Ընտրանու տիպերը և իշխանության լեգիտիմության հիմնահարցը


Իշխանությունը գաղափարների, ռեսուրսների և արժեքների բազմաչափ գործողությունների հանրագումար է: Քաղաքական ընտրանին, հաշվի առնելով իշխանության բազմաչափությունը, հնարավորություն պետք է ընձեռի բնականոն կերպով ժողովրդավարական արժեքներ մուտքագրել հանրային և քաղաքական կառավարման համակարգ: Քաղաքակրթության փորձը վկայում է, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրսևորվող իշխանությունը և քաղաքական ընտրանու հետ նրա փոխհարաբերությունը բացարձակ մեծություն չէ: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Գ. Աշինը, «Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում հասարակության ընդերքում տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների (հեղափոխություններ — հակահեղափոխություններ) ազդեցության տակ մոդելավորվում է իշխանության գաղափարական-քաղաքական ուղղվածությունը և ըստ այդմ էլ ձևավորվում և գործունեություն են ծավալում ընտրանու տիպերը» [1, c.19-20]:

Համաձայն կառավարման ոլորտների` ընտրանու տիպերը կարելի է ստորակարգել.

1. Ըստ ձևավորման աղբյուրների`

ա) արիստոկրատական ` ժառանգական կամ փոխանցված իշխանություն, բ) ժողովրդավարական` հատուկ է խմբային բարձր ինտեգրում և ներկայացուցչություն, իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, գ) ռազմավարական` հեղինակություն (authority) վայելող, հասարակական ու պետական ազդեցություն ունեցող ռազմավարական մտածողությամբ անհատներ կամ մարդկանց խմբեր են, որոնք գլոբալ ժողովրդավարական կառավարման սկզբունքների մշակման օգնությամբ ցանկանում են ձևավորել համամարդկային արժեքների հիմքով կառավարվող հասարակություն. ինչպես օրինակ` «Հռոմեական ակումբը», դ) գործառական` մասնագետ կառավարիչներ, որոնք արդյունավետ կատարում են ստացած հրամանները և իրավունք ունեն ընդունված ծրագրային դրույթներով հրամաններ տալ:

2. Ըստ պետական (էտատիստական) իշխանության հետ ունեցած հարաբերության`

ա) կառավարող` գերիշխանություն իրականացնող ինտելեկտուալ անհատներ` իհարկե, իրենց թիմով, բ) ընդդիմադիր` անհրաժեշտ է, որ ունենա ոչ միայն հեղինակություն, այլև  ծրագիր, որի օգնությամբ հասարակությունը կարող է բնականոն արդիականալ:

3. Ըստ ռազմավարական որոշումների վրա ունեցած ազդեցության`

ա) բարձրագույն — ռազմավարական (ծրագրավորողներ)` ազդում է համապետական նշանակություն ունեցող որոշումների ընդունման, կատարման վրա (արևմտյան ժողովրդավարական երկրներում յուրաքանչյուր 1 միլիոն բնակչին ընկնում է 50 հոգի, որոնցից էլ առանձնացնում են գերազդեցություն ունեցող շուրջ 200-400 մարդ), բ) կատարող (ռազմավարական)` բնակչության մոտ 5%-ը` (հակում կա այդ տոկոսայնությունը մեծացնել), առանձնացված` ըստ հետևյալ երեք հատկանիշների` եկամուտներ, պրոֆեսիոնալ կարգավիճակ, պրոֆեսիոնալ կրթություն: Նշված հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը տվյալ անհատին (կամ խմբին) դնում է մարգինալ ընտրանու վիճակում: Ընտրանու տիպերից յուրաքանչյուրը յուրովի է իրականացնում իր իշխանությունը: Այդ կառուցակարգում որոշիչն իրականացվող քաղաքական իշխանության լեգիտիմության խնդիրն է: Քաղաքացիների կողմից իշխանության օրինականության ընդունումը, կառավարողների գերիշխանության իրավունքի ճանաչումը և նրանց հպատակվելու համաձայնությունը կոչվում է լեգիտիմություն: Լեգիտիմությունը հանրագումարում է ընտրանու իրականացրած իշխանության հեղինակության նկատմամբ քաղաքացիների վարքաբանության մեջ տիրող այն համոզմունքը, թե տվյալ երկրի համարժողովրդավարական արժեքների բնագավառում ձեռք բերված քաղաքացիական փոխհամաձայնությունը և առկա վարչակարգը լավագույնն են: Իշխանության լեգիտիմությունը նախ` հասարակության (կամ նրա զգալի մասի) պատկերացումներն են իրականացվող կառավարման կարգի օրինականության վերաբերյալ, ապա` կառավարողների մոտ իրենց իրականացրած իշխանության իրավունքի գիտակցումը:

Գերիշխանության տեսությունը և լեգիտիմությունը

Կառավարողների կողմից իրականացվող իշխանության հարցերը համակարգված ուսումնասիրել է Մ. Վեբերը (1864-1920թ.)` հիմնադրելով գերիշխանության տեսությունը, համաձայն որի լեգիտիմությունը ենթադրում է կառավարողների և կառավարվողների միջև դերային գործառույթների հստակեցում` հիմնված հավատի, կամքի և աջակցության վրա: Այս առումով ֆրանսիացի քաղաքագետ Դ. Կոլան գրել է. «…Ամբողջ տեսությունը հիմնված է հավատի վրա» [2, c.91]: Դիտարկելով ենթարկման հակվածությունը` որպես որոշակի կամքի և հավատի արդյունք` Մ. Վեբերը գերիշխանությունը վերլուծում է որպես բազմաչափ երևույթ: Մի կողմից այն կարող է լինել որոշակիացված շահերի և սովորույթների, մյուս կողմից գերզգայականության, օտարվածության, հուսահատության արդյունք: Որպես այդպիսին, այն ոչ թե ուժերի պարզունակ հարաբերակցության արդյունք է, այլ` կուռկառուցակարգ, որը «…Համարյա պայմանավորված չէ առանձին անձանց վարքաբանությամբ» [2, c.96]:

Ուսումնասիրելով երեք տիպի գերիշխանություն (ավանդական, խարիզմատիկ, ռացիոնալ-իրավական (լեգալ))` Մ. Վեբերը նպատակամետ հարցադրում է կատարում` նրանցից որի՞ն է պատկանում առավելագույն ուժը և ինչո՞ւ: Միանշանակ պատասխան չտալով` Մ. Վեբերը եկավ այն եզրակացության, որ ռացիոնալ գերիշխանությունն առավել արդյունավետ կարելի է դարձնել այն` ամրապնդելով խարիզմայով և ավանդույթով: Կիրառական առումով, ըստ Վեբերի, դա նշանակում է, որ խորհրդարանական արիստոկրատիան (այսինքն` խորհրդարանական ընտրանին) ժողովրդական լայն շրջաններում չի կարող ունենալ բավականին լեգիտիմացնող ուժ և պետք է զուգամիտվի կամ ժառանգական միապետությամբ (որի իրավունքները սահմանափակվում են խորհրդարանի կողմից), կամ էլ ընտրված քաղաքական լիդերով (նախագահով)` որին շրջապատած` քաղաքական ընտրանի պետք է կարողանա իրատեսական հիմքերի վրա համակարգել յուրաքանչյուրի շահերը: Վեբերը տարբերակում է գերիշխանության ձևերն ըստ իրենց աղբյուրի կամ հեղինակության: Ահա թե ինչ է գրում նա. «…հավերժ արժեքի հեղինակություն, բարքերի հեղինակություն: Այնուհետև` անհատական հեղինակություն, առաջնորդին լիարժեք անհատական նվիրվածություն և վստահություն` նրա որակով, տեսակով` խարիզմով պայմանվորված: Եվ վերջապես` ռացիոնալ կերպով ընդունված օրենքներով` պայմանավորված գերիշխանությամբ, հիմնված բանիմացության, հավատի և հեղինակության վրա» [3, c.481]:

Գերապատվություն տալով իրատես գերիշխանությանը` Մ. Վեբերը կառավարման գործընթացում կարևորում է բյուրոկրատիայի դերը. «աստիճանահարթակի վերին մասում նստած են կա’մ իշխանությունը ժառանգած միապետը, կա’մ ժողովրդի կողմից ընտրված նախագահը, կա’մ խորհրդարանական արիստոկրատիայի կողմից ընտրված լիդերները: Ճիշտ է, քաղաքականությունը մշակվում է նրանց կողմից, սակայն ամենօրյա աշխատանքն իր բարդությամբ և բազմաչափությամբ հատուկ ապարատի օգնությամբ իրականացնում են բյուրոկրատները» [3, c.484]: Հենց այս նկատառումներն էլ հաշվի առնելով` Պ. Սորոկինը գրումէ. «Ինչպես երևում է պատահական չէ, որ Մ. Վեբերը թույլատրեց իրեն ենթադրություն անել, որ ապագան պատկանում է բյուրոկրատիային` այսինքն` բարձր կատեգորիայի ծառայողների դասակարգին» [4, c.369]:

Իրականացվող գերիշխանության լեգիտիմության կառուցակարգը քննարկելով որոշակի պատմամշակութային արժեքների հիմքի վրա` Մ. Վեբերը կատարեց հետևյալ ընդհանրացումը. «Բյուրոկրատիան միայն արևմտյան հասարակություններին չէ, որ հատուկ է… Ցանկացած հասարակություն, եթե ուզում է զերծ մնալ ավելորդ հակասություններից, պետք է ունենա կիրթ, բարոյական սկզբունքներ ունեցող բյուրոկրատիա» [3, c.442]: Ըստ Վեբերի` բյուրոկրատ կարող է լինել այն անձը, որը` 1) ունի մասնագիտական կրթություն և այդ պաշտոնում աշխատում է` ըստ կնքված պայմանագրի, 2) իշխանություն է իրականացնում օրենքների հիման վրա. նրա ընտրյալությունն որոշվում է պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ` օրինապահության պահպանմամբ, 3) տվյալ պաշտոնում նշանակվելիս հաշվի է առնվել մասնագիտական որակավորման աստիճանը, 4) աշխատում է ոչ թե դեպքից դեպք, այլ` անընդհատ, 5) ունիմասնա-գիտական հպարտություն և աչքի է ընկնում ջանասիրությամբ: Բյուրոկրատիայի տեսության մեջ Մ. Վեբերը տարբերակեց «իշխանություն» և «գերիշխանություն» հասկացությունները: Գերիշխելը կառավարողների և կառավարվողների միջև եղած այնպիսի հարաբերություն է, որում առաջինը պարտավորեցնող հրամանների միջոցով երկրորդին թելադրում է իր կամքը: Փաստորեն գերիշխանությունը քաղաքականորեն ամրագրված կարգ է, որի դեպքում ընտրյալ փոքրամասնություն կազմող կառավարողները հրամայումեն, իսկ մյուսները` ենթարկվում: Այսպիսի կարգը պետք է ներդաշնակի քաղաքական ընտրանու, հասարակության տարբեր շերտերի` ցանկալի է ողջ ընտրազանգվածի շահերի հետ:

Այս հիմքի վրա Մ. Վեբերը մշակել է «իդեալական տիպերի» տեսությունը, համաձայն որի, լեգիտիմ իշխանություն իրականացնողը հնարավորություն է ստանում դասակարգել կառավարման ընթացքում ստացած փորձնական նյութը` փոփոխման ենթարկելով կամ նոր տեքստ գրել` գերիշխանություն իրականացնելով:

«Իդեալական տիպերը», ըստ Մ. Վեբերի, չեն արտացոլում իրականությունը, դրանք միայն միջոց են փաստերի զուգամիտման համար. արժեքային մի համակարգ, որի հետ ուսումնասիրողը համեմատում է իրականությունը: Իր բովանդակությամբ «իդեալական տիպերի» տեսությունն ուղղված էր հասարակական-տնտեսական հասարակարգերի մարքսիստական ուսմունքի դեմ: Համաձայն «իդեալական տիպերի« տեսության` իշխանության լեգիտիմության համար որոշիչը հասարակության տնտեսական կյանքի, տարբեր սոցիալական խմբերի և կրոնական գիտակցության միջև առկա կապերի բացահայտումն ու վերլուծությունն է: Մեծ տեղ հատկացնելով սոցիալական կառուցվածքին և դասակարգային բախումներին` Վեբերը մարքսիզմի պրոլետարական հեղափոխության (հատկապես պրոլետարիատի դիկտատուրայի) տեսությանը հակադրում է իր տեսակետը, որտեղ ընդգծում է հասարակությունում դասակարգային տարբերությունների բազմաձևության անհրաժեշտությունը` իշխանության լեգիտիմության հաստատման համար: Մ. Վեբերն ի սկզբանե մերժում է խորհրդային հասարակության լեգիտիմությունը` համարելով, որ գործող խորհրդանիշների պայմաններում իրականացվող իշխանությունը ոչ միայն լեգիտիմություն, այլև լեգալություն էլ չունի [3, c. 122]:

Այսպիսով, իշխանությունը լեգիտիմ է, եթե այն համապատասխանում է իրավունքի և արդարության մասին մարդկանց գաղափարներին, նրանց հիմքում ընկած արժեքներին ու նորմերին, որոնցով  հիմնվում է բոլորի կողմից ընդունված պետական իշխանությունը: Յուրաքանչյուր պետական իշխանություն վստահության, օրինականության` լեգիտիմության կարիք ունի: Այն կարող է էվոլյուցիոն զարգացում ապրել և հարատևել որպես գլխավոր քաղաքական արժեք` փոխհարաբերության, այլ ոչ միայն հոգեբանական և ֆիզիկական ներգործության ու, առավել ևս, ահաբեկչության միջոցով: Քաղաքական ընտրանու իշխանությունը լեգիտիմ է, եթե ա) այն ժողովրդից է բխում և իրագործվում է մեծամասնության կամքին համապատասխան. այսինքն` պետական իշխանություն ունեցողն ուղղակի կամ էլ անուղղակի ընտրված է ժողովրդի կողմից որոշակի ժամանակով և նրա կողմից էլ կարող է վերահսկվել, բ) պետական իշխանությունը իրականացվում է սահմանադրական սկզբունքներին համապատասխան: Իշխանության լեգիտիմության էության մեջ որոշիչը գերիշխանության արժեքաշահային համակարգի քաղաքական բովանդակությունն է, որը պետական իշխանության իրականացման մակարդակով արտացոլում է տարբեր տիպերի ընտրանիների վերաբերմունքը` մեկը մյուսի նկատմամբ: Այս ամենը նկատի ունենալով` Մ.Վեբերը գերիշխանության և իդեալական տիպերի տեսության շրջանակներում համակարգել է հպատակեցման դրդապատճառների առանձնահատկություններն արտահայտող եռաստիճան (ավանդական, խարիզմատիկ, ռացիոնալ-իրավական (լեգալ)) դասակարգման օգնությամբ [3, c.140, 141]:

Հանրագումարենք. Մ. Վեբերին, քանի որ նա արդյունաբերական հասարակության կառավարման կառուցակարգի մշակողներից է, հետաքրքրել է գերիշխանությունը և տիրապետությունը: Այս տեսանկյունից նա կարևորել է իշխանության լեգիտիմության բովանդակությունը, քանի որ այն պայմանավորված է քաղաքական ընտրանու որակով: «Իշխանությունը որպես գերիշխանություն, սոցիալական փոխհարաբերությունների ժամանակ ընտիր դերասանի կողմից սեփական կամքի իրականացման հնարավորությունն է` հակառակ ընդդիմության» [3, c.152]: Կյանքի վերջին տարիներին վերջնականապես ընդունելով առաջնորդի հանրաքվեական լեգիտիմությամբ խորհրդարանական ժողովրդավարության ներքո գործող ընտրանու համալրման սկզբունքները, Մ.Վեբերը գտնում էր, որ միայն ժողովրդի կողմից ընտրված քաղաքական առաջնորդը կարող է անմիջականորեն դիմել նրան: Փաստորեն լեգիտիմ գերիշխանության տիպերի միաձուլման արդյունքում Մ. Վեբերն առաջարկում է լեգիտիմության նոր ձև` «առաջնորդի հանրաքվեական ժողովրդավարություն», որտեղ գերակա է հեղափոխականացվող մեծ ուժ ունեցող խարիզմատիկ առաջնորդի կամքի գերիշխանությունը [3 c.152, 153]:

Լեգիտիմության հիմնահարցը ժողովրդավարական հասարակություններում

Ժողովրդավարական հասարակություններն ուսումնասիրող ֆրանսիացի քաղաքագետ Ռ. Արոնը, հիմնականում ընդունելով Մ. Վեբերի «գերիշխանության տեսությունը», քննադատել է նրա «առաջնորդի հանրաքվեական ժողովրդավարության» գաղափարը, քանի որ «…նա բոլորից վեր է դասում ոչ թե ժողովրդավարությունը կամ մարդու ազատությունը, այլ իր երկրի ազգային վեհությունը, որին հասնելու համար կարևորվում է առաջնորդի խարիզմատիկ գերիշխանությունը` որպես փրկության միջոց, բյուրոկրատիայի անանուն թագավորության դեմ» [5, c.228]: Բազմադեմ ազատության գաղափարախոս Ռ. Արոնն այն կարծիքին էր, որ Մ. Վեբերի տեսության մեջ հստակ տարաբաժանված չեն խարիզմատիկ կառավարման սահմանները և թերագնահատված է ինստիտուցիոնալ կառույցների դերը ժողովրդավարական արժեքների հաստատման գործընթացում [6, c.124125]: Բացի դրանից, Մ. Վեբերի ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ հանրաքվեի ճանապարհով ընտրված լիդերը կարող է դաշինք կնքել բյուրոկրատիայի հետ, ինչը, ըստ Ռ. Արոնի, գործնականում տեղի ունեցավ XX դարի ամբողջատիրական և մենիշխանական վարչակարգերում: Մ. Վեբերի գերիշխանության տեսությունը վերանայելով անգլո-սաքսոնական (Դ. Իստոն, Մ. Լիպսետ) և ֆրանսիական (Ռ. Արոն, Ժ. Շաբոն) դպրոցի ներկայացուցիչները միաձայն հանգեցին այն եզրակացության, որ քաղաքական գերիշխանությունը ժողովրդավարական հասարակություններում կարիք ունի ոչ այնքան խարիզմատիկ լիդերների, որքան զանգվածների աջակցության: Քաղաքական համակարգի նկատմամբ ունեցած աջակցությունը հաստատում է նրա գոյության օբյեկտիվությունը և որ ամենակարևորն է, հավատը համակարգի լեգիտիմության նկատմամբ: Դ. Իստոնը լեգիտիմությունը դիտարկում է արդարության և ճշմարտության (իսկության) հետ համատեղ [9, p. 10]: Լեգիտիմությունն այն փաստի արտահայտությունն է, համաձայն որի անհատն ակնհայտ կամ ոչ ակնհայտ ընկալում է քաղաքական օբյեկտը` իր բարոյական սկզբունքներին համապատասխան, իսկ արդարության և ճշմարտության նրա սեփական պատկերացումները համընկնում են քաղաքական դաշտում առկա արդարության և ճշմարտության հետ: Այսպիսով, կառավարողների և կառավարվողների միջև որոշակի արժեքային փոխհամաձայնության հիմքի վրա հաստատվում են որոշակի սոցիալհոգեբանական հարաբերություններ: Կատարելով քաղաքական իշխանության համակարգային վերլուծություն` Դ. Իստոնը ստեղծեց լեգիտիմության նոր և առավել գործառական հայեցակարգ, որի օգնությամբ հնարավոր դարձավ այն ուսումնասիրել կուտակված փորձարարական նյութի համակարգման միջոցով [9, p. 80]: Համաձայն Դ. Իստոնի հայեցակարգի` քաղաքական համակարգի աջակցությունը կարող է տարբեր լինել` ինչպես ըստ օբյեկտի բովանդակության, այնպես էլ ըստ գործունեության ժամանակի: Պայմանավորված ժամանակի բովանդակությամբ Դ. Իստոնն առաջարկեց տարբերակել աջակցության երկու տիպ` անորոշ և հատուկ [9, p. 100, 101]: Առաջինի պայմաններում քաղաքական կարգը, անկախ իր գործունեության արդյունքներից, աֆեկտի վրա հիմնված առավել ընդհանուր աջակցություն է ստանում: Այս պարագայում լեգիտիմությունը հիմնված է հավատի և վստահության վրա: Երկրորդի պայմաններում իշխանությունը լեգիտիմ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա գործողություններն արդյունավետ են, որի արդյունքում նրա նկատմամբ ցուցաբերվում է գործիքային, կարճաժամկետ և գիտակցված աջակցություն: Փաստորեն քաղաքական ընտրանու իրականացրած իշխանության նկատմամբ ունեցած երկարաժամկետ և կարճաժամկետ աջակցությունը համակարգը կարող է զերծ պահել անկայունությունից (նույնիսկ ճգնաժամից, քաոսից), եթե նրա առանձին կառուցվածքային տարրերը (կուսակցություն, քաղաքական լիդեր, ընտրանի), կենտրոնացնելով իրենց ուժերը, կարողանան կերպափոխվել և կանխել լեգիտիմության` արդեն սկսած քայքայումը: Այս նկատառումներով Դ. Իստոնը տարբերակում է լեգիտիմության երեք աղբյուր` գաղափարախոսություն, կառուցվածք և անձնական հատկություններ: Համաձայն աղբյուրների` դիտարկվում են լեգիտիմության երեք մակարդակ` գաղափարական, կառուցվածքային և անձնավորված:

1. Գաղափարախոսականը համակարգում է այն արժեքները և նորմերը, որոնք տարբերակում են քաղաքական վարչակարգերը: Փաստորեն այս լեգիտիմությունը հիմնվում է քաղաքացիների այն համոզմունքների վրա, ըստ որի իրենց դավանած գաղափարները, ընդունած արժեքները և նորմերը ճշմարիտ են և արդար:

2. Կառուցվածքային լեգիտիմությանը բնորոշ է քաղաքացիների ճշգրտված դերային վերաբերմունքը քաղաքական վարչակարգի կառուցվածքին, նորմերին և իշխանական հարաբերություններին: Այս լեգիտիմության համար առանձնահատուկ տեղ ունի քաղաքացիների համոզմունքները, համաձայն որի առկա քաղաքական համակարգը իր կառուցվածքից արդյունավետ կերպով կարողանում է իրենց պահանջներին համապատասխան արժեքներ ստեղծել և իրականացնել: Այս լեգիտիմությունը ենթադրում է քաղաքական համակարգի օպտիմալացված կառուցվածք և մերժում է քաղաքական ժամանակի մեջ չորոշակիացված դեգերումների գործընթացը: Այս մասին ռուս քաղաքագետ Ս. Ելիսեևը գրում է. «Պատահական չէ, որ քաղաքական իշխանության կայունությամբ և արդյունավետությամբ աչքի ընկնող շատ երկրներում օպտիմալ կառուցվածքի փնտրտուքը տևել է ոչ թե տարիներ, այլ` տասնամյակներ, իսկ մի շարք դեպքերում` հարյուրամյակներ: Բավական է այստեղ հիշել Անգլիայի, ԱՄՆի, Ֆրանսիայի օրինակները» [7, c.128]:

3. Անձնավորված լեգիտիմության հիմքում ընկած է քաղաքացիների համոզվածությունը, որ տվյալ քաղաքական գործիչը (նաև ընտրանին) «լավ է խաղում իր դերը», որ տվյալ քաղաքական գործչի անձնական ունակությունները համապատասխանում են իր իշխանությամբ պայմանավորված դերակատարներին, իսկ դերակատարները կարողանում են համոզել քաղաքացիներին, որ իրենք անփոխարինելի են: Այս լեգիտիմությունը իր զգայական երանգավորությամբ կարողանում է կանխել քաղաքական գործընթացի անդեմությունը:

Հանգամանալից ուսումնասիրելով լեգիտիմության մասին Մ. Վեբերի և Դ. Իստոնի պատկերացումները` մեզ համար ակնհայտ դարձավ, որ վերջինիս համար իշխանությունը լեգիտիմ է, եթե ոչ միայն իրատես է, ինչպես կարծում է Մ. Վեբերը, այլև համապատասխանում է (արտահայտում է) քաղաքացու անձնական, բարոյական սկզբունքներին: Լեգիտիմության նման ընկալումը կարևորում է քաղաքացիների ակտիվ դերը և պատասխանատվությունը լեգիտիմացման գործընթացում` նրանց վերապահելով իշխանությունների գործունեությունը լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ ճանաչելու համար վերջնական որոշման ընդունումը: Հարցի նման ընկալումը հիմք ընդունելով` Ս. Լիփսեթը կարևորեց կառավարողների իշխանության լեգիտիմության և արդյունավետության փոխհարաբերությունները [10, p. 240]: Իր «Քաղաքական մարդը» գրքում պնդում է` օրինականությունը ենթադրում է, որ (քաղաքական) համակարգը պետք է կարողանա ստեղծել ու պահպանել այն բանի հանդեպ հավատը, որ գոյություն ունեցող քաղաքական հաստատություններն ամենից համապատասխանն են տվյալ հասարակությանը [10, p. 43, 50, 54]: Համաձայն Ս. Լիփսեթի` արևմտյան հասարակությունները ստիպված են եղել գործ ունենալ դժվար և ապակայունացնող երեք խնդրի հետ.

  • եկեղեցու կամ տարբեր կրոնների դերը պետության մեջ,
  • աշխատավոր դասի տնտեսական և քաղաքական լիակատար իրավունքների ճանաչումը,
  • ազգային եկամուտի բաշխման համար շարունակվող պայքարը:

Այդ պատճառով լեգիտիմությունը քաղաքական զարգացման համար անհրաժեշտ որոշակիացված մակարդակ է, որտեղ քաղաքական համակարգի անդամները ընդունում են այն որպես իրենց աջակցությանն արժանի փաստ: Ռ. Արոնը, Դ. Իստոնը և Ս. Լիփսեթը, մեկնաբանելով Մ. Վեբերի «գերիշխանության տեսությունը» ըստ պոստմոդեռնիստական հարահոս փոփոխվող իրականության, փաստորեն համակարգային վերլուծության են ենթարկում լեգիտիմությունը: Մեր կարծիքով, բացի քննարկված ձևերից, քաղաքական զարգացման արդյունավետությունը կարելի է որոշել նաև լեգիտիմացման այլ եղանակներով և տեսակներով: Այդ իմաստով նրանցից առավել ուշագրավն ազգային արժեքային համակարգի քաղաքական էության արդիականացմամբ պայմանավորված լեգիտիմությունն է, որը հակված է ազգային գաղափարախոսության օգնությամբ արդյունավետ իշխանության իրականացման:

Գաղափարախոսությունը հիմնավորում է իշխանության լեգիտիմության համապատասխանությունը ժողովրդի, ազգի կամ հասարակության արժեքային համակարգին: Որոշիչն այն է, թե գաղափարախոսությունն արժեքաշահային համակարգի որ շերտն է օգտագործում, ու՞մ և ի՞նչ է վերարժևորում կամ արժևորում: Իշխանության լեգիտիմությունը, որպես արժեքաշահային համակարգի հաստատման հնարավորության կառուցակարգ, երկակի վիճակ ունի. առաջին` դեպքում հաստատվում է գաղափարի իշխանություն, երկրորդ` իշխանության (հատկապես գերիշխանության) գաղափարը: Երկու դեպքում էլ լեգիտիմացվող իշխանությունն ենթարկվում է որոշակի կաղապարման: Գաղափարի իշխանությունն որոշակի կարգախոսային բովանդակությամբ ճնշում և բևեռացնում է հասարակության տարբեր ենթաշերտեր` շահարկելով նրանց արժեքաշահային համակարգի հոգեբանական առանձնահատկությունները: Իշխանության գաղափարի կարգախոսային շահարկումը հասարակությանը հնարավորություն չի տալիս քաղաքական իրականությունը ռեալ գնահատել` իր ելքի և մուտքի բազում տարբերակներով: Հաստատված իշխանությունը դառնում է ինքնանպատակ, իսկ իշխանություն իրականացնողները` «ինքնիշխաններ»: Ստեղծվում է օտարված վիճակ իշխանության գաղափարը իրականացնող, կառավարող ընտրանու և նույն այդ գաղափարի դրոշի ներքո կառավարվող սոցիալական ենթաշերտերի միջև:

Ինքնիշխանությունը, իր իսկ ծնած օտարվածությունը զանգվածների ենթագիտակցությանն ուղղելով, բախումներից խուսափելու համար շահարկում է գաղափարը: Վերջինիս տրվում է տնտեսական, քաղաքական, հոգևոր բովանդակության` ելնելով նրանց ընտրանիների տրամաբանական, գաղափարական առանձնահատկություններից: Այդ իմաստով ուշագրավ են գաղափարի իշխանության շահարկման նրբերանգները, որոնք որոշիչ դեր ունեն գերիշխանության իրականացման համար: Քաղաքակրթության փորձն ապացուցում է, որ այս կառուցակարգը դրսևորման երկու ձև ունի` դասակարգային և ազգային: Սոցիալիզմի համաշխարհային համակարգի երկրներում, հատկապես ԽՍՀՄ-ում, գերիշխանություն էր իրականացվում կառավարման վարչահրամայական մեթոդով, որի կրողը պարտոկրատ ընտրանին էր: Նրա առաջադրած կարգախոսները զուտ դասակարգային բովանդակություն ունեին: Մինչդեռ ժողովրդավարացման ուղին թևակոխած երկրներում կառավարողները բնակչության աջակցությունն ստանալու համար կարևորում են ազգային ինքնիշխանության գաղափարը և այդ հիմքի վրա էլ բովանդակում կարգախոսները: Լեգիտիմության այս տեսակն այսօր հատուկ է ժողովրդավարացման գործընթացում գտնվող բոլոր պետություններին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը:

Այսպիսով, իշխանության լեգիտիմացման գործընթացն անհրաժեշտ է դիտարկել ընտրանու տիպերի կողմից իշխանության գաղափարի և գաղափարի իշխանություն` հասկացությունների էության քննարկմամբ: Նման մոտեցման օգնությամբ մենք հնարավորություն ենք ստանում դիտարկել իշխանության իրականացման կառուցակարգերը, բացահայտել արժեքաշահային համակարգով պայմանավորված լեգիտիմությունը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ашин Г.К., История элитологии. М.: Издатель А.В.Соловьев, 2005.
  2. Кола Доминик,Политическая социология / Пер. с фр.; Предисл. А.Б.Гофмана – М.: Изд. «Весь мир», ИНФРА – М., 2001.
  3. Вебер М., Избранные произведения. М., 1990.
  4. Сорокин П.А., Человек. Цивилизация. Общество / Общ. ред сост. и предисл. А.Ю.Согомонов. Пер. с англ., М.: Политиздат, 1992, с.369.
  5. Арон Р., История ХХ века. Пер. с фр. Г.А.Абрамова, М.: НИЦ «ЛАДОМИР», 2003.
  6. Арон Р.,Мемуары, 50 лет размышлений о политике. Пер. с фр. Г.А.Абрамова, М.: НИЦ «ЛАДОМИР», 2002.
  7. Политология [проблемы теории], СПб.: Изд. «Лань», 2000.
  8. Политическая наука: новые направления, под ред. Р. Гудина и Х.Д.Клингемана, М., Вече, 1999.
  9. Iston David, Political systems,N. Y., 1992.
  10. Lipset Samuel, Political man, Oxford. 1985.

 

 

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: