստատ­ման համակարգ, համագործակցություն է իրականացնում «modus vivendi» սկզբունքներով։

Պատմական ձևավորված հանրույթի կոլեկտիվ գիտակցականի համա­կարգը, հենվելով «մեխանիկական միասնության» վրա (Է.Դյուրկհեյմ), կառավարող ընտրանու, առաջնորդի և անձի վարքաբանությունում կապ է ապահովում առասպե­լամտածողության ու տրամախոհական մտքի միջև։ Այդ կապի արժևորմամբ մշակվել է գոյաբանու­թյան մի կերպ՝ արարիչ և ավերիչ արժեքային բևեռներով [7 ]։ Հեթանոս և աստվածաշնչյան արժեքային համակարգերն ամբարած հայ մշա­կու­թային համատեքստը համակարգված է նույն սկզբուն­քով։ Եվ հայ «Ես»-ի համար տիե­զե­րա­ստեղծ աշխարհաճանաչողություն, ինք­նություն ապահովող առասպելամտա­ծողու­թյունը ներդաշնակ ձևով փո­խակերպվում է համամարդկայինի։ Այս իմաստով էլ հայ էթնոսի աշխար­հաճանաչողության առասպելաբանական ըմ­բռնումը պայմանավորում է ազգային մտահայեցողության արժեքային բևեռները։

Կենսական կողմնորոշում ունեցող առասպելն ինքնություն կեր­տող, անձի, ընտրանու, առաջնորդի և հանրույթի ընկերային եռանդն ակտիվացնող, խմբային միասնություն, համերաշխություն մարմնավորող, ընդհանուր արժեհոգեբանական գիտակ­ցություն ձևավորող «արարչական» իշխանություն է։ Առասպելի իմաս­տա­յին դաշտը կանոնակարգում է անձի ու հանրույթի «ես» + «մենք» բևեռները և ուղիներ է մշակում «նրանք բևեռի հետ հա­րաբերություններ հաստատելու համար։ Այս ամենը, ինչպես նշում է Կ.Հյուբները «հնարավորություն է տալիս ազգին միասնական վերաբեր­մունք մշակելու իրականացվող բազմաբնույթ իշխանության նկատ­մամբ» [ 8, с. 325]։

Քաղաքակրթության փորձը վկայում է, որ տարաբնույթ իշխանա­կան կառույցներում պետք է անպայմանորեն պահպանվի ազգի ինքնու­թյունը բնականոն արդիականացնող արժեքային համակարգի քաղաքական դրսևորումը։ Դրա բացակայությամբ իշխանական գործընթացում խաթարվում է ցեղի միասնական հոգեբանությունը։ Արդյունքում «ես» և «մենք» բեևռները մարգինալացվում են և, կորցնելով իրականությունը բանական գնահատելու ունակությունը, սկսում են իրականացնել ու­ծացման (ասիմիլյացիոն) տիպի կառավարում։ Դա առաջ է բերում ար­ժեքների անկում, քայքայում, քաոս, ավերում և, վերջապես, ողբ։

Իր մշակութային և քաղաքական հագեցվածությամբ ողբը համա­մարդկային թեմա է։ Փաստորեն, պատմական հոլովույթում յուրաքանչյուր ոգեարարիչ էլիտար «Ես» ողբում է իր կեցության (նաև իշխանության) արդեն կորցված և ազգային մտահայեցողության հիմք կազմող արժեքների բացակայությունը։ Այս իմաստով հայոց ողբը, չնայած իր ժանրային բազմազանությանը, նույնպես աներկբա քաղաքական-հոգեբանական բովանդակու­թյուն ունի։ Լինելով ավերիչ (թե՛ ներքին, թե՛ արտաքին) իշխանության արդյունք՝ ողբը միտում ունի արդիա­կանացնելու պատմությունը՝ ազգի ընկերային, հոգեբանական, քաղաքական միասնության անհրաժեշ­տության դիտանկյունից։ Միայն այդ ճանապարհով կարելի է դիմակայել ավերիչ Ներուժին։ Այս դիտանկյունից հայոց ողբում հոգեբանորեն ամբողջացված է Ազ­գի և Հայրենիքի թեման: Այս իմաստով հայ ողբը ոչ միայն քրիստոնեական հավատով հա­մակարգված վշտի, հառաչանքի, մեղքի, զղջման, այլև ինքնության, էու­թյան պահպանման ծրագիր է։ Հայոց ողբի գործառույթով (Մովսես Խորենացուց մինչև մեր օրերը) ինքնորոշվել է ինքնարարող հայ հանրույթը՝ որպես համասեր, համալեզու հավաքական ընկերային հոգեբանության տեր մարդկանց միություն։ Այն միաժամանակ հանդես է եկել որպես հանրույթի ինքնամաքրման նպատակին ծառայող արժեքային համակարգի քաղաքական բովանդակության արտացոլում և մեկնություն։ Նմանօրինակ հիմքի վրա իրականացվող իշխանական հարաբերություններն արժեքաբանորեն ամբողջացվում են ծիսականությամբ:

Իշխանության արժևորման նպատակամիտված ծիսակարգը լու­ծում է պատմության հոլովույթում առկա և կուտակվող հակասություն­ները՝ արտամղելով դրանք ազգային մենթալիտետից անդին։ Այսպիսով ապահովվում է երևույթները ներդաշնակ կապի մեջ ընկալելու հնարավորությունը, իսկ իշխանական ժամանակակարգի ծիրում հայտնված ընտրանին, առաջնորդը, անհատը հաղորդակցվում են ազգի միասնական հոգեբանության վեհ, հզոր, սրբազան, բայց արդեն պատմականացված և հերոսականացված ժամանակին։ Հենց այս հաղոր­դակցմամբ էլ (մշակութային և քաղաքա­կան ծիսակարգի միջոցով արդիականացվող) մենթալիտետը հաղթանակ է տանում ավերիչ քաոսի հանդեպ, և հաստատված կարգի օգնությամբ քաղաքական էլիտան հնարավորություն է ստանում, իր վարքաբանության բաղկացուցիչ կառուցվածքային տարր դարձնելով ազգային մենթալիտետը, քաղաքակրթելու իշխանական հարաբերությունները:

Ծիսական արարողակարգի կայուն հատկանիշներից է նաև, այս­պես կոչված, հատվածայնությունը։ Դա ինքնա­ճանաչողության ապահովման միտում ունի և ենթադրում է հարատևման հե­ռանկար՝ չձուլվելու, տեսակը պահպանելու առումներով։ Դրա գործառույթով` տե­սակն իրեն զատում է շրջապատից։ Հայերը, օրինակ, իրենց տեսակը զատելու յուրօրինակ պարադիգմաներ են մշակել. Հայկն առաջինն էր, որ ընդվզեց ընդդեմ բռնապետ Բելի, Տրդատ Մեծն առաջինն էր, որ Գրիգոր Լուսավորչի պարտադրմամբ քրիստոնեությունն ընդունեց իբրև պետական կրոն, Մաշտոցն աոաջինն էր, որ արարեց հայոց այբուբենը՝ ազգային արժեքի էզոտերիկ ընկալմամբ, Քաղկեդոնի ժողովում հայերն առաջինն էին, որ ընդդիմադիր կեցվածք ընդունեցին…

Ակնհայտ է, որ Տրդատ թագավորը, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով, մեծ ջանքեր գործադրեց դրա տարածման համար, ինչն էլ առաջին հերթին հետապնդում էր ազգային ինքնության նպատակամետ արդիականացման գործընթաց: Ինչպես նշում է Ն. Ադոնցը, «… ձուլման և կորստյան վտանգը կախված էր Հայաստանի վրա: Ուրիշ հնար չկար փրկության, քան ապավինել քրիստոնեությանը» [9, էջ148]:

Եվ վերջապես, դարերի հոլովույթում հայերը միշտ էլ կարողացել են իրենց տեսակը զատելով դիմակայել օտարների ծրագրա­վորված համահարթեց­մանը։ Ինքնագիտակցությունը կառուցակազմում է ազգային մենթալիտետը և ինքնորոշում իշխանական կառույցը՝ միավորելով դրանք արարչաստեղծ գերագույն սկզբունքի՝ հանրույթի լինելության և հարատևման հետ։

 

  1. ԱՐԱՐԻՉ «ԵՍ»Ի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՄՏԱՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իշխանական հարա­բերություններում ցեղի անհատա­կա­նությունը բարձրագույն արժեք է, եզակի և անկրկնելի գոյացություն։ Այս ամենն իր արտահայտությունն է գտնում ազգային խորհրդանիշներում, որոնք հանրույթի կենսաոճի և ինքնագիտակցու­թյան թանձրացումներն են։ Յուրաքանչյուր հանրույթ ունի ոչ միայն իր ստեղծած, այլև փոխառված խորհրդանիշներ, որոնք դարերի հոլովույթում ազգային բովանդակություն են ստանում։ Նման հարցադրումը պահանջում է ցեղի պատմական գոյաբա­նությունը դիտարկել նաև իբրև արարչագործ (ընտրյալ) անհատի ինքնիրացման և մշակութաստեղծ կարողությունների կիրարկման միջավայր։ Այս կա­պակցությամբ հույժ կարևորվում են պատմականորեն հերոսացած անձի արժեհամակարգիչ պատկերացումներն ու գործողությունները, որոնք, հանրույթը զերծ պահելով քաոսից, առաջին հերթին ապահովում են կառավարող էլիտայի կենսաոճի յուրօրինակությունը։ Սա իր արտահայտությունն է գտել հայ ժողովրդի հնագույն առասպելների և էպիկական ասքերի մեջ։ Դրանք գրի է առել և ապա տրամախո­հական մշակման ենթարկել պատմահայր Մովսես Խորենացին։ Նա ստեղծել է ազգի կեցության ու ինքնակառավարման տարողու­նակ պարադիգմաներ, որոնցում իշխանության շրջափոխությունը դի­տարկվում է միաժամանակ և՛ առասպելամտածողության, և՛ տրամախո­հական մտակառույցի շրջանակներում։

Շարադրելով հայոց պատմությունը վաղնջական ժամանակ­ներից մինչև իր դարաշրջանը՝ Հայկ նահապետից մինչև Արշակունիների արքայատան անկումը (428թ.), Խորենացին ստեղծել է իշխանու­թյուն իրականացնող գաղափարակիր «Ես»-ի իդեալական կերպա­րը։ Նա շարունակել է ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի գործը և հասել «Հոգեոր Հայաստան»-ի և «գաղափարակիր «Ես»-ի աստիճանակարգությունների իրատես համադրման։ Այս իդեալը Պատմահայրը մարմնավորել է առաջին հերթին հայոց վաղ թագավորների կերպարներում, որոնք թշնամիների դեմ պայքարում դնելով հայոց պետականության հիմքերը՝ դրանով իսկ դրսևորել են իրենց ընտրյալ լինելը։ Հատկանշական է, որ ոչ մի քրիստոնյա կառավարիչ չի արժանացել այնքան բարձր գնահատականի, որքան պետականության ծաղկման դարաշրջանի հեթանոս թագակիրները։ Այդ իսկ պատճառով առաջին հերթին կարևորվում է նրանց ավանդը ազգային ինքնիշխանության և պետականության ամրապնդման գործում։

Խորենացու դիտանկյունից՝ նախաքրիստոնեական շրջանից ժա­ռանգված ազգային յուրաքանչյուր արժեք ունի իր անկախ և ուրույն կշիռը։ «ԱզգՀայրենիքՊետություն» հոլովույթի ընկալման և բանաձևման գործում նա հեռացել է իր դարաշրջանի ընդհանուր մտայնությունից։ Ազգային պետությունը նա դիտար­կում է իբրև բացար­ձակ համակեցական արժեք, քանի որ նա պետա­կանաշինությունը ճանաչում է իբրև հայ «Ես»-ի արժեքային համակարգի կարևորագույն չափում­ներից մեկը։ Եվ ըստ քաղաքական երանգի իմաստա­վորելով «Ծանի՛ր զքեզ» սկզբունքը՝ գտնում է, որ «այլոց» վարքաբանությունը (ինչպես նաև իրագործած իշխա­նությունը) հնարավոր է ճիշտ ըմբռնել միայն սեփական մշակութային ու իշխանական «Ես»-ի իմացության ճանապարհով։

Խորենացին ձևակերպում է արարիչ (ընտրյալ) անհատի ինքնաճանաչ­ման չափորոշիչները։ Այդպիսի անհատի նպատակը հանրույթը հնարավորինս զերծ պահելն է քաղա­քական քաոսից։ Այս գործելակերպը հղում է ենթադրում առ ազգային մտահայե­ցողության արխիվը: Դրանով իսկ «Ես»-ին հնարավորու­թյուն է ընձեռվում կերպափոխվելու և արդիականանալու ժամանակի պահանջնե­րի ազդեցությանբ։ Նման գործառույթի բացակա­յությամբ հանրույթը զրկվում է ինքնակայացման ու ինքնակառավարման հնարա­վորությու­նից՝ հանգելով անորոշության կամ զգացմունքային խլության։ Ի զորու չլինելով բանական քննության ենթարկելու և գնահատելու առկա քաղաքակրթական (և քաղաքական) կացությունը՝ հանրույթն օտարվում է. տեղի է ունենում «փախուստ իրականությունից» և «փախուստ ազատությունից» [10,]: Դրա հետևանքով մշակութային «արխիվը» կորցնում է իր արժեքային և հոգեբանական անհրա­ժեշտությունը։ Արդյունքում, ըստ Խորենացու, ազգը վերած­վում է ամբոխի, որը չունի տարիք ու պատմություն, «զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խադաղութիւն, արմատացաւ անկարգութիւն. դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն» [11, III, 1913]։

Ո՞րն է ելքը։ Քաղաքակրթությունների զարգացման և արդիականացման փորձը հուշում է, որ նման պայ­մաններում առավել ներգործուն է ազգային մշակույթի ու մտահայեցողության ճշգրիտ լծորդումը նրա՝ ինքնակառավարման երկու՝ ուծական (ասիմիլյացիոն) և հարմարվողական (ակոմոդացիոն) պարադիգմաների համադրությանբ։ Գործառույթներ իրատեսացնող վարչակարգն ունի թե՛ մեկը, թե՛ մյուսն, քանի որ դրանց կիրարկմամբ ապահովվում է հանրության համակեցությունն ու հավասարակշռությունը։ Սակայն դրանցից որևէ մեկի բացարձակեցման պարագայում քաոսն անխուսափելի է։ Ուծական պարադիգմայի բացարձակեցումը, որպես կանոն, հան­գեցնում է այն բանին, որ կառավարողը (կամ կառավարողները) հաշվի չի նստում կառավար­վողների հետ։ Չի նկատում, որ իր (մեծ մասամբ՝ եսակենտրոն) արժեքները չեն համընկնում հանրույթի արժեքային կողմնորոշումներին։ Դրա հետևանքով ձևա­վորվում է համակեցական մարգինալ հոգեբանություն։ Ծրագրված փոփո­խության է ենթարկվում ազգային մենթալիտետը, իսկ ընտրանին, առաջնորդը, անհատը կորցնելով կապն իրենց ընկերային-մշակու­թային երբեմնի արարիչ մի­ջավայրի հետ, իշխանական հարաբերություններում զբաղեցնում են հարաբերականորեն ինքնուրույն տարածություններ։ Նրանք և իրենց նմանները կազմում են «սև զանգվածի» (օխլոսի) մասը, որը պատրաստ է ծառայելու ցանկացած ուժեղ ձեռքի՝ ունակ բավարարելու իրենց առօրեական (հատկապես կերակրման) պահանջ­մունքները [12,pp.138-149]։ Համակեցության սկզբունք­ներն սկսում են կազմակերպվել ըստ մարգինալության սկզբունքի՝ որտեղ հաց այնտեղ կաց : Արդյունքում ուծական կառավարման ծայրահեղ դրսևորու­մը ձևախեղում է ազգային համակեցական տեսակն ու մենթալիտետը: Փաստորեն, ասիմիլատիվ վարչական սկզբունքը, տարբերություն չդնելով գոյություն ունեցող ազգային պետական և ընդհանրապես պետական շահերի միջև, արժեքների գնահատման մարգինալ հոգեվիճակ է ստեղծում: Հանրույթի մարգինալ հոգեբանությունը ասիմիլացիոն կառավարում իրականաց­նողներին հնարավորություն է տալիս մենթալիտետում ծրագրավորված կերպով քաոսային փոփոխություններ կատարելու: Այդ քաոսային փոփոխությունների հետևանքով կառավարող էլիտան կորցնում է կապն իր սոցիալ-մշակութային միջավայրի հետ և մենթալիտետային ավանդական արժեքների նկատմամբ ձեռք է բերում ոչ միայն կրկնակի սահմանային դիրքորոշում, այլև՝ կերպափոխվում է պայմանավորված քաղաքական գործընթացներով:

Սոցիալ-մշակութային նոր միջավայրում հայտնված, կառավարողնե­րի կողմից քաղաքական խաղի յուրօրինակ մասնակից դարձած «Ես»-ը, մոռանալով իր մտահայեցողական արժեքները, պատրաստակամ է ծառայելու յուրաքանչյուրին, միայն թե վերջիններս (կերակրման) ինստիտուտների օգնությամբ բավարարեն իր պահանջմունքները: Ասիմիլացիոն կառավարման ժամանակ հանրույթը բաժանվում է մարգինալ «Ես»-երի, ստեղծվում է սոցիալական յուրա­քանչյուր խմբի կառավարման մարիոնետային համակարգ: Ինչպես տեսնում ենք, ասիմիլացիոն կառավարումը ձևախախտում է ազգային մենթալիտետը:

Ի տարբերություն դրա, հարմարվողական պարադիգմայի բացարձակեցումը ենթադրում է մի այնպիսի վիճակ, երբ, ընդհակառակը, զանգվածի չափազանց ակտիվ ներգործությամբ խաթարվում են իշխա­նական կառույցները։ Եվ հաս­տատվում է քաոս, որը կրկին ուղեկցվում է ազգային տեսակի ու մտա­հայե­ցողության խաթարմամբ։ Բայց այս անգամ դա արդյունք է կարգի և օրենքի քայքայման։ Այս դեպքում «սև զանգվածի» եսասիրությունը գերակա է դառնում իշխանական հարաբերություններում։ Այդ վիճակը նույնպես քաջածանոթ է Պատ­մահորը. «Այլ խստասրտութիւն կամիմ ասել, թէ եւ զամբարհաւաճութիւն ազգիս մերոյ յիսկզբանցն եւ այսր. որպէս անհամբոյր բարւոյ եւ ճշմւսրտութեան ան­հա­րազատ, կամ թէ բնութիւն ունելով զբարձրահօնութիւն ու կամակորութիւն, ընդ­դիմանան կամաց թագաւորին… զհետ երթալով կամաց կանանց եւ հարճից» [11, II, 92 ] ։

Ինչպես նշվեց, ելքը երկու պարադիգմաների համադրման մեջ է։ Խառը «ուծականհարմարվողական» պարադիգմայի կիրարկման պարա­գայում ազգային համակեցական արժեքներն ու հաստատությունները հստակեցվում են։ Հանրույթն սկսում է գիտակցել, որ (ուղղակի և հա­կադարձ կապի շնորհիվ) հնարավոր է երկխոսություն համակեցական բոլոր մակարդակներում՝ նպա­տակամիտված բարեշրջելու-բարեփոխելու ընկերային միջավայրը։ Ասվածը, անշուշտ, առաջին հերթին վերաբերում է «հանրույթ-իշխանություն» հարաբերություններին։ Միայն այդ պարագայում է, որ բացահայտվում է ընկերային համակեցության ճշմարիտ նպատակը, ապահովել կյանք «…վասն բարեկարգութեան եւ աննախանձոտ կենաց, որ է շինութեան եւ խաղաղութեան կենաց պատ­ճառ, եւ ինչ նման այսոցիկ» [11, II, 8] ։

Եվ երկխոսությունը ծավալվում է ազգային համակեցության ոչ միայն ներկայի (այժմ), այլև անցյալի հարթությու­նում։ Արդյունքում ազգը երկխոսության մեջ է մտնում իր իսկ անց­յալի և տեսանելի (ու կանխատեսելի) ապագայի հետ։ Բազում սերունդ­ներ խտանում են ժամանակային «ներկայի» ծիրում՝ ընդհանուր գերխնդրի գիտակցությամբ։ Եվ հայտնագործվում է «փոքրի ուժն ու մե­ծությունը»։ Դրա ճշգրիտ բանաձևմամբ է, որ Պատմահայր Խորենացին շեշտում է. «Զի թէպէտ եւ եմք ածու փոքր եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս….» [11, I, 3]։ Այսինքն՝ ներկա ժամանակի մարտահրավները ծնում են այն հերոսին, որը Լեոնիդ Ազգալդյանի նման փաստում է . « Սա Հայաստանն է, և վերջ…» :

Հանրագումարելով նշենք, որ ազգային մենթալիտետը քաղաքական էլիտայի իրականացրած իշխանության կառուցակարգում որպես համակարգիչ ամբողջություն ենթադրում է՝

  1. Տարբեր մակարդակներում հանդես եկող իշխանություն կրող էլիտաների ինքնաճանաչողություն՝ քաղաքական իրականության պատ­մական գիտակցության և ռացիոնալ հոգեբանության ենթատեքստում: Կառավարող էլիտան հասարակական քաոսից խուսափելու համար անհրաժեշտաբար մենթալիտետում արարչորեն պետք է կրի իր մեջ ինչպես պատմական արժեքները, այնպես նաև ապագան` որպես ազգի իշխանությանը Ինքնություն, Կարգ ու Տեղ ապահովող իրագործելի մոդել:
  2. Քաղաքական արժեքների ներառումը, որը, համակեցության կանոնների պահպանման հոգեբանությամբ բյուրեղացնելով էլիտաների մտահայեցողական առանձնահատկությունները, կառավարման ասի­միլացիոն, ակոմոդացիոն տիպերի փոխներդաշնակության պայման­ներում հնարավորություն է ստեղծում նրա զարգացման համար: Արժեքային համակարգը քայքայվում է, հասարակական կյանքում քաոս է տիրում, երբ կառավարման այդ տիպերը հանդես են գալիս մաքրազտված վիճակում, երբ անհատի և հասարակության հարաբերությունների արժևորման, կարգավորման սկզբունք է դառնում դրանցից միայն մեկը:
  3. Հասարակական-քաղաքական երևույթները կապի մեջ ընկալելու հնարավորություն: Ի տարբերություն միֆամտածողության, որտեղ աշխարհը արժեքագրված է ցեղի հավաքական էությունը բացա­հայտող իշխանության մեջ, մշակութային այս փուլում այն համա­կարգվում է իշխանություն իրականացնող էլիտայի կողմից, որն արժևորում է իշխանության բարձրագույն ձևը՝ Պետականը: Մովսես Խորենացին հայ իրականության մեջ ազգային ինքնագիտակցության հիմքի վրա իրականացվող գերագույն՝ պետա­կան իշխանության գաղափարախոսն ու ջատագովն էր: Ազգային մենթալիտետը, որը փաստորեն որոշիչ դեր ունի ազգի քաղաքական ծրագրի ձևավորման գործընթացում, միաժա­մանակ իրականացվող իշխանության բովանդակության էությունն է: Նմանօրինակ սկզբունքների վրա հիմնված ազգի իրականացրած իշխանությունը հանրույթի կառավարման մեխա­նիզմում բացառում է քաղաքական քաոսը: Հայ քաղաքական մտքի պատմության մեջ Քերթողահայր Խորենացին այս ամենը հանրագումարեց որպես սոցիալ-քաղաքական և մշակութային օրինաչափություն, որի չիմացությունն ու անտե­սումն էլ հայ հանրույթի կյանքում դարերով հարատևող քաոս ստեղ­ծեց: Ժառանգություն թողնելով արժեքային համակարգի գնահատման նմանօրինակ մեխանիզմ՝ Պատմահայրը պատգամել է սերունդներին. «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանա­փակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշա­տակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել… »: Այս տրամաբանությամբ էլ Հայ մշակութային տեքստում ձևավորվեց և այսօր էլ խիստ արդիական է Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը (այսուհետև՝ՀՀԳ) :
  4. ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ արդիականացող հայ ազգային ինքնության հիմքի վրա ձևավորվել է Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը (ՀՀԳ). «Հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստովահա ինչ եմ հասկանում ես «Հոգևոր Հայաստան» ասելով։ Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ։ «Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավորհոգեկան կապով։ Պետք է բացի արտաքին հնարավորությունից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում»։ «Ահա թե ինչու ես կարծում եմ, որ, բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներ են» [ 13, էջ 336-350] ։

Ելակետ ընդունելով այս և հայ հեղինակների նմանօրինակ այլ մոտեցումներ կարող ենք հիմնավորել. ազգային գաղափարախոսությունը օրգանական միասնության մեջ գտնվող, պատմականորեն ձևավորված արժեքների համակարգ է։ Այն տվյալ ազգի կենսահասարակական ինքնությունը, էությունը համակող­մանիորեն արտացոլող, որոշակի մենթալիտետի շուրջ ձևավորված իդեալների, ռազմավարական շահերի, նպատակների հարատևման փիլիսոփայությունը ներառած միաձույլ, ամբողջական, կուռ և մշտապես արդիականացում պահանջող հայացքների հան­րագումարն է: Գաղափարախոսությունը ցանկացած արժեքային համա­կարգի էության տեղեկատվական արտահայտությունն է: Տրամաբանորեն կարելի է ընդհանրացնել. եթե առկա է համակարգը (դիցուք՝ ազգը), ապա գոյություն ունի «Ես»-ին տեղ, կարգ, ինքնություն, էություն ապահովող հարատևության մեջ ձևավորված գաղափարախոսությունը: Աստծո կամոք հայ գաղափարական «Ես»-ի արարման մեխանիզմի համա­կարգումը սկսվել է հայկական ժայռապատկերներից, մաշտոցյան այբուբենից, քերթողահոր «Պատմությունից», ազգային էպոսից, Նարեկացու «Մատյանից», Շնորհալու «Ողբից», Մոմիկի խաչքարերից, ապա շարունակվել Րաֆֆու պատմավեպերում, Հ.Թումանյանի, Ե. Չարենցի, Պ.Սևակի ստեղծագործություններում, այսինքն՝ բոլոր նրանց կողմից, ովքեր հիշում են, որ իրենք հավատի, արդարության, յուրօրինակության կրողներն են, այսինքն՝ Հայ:

Միանշանակ պետք է ընդունել, որ հայ ազգային գաղափարա­խոսությունը արարված է մեր նախնյաց կողմից, և այսօր չպետք է մտատանջվենք ազգային գաղափարախոսության ստեղծումով, փա՛ռք Աստծո, այն կա… Մտահոգության առարկան այն է, թե տվյալ քաղաքական ժամանակի մեջ տեղեկատվական ձևը որքանո՞վ է կարողանում ճշմարիտ և փաստացի արտահայտելով ազգի ինքնությունը՝ արդիականացնել այն՝ իրատեսորեն մոդելավորելով տվյալ քաղաքական գործընթացը: Ցավոք, մեր պատմական զարգացման մեջ առկա է տեղեկատվության խաթարում (պետության կորուստ, օտար նվաճումներ, քաղաքական խաղեր), որն էլ հայությանը զրկել է սեփական գաղափա­րախոսության արդիականացման հիմքի վրա կայուն կենսագործու­նեություն կազմակերպելուց: Բայց դա չի նշանակում, որ հայ մարդը ծանոթ չէ իր գաղափարախոսությանը: Այն ազգային մենթալիտետի տեսքով հանդես է եկել բոլոր դարերում: Հենց այս մոտեցման հիմքի վրա էլ մեր կողմից առաջարկվում է Հոգևոր Հայաստանի սահմանադրությունը:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ, չնայած արտաքին աննպաստ պայմանների` իր կենսագործունեությունը կազմակերպել է իր գաղափարախոսության բարձր ոգեղենության շնորհիվ: Այստեղ որոշիչ տեղ ու դեր է վերապահվում էզոտերիկ միասնության մեջ գտնվող` «ազատ անհատ», «անկախ հայրենիք», «արդարադատ պետություն», «պատիժ չարին», «ոգու հաղթանակ»` հանուն Աստծո և հանուն մերձավորի սկզբունքների համակարգին: Հայ «Ես»-ի նյարդային համակարգի ուժը պատմական դրսևորում ունի մասնավորապես ճգնաժամային պայմաններում, նրա մտավոր եռանդը կարողանում է բարդ հիմնահարցերի արագ լուծման համակցություն ապահովել (Ձիրավ, Ավարայր, Սարդարապատ, Շուշի…): Այս հանգամանքը անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀԳ-ի արդիականացման ժամանակ: Ըստ իս` միօրինակության գնացող մարդկության ապագան այսօր շատ բանով որոշվում է արարող ոգու (այդ թվում և հայի) առողջության պաշարով: Հետևաբար, ՀՀԳ-ի յուրահատկությունն այն է, որ զուտ ազգային կեցության պահպանման շրջանակներից դուրս գալով, ձեռք է բերում գիտատեսական նշանակություն: Եթե Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների հայրենիքն է, ապա հայն այն էթնոսն է, որի ծագումը, զարգացումը և ապագան հարատև կապված է տվյալ աշխարհագրական վայրի կենսաէներգետիկ գործունեության հետ: Ահա թե ինչու, հայ ազգային ոգեղենության ուսումնասիրությունը կարող է որոշիչ ներդրում ունենալ ինչպես հնդեվրոպական այլ ժողովուրդների ծագումնա­բանական ընդհանրության ընկալման խնդրում, այնպես էլ հայկական ոգեղենության յուրօրինակության բացահայտման գործում: Այս տեսակետից, հայության (որպես յուրօրինակ ոգեարարիչ հանրույթի) գոյությունը խիստ անհրաժեշտ է համահարթեցման գնացող մարդկության համար, քանի որ հավատի, արդարության, ինքնատիպության կրող անձը վերածնվում է կապ իրականացնող էներգածին գեներատորի: Այսինքն` դառնում է ՀԱՅԿ: Հենց այս տրամաբանությամբ էլ Հայկ Նահապետի հավաքական կերպարն ամփոփում է հայի աշխարհաընկալումը: Այդ մասին խիստ դիպուկ է արտահայտվել Քերթողահայր Խորենացին. «Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու»: Կապի նմանօրինակ ընկալումը ստեղծեց շփման միջավայր, որի միջոցով էլ հայ մարդը որպես Հայկ դուրս եկավ «փակ» համակարգից: Այս առումով էլ հաղորդակցության ընկալումը հնարավորություն է ընձեռում իրականացնելու հայ ոգու գաղափարական էվոլյուցիան, որը երկար ու դժվարին ուղի է դեպի արարող, քերթող հայ մարդը:

Երևույթները կապի մեջ ընկալելը հայ մշակութային տեքստի բնորոշ հատկանիշներից է: Քերթողահայր Խորենացուց մինչև Պ.Սևակի հայ ազգային արժեքների գաղափարակիր Ես-ը ուղղորդվում է «երջանիկ կառավարում է նա, ով երևույթների միջև եղած կապն է հասկանում» կարգախոսով: Այս կարգախոսով երևույթները կապի մեջ ընկալելու ունակությունը դարերի հոլովույթում ինքնաճանաչողություն է ապահովել հայ գաղափարակիր «Ես»-ին, և հնարավորինս, եթե ոչ քաղաքական, ապա մշակութային առումով, հայ հանրույթը զերծ պահելով քաոսից, ստեղծել է «Հոգևոր Հայաստանի» լուսավոր կերպարը:

Համակարգելով հայ մշակութային տեքստը՝ եզրակացնում ենք, որ այդ գաղափարի վերածննդի ակնկալիքներով էլ հայի կողմից հեղինակված և մեր կողմից համակարգված է հայ ոգու սահմանադրությունը, որի սկզբունքներն են` ազատ անհատ, անկախ հայրենիք, արդարադատ պետություն, պատիժ չարին, ոգու հաղթանակ` հանուն Աստծո և հանուն մերձավորի:

  1. Ազատ անհատ Աստծո տաճար դարձած նրա ոգին ունի հետևյալ իրավունքներն ու պարտականությունները.

ա) անսահման հարատևող` իր արարման և ազատության հավատով հագեցած ինքնարժեքավորում, այսինքն` հավատա Աստծուն և պահպանիր էությունդ.

բ)   անսահման հարատևող արդարամտություն` իր և այլոց նկատ­մամբ, այսինքն` էությամբ արդարամիտ եղիր.

գ)       անսահման հարատևող ինքնատիպ հոգևոր-մշակութային արժեք­ների յուրօրինակ արարում` հանուն մերձավորի, հասարա­կության, աշխարհի, այսինքն` էությունդ է արարել և սիրել ամենեցուն:

  1. Անկախ հայրենիք հայի հայրենիքն արարված և շնորհված է Աստծո կողմից: Հայրենիքը կենսաուժ է, ոգին կենարար պահելու քերթության վայր, այսինքն` Հայք (Հայաստան): Ճիշտ է, պատմության քառուղիներում Հայքի սահմանները նեղացել են, սակայն մինչև այսօր էլ հայ անհատի հոգում թևածում է հանուն հայրենյաց քերթության սկզբունքը: Այսօր Հայքը գոյություն ունի հայ մարդու ոգու քերթողական ուժով: Քերթել քրիստոնեաբար, արարել ոչ միայն սեփական «Ես»-ի, այլև այլոց համար. սա է հայ մարդու ազգային գաղափարախոսությունը և՛ իր, և՛ այլոց համար` ստեղծագործելով օգտակար լինել Հայրենիքին – Պետությանը – Մարդկությանը:
  2. Արդարադատ պետություն – Պետությունը անհատի և հասա­րակության օգնականն է: Հայը պետություն ասելով հասկանում է նախ արտաքին ավտանգություն և այլոց հետ հարաբերությունների պահպանում modus vivendi-ի կանոններով, այնուհետև` հասա­րակական դաշինքի առկայության անհրաժեշտություն: Պետական այրը, եթե Հայկ է, չպետք է գայթակղվի իրեն տրված իշխանությամբ, այլապես կկորցնի հայի ոգին, կդադարի Աստծո կողմից տրված կենսաուժի աղբյուր լինելուց և կվերածվի սովորական մարդու: Պետությունը հզոր է, երբ հայկյան ոգին կրող մարդն է անհատի և հասարակության շահերի կրողը:
  3. Պատիժ չարին չարը պատժելի է հավատի, արդարության քերթելու ձգտման ունակության յուրօրինակությամբ, ասել է թե` բարությամբ: Անհրաժեշտ է վերացնել չարի պատճառը, որը արդյունք է աշխարհը միաչափ տեսնելու արդյունք է: Չարին հաղթում են արարմամբ. դրանով ոգին ավելի է զորանում, իսկ ոգու կրողը` ավելի հզորանում:
  4. Ոգու հաղթանակ – երանելի է նա, ով իր հավատով, արդարությամբ և արարման յուրօրինակ ձևով հաղորդակցվում է Աստծո հետ, կապ պահպանում իր նախնիների և հարևանների հետ: Այսպես է հնարավոր հաղթահարել քո (և այլոց) ոգում տեղ գտած թուլությունը` գերազանցել բոլորին քերթության ոգով: Հայ ոգին միշտ էլ բարձր է` կենսունակ ու հզոր, ոգով ենք մարտնչել, դիմակայել չգիտես ում կողմից դարերի հոլովույթում մեզ պարտադրվող ավերչասեր քաղաքական խաղի օրենքներին:

Ընդհանրացնենք. հայ ազգի ռազմավարական շահերը պաշտպանող և նպատակների իրագործման հիմնահարցերն ամբողջացնող ոգեարարչասիրական ազգային գաղափարախոսությունը պատմության հոլովույթում չի կարողացել զերծ մնալ ավերչասեր հզորների քաղաքական որոգայթներում հայտնվելու հարկադրանքից: Քաղաքակիրթ մարդկության կողմից գործած ութ մահաբեր մեղքերից մեկն էլ այն է, որ կառավարման գլոբալ խնդիրների լուծման համամարդկային մտահոգության անվան տակ աշխարհաքաղաքական գործընթացների խնդրո առարկան եղել և մնում է «կախյալ զարգացման» և «վազող արդիականացման» շրջանակներում գտնվող երկրների պաշարների անխնա օգտագործումը: Վիճահարույց խնդիրն ունի մեկ պատասխան. ըստ մեզ` համամարդկային արժեքների հաստատման գործընթացում նոր աշխարհակարգի իրագործումն անպայման ենթադրում է ազգային արժեքների քաղաքա­կան էության արդիականացում: Ուստի նոր աշխարհակարգը պետք է ունենա ազգային և համամարդկային արժեքների զուգամիտման տրա­մաբանություն: Քաղաքակրթության փորձն ապացուցում է, որ կեն­սունակ չեն միայն իրատեսական արժեքների վրա կառուցվող բաց համակարգերը: Տեսակը իրավունք չունի ոչնչացնելու տեսակին, աշխարհը դրանով աղքատանում է: Նոր աշխարհակարգի գաղափարախոսությունը չպետք է մերժի պատմականությունը, քանի որ անցյալ – ներկա – ապագա եռաչափության մեջ պատմական անցյալն իշխում է ներկայի վրա այն չափով, ինչ չափով պատմական ներկան իշխում է ապագայի վրա:

 

 

 ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Панарин А.С., Глобальное политическое прогнозирование в условиях стратегической нестабильности. М., Эдиториал УРСС, 1999.
  2. Даль Р., Демократия и ее критики. Пер. с англ. Под ред. М.В.Ильина. М., 2003.
  3. Нации и национализм, Б. Андерсон, О. Бауэр, М.Хрох и др.Пер. с англ. и нем. Л.Е. Переяславцевой, М.С. Панина, М.Б. Гнездовского. М.:Праксис, 2002.
  4. Левин З.И., Менталитет диаспоры (системный и социокультурный анализ), М., Институт востоковедения РАН; Изд. «Крафт+», 2001.
  5. Տե՛ս Э. Дюркгейм. О разделении общественного труда. Метод социологии, М., 1991; К. Юнг. Психологические типы, М., 1996; К. Манхейм. Идеология и утопия (Диалог нашего времени), М., 1994; Психоанализ и культура: избранные труды К.Хорни и Э.Фромма, М., 1995:
  6. Ն.Ադոնց, Հայաստանի պատմություն, ֆրանս. թարգման. Վ.Պ.Սեղբոյանը, Եր., «Հայաստան»,
  7. է. Ֆրոմ, Սիրելու արվեստը (թարգ. անգլ. և մասնագիտ. խմբ.՝Մ.Մ. Մարգարյան),Եր., Մխիթար Գոշ,1996:
  8. К. Хюбнер. Истина мифа, М., Наука, 1996.
  9. Ն. Ադոնց Հայկական հարց, Երևան, 1996:
  10. Фромм Э., Бегствоот свободы, М., Мир, 1989:
  11. Մովսէս Խորենացի, Պատմութիւն հայոց, III, 68 (Մովսէս Խորենացի Պատմութիւն հայոց, Տփխիս, 1913)։
  12. Տե՛ս Walbank. Polybius, London, 1972.
  13. Տերյան Վահան Երկեր [Բանաստեղծություններ, գրականագիտ. հոդվածներ, նամակներ,Առաջաբանը՝ Է.Մ.Ջրբաշյանի], Եր.: Սովետ.գրող, 1989:
  14. Хантингтон С. Столкновение цивилизаций М.: ООО «Издательство АСТ», 2003.
Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: